Ռոմանս
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 234
ծ. ― էջ 590

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ՌՈՄԱՆՍ



Մի աշնանային մռայլ իրիկուն
Մի աղջիկ գնում էր անմարդ տեղերով,
Յուր անբախտ սիրո ծնունդը թաքուն
Բռնած դողդոջուն, քնքուշ ձեռքերով։
5 Բոլորը լուռ էր. հոգնած աշխարքը
Հանգստանում էր գիշերվա մթնում,
Այնինչ ուշադիր աղջիկն յուր աչքը
Երկչոտ հայացքով չորս կողմն էր ածում։

Եվ, հառաչելով անմխիթարանք,
10 Նա նայեց անմեղ այն արարածին.
«Քնած ես, մանուկ, դու իմ տառապանք...
Եվ անտեղյակ ես իմ սրտի վըշտին...
Աչքդ բաց կանես բարձրականչ լալով,
Սակայն իմ կրծքին էլ չես կպչիլ դու.
15 Վաղ-առավոտյան տարաբախտ քո մոր
Ջերմ համբույրներին չես հանդիպելու։—

Ճչալով իզուր կըկանչես նրան.
Ավա՜ղ, ամոթ ինձ,— ես եմ մեղավոր.
Դու կըմոռանաս մորըդ հավիտյան,
20 Բայց պիտի հիշեմ ես քեզ ամեն օր։
Ուրիշ ծնողներ կըխնամեն քեզ,
Եվ կասեն— դու օտար ես մեզ համար.
Իմ ծնողները ո՞ւր են, կըհարցնես,
Սակայն չես գտնիլ ոչ հայր և ոչ մայր։

25 Թշվա՜ռ երեխա, մտքով տըխրագին
Կըտանջվես օտար մանուկների մեջ,
Կընայես նրանց մոր փաղաքշանքին
Մռայլուն հոգով մինչև կյանքիդ վերջ.
Ամեն ժամանակ բախտըդ կանիծես,
30 Ամեն տեղ ատված, օտար ու մենակ,
Եվ միշտ նախատինք ու ծաղր կըլսես...
Օ՜, ների՛ր, ներիր ինձ այն ժամանակ։

Դեռ քնած ես դու... Թող քեզ, խեղճ մանուկ,
Այս վերջին անգամ իմ կրծքին սեղմեմ,
35 Օրենքն անիրավ, խիստ և անողոք
Մի դատավճիռ ունի մեր ընդդեմ։
Մինչև քո անմեղ ուրախությունը
Տարիները չեն քշել տակավին,
Քնի՛ր, սիրելի, սև թախիծները
40 Խորթ են՝ մանկության խաղաղ օրերին»։

Լուսինն անտառի ետևից հանկարծ
Երևաց, մոտիկ մի խրճիթ տեսավ,
Դողալով, գունատ և սաստիկ լքած
Նրա դռանը ահա մոտեցավ,
45 Զգույշ կորացավ ու կամաց դրեց
Յուր երեխային օտարի շեմքում,
Իսկույն սարսափով երեսը դարձրեց
Եվ անհայտացավ գիշերվա մթնում։