ՊՍԱԿ


Չոր, գունաթափված հույսի աչքերում խայտում է ցավը, -
խոտի փնջակում ո՞վ է ծրարել փետուրը վայրի,
պղտոր մի երակ առվի ջուրն ի վար խեղում է ճամփան,
վիրավոր հեռուն ծամում է ծաղիկ իմ երազները,
եւ մեղա, մեղա... այս ի՞նչ բու է, որ վայում է ուսիս։

Հոգիս՝ ափիս մեջ, ծեծում եմ դուռը բուք ու գիշերվա, -
Գաղջոտ հուշերում ես ինձ խեղդում եմ քնքշանքով բարի,
սեւմութ շուշանից ընկած թերթիկը նավ է՝ ջրից դուրս,
իմ թիկունքի մեջ խրված դանակի շեղբին արցունք կա,
լաց մի լինի՛, ձի՛, ճերմակաթույրս՝ ոտները երկնոտ...

Խավարի կրծքից վերջին կոճակը թռավ՝ ոնց գնդակ, -
քամին տաք արյան բծեր է դաջում խոնավ ծառերին
(Ես ո՞վ եմ, ի՞նչ եմ... Բարեւ, սիրունս, գայլուկս, ողջույն),
լուսնի վարսերը արեւաշեկ են՝ իմ ձեռքով ուղղեք,
որտեղի՞ց մթան այս մուրը կաթեց անուրջիս վրա։

Ծվատ երազից արյուն է ծորում ձյունոտ լեռներին, -
չարքը անկամուրջ գետերի վրա մշուշ է փռել,
խենթ վրնջոցս գնաց վարգի մեջ, զարկվեց Ցից քարին,
իմ ճամփան պահած ծաղկի բաժակում մարում է մի սիրտ,
Ճերմա՜կ-ճերմա՜կ ձին ամփոփեք հողում...
                                                Սաթենիկիս հետ։
                                                03.11.96թ.