Ռուսական հանճար, կամ ուղղակի՝ Պուշկին

ՌՈՒՍԿԱՆ ՀԱՆՃԱՐ, ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ՝ ՊՈՒՇԿԻՆ

«Իմ տոհմածառը» բանաստեղծության մեջ ռուսական հողի հարազատ զավակը, չուզենալով բանաստեղծի իր անունը զարդարել էպիտետներով, որոնք, անշուշտ, այնքան թույլ ու դժգույն կհնչեին նր անվան մոտ, արձանագրել է՝ Պուշկին եմ ուղղակի...

Մարգարեական ինքնաճանաչում...

Անցել ու անցնում են, էլի՛ կանցնեն դարեր, բայց մենք այդպես էլ, պոետի գործերին անդրադառնալիս, չենք կարողանա գտնել այն մի հատիկ բառը, որը լրացում կարող էր բերել նրա անվանը։ Մի կողմ թողած «անզուգական», «հանճարեղ», «ժողովրդական» ու գնահատանքի մյուս արտահայտությունները, պարզապես ասում ենք՝ Պուշկին...

Ալեքսանդր Սերգեւիչ Պուշկին...

Ես ինձ համար կանգնեցրի արձան անձեռակերտ,
Չի խափանվի դեպ այն եկող ժողովրդի ճամփան,
Անհնազանդ գլխով նա խոյացավ ավելի վեստ,
Քան հուշասյունն Ալեքսանդրյան։
Եվ ես նրա համար կապրեմ ժողովրդի սրտում,
Որ իմ քնարը արթնացրել է զգացմունքներ բարի,
Եվ իմ դաժան դարում երգել եմ ես ազատություն
Եվ գութ հանուն ընկածների։

Փորձենք այդ բանաստեղծության մեջ օգտագործված «անհնազանդ գլխով» եւ «դաժան դարում» բառակապակցություններն իրար մոտ բերել ու մեկընդմիշտ մեզ համար պարզ կդառնա Պուշկին երեւույթի պոետական վիթխարիության «առեղծվածը»։ Նա ժամանակի խավարի ու խավարամոտության մեջ ժայթքեց որպես աննախադեպ ուժգնության հրաբուխ՝ այլեւս երբեւէ չդադարելու համար... Ու այդ ժայթքումի ամենահիմնական բաղադրատարրը չմեռնող լույսն է։

Եվ, սակայն, որտե՞ղ պետք է փնտրել այդ լույսի ակունքները։ Ինչպե՞ս ու ի՞նչ հնարքներով կարողացավ նա ոչ միայն ռուս, այլեւ մյուս ժողովուրդների սրտում կանգնեցնել իր «արձանը անձեռակերտ»... Ինչո՞ւմն է կայանում նրա արվեստի էությունը, բարձր ժողովրդականությունը։ Այդ ի՞նչ կախարդական թալիսման է, որ պահված է նրա ամեն բառ ու տողի, ամեն երգի մեջ, որ սերունդների աչքում ավելի հարուստ ու նորովի է բացում հավերժ գեղեցիկ իր հմայքները... Ինչու աշխարհի բոլոր մեծերը, գլուխ խոնարհելով ժողովրդի սրտում կանգնած այդ անձեռակերտ արձանի առաջ, իրենց սիրո խոսքերն են շշնջում։ Գաղտնիքը պարզելու համար լսենք այդ մեծերից մեկին՝ Ավետիք Իսահակյանին. «Պուշկինը հայ ժողովրդի սրտով սիրած բանաստեղծն է... Հայ ժողովուրդը գիտակցաբար սիրել է Պուշկինին. նա գիտե, որ Պուշկինի հոյակապ ստեղծագործություններն ինքնանպատակ չեն՝ սոսկ գեղեցկության համար գրված։ Նրանք տոգորված են ճնշված ժողովրդի ազատության բաղձանքներով եւ համամարդկային բարձրագույն իդեալներով, որոնք հայ ժողովրդի երազանքներն են եղել դարերի ընթացքում։

Ուրեմն, մեր հարցերի ճշգրիտ պատասխանը պետք է փնտրենք պոետի ըմբոստ ոգու մեջ։ Պուշկինը իր ստեղծագործության մեջ ռեալիստական գույներով ու գծերով արտացոլեց մի ամբողջ դարաշրջան։ Նրա ստեղծագործությունը «հանրագիտարանային» նշանակություն ձեռք բերեց ոչ միայն ռուս, այլեւ մյուս ժողովուրդների կյանքն ու ձգտումները ներկայացնելու առումով։ Ինքը՝ Պուշկինն էլ ժամանակին արձանագրել է. «Եվրոպայի ազատագրությունը կգա Ռուսաստանից»։ Հենց այս գաղափարն էլ առանցքային նշանակություն է ձեռք բերում այն մեծ սիրո մեջ, որ տածում են Պուշկինը ժողովուրդների, ժողովուրդները՝ Պուշկինի հանդեպ։ Սա է հենց այն բանալին, որն իր «Հուշարձան» մոնումենտալային բանաստեղծության մեջ բանաստեղծը տալիս է ընթերցողի ձեռքը՝ ինչ ազգի էլ նա լինի, իր «նվիրական երգի» աշխարհը մտնելու, երեւույթները խորքից բացելու, ամբողջության մեջ ընկալելու համար։


