ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ


Ես իմ կրծքին վահան դնում
ու պողպատե շոր եմ հագնում,
որ գայլուհին
չգա հանկարծ, սիրտս չուտի՝ քնիս ժամին.
- Գիշերվա մեջ ոռնոց կա մութ։
Իմ աչքերի վրա մի զույգ,
սեւ սատինե լաթ եմ կախում,
որ հայացքիդ
պաղ ճերմակով իմ աչքերը ձյուն չտանի.
- Ուր նայում եմ՝ սառն, սպիտակ։

Իմ ունկերից ես կախում եմ
մի-մի ասեղ, մի-մի զանգակ,
որ սատանան
չմոտենա, չշշնջա ականջիս տակ.
- Տեսա՞ր, որ նա քեզ չի սիրում։ Ասում էի...
Սեւ մելանով իմ ճակատին
գրում եմ՝ գիժ, ծալը պակաս,
որ չխաբվեն
մարդիկ նորից՝ գորովանքով գիրքս բացեն։
- Ինչ գիրք, ինչ բան, բախտագուշակ, գրբաց բերեք։