Պտղատու ծառերի խնամքը
ՊՏՂԱՏՈւ ԾԱՌԵՐԻ ԽՆԱՄՔԸ
Պտղատու այգի ունեցող գյուղացին իր այգու մասին հոգ է տանում միայն այն ժամանակ, երբ հարկավոր է ջրել և, մեկ էլ, պտուղը հավաքելիս։
Ուրիշ ժամանակ նա շատ անգամ իր այգին էլ չի՛ մտնում, չի՛ խնամում իր այգին և, ուրեմն, պարզ է, որ ստացածն էլ մի բանի տեղ չի անցնում։
Տարին տասներկու ամիս պտղատու այգին խնամք և աշխատանք է պահանջում։
Նոր տնկվելիք ծառերի տեղը հենց աշունքից պիտի պատրաստել։ Պտուղը քաղելուց հետո, աշնան վերջին, պիտի ծառի ավելորդ ճղները կտրատել, ծառի տակը փորել, որ հողը փափկանա, օդը կարողանա խաղա, և արմատները շունչ առնեն։ Դրանից արմատն ավելի է մեծանում, հողի մեջ եղած օգտակար նյութերն ավելի շատանում են, ուրեմն և՝ ծառը ուժովանում է։
Մեր այգիներում թրթուրը և զանազան միջատներ միշտ անպակաս են լինում։ Բացի այդ, ծառի կեղևը քոսով է ծածկվում, շատ անգամ էլ մամռակալում։ Այդպիսի ծառը հիվանդանում է, նվազում և ժամանակից շուտ չորանում։
Դրա համար էլ աշնան կամ վաղ գարնան պիտի քերել ծառերի ճաքճքած կեղևները, որոնց տակ բուն են դրել զանազան միջատներ կամ ձու են ածել։
Հենց որ եղանակը մի քիչ տաքանա, ծառը զարթնելու հետ նրանք էլ են կենդանանում և մինչև աշուն կանաչ տերևների ու պտուղի վրայից չեն իջնում։
Դրա համար էլ ծառի այդ չորացած կեղևները մաքրում են, քերում են, կտորում են այն ճյուղերը, որոնց վրա թրթուրը բուն է դրել կամ իր ձվերն է թողել։ Այդ քերած կեղևն ու ճյուղերը պիտի վառել և ոչնչացնել վնասատու միջատներին ու որդերին։
Շատ միջատներ ու որդեր էլ պահվում են չոր տերևների տակ, ծառից ոչ հեռու։ Ուրեմն, տերևներն էլ պիտի ավելել, մի կողմը տանել ու վառել։
Բայց ծառի խնամքը դրանով չի վերջանում։ Ծառի տակը փորելուց հետո, եթե գյուղացին միջոց ունի, պիտի ծառը պարարտացնի։ Չոր փեյինը այդ նպատակի համար շատ լավ է։
Բացվում է գարունը։ Ծառերի խնամքն ավելի է շատանում։ Հարկավոր է ծառը գետնից մի երկու արշին բարձրությամբ կրաջրով սպիտակացնել։
Ընդունված է այդ անել և աշնանը, որպեսզի նապաստակն ու այլ կրծող կենդանիներ կեղևին չվնասեն։
Ծառը մի ուրիշ պահանջ էլ ունի. փայտով ճղներին չտալ և ոչ էլ քարով։
Ամեն մարդ էլ նկատած կլինի, որ ծառին խփած տեղերում կեղևը պլոկվում է և մաշկվում։ Շատ հաճախ այդպիսի տեղերում են առաջ գալիս խուլեր, որոնք ուռչում են, պնդանում, և դրանից չորանում են ամբողջ ճյուղեր։