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ

Խոսելով իր ժամանակցի ստեղծագործության դերի ու նշանակության մասին՝ ռուս նոր գրականության եւ արվեստի սկզբնավորման գործում, Բելինսկին նշել է. «Պուշկինը պատկանում էր այն հանճարների թվին, պատմական այն մեծ բնավորությունների թվին, որոնք աշխատելով ներկայի համար, նախապատրաստում են ապագան եւ հենց դրանով իսկ չեն կարող պատկանել միմիայն անցյալին»։

Ինչո՞վ էր Պուշկինը նախապատրաստում ապագան։

Առաջին հերթին՝ ազատասիրական գաղափարներով։

Եվ ապա՝ նորարարական բարձր արվեստով, կուլտուրայով, ժողովրդին հոգեհարազատ մտածողությամբ, այն ամենով, ինչով Պուշկինը, հիրավի, Պուշկին է ռուս եւ համաշխարհային գրականության մեջ։

Որքան խիստ էին ու դառը ցարական միապետության բարքերն ու կարգերը, նույնքան մեծ ու անընկճելի եղան բանաստեղծի ազատասիրական բաղձանքները, որոնք եւ արտահայտվել են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Հենց իր առաջին տպագիր գործում՝ «Ոտանավոր գրող բարեկամիս», տասնհինգամյա Պուշկինը ի հայտ է բերում իր գեղագիտական դավանանքի ամենաբնորոշ կողմերը, ինքն իրեն նախապատրաստելով մեծ դժվարությունների ու պայքարի, փոթորկուն կյանքի. «Պինդոսի վրա կան դափնիներ, սակայն եղինջ էլ կա»։

Բանաստեղծի պատանեկության շրջանը զուգադիպեց ռուս ժողովրդի կյանքում կատարվող խոշոր պատմական իրադարձությունների հետ, որոնք եւ անդրադառնում էին նրա պատմափիլիսոփայական ու գեղագիտական աշխարհայացքի ձեւավորմանը։ 1812թ. հայրենական պատերազմում ռուս ժողովուրդը հերոսական հաղթանակ տարավ։ Դա չէր կարող խորը մտորումների չմղել Պուշկինին, որը եւ գրեց «Հիշողություններ Ցարսկոյե Սելոյում» բանաստեղծությունը, դրանով եւս խարխլելով «Ֆրանսիական կեղծ-կլասիցիզմի իշխանությունը» ռուսական իրականության մեջ։ Ստեղծագործության հերոս դարձավ հասարակ ժողովուրդը՝ լի դարեր շարունակ իր մեջ զսպած ազատաբաղձությամբ, լուսավոր կյանքի ու սիրո կենարար ավիշներով։ Այստեղից էլ սկսվում է պոեզիայի քաղաքացիականությունը, առանց որի, ինչպես ասում են, հնարավոր չէ ու չի կարող լինել հայրենասիրություն։ Առաջին իսկ գործերից արդեն որոշակի են դառնում բանաստեղծի քաղաքական ըմբռնումներն ու հայացքները։ Նա ամենաուժգին ձեւով բախվում է ցարական ռեժիմին ու իրավակարգին։ Հենց այդ բախումից էլ հզորանում են նրա ստեղծագործության պոլեմիկական լիցքերը։

Ընդհանրապես, պիտի ասել, որ Լիցեյում սովորելու տարիները՝ 1812-1817 թթ. բավականին արգասաբեր եղան պատանու համար՝ թե գաղափարական, թե ստեղծագործական հայացքների ամբողջացման առումով։ Առաջադիմական գաղափարներով էին տոգորված լիցեյականները, ավելի անմիջական էին դառնում Պուշկինի շփումները ժամանակի երեւելի մարդկանց հետ։ Իսկ «Հիշողությունների» արտասանությունը, որով նա հանդես եկավ սիրելի ուսուցիչ Ժուկովսկու առաջ, պատմական հիշարժան իրադարձության ուժ առավ։

Ի դեպ, մինչ այդ էլ գրական հանդիպումներ ու զրույցներ լինում էին Պուշկինների հարկի տակ, ուր պատանին հնարավորություն էր ունենում լսելու եւ Կարամզինին, եւ Ժուկովսկուն, եւ մյուս նշանավոր գրողներին։ Եվ հասկանալի է, որ այս ամենը պետք է իր բարերար ազդեցությունը թողներ դայակ Արինա Ռադիոնովնայի խնամքին թողնված (ծնողներն ավելի շատ զբաղված էին պարահանդեսներով) Ալեքսանդրի վրա։

Այդ շրջանում արդեն, ինչպես ասում են, ի վերուստ որոշված էր նրա ուղին։ Ռուս իրականության մեջ դեկաբրիստական շարժումն արդեն ծավալվում էր լայնորեն։ Պուշկինի քնարը հնչում է ավելի հստակ եւ ուժգին։ Ծնվում է բանաստեղծի «Ազատություն» օդան, մի շարք ուրիշ երկեր, որոնցով եւ նա դարձավ «դեկաբրիստների դրոշակակիր».

