Բազուկը որպես տավարի կեր
ԲԱԶՈԻԿԸ ՈՐՊԵՍ ՏԱՎԱՐԻ ԿԵՐ
Ամենքն էլ գիտեն, որ մեր գավառում հողագործությունը օգուտ չի տալիս։ Մեր տեղը անասնապահության համար լավ հարմարություն ունի։
Բայց ի՞նչու անասնապահությունը չի զարգացած։ Միշտ ասում ենք, թե տավարը մանր է, լղար և կաթ քիչ է տալիս։
Որովհետև լավ չենք կերակրում ու խնամում։ Մենակ խոտ ու դարմանով բան չի դուրս գալ։ Հարկավոր է ուրիշ սնունդ էլ տալ։
Բազուկը կամ տակը շատ լավ կեր է կովերի համար։ Հա՛մ կաթն է ավելանում, հա՛մ մի օրավար տեղից ավելի շատ կեր է տալիս, հա՛մ էլ բազուկով կերակրելն ավելի էժան է նստում մեզ վրա, քան միայն թանկ խոտով։ Բազուկ մշակելուց՝ մենք մի ուրիշ օգուտ էլ ենք ստանում․ մեր արտերն ազատում ենք վնասակար բույսերից։
Բազուկը սիրում է փափուկ և խոր վարած հողեր։ Ուժասպառ և ավազոտ հողում լավ չի բսնում և ինքն էլ համով չի լինում։ Եթե աղբելու միջոց կա, պետք է աղբել աշունք ժամանակ, որովհետև թազա փելինը վնասում է բազուկին։
Բազուկը ցանում են թմբերի վրա, թմբերն իրարից ամենաքիչը կես արշին պիտի հեռու լինի։ Բազուկը կարելի է շիթիլով տնկել։ Սերմերը խոր չպիտի թաղել: Մի քանի ժամանակ հետո ցանքսը պիտի նոսրացնել։ Նոսրացնելու նպատակն է թողնել ամենալավ աճած և առոողջ բույսը, որ նա կարողանա ազատ զարգանա։ Նոսրացնելիս՝ բազուկի մի տունկը մյուսից հեռու են թողնում կես արշին և կամ մի քիչ պակաս։
Որովհետև մեր գավառում բազուկն, իբրև կեր, դեռ նոր պիտի մշակեն, լավ կլիներ, որ առաջին տարին, փորձի և ծանոթանալու համար, իրենց տան կողքին մի փոքր կտոր հողի վրա ցանեին և վարժվելուց հետո նոր ցանեին հանդում։
Պետք է ցանել գարնան, այն ժամանակ, երբ հողում խոնավություն կա։ Մի դեսյատին տեղը տանում է մի փութ սերմ։
Բազուկի շատ տեսակներ կան, բայց ամենալավ տեսակը կիսաքաղցր բազուկն է, որ կովի համար շատ լավ կեր է։
Մի ուրիշ անգամ, երբ բազուկն արդեն ցանած կլինենք, մենք կխոսենք այն մասին, թե ինչպես բազուկը տալ կովին։
Բազուկի սերմերից ծախվում է թե՛ Գորիսում և թե՛ Ղարաքիլիսայում։
Բազուկի մշակության վերաբերյալ խորհուրդներ կարելի է ստանալ գյուղատնտեսից։