Ջրահեղձը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 245
տ. ― էջ 460, ծ. ― էջ 592

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ՋՐԱՀԵՂՁԸ


Ներս վազեցին մանուկները
Ու կանչում են հորն ըշտապ.
— Ա՛պի, ա՛պի, ե՛կ, մեր թոռը
Մեռել հանեց գետի ափ։
5 — Սուտ եք ասում, շա՛ն լակոտներ,
Գոռաց հայրը ահաբեկ.
Ըսպասեցեք դուք հալա դեռ,
Մեռելն հետո կըտեսնեք։

— Դիվան կըգա— պատասխան տուր,
10 Ցավի միջում կըմընամ.—
Հընար չըկա, բե՛ր, ա՛յ կընիկ,
Շորերըս տուր, մի գընամ։
— Ո՞ւր է մեռելն։— Ա՜յ, ա՛պի, ա՛յ։
Ճիշտ որ գետի եզերքին,
15 Թաց թոռի մոտ, գետնի վըրա
Տարածված էր մի մարմին։

Զարհուրելի դիակն ուռել,
Կապըտել էր այլանդակ։
20 Արդյոք տանջված մի թշվա՞ռ էր
Հանգիստ գըտած ջըրի տակ,
Մի գետակուր ձըկնո՞րս էր էն,
Թե՞ գինեմոլ մի ջահել,
Թե՞ անըզգույշ վաճառական
Հարամու էր պատահել...

25 Ընչի՞ն է պետք... Աչք ածելով
Ըշտապում է գյուղացին,
Ոտից բըռնած, ետ քարշ տալով
Ջուրն է տանում խեղդվածին։
Ու թիակով գետի եզրից
30 Ջուրը հըրեց նա նըրան,
Ու դիակը գընաց՝ նորից
Փընտրի խաչ ու գերեզման։

Մեռելն երկար ջըրի միջին
Ցած էր իջնում ճոճվելով,
35 Աչքով ճամփեց մեր գյուղացին
Ու տուն դարձավ կանչելով.
— Դեսը կորեք, ա՛յ լակոտներ,
Եկե՛ք, բան տամ ձեզ— տանեմ,
Ամա թե որ ձեն եք հանել,
40 Հոգիներըդ կըհանեմ։

Գիշերն ուժգին բուք վեր կացավ,
Գետն ելնում է, որոտում...
Մարխը արդեն էրվեց, հանգավ
Լուռ ու ծըխոտ խըրճիթում։
45 Ողջ քընած են։ Անքուն պառկած
Միտք է անում գյուղացին...
Բուքն ոռնում է... մին էլ հանկարծ
Լուսամուտը բախեցին...

— Ո՞վ ես։— Ներս թող, ա՛յ տանտեր, նե՛րս...
50 — Ա՜յ, ներս ու քեզ չոռ ու ցավ.
Ի՞նչ ես շըրջում Կայենի պես,
Ո՞ր սատանեն քեզ բերավ։
Ի՞նչ անեմ քեզ, ասա՛, հիմի.
Տեղըս նեղ է, տունը մութ։
55 Ու ծույլ ձեռքով, տըրտընջալով՝
Բաց է անում լուսամուտ։

Ցոլում է լույսն ամպի տակից.
Ահա կանգնած... մի մերկ մարդ.
Ջուր է հոսում նրա միրքից,
60 Բաց են աչքերն ու անթարթ։
Կախ են ընկած բազուկները,
Ողջ կարկամած սոսկալի,
Ուռած մարմնին քառչանգները
Կըպած՝ սևին են տալի...

65 Ահից մարեց՝ ճանաչելով
Իր մերկ հյուրին նա հանկարծ
Փեղկը խփեց ու դողալով՝
— Ա՛յ դու ճաքես, քըրթմընջաց։
Ամբոխվեցին մըտքերը մութ.
Մինչև լույսը նա դողում,
70 Մինչև լույսը լուսամուտը
Բախում էին ու բախում...

Ամբոխն ահեղ զըրույց ունի,
Թե այս դեպքից գյուղացին
75 Ըսպասում է ամեն տարի
Միշտ նույն օրը խեղդվածին։
Խառնվում է օրն առավոտից,
Գիշեր գալի բուք ու մութ,
Ու խեղդվածը ամբողջ գիշեր
80 Բախում դուռն ու լուսամուտ։