Եվ այսօր լսեք, օ, թագավորներ,
Ոչ արյուն, ոչ բանտ, ոչ սրբի տաճար,
Ոչ դաժան պատիժ, ոչ առատ նվեր
Չեն պաշտպանության պատնեշ ձեզ համար։
Օրենքի անխաբ տաղավարի տակ
Առաջինը դուք կանգնեցեք ճակատ,
Եվ գահին՝ հավետ կդառնան պահակ
Ժողովուրդները խաղաղ եւ ազատ։

Պուշկինը իր ստեղծագործությամբ «ձեռնոց էր նետում» ցարական կարգերին։ Կյանքի ճշմարիտ փաստը նրա գրչի տակ գեղարվեստական ճշմարտացիության ուժ է առնում, մերկացվում է իրականությունը։ Այս առումով գաղափարագեղարվեստական ու պատմափիլիսոփայական բարձր արժեք են ներկայացնում պոետի «Ռուսաստանի զրպարտիչներին» եւ «Ով աքսորյալներ» ստեղծագործությունները, որոնք, իհարկե, գրվեցին ավելի ուշ շրջանում։ Պուշկինի բռնած դիրքը, հասկանալի է, չէր կարող վրիպել նենգամիտ լակեյների աչքից։ Պուշկինին աքսոր էր սպասում։ Միայն Ժոկովսկու եւ Կարամզինի միջամտությունը օգնեց, որպեսզի նա աքսորվի ոչ թե Սիբիր, այլ հարավ։ «Հարավային աքսորում» գտնվելու տարիներին էլ Պուշկինը կերտում է մի շարք նշանավոր գործեր՝ «Կովկասի գերին», «Ավազակ եղբայրները», «Գնչուները», «Բախչիսարայի շրջանը» եւ այլն։

Իր գեղարվեստական երկերում Ալ. Պուշկինը արծարծում է ժողովրդական լայն մասսաներին հուզող հարցեր, հանդես գալիս որպես նրանց տրամադրությունների ու նպատակների արտահայտիչը։ Խիստ հատկանշական է պոետի «Ռուսլան եւ Լյուդմիլա» պոեմը, որի ստեղծագործական աշխատանքը դեռ սկսել է Լիցեյում սովորելու շրջանում։

«Ռուսլանը եւ Լյուդմիլան» աննախադեպ նորույթ էր ռուս իրականության մեջ։ Գրողի համար այս պոեմը մեծ ճանապարհ բացեց դեպի ժողովուրդը, միաժամանակ ստեղծելով համախոհների ու հակառակորդների հոծ բանակներ։ Հետադիմական ուժերն ամեն կերպ ձգտում էին նսեմացնել պոեմի փառքը, նրանց դուր չէր գալիս հատկապես ստեղծագործական այն խիզախումը, որ կատարել է պոետն իր մեծակտավ գործի մեջ՝ ժողովրդական տրամադրությունների արտահայտիչ Ռուսլանին օժտելով ազատասիրական, հումանիստական գաղափարներով, խորը հայրենասիրությամբ։ Մի հանգամանք եւս կատաղեցնում էր ռեակցիայի ուժերին։ Դա այն էր, որ Պուշկինը իր համար մեկընդմիշտ ընդունել էր արդեն ժողովրդական հարուստ բանահյուսության վրա հենվելու ամենասրբազան ճշմարտությունը։ Մտածողության, լեզվի, ոճի, բոլոր հարցերում Պուշկինն իր հայացքը պահում էր խոսքի ժողովրդական ակունքներին, հանդես գալիս որպես նախարար։

«Ռուսլանը եւ Լյուդմիլան» ժողովրդական հեքիաթի բարձրարվեստ մշակում է։ Չարի ու բարու կռվի մեջ բանաստեղծը պատկերում է ժամանակի առաջադիմական ու հետադիմական ուժերի պայքարը, ի վերջո, հաղթանակը տալիս բարուն։

Պուշկինը հանդիսացավ թե ռոմանտիկական, թե ռեալիստական պոեմի հիմնադիրը ռուս գրականության մեջ։ Նա իրավացիորեն համարվում է ռուս ռեալիստական վեպի, դրամատուրգիայի սկզբնավորողը։ Այդ նա էր, որ ստեղծեց ռուսական «հզոր ու ճկուն» գրական լեզու։ Պուշկինը՝ մեծագույն ավանդապահն ու մեծագույն ավանդախախտն է։

Համաշխարհային գրականության մեջ քիչ են այն անունները, որոնց բոլոր գործերը հանդիսանում են գլուխգործոցներ։ Այդ եզակիներից մեկը Պուշկինն է։ Դրա լավագույն առհավատչյան են նրա «Ռուսլանը եւ Լյուդմիլան», «Պոլտավա», «Կովկասի գերին», «Եվգենի Օնեգին», «Բորիս Գոդունով», «Կապիտանի աղջիկը», մյուս ստեղծագործությունները։ Պուշկինի «Բոլդինյան աշունը» այդպես էլ մնաց անկրկնելի՝ թե պոետական թռչիքների, թե կերտված գրական գոհարների բարձրարժեքության առումով։ «Այդ շրջանի ստեղծագործություններում,- գրում է Հ. Սալախյանը,- Պուշկինը դրսեւորեց իրեն որպես հզոր տաղանդ, համապարփակ հանճար, որը հարստացրեց մարդկային զգացմունքների գեղեցկությունը, մարդու ստեղծագործական ուժերի ու հնարավորությունների անսահմանությունը»։

Այսօր կարող ենք առանց վերապահության ասել, որ ոչ միայն «Եվգենի Օնեգինը», այլ գրողի գրական բոլոր գործերը հանդիսանում են նրա ապրած ժամանակի կենդանի հայելին։ Խոսելով «Եվգենի Օնեգինի» մասին՝ Մ. Գորկին նշել է. «Դա ռուսական առաջին ռեալիստական վեպն է, վեպ, որ բացի նրա անթառամ գեղեցկությունից մեզ համար ունի պատմական փաստաթղթի նշանակություն, որն առավել ճշգրիտ ու ճշմարտացի է նկարագրում դարաշրջանը, քան մինչեւ այսօր այդ բանն արել են տասնյակ հաստ գրքեր»։

