Սահականց Գալուստի գոտին

(Էսսե)

Վար էր անում Սահականց Գալուստը։ Այդ օրը գյուղի դիմաց գտնվող հանդում էին՝ զույգ լծկանով, հոտաղով։ Վերջինս Հայրապետի միջնեկ որդի Ռաֆոն էր, որի երգ ու եռքից ոչ միայն եզներն էին շունչ ու ոգի առնում, այլ նաեւ հանդի բոլոր մարդիկ, վայրի հավքերն ու կենդանիները։ Եվ երբ շենացիներն իմացան, որ Սահականց Գալուստն այդ օրը Ղուզե տափն է վարելու՝ ուրախացան. «Լավ է, Ռաֆոյի ձենը կլսենք»։ Օրը սկսվեց Ռաֆոյի երգով։ Ի դեպ, վերջերս գյուղացիներից մեկն ասում էր. «Ռաֆոյի ձայնը որ հիշում եմ, Պավարոտտին նրա մոտ ինչ ղալաթ է արել որ»… Դառնանք բուն նյութին։ Գյուղացիները մեկ-մեկ՝ իրար աչքունքով հրավիրելով, ձեն տալով, դուրս եկան գյուղամեջ՝ Պահեստի կտուրը, սկսեցին ունկդրել Ղուզե տափից եկող երգը։ Ձրի համերգ էր։ Հաբու որդի Ռաֆոն էլ ոգեւորվում էր ու, տեսնելով, որ մաճկալ Գալուստն էլ է ուրախացած դրա համար (կարծես մաճկալի հունարից է, որ հոտաղն այդպիսի ձայն ունի), մի երգից մյուսին էր անցնում, ականջի տակ լսելով Գալուստ ամու հորդորները, որոնք մեկ քաշող լծկաններին էին ուղղվում, մեկ իրեն. -Քաշի, քե մատաղ… Ասե, քե մատաղ… Այս ամենի մեջ, մարդկանցից անկախ, թատրոն էր մտել։ Սահականց Գալուստն ուզում էր իր արյունակից բարեկամ Հաբուն ցույց տալ, թե ոնց է «մարդ դարձնում» նրա որդի Ռաֆոյին, Ռաֆոն էլ իր հերթին «բեմ» էր հանել տաղանդն ու ընդունակությունները։ Բայց չմոռանանք, որ պոռթկումի պահերին Սահականց Գալուստի ոգեւորությունը հենց որ սլաքի ամենավերին կետին է խփում, նա ինքն է սկսում երգել իր իմացած միակ երգի միակ տողը. «Դե հասիր, Անդրանիկ»։ Այս անգամ եւս հասավ այդ պահը։ Արեւը նոր էր տաքանում։ Ղուզե տափի հողը սեւ է խիստ, ու ակոսները երգի տակ ծալվում էին մեկը մյուսի վրա, այնպիսի մի ճշգրտությամբ, որ գյուղից նայողին թվում էր, թե գութանի խոփը ռետուշով գծեր է քաշում հողին։ Հողի վրա սիրուն-սիրուն ձեռագրվում է վաղվա օրվա խորհուրդը։ Պահեստի կտուրից մարդիկ իրենց ռունգերում զգում էին թարմ հողի ու երգի միահյուսված բուրմունքը։ Եվ հանկարծ թովչական այդ պահի մեջ հնչում է Արփենիկի կեսկատակ խոսքը. «Օրվա վերջում կերեւա՝ քո վարն է շատ, թե Անդրանիկի։ Էդ դու պիտի իրեն հասնես»։ Ստեփանանց Անդրանիկն (Անդոն են ասում) Արփենիկի ամուսինն է, բոյը շատ ցածր։ Սահականց Գալուստի հետ միշտ մրցում են, թե ում ոչխարներն ավելի մեծ-մեծ դմակներ կունենան, ում էշն ավելի բեռ կվերցնի ու բարձր կզռռա, ով ամռանն ավելի շատ խոտ կհավաքի ձմռան համար, ով… Եվ երբ գյուղացիներից մեկն առաջնությունը հանկարծ տալիս է Անդրանիկին, Գալուստը վրա է պրծնում. «Արա քու աչքում որ իշեղ լիներ, դու էծի պոչն ու ոչխարի դմակը կտարբերեիր»։ Արփենիկի թոնթորանքը չլսվեց շատերի կողմից, որովհետեւ այն համընկավ գյուղացիների ծափի հետ, իսկ Մըլխասանց Անինկան, որ Արփենիկի մոտ էր կանգնած, ասաց՝ Արփենիկ, մի նեղացիր, տղամարդ են, իրար հետ մրցում են, իրար հետ կատակում են, քեզ ինչ ա իլել որ… Իրիկունը, երբ անասուն, հավ ու ճիվ հավաք անելուց հետո գյուղի տղամարդիկ հավաքվեցին շենամեջում, արդեն թեման հայտնի էր՝ օրվա երգն էր, Սահականց Գալուստի վարն ու Սաքուն թոռ Ռաֆոյի երգը։ Գովում էին իրար, մեծարում։ Խրախուսական խոսքեր ուղղվեցին նաեւ Ռաֆոյին. «Լավ ձեն ունի, ամա ափսոս, էնպիսի փեշակ չի երգելը, որ մարդ դրանով տուն-տեղ պահի»։ -Երգելս ո՞րն է,- մեջ է ընկնում Ստեփանանց Անդոնը, որ Մաննեն խութի մյուս կռնակին էր վար անում ու գյուղը չէր տեսնում,- Սահականց Գալուստն էլի վախտ է գտել ժողովրդի մեջ ինձ խայտառակելու… Ասում է ու աչքով անում Թեւանին։ Վերջինս էլ թե. -Լավ, Գալուստն արդար սրտով է ասել։ -Հիմա մարդ ջոկենք, ղարկենք չափի, տեսնենք ո՞ւմ արած վարն ավելի շատ կլինի։ -Երգն էլ հե՞չ…,-քմծիծաղում է Սահականց Գալուստը,- ես ասելիք չունեմ, իմ արածը եւ թողածն այսօր սաղ գյուղը տեսել է, իր գնահատականն էլ տվել։ Ինչքան Անդոնի պահած ղոչերի դմակներն են մեծ, էնքան էլ նրա արած վարն է իմից շատ։ Այստեղ արդեն Ջըռռահանց Սարգիսը մեջտեղ է ընկնում. -Ով ոչխար մորթի, հավաքի շենացիներին ու քեֆ սարքի, նա էլ հաղթանակը կտանի, որովհետեւ դմակը ուտելու ժամանակ է երեւում՝ մեծ է, թե փոքր… Այդ պահին հավաքվածներին է մոտենում Սահականց Վարսին, գոգնոցի մեջ՝ հասած տանձ. «Այ մարդիկ, վերցրեք կերեք, համ էլ…»։ Վարսենիկ աքան բան էր ուզում ասել, բայց ձիավորը մոտեցավ այնքան, որ նա ընդամենը հասցրեց միրգը բաժանել ու հեռանալ։ Տղամարդիկ, ողջունելով շրջկենտրոնից եկած ձիավորին, նրան առաջարկեցին տանձ համտեսել «ոտքի վրա», հետո էլ, հանկարծակիի եկածի նման չլռելու համար, շարունակեցին. -Ժողովուրդ, տեսնես Սահականց տանձենին քանի՞ տարեկան կլինի։ -Հաստատ մեծ չի լինի Բաբուն տանձենուց,- վրա է բերում Դարչին ապերը։ -Հասակակիցներ են… Մենակ թե՝ Սահականց տանձենու տեղը մի քիչ ձոր է, դրա համար ճյուղերը տարածելու փոխարեն բոյն է վեր ձգում, ամա ճիշտն այն է, որ երկուսն էլ նույն օրն են տնկվել, երկու եղբայրների կողմից։ Շրջանից եկած ձիավորին ջերմորեն ընդունեցին, չէին հասցրել ով-ինչ լինելը պարզել, երբ նա կիտեց հաստ ունքերը, ձեռքը վերցրած մի հատ տանձի հատիկը շուռումուռ տվեց ու նայեց Սահականց Գալուստի կողմը. -Քաղաքացի Սահակյան, ես քեզ հետ առանձին խոսելիք ունեմ։ Դեռ Սահականց Գալուստը չէր հասցրել մի լավ տնտղել շրջանից եկածին, երբ շենում արդեն, մանավանդ՝ կնանիք, մեկը մեկի ականջին փսփսում էին. «Աղջի, լսե՞լ ես, որ Սահականց Գալուստը թեւանիստ է»։ Իսկ Սահականց Գալուստը չշտապեց պատասխանել, բեղերը ցուցամատի եզրով «սղալեց», մի երկու անգամ հազաց (երեւի մտքում, ով գիտե, նաեւ երգեց՝ դե հասիր, Անդրանիկ) ու խոսեց եկվորի հետ. -Հիմա, կոլխոզի գրասենյակը բաց է, էնտեղ կխոսենք։ Եվ որպեսզի ցույց չտա, թե մի մազաչափ անգամ դիրքերը զիջում է եկվորի մոտ, Սահականց Գալուստը նրան «դիտողություն» արեց. -Ձիուդ պոչը շատ է կարճ կտրված, ափսոս է ձին, համ էլ ամառ է, շոգ է, բոռերը կուտեն խեղճ անասունին։ Շրջկենտրոնից եկածը ծուռ-ծուռ նայեց Սահականց Գալուստին ու զարմացած-զարմացած վրա բերեց. -Հիմա ձիու հարցը չենք քննարկում։ Բայց այս խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ նրանք արդեն հավաքվածներից հեռացել էին, իսկ բրիգադավարի գրասենյակում նրանց սպասում էր մի կաղնե, երկարավուն սեղան, պատից կախված մի արկղիկ՝ հեռախոսի ուղղանկյուն-ուղղանկուն մարտկոցների համար, եւ մի հեռախոս։ Պատից կախված լամպակը՝ կիսակոտրված ապակիով, ստեղծված իրավիճակի լավագույն արտահայտությունն էր ասես թանձրացնում՝ պատին ծեփված մարդկային ստվերների մեջ։ Կիսաջարդ աթոռներին տեղավորվում են երկուսով, բրիգադավար Սուրենն ուզում է դուրս գնալ, շրջանից եկածը ետ է պահում։ -Կարեւոր զրույց է, դու պիտի վկա լինես։ -Վկա՞… Ո՞ւմ վկան… Ինչի՞… -Հիմա կիմանաս։ Սահականց Գալուստն իր համար հանգիստ նստել է եւ նայում է, թե ինչ ընթացք պիտի ունենա այս «խորհրդակցությունը», բեղերի հերթական սղալումն ավարտելուց հետո փորձում է լամպի «լեզվակը» երկարացնել, որ լույսը մի քիչ շատանա, բայց ոչինչ չի ստացվում. -Լամպի շուշեն ջարդվել է համարյա, ճպռոտել է, չի մաքրվում, փոխենք, Սուրեն։ -Հա՛։ Ես էլ եմ ասում, նավթը վառվում է, բայց լույս չկա։ Այդ պահին շրջանից եկածը կանգնում է սեղանի մոտ, մեկ Սուրենին է նայում, մեկ Սահականց Գալուստին, թե. -Ամեն մարդ պիտի ինքն իրեն խոսելիս էլ հաշիվ տա, վար անելիս էլ, եթե կուզեք՝ երգելիս էլ… Ընկեր Ստալինն ասել է, որ ժողովրդի թշնամիները մեր շարքերում տեղ չունեն։ Այս բառերից հետո կարծես ուզում էր իներցիայով «ուռա» կանչել, բայց հանկարծ հիշեց, որ տեղը չէ, թեեւ «ու» տառն արդեն արտաբերել էր, լռեց։ Մի քիչ մնալուց հետո հաջորդ նախադասությունը սկսեց «ու»-ով, իբր, այդ էր ուզում ասել. -Ու այդպես էլ կանենք… Քաղաքացի Գալուստ Սահակյան, ո՞վ է քեզ իրավունք տվել սովետական հողը վարելու ժամանակ Անդրանիկի մասին երգել… Դու դրանով բարդացրել ես առանց այդ էլ քո ծանր վիճակը՝ մեկ անգամ եւս համոզելով ժողովրդին քո եւ Թեւան Ստեփանյանի կապի մասին… Շարունակում ես ծառայել Նժդեհին։ Դա միայն թեւանիստի պահվածք է… Ուրիչ՝ ոչինչ… -Ո՞վ է ասել… Հետո շրջանից եկածը, դիտողության կարգով, բրիգադավար Սուրենին հիշեցրեց, թե ինչ իմաստ ունի, որ Արփագետուկի նման մի փոքրիկ գյուղում երեքից ավելի Թեւան անուն կա, այդքան Անդրանիկ... Դա ինչի՞ մասին է խոսում։ Ամեն ինչ պարզ էր։ Լուրը շրջկենտրոն էր հասել առանց բերնեբերան անցնելու, առանց հեռախոսի ու մատնության, պարզապես սատանայի թեւերով։ -Արփենի՞կ… Աղջի, կարո՞ղ է լեզուդ… -Անդոն, ես, ի՞նչ է, հիմար եմ, երեխոցս արեւով եմ երդվում, թե ինձանից մի խոսք դուրս եկած լինի։ Բա ամոթ չէ՞… Սահականց Գալուստը ոչինչ չի ասում ամբողջ «քննության ընթացքում», միայն սղալում է բեղերը եւ լսում։ Երբ շրջանից եկածը հեռախոսով կապվում է վերեւի հետ, էնտեղից հրահանգ են տալիս, թե ժողովրդական դատ արեք։ Դա ուրախացնում է Սահականց Գալուստին՝այս անգամ գործերից, տնից, տեղից չեն կտրի, թե շրջկենտրոն ենք տանում, տեղում կլուծեն հարցը։ Եվ իմանալով, որ վճիռը ստույգ է, ուրախացած դիմում է եկվորին։ -Սոված եք երեւի, մեր Վարսուն չասե՞մ՝ հաց պատրաստի... -Չէ,- նայելով բրիգադավար Սուրենի կողմը,- ասաց շրջանից եկածը,- մի բաժակ թեյ՝ եթե կլինի, ուրիշ բան պետք չէ… -«Պետք չէ»-ի տակ խոսողը տեղավորել էր նաեւ ուտելիքով «չկաշառվելու» հասկացությունը, եւ ներկաներն ըմբռնումով են մոտենում՝ այլեւս չառաջարկելով ոչինչ։ Մի քանի րոպե հետո գրասենյակում ասեղ գցեիր՝ գետնին չէր հասնի։ Եկավ նաեւ Ստեփանանց Անդոնը (Անդրանիկը)։ Երբ ժողովրդական դատն սկսվեց, աջ ու ձախ կողմերից ձեն էին խնդրում ու գովում Սահականց Գալուստին. -Խոտ հնձելում մի հատ է… -Ձի քշելում մի հատ է… -Որս անելում մի հատ է… -Անասուն պահելում մի հատ է... -Հունձ անելում մի հատ է… -Որ այդպես չլիներ, գյուղի առաջին սովետֆերմայի վարիչը չէր լինի երկար տարիներ։ Երբ գովեստը թանձրացավ, շրջանից եկածը վեր կացավ տեղից, թե՝ ժողովուրդ, ինձ չեն ուղարկել, որ քաղաքացի Գալուստին շքանշան տամ, ինձ ուղարկել են հակասովետական, հակալենինյան արարքը բացահայտելու եւ պատժելու համար։ Այստեղ Անդրանիկն արդեն չդիմացավ. -Ընկեր վերադաս, Անդրանիկը ես եմ՝ Գալուստի երգից չեմ վիրավորվել (անգրագետ ձեւով անգրագիտություն է խաղացնում, իբր, չգիտե՝ Անդրանիկն ով է), թող էնքան ասի, որ կշտանա… Իսկ ինչ վերաբերում է նրան հասնելուն ու անցնելուն, ազնիվ կոմունիստական խոսք եմ տալիս, որ դա էլ կլինի… Մրցություն չէ՞։ -Չէ՛, մրցություն չէ,- ուղղում է շրջանից եկածը,- սոցիալիստական մրցություն է։ Եվ այսպես, Ստեփանանց Անդրանիկը ակամայից իր վրա է վերցնում հայտնի երգի «Անդրանիկ» հերոսական անունը, փրկում եւ Սահականց Գալուստին, եւ իրեն։ Գալուստ ամին սովորություն ուներ եւ ամեն մի նման խառնակ վիճակից հաղթանակած դուրս գալուց հետո գնում էր տուն, հագնում ֆիդայական իր զգեստը, գոտին կապում ու դուրս գալիս գյուղամեջ։ Այս անգամ էլ նա իր «պատվի մարշը» կատարեց։ Հետո իմացանք, որ դրանով իր բողոքն էր արտահայտում սովետի դեմ։ Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Մի երկու տարի հետո գյուղի առաջավոր աշխատողների ցուցակն ուզում են Հադրութից, Խծաբերդի Կալինինի անվան կոլխոզի շքանշանակիր նախագահ Ներսես Գրիգորյանը, խորհրդակցելով Արփագետուկի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Զառունց Սարգսի հետ, մեդալի է ներկայացնում նաեւ Սահականց Գալուստին։ Ոնց է պատահում, վերջինս իմանում է, որ այդ մեդալներից մեկն էլ տվել են ինչ-որ մի անասնագողի, որը ֆերմայում էր աշխատում, տանում իր մեդալը ետ է տալիս։ Այդտեղ արդեն դես կամ դեն չկար, եկան, թեւերը կապեցին ու տարան. -Թեւանիստի տեղը բանտն է։ Թող էնտեղ էլ փտի, որ խելքը գա։ Խծաբերդի ձորակը փոթորկվում է, մարդիկ իրարով են անցնում։ -Բա չե՞ս ասի, թե… Զառունց Սարգիսը թարսի նման այդ օրերին Բաքվում էր։ Բարեկամները զանգում են Սահականց Գալուստի մոտիկ ազգական Սահակ Սահակյանին՝ Ստեփանակերտ, խոսում են «փակ». -Գալուստ ամուն վիճակը վիճակ չէ, արի։ Սահականց Սահակը վեր է կենում, գալիս Խծաբերդ, կոլխոզի նախագահ Ներսես Գրիգորյանի հետ հարցն ուսումնասիրում, գցում-բռնում, բայց... Հարցը «խորացել էր» ու ժամանակ էր պահանջում։ Այդ ընթացքում խոսեցին Հադրութում գտնվող ծանոթ-ընկեր-բարեկամի հետ եւ եկան այն եզրակացության, որ պիտի ներքեւից (հայրենի գյուղից) եկող խիստ դրական առաջարկություններ լինեն։ Նախագահ Ներսեսն ու Սահականց Սահակը զանգում են Բաքու՝ Զառունց Սարգսին, էլի «փակ». -Գալուստ ամու սիրտը քեզ ուզում է, շուտ հասիր։ Զառունց Սարգիսը, որ հեռակա կարգով սովորում էր ինստիտուտում, թողնում է քննությունները կիսատ-պռատ, վռազ գալիս Հադրութ ու էնտեղից, սիրտը չի դիմանում, արագ զանգում Արփագետուկ. -Գալուստ ամին ոնց է, ինչ է պատահել նրան… Գյուղից էլ պատասխանում են. -Էդ մենք պիտի քեզնից հարցնենք, տնաշեն, նա Հադրութում է, եկել բռնել-տարել են։ Ամեն ինչ պարզ է դառնում Զառունց Սարգսի համար, զանգում է նախագահ Ներսես Գրիգորյանին, ապա «տեսակցություն» խնդրելով թեւանիստ Գալուստ ամու հետ, հանդիպում է նրան, հետո գալիս գյուղ։ Արփագետուկցիները նամակ են հղում կուսակցության շրջկոմին՝ գյուղի կուսկազմակերպության քարտուղարի եւ բոլոր 27 կոմունիստների ստորագրությամբ, որ այն, ինչ պատահել է Սահականց Գալուստի հետ, թյուրիմացություն է, թող դատ լինի, ամեն ինչ կպարզվի։ Դատը լինում է։ -Սահակյան Գալուստ… Կանգնիր։ -Ի՞նչ կապ կա քո եւ Անդրանիկ փաշայի միջեւ։ -Երկուսս էլ հայ քրիստոնյա ենք, բայց ես ընդամենը մեկ ամիս եմ նրա զինվորը եղել, հետո գրանցվել ու մնացել եմ Նժդեհի բանակում... -Քաղաքացի Գալուստ Սահակյան, ի՞նչ կապ կա քո եւ Թեւան Ստեփանյանի միջեւ։ -Նա իմ մեծ ապան է։ -Ազգակից ե՞ք։ -Ոչ։ Այսինքն՝ այո։ Բայց։ -Նա քո ի՞նչն է։ -Քավորը։ Հալալ։
Այստեղ բոլորը փռթկացնում են։ Դատավորը տեսնելով, որ մեղադրյալը լուրջ է խոսում, շարունակում է. -Որտե՞ղ ես ամուսնացել։ -Տումու ծմակում։ Երբ Թեւան Ստեփանյանի ջոկատում էինք՝ թշնամիներին քշելուց հետո ես պիտի գայի մեր գյուղը՝ Արփագետուկ։ Մի աղջիկ կար Տումի գյուղում, անունը՝ Վարսենիկ։ Սիրեցի։ Ինքն էլ ինձ էր սիրում։ Թեւան ապան մեզ պսակեց, օրհնեց, երկու ձի էլ՝ մեկը կարմիր, մեկը՝ սպիտակ, տվեց մեզ, թե գնացեք։ Ափսոս, այդ ձիերը հետո պատերազմ տարան, էլ չտեսանք… Այստեղ արդեն Գալուստ ամին հիշում է Զառունց Սարգսի «սովորեցրած» ճառը, որ պետք է դատի ժամանակ ինքն ասեր. «Կեցցե ընկեր Լենինը, կեցցե հեղափոխությունը»… Հիշեց, այդքանն ասաց, բայց վերջում իր «խմբագրումն» էլի մտցրեց. «Ընկեր Լենինը որ սաղ մնար, մի հեղափոխություն էլ կաներ»։ -Մի հեղափոխություն է՞լ… Սովետի երկրո՞ւմ… Բոլորը հանկարծակիի եկան, սսկվել էին վախից ու գլուխները կախել։ Դատավորը շարունակեց. -Դուք ընդունո՞ւմ եք, որ թեւանիստ եք եւ դրա համար եք սովետական մեդալը ետ տվել։ -Այո, ես ընդունում եմ, որ Թեւանն իմ ապան է, բայց մեդալը ետ եմ տվել նրա համար, որ անասնագող Մութաֆին էլ եք նույն մեդալից տվել։ -Մեդալը ետ տալու ժամանակ գիտեի՞ր, որ ընկեր Լենինի նկարն է նրա վրա։ -Ո՛չ, չգիտեի։ Այստեղ բոլորն ազատ շունչ են քաշում, որովհետեւ Գալուստի չիմանալը «հանցանքի» համար մեղմացուցիչ հանգամանք էր։ Խոսքը տրվում է դատական բժշկին, որը եւ հրատարակում է բժշկական եզրակացությունը, որը թեեւ երկար էր ու մանվածապատ, բայց վերջանում էր հստակ բնորոշումով. «Գալուստ Սահակյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կոնտուզիա էր ստացել, մեկ-մեկ դա զգացնել է տալիս իրեն։ Հետեւապես, այդ ամենն արդյունք է անբուժելի հիվանդության երբեմնակի գլուխ բարձրացնելուն»։ Եվ այստեղ եզրակացությանն ավելացվում են մի քանի բժշկական տերմիններ, որոնք ոչ ոք չի հասկանում, հետեւապես եւ չեն հիշվել։ -Գալուստ ամի, խնդրըմըմ էլ տի պեն չանիս, -արդեն Արփագետուկում, հագած-կապած Գալուստ ամու հերթական «մարշը» տեսնելուց հետո, փորձում է համոզել Զառունց Սարգիսը։ Իսկ Սահականց Գալուստը ծիծաղում է, թե. -Ախպեր, կարթած մարդըս, միհենգ դուզն ասե, արդարը ես ը՞մ, թա ուրանք… Սահականց Գալուստը գյուղի իմաստուն նահապետներից էր, ընկերոջ ու հարեւանի հոգսը ուսերին վերցնող, արդարադատ ու ազնիվ, խիստ սկզբունքային ու աշխատասեր մի մարդ, որը ծառայել է ցարական բանակում, եղել է Անդրանիկ Զորավարի, ապա՝ Գարեգին Նժդեհի նվիրյալ զինակիցներից մեկը, կապվել է Թեւան Ստեփանյանի հետ եւ մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ է մնացել նրա պատգամներին։ Եթե կուզեք ճիշտն իմանալ՝ ոչ մի կոնտուզիա էլ չուներ։ Տարիներ անցան։ Գալուստ ամին ծերացել էր, էլ չէր կարողանում հանդ գնալ, գործ անել, ամեն անգամ ինձ կանչում էր տուն ու մի բան նվիրում։ Երեխաներ չուներ։ Ինձ՝ որպես արյունակից բարեկամ, որդու տեղ ընդունում էր։ Ու ամեն օր մի բան էր նվիրում՝ մեկ ամենասուր գերանդին, մեկ՝ դանակ, մեկ մի մտրակ… Մի օր էլ , երբ ինձ իրենց տուն կանչեց, խոսելուց առաջ բեղերն ավելի շատ սղալեց, զգացի, որ արտասովոր բան պիտի անի։ Շուրջը նայեց ու երգեց երկու բառ. -Դե հասիր, Անդրանիկ… Հետո գնաց տան խորքը, եկավ մի կարմիր ու լայն կաշվեգոտի ձեռքին. -Սա Թեւանի գոտին է, ինքն է անձամբ ինձ նվիրել։ Երանի այն օրվան։ Գոտու վրա գրված էր. «Դե հասիր, Անդրանիկ»։ -Անդրանիկը որ հասներ ու մտներ Ղարաբաղ, մենք թուրքերի հախից կգայինք։ Ես տեսա, որ ծեր առյուծի արցունքներն ընկնում են երկար ու սպիտակ բեղերի վրա, ապա կաթում գետնին։ Վերցրի գոտին ու գնացի, ինչ իմանայի, որ դա իմ վերջին հանդիպումն էր Գալուստ ամու հետ, տեղափոխվեցի քաղաք՝ ուսում առնելու եւ այլեւս գյուղ չվերադարձա… Բայց հիմա էլ, երբ հիշում եմ այդ անկրկնելի մարդուն, նոր եմ հասկանում, թե այն ինչ զգեստներ էր, որ ամբողջ կյանքում հագնում էր, վրայից էլ գոտին պինդ ձգում՝։ Երբ հարցնում էինք, թե ինչու է հաճախ հագնում դրանք, ասում էր. -Զինվորը միշտ պիտի պատրաստ լինի, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար Թեւան ապան նորից եկավ, ասաց՝ տղերք, հավաքվում ենք, կռիվը դեռ չի պրծել։ Ինչ մտածում էր՝ լեզվի վրա էր։ Ճիշտ ու ճիշտ՝ Դոստոեւսկու Միշկինը, որի նախատիպը, վեպի ձեռագիր տարբերակում, Հիսուս Քրիստոսն էր։ Սահականց Գալուստն՝ ազնիվ, զուլալ, մի խոսքով՝ մեծ երեխա։ Գալուստ ապոր կորստով գյուղն էլ ասես թռվհակեց։ Տարիներ հետո ցամաքեց գյուղն այնքան, որ նույնիսկ Վարսի աքան, որ տան կտուրին կանգնում ու նայում էր իրենց բոստանում խրոխտ կանգնած տանձենուն ու կռիվ տալիս «խակը վեր անող» չարաճճի երեխաների հետ, սկսեց կարոտել ինքն իր «հայհոյանքներին». -Գյուղը դատարկվել է, բա մեկ-երկու երեխա էլ չլինե՞ն, որ բարձրանան Սահականց տանձենին, ես էլ մեր տան կտուրից կանչեմ, ասեմ՝ բոլա-հերիքա, իջեք, ճյուղերն էլ եք ուտելո՞ւ…