Աշոտ Ղուլյանին
Ծարավ լեռն ի վար սահում է նավը,-
Եվ հրանոթի փող է արեւը,
Եվ հավքերն իրենք իրենց հուշն են,
Եվ քամին լքված մի խեղկատակ է,
Եվ երկրագունդը կլոր չէ վաղուց։
Լեռը բեկորվեց... Բյուր ողջույն, Աշոտ.-
Եվ շնչահեղձ է լինում անտառը,
Եվ կածանները վիրակապեր չեն,
Եվ չի քաշվելու մատը ձգանից,
Եվ սուտ են երկրի ծաղիկներն ամեն։
Ծարավ շուրթերը կպել են հողին,-
Եվ պար են բռնել հրեշտակները,
Եվ ոչ մեկը տուն գալու միտք չունի,
Եվ կույր բիբեր են աղբյուրի ակում,
Եվ օրը ջարդված քար է ջաղացի։
Զարկս իջնում է Մհերի ժայռին,-
Եվ ելնելու է՝ ով պիտի ելնի,
Եվ հողն Արցախա աստղոտվում է լուռ,
Եվ ես թեւեր եմ ձեւում իմ վշտից,
Եվ բերդս տուն է՝ Տաճար Աստծո։
07.09.92թ.