Վլադիմիր Բալայանին
Մայթի վրա չեն հանգչելու բծերն արյան,-
Մանկան աչքում վերադարձը ուշանում է,
Այգին հավքի թեւն է մտել երգամոռաց,
Օրը ճկված մեջքը շտկել, ելնում է վեր.
Անթեղվել է Ջրաբերդը... Վանքի նման։
Մեր տղորանց ձեռք է մեկնել լեռը, ահա,-
Տիարք, զարթնեք Օհանջանաց Շահենի հետ,
Ճամփա ելեք, ճամփաները գիտեն ճամփան,
Լույս է փնտրում հոգու վրա բացված մի դուռ.
Վրնջում են միանգամից հազար ձիեր...
Առավոտը իր ցողունի վրա դողաց.-
Քար ու կողակ Խաչենն ի վեր հուր են տանում,
Վերքից կաթած ցավը վանքի քարին ծլեց,
Ճաքած սիրտը նռան բոց է աշնան կրծքին...
Սուրբ Սոսեի ձեռքը զանգի թելն է քաշում...
Իմ Արցախի վրա նորից մութն է կախվել,-
Քարերի մեջ երկինքը իր թեւն է բացում,
Լուսնալույսի կոհակներում ձուկ-աստղեր կան,
Թագն արեւի Քիրսի մեջ ի՛ր Քիրսն է փնտրում,
Սլանում է Թուր-Կեծակին, ճակտին՝ սուրբ խաչ։