Պուշկինի կտրուկ անցումը ռեալիզմին պայմանավորվում է նրա ապրած ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական, հասարակական հարաբերություններով։ Նա չէր կարող չլինել իր դարաշրջանի արժանավոր զավակը։ «Եվգենի Օնեգինը» ստեղծագործական սխրանք էր եւ մեկ այլ տեսակետից։ Նրա ռեալիզմն այնպիսի հատկության ու խորության էր հասել, որ ինքը՝ հեղինակը չէր կարող արդեն միջամտել իր հերոսների ճակատագրին. բնավորությունների ընթացքն ու զարգացումը պայմանավորված են հանգամանքներով, որոնք եւ այնքան տիպական են այդ չափածո երկում։ Ու միանգամայն հասկանալի է Պուշկինի զարմանքը. «Երեւակայեցեք, Տատյանան ամուսնացավ գեներալի հետ»։

Օնեգինի, Լենսկու, Տատյանայի ռեալիստական ճշմարտացի գույներով կերտված կերպարներն իրենցով նոր մակարդակ նշանավորեցին ռուսական գրականության մեջ։ Իսկ Տատյանան, դա այն հերոսն է, որի միջոցով մեզ ներկայանում են ռուժ ժողովրդի ոգու, մտածողության, բնավորության լավագույն գծերը։

Պուշկինն ապրում է իր բոլոր լավ ու բարի, մեծ ու գեղեցիկ հերոսների մեջ։ Պուշկինը հանդիսացավ այն անկրկնելի անհատականությունը, որի ստեղծագործության ամենաանբիծ հայելում արտացոլվեցին մայր ժողովրդի պատմության գրեթե բոլոր պատմական խոշոր իրադարձությունները։ Պատմությունը, ինչպես ամեն մի զտարյուն արվեստագետի մոտ, Պուշկինի ամբողջ ստեղծագործության մեջ առկա է։ Եվ միանգամայն իրավացիորեն Բելինսկին պատմական գործ է համարել նաեւ «Եվգենի Օնեգինը»։ Դա, անշուշտ, ունի իր խորը պատճառները։ Պատմականի գնահատման հարցում էլ Պուշկինն ուներ ստույգ կողմնորոշում. «Վայրենին, ստորը եւ անկիրթը չեն հարգում անցյալը եւ սողում են միայն ներկայի առաջ»։

Պուշկինն ապագան նախապատրաստում էր, ելնելով նաեւ անցյալից։ Նա, մեծ պատմաբան էր եւ քաջ գիտեր իր ժողովրդի անցած ճանապարհը։ Ու եթե պատմական թեմայով գրված երկերում նա անդրադարձել է «ժողովրդական հերոսներին», ապստամբության ղեկավարներին, ապա դա ոչ թե ինքնանպատակ է, այլեւ ներկայի հուզող հարցերի պատասխանը տալու համար է տրվել։ Այս ամենի հիմքում ընկած է այն խորը հայրենասիրությունը, որը կազմում է պուշկինյան անմահ ստեղծագործության ուղն ու ծուծը, նրա ամենահիմնական գիծը, էությունը։ Այդ մասին է խոսում եւ արձանագրված փաստը. Պետրոս Առաջինին «Պոլտավա» եւ «Պղնձե հեծյալը» պոեմներում ներկայացնում է որպես մի հզոր անհատականություն, որը միավորելով ժողովրդական ուժերը, մեծ դեր է կատարել ռուս ժողովրդի ճակատագրում, մանավանդ, երբ կենաց եւ մահու խնդիր էր վճռվում Պոլտավայի ճակատամարտում։

Դիմենք դարձյալ Բելինսկուն, որը պոետի, այսպես ասած, ամենապուշկինյան պոեմը համարում է «Պոլտավան», գտնելով, որ այստեղ նրա ոտանավորը հասավ լրիվ զարգացման. «Այո, այս պոեմը - ամենահամարձակ, ամենագրանդիոզ ապոթեոզն է Պետրոս Մեծին, որպիսին կարող էր ծնունդ առնել այնպիսի պոետի գլխում, որը ամբողջապես արժանի է Ռուսաստանի մեծ վերանորոգչի երգիչը համարվելու»։

Պուշկինի գրիչը հրաշքներ արարեց գրեթե բոլոր ժանրերում։ Նա որպես սկզբնավորող հանդես եկավ նաեւ դրամատուրգիայի բնագավառում։ Գրողի «Բորիս Գոդունով» դրաման աչքի ընկավ գործողությունների դինամիկ զարգացմամբ, կերպարների լիարյունությամբ ու կենդանությամբ, զգացմունքների ներքին լիցքով ու շիկացածությամբ, լակոնիկ ոճով։ Սա Պուշկինի կերտած այն գրական մնայուն կոթողներից է, որի բարերար ազդեցությունը մեծ եղավ նաեւ Գոգոլի վրա։ Եվ պատահական չէ, որ Գոգոլի մասին ասվեց՝ Գոգոլը Պուշկինն է արձակի մեջ։

Տիպականացման արվեստի խոշոր վարպետ է Պուշկինը։ Իսկ դրամատիկական երկը, ինչպես գիտենք, ունի իր ոչ դյուրամատչելի դժվարությունները։ Պուշկինի ստեղծած հայր Պիմենը, Բորիս Գոդունովը, Մարիան, մյուս կերպարները փայլուն ձեւով անհատականացված են իրենց խոսքով ու բնավորություններով։

«Ժլատ ասպետի» մեջ Պուշկինը մերկացնում է «ոսկու արքաներին», որոնք իրենց շահի ու օգուտի համար պատրաստ են դիմել ամեն քայլի, չկանգնելով ոչնչի առաջ։ Մի քանի բառով, արտահայտությամբ արդեն գրողը գծում է հյութեղ կերպար՝ ազգային կոլորիտով, բնավորության առանձնահատկություններով եւ այլն։

Պուշկինի ստեղծագործության անկապտելի մասն է կազմում նրա գեղարվեստական արձակը։ «Կապիտանի աղջիկը», «Դուբրովսկի», «Պիկովայա դամա» եւ այլ գործեր ռուսական արձակում հեղաշրջում կատարեցին գաղափարական եւ գեղարվեստական կատարելության, ժողովրդայնության ու արծարծաց խնդիրների հասարակական նշանակության առումով։ Բացի դա, Պուշկինը զգում էր, որ «փայլուն արտահայտությունները» չէ, որ կարող են արժեքավորել արձակը, այս բնագավառում անհրաժեշտ են «մտքեր ու մտքեր», գաղափարներ՝ իրենց հակիրճության ու ճշգրտության մեջ։ Եվ դավանաբանական իր այս սկզբունքը Պուշկինը հաստատեց ստեղծագործությամբ։

Գրողը, ստեղծագործական սնունդ ստացանալով ժողովրդական բանահյուսությունից, սիրում էր լինել ամենատարբեր վայրերում եւ ունկնդրել մարդկանց։ Ու պատահական չէ, որ նրա կերտած բոլոր կերպարներն իրենց հիմնական գծերով տանում են դեպի ժողովրդական ակունքներ։ Սա կերպարի հավաստիության ու լիարյունության առաջին նախապայմանն է Պուշկինի ստեղծագործության մեջ։ Մինչեւ որ վերջնականապես չէր ուսումնասիրում նյութը, այն յուրացնում իր ամբողջության մեջ, մանրամասներով, նա ձեռնամուխ չէր լինում երկի կերտմանը։ Պուգաչովի կերպարի կերտման համար («Կապիտանի աղջիկը»), ինչպես վկայում են գրականագիտական հավաստի աղբյուրները, «Պուշկինը չբավարարվեց պաշտոնական տվյալներով, նա եղավ այն պատմական վայրերում, ուր տեղի էր ունեցել Պուգաչովի շարժումը»։

Եթե մենք իրավացիորեն, ելնելով գրական-պատմական ճշգրիտ փաստերից ու երկերի գիտական վերլուծություններից, գտնում ենք, որ Պուշկինը ռուս նոր գրականության մեջ հանդես եկավ որպես պոեզիայի, վեպի, դրամատուրգիայի, արձակի հիմնադիր, սկզբնավորող, ապա առավել եւս նրա նորարարությունը ընդգծված է երեւում հեքիաթագրության, ժողովրդական հեքիաթների մշակման ասպարեզում։ Ահա թե Գորկու կողմից ինչպես է մեզ ներկայացվում «Հեքիաթ տերտերի եւ նրա ծառա Բալդու մասին», «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» եւ այլ գործերի հեղինակ Պուշկինը. «Ամենից առաջ Պուշկինն առաջին ռուս գրողն էր, որ ուշադրություն դարձրեց ժողովրդական ստեղծագործության վրա եւ այն մտցրեց գրականության մեջ առանց աղճատելու ի հաճույս «ժողովրդականության» պետական գաղափարին,- պալատական բանաստեղծների կեղծավոր տենդենցների. ժողովրդական երգն ու հեքիաթը նա զարդարեց իր տաղանդի փայլով, սակայն դրանց իմաստը եւ ուժը թողեց անփոփոխ»։

Եվ, որ կարեւոր է, Պուշկինը գրեց ժողովրդական պարզ լեզվով։ Նա գտնում էր, որ կգա ժամանակ, գրականության մեջ, «ձանձրանալով արվեստի միապաղաղ երկերից, պատմական ընտիր լեզվի սահմանափակ շրջանից», կդիմեն «ժողովրդային թարմ հնարանքներին ու տարօրինակ ռամկաբարբառին»։

Պուշկինը սովորում էր ժողովուրդից։

Պուշկինը ժողովրդից էր գալիս ու գնում է դեպի ժողովուրդը։

Պուշկինի ստեղծագործությունը նոր ու բարձր գաղափարներ է տալիս մարդուն ու մարդկությանը, զինում լուսավոր գաղափարներով, վեհացնում։ Եվ հենց այդ հումանիզմի ու մյուս արժեքների համար է, որ նրա արվեստը այնքան բարձր են գնահատել համաշխարհային մասշտաբներով։


«ԻՆՁ ԿՀԻՇԻ ԱՄԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԱԶԳ...»

Պուշկինի մեծության առաջին նախապայմաններից մեկն էլ, ինչպես արդեն նշել ենք, այն է, որ նա հավասարապես պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ նա ոչ միայն սեր ու հարգանք է տածել, այլեւ ուսումնասիրել է նրանց կյանքն ու բարքերը, նրանց սովորությունները, խորամուխ եղել ազգային-պատմական առանձնահատկությունների մեջ։

«Անժելոն», «Վլախը Վենետիկայում», «Իտալականի նմանությամբ, «Խիստ Դանթեն չի արհամարհել սոնետը», «Իսպանական ռոման», «Շոտլանդական երկերում», «Զայրանում է սուլթանը», «Չինականի նմանությամբ». այսպես դեռ կարելի է շարունակել թվարկել Պուշկինի այն ստեղծագործությունները, որոնց մեջ պատմագիտական տեսանկյունով էլ շատ բան կարող են գտնել այն ժողովուրդները, որոնց մասին գրել է բանաստեղծը։

Պուշկինին իր բանաստեղծն է համարում եւ Անդրկովկասի ժողովուրդները, որոնց հետ ամենասերտ հարաբերությունների մեջ էր պոետը։ Այս առումով եւս բավականին հետաքրքրական գործ է «ճանապարհորդություն դեպի Արզրում» գործը։ Ըստ տեղեկագրության, որ մնացել է գրականագիտական աղբյուրներում, մինչեւ իր նշանավոր ճանապարհորդությունը կատարելը Պուշկինը այցելում էր Լազարյան ճեմարան, լսում դասախոսություններ Արեւելքի մասին»։

Պուշկինը ճանապարհին, հայկական մի լեռնացքում, հանդիպում է սայլակի, որը տանում էր Գրիբոյեդովի դիակը։ Հենց այդ լեռնացքն էլ երախտագետ հայաստանցիները կոչեցին Պուշկինի լեռնանցք։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը այսպես է գնահատում Պուշկինի ստեղծագործությունը. «Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է, թարմ, առողջ, հսկա ժողովուրդ, հարուստ ու հոյակապ գրականություն ունի եւ էդ գրականության մեջ իր հսկան - Պուշկինը»։ Պուշկինին եւ Լերմոնտովին Թումանյանը համարել է Կովկասի մեծ որդեգիրներ։

Պուշկինը ստեղծագործական ներշնչումների, ոգեւորության աղբյուր եւ անփոխարինելի ուսուցիչ էր Եղիշե Չարենցի համար։ Ու բնական է, որ Չարենցի ամենավերջին ու ծանր օրերին էլ նրա բարեկամը Պուշկինն էր, որը չէր լքում հայ եղբորը։ Վկան Չարենցի այս անավարտ մնացած ու նրա արխիվում պահված բանաստեղծությունն է.

Օ, Ալեքսանդր, պոետ պայծառ-
Այսօր, մահվանից քո մի դար անց,
Վառվում ես, որպես չդադարած
Ոգեւորության հրդեհ պայծառ...
Կանգնած ես, որպես արեւ, դարձյալ
Մեր ոգու անհաս զենիթում դու,-
Իբրեւ հանճարեղ մի լուսատու,
Որ չի լինելու երբեք անցյալ.

..

Պուշկինին, դեռեւս նրա կենդանության օրոք, թարգմանել են հայերեն։ Նրա առաջին թարգմանիչը եղել է Մկրտիչ Էմինը՝ Լազարյան ճեմարանից, որը կատարել է մեծ պոետի «Կովկասի գերին» եւ «Բախչիսարայի շատրվանը» պոեմների թարգմանությունը։ Ցավոք, նրա այդ աշխատանքները մեզ չեն հասել։ Ավելի ուշ, 1843թ. Պուշկինին թարգմանել է նույն ճեմարանի աշակերտ Հ. Համազասպյանը։ Պուշկինի ստեղծագործությանն անդրադարձել են ու թարգմանել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ռաֆայել Պատկանյանը, Միք. Նալբանդյանը, Ալ. Ծատուրյանը, Հովհ. Հովհաննիսյանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը եւ ուրիշ նշանավոր գրողներ։ Սակայն այդ թարգմանությունների պսակը մինչեւ այսօր էլ հանդիսանում է «Ձմեռվա իրիկունը», գործ, որը հայերենի է փոխադրել Հովհ. Թումանյանը։ Ոչ միայն թարգմանել են Պուշկինին, այլեւ նրանից բարձր արվեստի դասեր են առել, կրել նրա բարձրարժեք երկերի բարերար ազդեցությունը։ Ուշադրության արժանի է մի փաստ եւս։ 1881թ. Շուշիում լույս տեսավ Նիկողոս Տեր-Ավետիսյանի «Քնար խոսնակ» չափածո ստեղծագործությունների ժողովածուն, ուր զետեղվել է նաեւ մի քերթված՝ «Պուշկինը արձանը».

Ահա ամբոխը բացավ
Խորաթմբիր յուր աչեր,
Եվ լուսի մեջ նա տեսավ
Յուր քաջ պոետ, որ երգեր։

«Չնչին դավերին» զոհ գնացած պոետի հուշարձանը կանգնեցնում է ժողովուրդը, որովհետեւ նրա երգերում լույսի գեղեցկություն է տեսնում, տեսնում է դավերի ու հետադիմական ուժերի հետ երբեք չհաշտվող իր ոգին։

Պուշկինն իր գրական դպրոցը հիմնադրեց ոչ միայն ռուս, այլեւ ուրիշ շատ ժողովուրդների գրականություններում։ Այսօր չկա մի քաղաքակիրթ ժողովուրդ, որ թարգմանած չլինի Պուշկինին։ Բանաստեղծի ստեղծագործությանն արդեն դարձել է ազգային հոգեւոր արժեքների գնահատման ճշգրիտ չափանիշ։

Բանաստեղծի հետ ժամանակին հանդիպում է ունեցել եւ Հովհ. Այվազովսկին, որը ստեղծել է իր պուշկինիանան։ Նա հետագայում գրառում կատարեց. «Պուշկինը քաղցրությամբ հարցրեց ինձ՝ որտե՞ղ են իմ նկարները։ Ես ցույց տվի։ Ինչպես այժմ հիշում եմ, դրանցից մեկը «Ամպեր Որանեյեմբաումի ափից»-ն էր, իսկ մյուսը՝ «Չուխոնցիների խումբը»։ Պուշկինի մի շարք գրքերի ու գործերի նկարչական ձեւավորումները կատարել է Վարդգես Սուրենյանցը։

Պուշկինն ունի մի բանաստեղծություն, որի վերնագիրն է. «Ա.Դ. Աբամելիքի ալբոմում»։ Ո՞վ է նա։ Պետերբուրգյան մի գեղեցկուհի, որի հետ մտերմական հարաբերությունների մեջ էր գրողը։ Գեղեցկուհին՝ Աննա Աբամելիքը, ըստ ժամանակակիցների վկայության, «բավականին օժտված» մի բանաստեղծուհի էր, որը Կուտուզովի կողմից բարձր գնահատված ու քաջալերանքի արժանացած հայազգի Դավիթ Սիմոնի Աբամելիքի դուստրն էր։ Ահա Պուշկինի կողմից նրան նվիրած բանաստեղծությունը.

Մի ժամանակ (հիշում եմ դա ես սիրով)
Ձեզ փայփայում, պահում էի հրճվանքով,
Երբ որ դուք դեռ մանուկ էիք սքանչելի...
Դուք ծաղկեցիք եւ ես հիմա պաշտելով՝
Խոնարհվում եմ, երկրպագում ձեզ էլի.
Ամենուրեք ձեզ, աչքերով եւ սրտով,
Ես ակամա հուզմունքով եմ հետեւում,
Եվ ձեր փառքով եւ ձեզանով, ձեզանով
Մի պառաված դայակի պես պարծենում։

Նույն այդ Աննա Աբամելիքն է կատարել Պուշկինի «Թալիսման» բանաստեղծության ֆրանսերեն թարգմանությունը։ Հետագայում բանաստեղծուհին անգլերեն լեզվով թարգմանեց սիրելի պոետի գործերից քսանը եւս։ Աննայի մտերիմներից էր նաեւ Մ. Լերմոնտովը, իսկ հայ գրողներից՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը։ Մեզ է հասել Աբովյանի բանաստեղծությունը՝ «Առ Ն.Ն.» վերնագրով։ Քերթվածը, ինչպես պարզեցին հետագայում աբովյանագետները, նվիրված է Աննային, որը չէր կարող իր հայրենակից գրողին ծանոթացրած չլիներ Պուշկինի հետ։ Մանավանդ, որ Պուշկինի ուսուցիչի՝ Ժուկովսկու հետ եւս մտերիմ էր հայ լուսավորիչը։

«Պրավդա» թերթը ժամանակին արձանագրել է, որ Պուշկինից է սկիզբ առել մեր լավագույն բանաստեղծների տոհմագրությունը։ Հիրավի, Անդրկովկասի ժողովուրդների գրական կյանքում էլ նույն դերը կատարեց ռուս բանաստեղծը։ Պոետն ընկավ Դանտեսի գնդակից։ Կարճ եղան նրա ապրած տարիները /1799-1837թթ./, բայց այդ փոքր ժամանակահատվածում էլ Պուշկինը դարերի գործ կատարեց։ Անմահացավ դարերում։ Պուշկինի չարանենգ սպանությամբ չավարտվեց Պուշկին երեւույթը։ Այն ժամանակի հետ նոր ուժգնություն է ստանում։

Պուշկինի մահը ցնցեց ամբողջ աշխարհը։

Պուշկինը սիրեց նաեւ Վրաստանն ու վրաց ժողովրդին։ Բանաստեղծի ստեղծագործություններում իր յուրատիպ փայլն ու հմայքն ունի «Ով գեղեցկուհի» քերթվածը։ Ուզում եմ ամբողջությամբ կարդալ այդ սքանչելի բանաստեղծությունը.

Ով գեղեցկուհի, մի երգիր ինձ մոտ
Դու Վրաստանի երգերը թախծոտ.
Հիշեցնում են ինձ այս պահին նրանք
Հեռավոր մի ափ եւ ուրիշ մի կյանք։

Ավաղ, սրտառուչ այդ երգերը քո
Հիշեցնում են այն, ինչ թողի, եկա
Տափաստան, գիշեր, եւ լույսի ներքո
Դեմքն այն հեռավոր, այն հեզ աղջկա...

Օ, քեզ տեսնելիս, մոռանում եմ ես
Միշտ ինձ հետեւող պատկերն հիասքանչ,
Բայց երգում ես դու, եւ անմիջապես
Նա է վերստին կանգնում մի առաջ։

Ով գեղեցկուհի, մի երգիր ինձ մոտ
Դու Վրաստանի երգերը թախծոտ.
Հիշեցնում ես ինձ նույն պահին նրանք
Հեռավոր մի ափ եւ ուրիշ մի կյանք։

Պուշկինի ստեղծագործություններում ուրույն տեղ ունի եւ նրա «Կովկաս» հանրահռչակ բանաստեղծությունը, որը մի փոքրիկ գլուխգործոց է, հիրավի։ Պոետական բարձր ներշնչանքը, պատկերների թարմությունը, խորը տրամաբանությունն ու մտքի սլացքը, անզուսպ զգացմունքայնությունը կազմում են այդ բանաստեղծության հիմնական էությունը, վեհացնում հոգիդ, թեթեւացնում ու տանում վեր։ Եվ հենց Պուշկինի պոեզիայի այդ «հոգի թեթեւացնող» ու սրբագործող հատկանիշն է նկատի առել նրա մեծագույն աշակերտներից մեկը՝ Բլոկը, երբ ասել է՝ թեթեւ է Պուշկինի անունը...


«Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկի մեջ Պուշկինն այսպիսի տողեր ունի, որոնք վերաբերում են մի հայ ընտանիքում նրա հյուրընկալվելու եւ սրտագին ընդունելության արժանանալուն։ Պուշկինը վերհիշում է դա այսպես. «Ցածր բազկաթոռներով եւ հին գորգերրով կահավորված սենյակում նստած էր մի պառավ կին, նրա մայրը։ Կինը մոտեցավ ինձ եւ համբուրեց իմ ձեռը։ Որդին պատվիրեց նրան կրակ անել ու ինձ համար ընթրիք պատրաստել»։

Փաստը, անշուշտ, հուզիչ է ու միաժամանակ՝ խորհրդանշական։


ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Պուշկինի ստեղծագործությունն իր առանձնահատուկ տեղն ունի համաշխարհային գրականության պատմության մեջ։ Նրա չափածո եւ արձակ գործերը, ինչ թեմայով էլ լինեն դրանք՝ հայրենասիրության, սիրո, բնության եւ այլն, աչքի են ընկնում իրենց նրբագին հյուսվածքով ու կուռ տրամաբանությամբ, քնքշությամբ ու առնականությամբ, պատկերների անսպասելի կրակոտությամբ, եւ ընթերցողի առաջ բացում են անսահմանության, վեհության ու մաքրամաքուր զուլալության ոլորտները։

Հենց այս եւ նման հատկանիշների շնորհիվ է, որ նրա ստեղծագործությունների զգալի մասի հիման վրա գրվել է երաժշտություն՝ ամենատարբեր երգահանների կողմից։ Դա խոսում է նաեւ գրողի լեզվի պարզության մասին, որն, անշուշտ, խորապես կապված է ժողովրդական բանահյուսությանը։

Չափազանց մեծ ընդգրկումների արվեստագետ է Պուշկինը, որին առանձնահատուկ է թեմատիկ բազմազանությունը։ Նրա ոչ մի գործ, անգամ հեռավոր ձեւով, չի կրկնում մյուսին։ Բանաստեղծի գեղարվեստական ստեղծագործությունը մարդկության ստեղծած հարուստ մշակույթի գանձարանում լավագույն օրինակ է եւ այն տեսակետից, թե ինչպես կարելի է ազգայինն ու համազգայինը ներկայացնել մի ընդհանուր համադրության մեջ, երգել ժողովրդի խռովահույզ տարերքը, նրա ազատագրական պայքարը, ընդվզումները, նրա արթնացումը դարավոր թմրաքնից։ Պուշկինի անունը գրվում է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Բայրոնի եւ ուրիշ տիտանների շարքում։

Ահա Կովկասն իմ ոտքի տակ։ Ես մեն-մենակ վերեւում
Սպիտակափառ լեռան լանջին լուռ կանգնած եմ ու նայում։

Եվ Պուշկինի բարձունքներից նայող հայացքի լայնությունն ու խորությունը իրենց մեջ ընդգրկում են ոչ միայն Կովկասը, այլեւ ամբողջ աշխարհը, բոլոր ժողովուրդները։ Թող ներվի, եթե փոքր-ինչ վերափոխենք Պուշկինի բանաստեղծության առաջին տողը, «Կովկաս» բառի տեղ դնենք «աշխարհ» բառը...

Ահա աշխարհն իմ ոտքի տակ։ Ես մեն-մենակ վերեւում
Սպիտակափառ լեռան լանջին լուռ կանգնած եմ ու նայում...

Ոչ միայն նայում Սպիտակափառ լեռան լանջից, այլ աշխարհը, մարդիկ, նրանց հոգսերը, ձգտումներն ու նպատակները իր հայացքի մեջ է առնում բանաստեղծը, լուսավոր, մեծ, անպարփակ հայացքի մեջ։

Եվ այսպես, ինչքան էլ խոսենք, անսպառելի է Պուշկինի մասին խոսքը։ Այդ մասին ավելի լավ է ասել Բելինսկին. «...խոսենք նրա մասին, որքան կարելի է քիչ, որովհետեւ նրա մասին բոլորը չես կարող ասել նույնիսկ ամբողջ կյանքիդ ընթացքում։ Պուշկինը պատկանում է հավիտյան ապրող եւ հարաշարժ երեւույթների թվին, որոնք կանգ չեն առնում այն կետի վրա, որտեղ վրա է հասել մահը, այլ շարունակում են զարգանալ հասարակության գիտակցության մեջ։ Յուրաքանչյուր էպոխա տալիս է նրանց մասին իր դատավճիռը եւ, որքան էլ սխալ հասկանա նրանց, բայց միշտ էլ իրեն հաջորդող էպոխային կթողնի ասելու մի որեւէ նոր եւ ավելի ճիշտ բան, եւ այդ էպոխաներից ոչ մեկը եւ ոչ մի ժամանակ չի ասի բոլորը»։