ՌՈԲՈՏ


Գիտականորեն պատճառաբանված,
ճշգրիտ-չափված «բարեւ» է ասում։
Եվ այդ բարեւը
ջերմ չէ, իհարկե, քան այն ժպիտը,
որ քեզնից պահված ենթատեքստ ունի։
Ի՞նչ արած, սակայն։

Օ, ողջու՜յն, ռոբո՜տ,
լսել եմ, որ դու գրում ես նաեւ
        բանաստեղծություն,
անգամ մրցության ձեռնոց ես նետում
մե՜ծ պոետներին,
դա, գիտե՞ս, նույնիսկ շա՜տ չէ ցավալի,
քան թե ծակոցը կլիներ սրտիդ,
թե դու, հիրավի, սիրտ ունենայիր։
Ես ողջունում եմ քո ՄԱՐԴԱՑՈՒՄԸ
ու չեմ վախենում
ՊՈԵՏԱՑՈՒՄԻՑ քո այդքան դյուրին.
ես սարսափում եմ (խոսքս չհասնի)
ռոբոտացումից մեր պոետների...