ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ


Իմ բախտի բոլոր ճանապարհներին
Քո սերն՝ ուղեցույց աստղի նման,
Լույսեր է փռում,
Փռում է երազ,
Ջերմություն
Ու հույզ...
Դու՝ իմ արմատը ամուր պարուրած
                հողի արթնացում
Եվ իմ շյուղերի երկնամերձ սլացք,
Սուրբ երազներիս հիացքը շոյող
Երկնքի կապույտ,
Կապույտից ծորող լույսի ներշնչանք:

Իմ բախտի բոլոր ճանապարհներին
Հավատ է եղել,
Ձգտումով հյուսված հորիզոնի կանչ,
Քո սերն ուղեցույց,
Որ ձյուներում էլ գոհություն տվեց
                 Ծլունակ հունդիս,
Ապրեցրեց ինձ՝
Տեսնելու մի օր ծաղկումը երգիս
Եվ չհատվելը զնգուն ծիծաղիս:
Դու ամեն, ամեն, ամեն պահիս մեջ
Ժպիտներ ցանող գարնան բուրվառում,
Ամեն պահիս մեջ,
Ժամիս, սրտի մեջ ներաճող սիրո
                  Իմաստավորում:
Իմ բախտի բոլոր ճանապարհները
Ճառագայթներ են՝
Գարնանագործված մայր հողի վրա:
Ճանապարհներս քեզնից ակունքվող
                  երազներն են իմ,
Որ քեզնով ահա թեւեր են առել
Ու քեզնով, քեզ հետ
Թռչում են դեպի հավիտենություն:

Դու՝ քո սիրո պես մեծ, հավերժական,
Սերդ՝ քեզ նման, ճամփիս ուղեցույց: