Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...
Քո առաջին քայլն է այսօր
Կրծքին առնում,
Վաղը արդեն
ոտքերիդ տակ
Նա ճանապարհ պիտի դառնա:
Քնքշանք դիր դու քայլերիդ մեջ,
Սեր ու գորով,
Հողը, որդիս, քո պապիկն է,
Վաղուց է, որ դառել է հող:
Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...
Քո առաջին քայլը այսօր
Նախաբան է՝
Իմ չգտած երգի համար,
Իսկ մնացած քայլերը քո՝
Ծառ-ծաղիկներ,
Վեհ տաճարներ - երկնից բարձր,
Որ այնտեղից պապիդ նման
Սեգ լեռների վրայով էլ
ձեռքդ մեկնես,
Հյուսիսցու տաք ձեռքը սեղմես:
Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...
Եվ ոչինչ, թե քարը շատ է,
Ժայռը շատ է,
Առանց դրան
Ախր հողը ո՞նց դիմանար
Կայծակներին:
Իսկ ես արդեն, խոստովանեմ,
Որ քո հայրը ես չեմ՝ Հողն է,
Իսկ ես ու դու... եղբայրներ ենք...
Ծանոթացի՛ր, որդի՛ս Հողն է: