Սամվել
 ԺԶ
ԺԸ 

ԺԷ

ԿՆՈՋ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մյուս օրը, չնայելով անձրևային խոնավ եղանակին, Սահակ Պարթևը և Մեսրոպը վաղ առավոտյան ներկայացան տիկին Մամիկոնյանին և, «մնաք բարյավ» ասելով, հեռացան Ողական ամրոցից: Տիկնոջ թախանձանքը, մինչև անգամ արտասուքը, անզոր եղան գոնե մի օրով ավելի պահելու յուր համառ հյուրերին, որպեսզի ինքը փոքր ի շատե միջոց ունենար ապացուցանելու յուր «բարեկամության և հյուրասիրության խորին մեծարանքը»:

Սամվելը գնաց նրանց ճանապարհ դնելու մինչև մերձակա իջևանը: Նա պետք է վերադառնար երեկոյան:

Սահակի և Մեսրոպի գնալուց հետո, իշխան Մուշեղը մտածում էր փոքր ի շատե կարգի դնել յուր ընտանեկան գործերը, որովհետև նա ևս մի քանի օրից հետո պետք է թողներ Ողական ամրոցը: Բոլոր ժամանակը նա յուր խելքով, յուր մտքով և յուր հոգու ամբողջ եռանդով հափշտակված լինելով միայն հայրենիքի գործերով, բոլորովին մոռացել էր յուր տունը: Այժմ միայն ներկայացավ նրան մի նոր հոգս և մի նոր զբաղմունք: Սպարապետի և զորավարի ինքնազոհությունը մաքառում էր նրա մեջ` ամուսնի և ընտանիքի հոր զգացմունքների հետ: Նա պետք է գնար: Ո՞վ գիտե, գուցե այլևս չվերադառնար... Բայց ի՞նչ կլիներ յուր բացակայության ժամանակ անպաշտպան ընտանիքի դրությունը: Ո՞ւմ հանձներ, ո՞ւմ խնամակալության ապավիներ: Նա պետք է գնար թշնամու հետ զարկվելու: Բայց գլխավոր թշնամին հենց յուր տան մեջն էր: Նա տարակույս չուներ, որ երբ կսկսվեր պատերազմի փոթորիկը, հենց ինքը, Սամվելի մայրը, կհանձներ նրա զավակներին, նրա կնոջը պարսից զինվորների ձեռքը, և նրանց կտանեին և, իբրև գրավական, կպահեին, հորը զինաթափ անելու համար:

Ապագան յուր բոլոր սարսափանքով ներկայանում էր նրա աչքում: Նրան շատ հասկանալի էր պարսից արքունիքի խորամանկ կարգադրությունը, որով խստիվ պատվիրված էր` կալանավորել հայոց նշանավոր նախարարների ընտանիքները և պահել առանձին բերդերում: Եվ այդ պետք է իրագործվեր Մերուժանի և Սամվելի հոր ձեռքով: Նպատակը պարզ էր: Նրանք լավ հաշվել էին, թե հայրերը բանակում կլինեն, իսկ ընտանիքները տանը թողած: Կալանավորելով ընտանիքներ, նրանց երկյուղով կսանձահարեն ծնողներին, զգալ տալով, թե ամեն մի հակառակ քայլ կարող էր նրանց զավակների և կանանց կյանքը վտանգի ենթարկել:

Որքա՞ն ավելի ուշադրություն պետք է դարձնեին Մուշեղի, որպես հայոց սպարապետի, ընտանիքի վրա: Այդ մտատանջությունների մեջ տատանվում էր նա, երբ սենյակի դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ կին, իսկ նրա ետևից աղախինը, որ գրկում բռնած ուներ մի կլորիկ երեխա:

— «Այո՛ւ»... «այո՛ւ»... լսելի եղավ երեխայի թոթովանքը և նա, հեռվից փոքրիկ ձեռիկները վեր բարձրացնելով, ողջունեց հոր առավոտը:

Հայրը մոտեցավ, աղախնի գրկից առեց զավակին, սեղմեց յուր կուրծքի վրա:

Ամբողջ գիշերը անցկացրած լինելով Սահակի, Մեսրոպի և Սամվելի հետ, նա յուր կնոջը չէր տեսել: Կինր եկել էր տեսնելու ամուսնին:

Երեխան գրկում իշխանը եկավ, նստեց բազմոցի վրա, իսկ կինը կանգնած մնաց նրանց հանդեպ և, խորին զմայլմունքով, նայում էր հոր խաղերին յուր զավակի հետ: Նա երբեմն մատը դիպցնում էր ուրախ մանուկի լիքը թշերին, և ամեն անգամ կանչվռտում էր, ծիծաղում էր նա, և այդ հրեշտակային ծիծաղի միջոցին նրա փոքրիկ բերանը թաքչում էր գիրգ թշերի ալիքների մեջ:

— Երեկվանից դարձյալ մի նոր բան է սովորել, — հաղորդեց մայրը ուրախությամբ:

— Իմ գառնուկը մի՛շտ նոր բան է սովորում, մի՛շտ նոր բան է սովորում, — ձայն տվեց հայրը և փայփայեց նրա խարտյաշ գանգուրները: — Ի՞նչ է սովորել:

Մայրը դարձավ դեպի աղախինը, որը մոտեցավ, չոքեց փոքրիկ Մուշեղի առջև, ցույց տալու նրա նոր օյինբազությունը: Նա ձեռքը դրեց երեսին, գլուխը մի կողմ թեքեց և, աչքերը խփելով, ասաց.

— Մուշեղ, նա՛ նե՛նք:

Երեխան նույնպես աչքերը խփեց, գլուխը դրեց հոր կուրծքի վրա և ձևացրեց, իբր թե քնում է: Բայց երկար համբերել չկարողացավ, շուտով սկսեց ծիծաղել և աչքերը բաց արավ:

— Ա՜յ, սատանա, — նկատեց հայրը, սեղմելով նրան յուր գրկի մեջ, — նա քեզ է խաբում, դու նրան ես խաբում:

Երեխան, կարծես վիրավորվելով հոր նկատողությունից, մի ճարպիկ ոստյուն գործեց նրա գրկում և երկու ձեռիկները մեկնեց դեպի մայրը:

Մայրը առեց նրան գիրկը, հեգնելով.

— Դու երեխային գրավելու շնորհք չունես:

— Ձանձրացավ ինձանից... — ասաց հայրը և նրա ուրախ դեմքի վրա անցավ տխրության մթին մռայլը:

Կինը նկատեց այդ:

Բայց զվարճասեր երեխան մոր գրկում ևս ձանձրացավ, սկսեց թռչկոտել դեպի աղախինը և նրան դեպի ինքը հրապուրելու ցույցեր անել: Աղախինը մոտեցավ: Մայրը երեխային հանձնեց նրան, ասելով.

— Դուրս տար դրան:

Այժմ հանգիստ էր նա, այժմ յուր ընտելացած գրկումն էր: Նախասենյակից լսելի եղավ նրա վերջին «այո՛ւ»-«այո՛ւն» — նրա մանկական մնաք բարյավը, որ շարժեց հոր բոլոր սրտագին զգացմունքները: Նրա դեմքը ավելի մռայլվեցավ:

Երբ երկու ամուսինները մնացին միայնակ, կինը մի առանձին կարեկցությամբ նայեց յուր սիրելիի երեսին, հարցնելով,

— Դու այս առավոտ սաստիկ գունաթափ ես, երևի ամբողջ գիշերը չես քնել:

— Ի նչ գիտես, որ չեմ քնել, — հարցրեց իշխանը:

— Գիշերը մի քանի անգամ դուրս եկա, նայեցի լուսամուտներին, ճրագը դեռ վառվում էր: Դու սովորություն չունես քնելու ժամանակ ճրագը վառ թողնել:

— Ուրեմն դո՞ւ էլ չես քնել:

Մի քաղցր ժպիտ եղավ Մուշեղի պատասխանը: Այդ ժպիտը այրեց նրա սիրտը: Մի գիշեր միայն նա միայնակ էր թողել սիրելի կնոջը, և նա անհանգիստ էր եղել, չէր կարողացել քնել: Բայց եթե երկար, շատ երկար բաժանվելո՞ւ լիներ նրանից...

Տիկինը նստեց նրա մոտ և ձեռքը առեց յուր ափերի մեջ: Նա դարձյալ դիմեց ամուսնին առաջին հարցով, որի մասին բավականացուցիչ պատասխան չստացավ:

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, ինչո՞ւ հանկարծ տխրեցիր:

Ինչպե՞ս բացատրել, թե ի՜նչ էր պատահել: Շատ բան էր պատահել: Եվ շատ բաներ ևս պատահելու էին... Արդյոք կնոջ քնքուշ սիրտը այնքան ամրություն կունենա՞ր բոլորը լսելու:

Մուշեղը սկսեց ավելի մեղմ կերպով.

— Տեսնո՞ւմ ես, Սաթենի՜կ, մի գիշեր միայն բաժանվեցա քեզանից և դու անհանգիստ եղար, բայց եթե պատահեր երկա՞ր բաժանվել քեզանից:

— Ես ավելի երկար կտանջվեի, — պատասխանեց կինը:

— Եվ դու կհամբերեի՞ր մեր անջատմանը:

— Կսովորեի համբերել, եթե այդ անհրաժեշտ լիներ:

— Ի՞նչ դեպքերում դու անհրաժեշտ կհամարեիր:

— Այն դեպքերում, որ շատ անգամ պատահել է, օրինակ, եթե դու կռվելու գնայիր:

— Շուտով գնալու եմ...

Կինը չէր սպասում մի այդպիսի պատասխանի: Նա պատրաստ էր ետ առնել յուր խոսքը, բայց արդեն ուշ էր: Նա յուր համաձայնությունը հայտնեց, առանց կանխապես իմանալու ամուսնի դիտավորությունը: Եվ մի մեծ բան կորցնողի նման, գլուխը խոնարհեցրած, արտասվալի աչքերով հածում էր հատակի նախշուն գորգերի վրա, թեև յուր կորցրածը գտնելու հույսից շատ հեռու էր: Կնոջ այդ մոլորված, շվարված դրությունը սաստիկ ազդեց Մուշեղի վրա, որին առաջին անգամ էր պատահում փորձել դեռահաս ամուսնի սրտի քաջությունը: Նա դարձավ դեպի յուր սիրելին, ասելով,

— Սաթենի՜կ, շուտով կոտրվեցար, ես քեզ այդ աստիճան թուլասիրտ չէի համարում:

— Ես թուլասիրտ չեմ, — պատասխանեց նա հեկեկալով: — Բայց ի՛նչ անեմ... երեք տարին դեռ չէ լրացել, որ մենք ամուսնացել ենք, և այն օրից, որ ես այս տունն եմ մտել, քեզ մի օր անգամ հանգիստ չեմ տեսել... Դու միշտ քո նետերով ես սրբել քո ճակատի քրտինքը... Մի՛շտ կռիվ... մի՛շտ արյուն... մի՛շտ կոտորած... Ե՞րբ պետք է վերջ դրվի այդ արյունհեղություններին...

— Երբե՜ք, — պատասխանեց այրը զգալի ձայնով, — քանի որ մարդկային իրավունքը միայն սրով կչափվի...

Կինը ոչինչ չխոսեց: Նա գլուխը դեռևս խոնարհեցրած ուներ և, կարծես, սարսափում էր նայել ամուսնի զայրացած աչքերի մեջ:

Նա շարունակեց ավելի մեղմ ձայնով.

— Ի՞նչ կանեիր դու, նազելի Սաթենիկ, երբ մի առավոտ, քո փափուկ անկողնում, քո խաղաղ քունը կխռովեցներ կատաղի խուժանի վայրենի աղմուկը, և դու գեղեցիկ աչքերդ բաց կանեիր, կտեսնեիր քո անարատ առագաստը շրջապատված գազաններով... Քո սիրելի Մուշեղին, որի յուրաքանչյուր ժպիտը այնքան քաղցր է քեզ համար, որի յուրաքանչյուր մնչյունը անսահման ուրախություն է պատճառում քեզ, — քո սրտի հատորին կխլեին օրորոցից և կզարկեին գետնին... Քո փառավոր սենյակը կմերկացնեին յուր զարդերից, և քեզ ոտաբոբիկ ու հերարձակ կվարեին դեպի Պարսկաստան... Այնտե՜ղ, այն ստրուկների և թշվառների աշխարհում, ամեն օր վաղ առավոտյան, անգութ վերակացուի երկաթյա մտրակը կքշեր քեզ` ուրիշ գերիների խումբերի հետ` դեպի արևակեզ Սուզայի դաշտերը: Եվ դու քո քնքուշ մատներով քաղահան կանեիր պարսիկների մեկոնի (աֆիոնի) մշակությունները, որի թույնը նրանց հրապուրանք և զվարճություն է պատճառում: Կանցնեի՛ն տարիներ, հայրենիքի փափագը, սիրելյաց կարոտը, տաժանակիր աշխատանքը հալումաշ կանեին քո մարմինն ու հոգին, և մի օր մենավոր ճանապարհորդը կանցներ քո մոտով և ուշադրություն կդարձներ թշվառ կնոջ վրա: Այդ ժամանակ քո գոռոզ վերակացուն, մատը դեպի քեզ մեկնելով, կասեր ուղևորին, «Դա հայոց սպարապետի կինն է և Մոկաց իշխանի աղջիկը»... Լսո՞ւմ ես, Սաթենիկ, թե ինչո՞ւ համար է կռիվը կամ ինչո՞ւ համար է արյունը, որ դրանք չլինեին:

Սաթենիկի մեջ եփ եկավ մոկացու արյունը. նրա երկնագույն աչքերը վառվեցան, և նա բացագանչեց խռովյալ ձայնով.

— Այդ երբե՜ք չէ կարող պատահել, որ իմ երեխային խլեին օրորոցից... Մինչև այդ կատարվելը շատ դիակներ կծածկեին գետինը, իսկ իմը` կլիներ վերջինը...

— Կարող է պատահել, նազելի Սաթենիկ, — ասաց այրը տխուր ձայնով, — դժբախտության օրը շատ մոտ է... Դու դեռ չգիտես, թե ինչ արհավիրք է պատրաստվում մեր աշխարհի համար... Ես այս առավոտ հենց դրա վրա էի մտածում, երբ դու մտար ինձ մոտ: Դու պետք է գիտենաս բոլորը, որպեսզի միասին խորհենք մեր ընտանիքի ապահովության մասին:

Նա մի ըստ միոջե պատմեց կնոջը Մերուժանի և Վահանի ուրացությունը, նրանց պարսից կրոնը ընդունելը և պարսից զորքերով դեպի Հայաստան արշավելը, նրանց կատարելու չարագործությունները, մի խոսքով, բոլորը, ինչ որ գիտեր ինքը և ինչ որ հարկավոր էր համարում, որ գիտենար կինը:

— Ամո՛թ, հազար ամո՛թ, — ձայն տվեց վշտացած կինը: – Բավական չէին արտաքին թշնամիները, այժմ թշնամին մեր միջիցն է առաջ գալիս...

— Այո՜, մեր միջիցն է առաջ գալիս... — կրկնեց Մուշեղը, գլուխը ցավակցաբար շարժելով, — և այդ պատճառով մենք, միևնույն ժամանակ, պետք է մղենք երկու պատերազմներ` արտաքին և ընտանեկան: Արտաքին թշնամին, մեր դարևոր ոսոխը, պարսիկը այնքան վտանգ չէ սպառնում, որքան ընտանեկան թշնամին: Իմ հորեղբայր Վահանը այնքան վատ գտնվեցավ, որ, իմ հոր սպարապետությանը հետամուտ լինելով, մատնեց նրան պարսից թագավորի ձեռքը և յուր հարազատի կորստյան գնով ստացավ նրա իշխանությունը: Այժմ գալիս է նա: Ես տարակույս չունեմ, որ այդ փոքրահոգին, պարսիկներին ավելի մեծ ծառայություն անելու համար, հենց ինքը կմատնե ինձ, քեզ և մեր բոլորին նրանց ձեռքը...

— Այդ բոլորը իմանո՞ւմ է Սամվելը, — հարցրեց կինը:

— Իմանում է, — ասաց այրը:

— Խե՛ղճ տղա, հիմա ո՜րքան տանջվելիս կլինի... Ես առավոտյան իմ սենյակի լուսամուտից տեսա նրան, երբ գնում էր Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելու: Երեսին գույն չէր մնացել, այնքան տխուր էր, այնքան մաշվել էր, կարծես, ամիսներով հիվանդ պառկած լիներ: Այդ մի քանի օրվա մեջ նա այնքան մաշվեցավ...

— Նա սաստիկ զգայուն սիրտ ունի: Ամեն մի վատություն նրան ցավ է պատճառում:

— Նա ի՜նչ է մտադիր անելու:

— Այն, ինչ որ մենք... — պատասխանեց այրը անորոշ կերպով և ապա խոսքը փոխեց, ասելով.

— Դու այժմ բոլորը գիտես, սիրելի Սաթենիկ: Ես երկու օրից հետո պետք է ճանապարհ ընկնեմ: Մենք պետք է աշխատենք չարությունը հենց յուր ծագման մեջ խեղդել: Այսինքն, կամենում եմ ասել` դեռ թշնամին մեր երկիրը չմտած նրա ճանապարհը փակել: Բայց իմ մտատանջությունը քո և իմ զավակի մասին է, թե ի՞նչ կլինի ձեր դրությունը իմ բացակայության ժամանակ: Դու խո լսեցիր, թե ի՜նչ որոգայթներ է պատրաստում Սամվելի մայրը:

— Լսեցի... նա կին չէ, նա մի հրե՛շ է... — ասաց Սաթենիկը դառնացած ձայնով:

— Այո՜, հրե՛շ է... Նրա շնորհիվ մեր ամրոցը այժմ մի հրաբուխի վրա է կանգնած, որ ամեն րոպե պայթելու վրա է... Եվ այդ է, որ ինձ մտածել է տալիս` ձեր կյանքը փոքր ի շատե ապահով վիճակի մեջ դնել, մինչև պատերազմի փոթորիկը անցնելը: Բայց ես դժվարանում եմ մի ապահով տեղ գտնել:

— Ամենաապահով տեղը կլինի մեզ համար բանակը, — պատասխանեց կինը հանգիստ կերպով:

Կնոջ պատասխանը` թե՜ յուր ուշիմությամբ` և՜ թե յուր այրական ներշնչմամբ և՜ զարմացրեց Մուշեղին, և՜ ուրախացրեց նրան: Այդ պատասխանի մեջ տեսնում էր նա մոկացի կնոջ քաջազնական սիրտը:

Այդ պատասխանը հարևանցիորեն կամ հանպատրաստից ասված չէր, այլ նա խորին կերպով մտածված էր: Երբ Մուշեղը նկարագրեց նրան գործերի անմխիթար դրությունը, իսկույն ծագեց նրա գլխում այդ միտքը, որը ավելի պարզելու համար ավելացրեց նա,

— Դու պատմեցիր ինձ, Մուշեղ, որ Մերուժանը և քո հորեղբայրը պետք է աշխատեն ձերբակալել բոլոր նախարարների ընտանիքներին, որոնց հետ, անտարակույս, և մեզ: Այդ դեպքում, թե՜ մեզ համար և թե՜ բոլոր նախարարների կանանց համար` ավելի հարմար է բանակի մեջ ապաստան գտնել: Մենք մեր օրորոցներով կշրջենք բանակի հետ և մեր ձեռքով կդարմանենք մեր ամուսինների վերքերը...

Կնոջ տված խորհուրդը Մուշեղին շատ նպատակահարմար երևաց: Ուրիշ հնար չկար. պետք է այդպես լիներ: Նախարարները իրանց բոլոր ուժերը կենտրոնացնելով թշնամու դեմ, նրանց ամրոցները — նրանց ընտանիքների ապաստարանները — հետևապես պետք է մնային անպաշտպան: Իսկ թշնամին ամեն հնարք գործ կդներ` գրավելու ամրոցները: Իսկ եթե նրանք միայն իրանց ամրոցները պաշտպանեին, այն ժամանակ պետք է առանձնանային, պետք է ընդհանուր զորությունը ջլատվեր, և երկրի սահմանները պետք է մնային բաց թշնամու առջև:

Բայց այժմ ներկայանում էր մի այլ անհարմարություն: Ինքը Մուշեղը երկու օրից հետո պետք է թողներ յուր ամրոցը: Եթե նա ընտանիքը յուր հետ տանելու լիներ, դրանով արդեն բացարձակ կերպով պետք է ցույց տար յուր դիտավորությունները, որ ցանկանում էր գոնե առժամանակ ծածուկ պահել: Բացի դրանից, նրա վրա դրված էր և յուր մյուս հորեղբայրների և հորեղբոր որդոց ընտանյաց պաշտպանության հոգսը, որոնց նա յուր զավակից չէր բաժանում:

Նա կրկին դիմեց կնոջ խորհրդին:

— Մենք սովորություն ունեինք, — ասաց կինը փոքր-ինչ մտածելուց հետո, — ամեն տարի ներկա գտնվել Շահապիվանի աշխարհախումբի տոնախմբությանը: Եվ շատ անգամ գնում էինք տոնն սկսվելուց մի քանի ամիս առաջ: Այնտեղ էր լինում թագավորի բանակատեղը, այնտեղ էր լինում և ինքը թագավորը: Մենք միասին էինք վայելում Ծաղկած լեռների գեղեցկությունը, մինչև սկսվում էր տոնը: Այժմ այդ ուխտագնացությունը մի հարմար առիթ է մեզ այստեղից հեռանալու: Դու, Մուշեղ, կարող ես գնալ, ինչպես վճռել ես, երկու օրից հետո, իսկ մենք կհետևենք քեզ մի շաբաթից հետո:

— Շատ գեղեցիկ միտք է, — ասաց Մուշեղը ուրախանալով: — Շահապիվանի սրբավայրերը շատ հեռու չեն Արտագերս ամրոցից, իսկ մեր բանակը դրված կլինի այնտեղ...

— «Այո՛ւ»... «այո՛ւ»... — լսելի եղավ նախասենյակից փոքրիկ Մուշեղի ձայնը:

Այր և կնոջ խորհրդակցությունը ընդհատվեցավ:

Աղախինը ներս բերեց երեխային, ասելով, թե դրսումը չէ հանգստանում: Մայրը առեց նրան յուր գիրկը: Փոքրիկ մարդը, որ ինքն էր գլխավորապես ծնողաց մտածության առարկան, ինքն ևս խանգարում էր նրանց մի որոշ եզրակացության հասնելու:

Տիկինը ակնարկեց աղախնին, որ հեռանա:

Երեխան, սողալով մոր գրկից, անցավ հոր գիրկը: Նա բարձրացավ կլորիկ ոտների վրա և ձեռքը մեկնեց դեպի հոր երեսը, խաղում էր նրա փոքրիկ մորուքի հետ, երբեմն քաշքշում էր, երբեմն մատները տանում էր դեպի նրա շրթունքները:

— Շահապիվանի սրբավայրը, — կրկնեց Մուշեղը, — ամենահարմար տեղն է, որ դու հիշեցրիր ինձ, սիրելի Սաթենիկ: Այնտեղ դու կգտնես, եթե ոչ մեր դժբախտ թագավորին, բայց անտարակույս մեր ավելի դժբախտ թագուհուն: Քո ներկայությունը կմխեթարե նրան: Այնտեղ է այժմ արքայական ամբողջ բանակը: Եվ թագուհու զորքերը այնտեղից պետք է միանան մեր ուժերի հետ, որ կենտրոնանալու են Արտագերս ամրոցում: Ուրեմն վճռված է:

Հայրը դեռ չէր վերջացրել յուր խոսքը, երբ փոքրիկ Մուշեղը երկու անգամ փըռթկաց և յուր բարեգուշակ փըռթկալով կնքեց վերջին վճիռը...