ԺԷ Սամվել

Րաֆֆի

ԺԸ-I

ԺԸ

ՊԱՏԱՆԻ ԱՐՏԱՎԱԶԴԸ

Երեկոյան մութը բոլորովին պատել էր, բայց Սամվելը դեռ չէր վերադարձել Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելուց: Նրա սենյակում, միայնակ նստած, սպասում էր ծերունի Արբակը, իսկ սենյակի դռանը` ոտքի վրա սպասում էր պատանի Հուսիկը: Երկուսն էլ կորցրել էին իրանց համբերությունը: Իշխանը ուշացավ, բավական ուշացավ:

Ծերունին մի քանի անգամ վեր կացավ, ուղղեց ձիթային ճրագի պատրույգը, լույսը ավելացրեց, լույսը պակասացրեց, բայց. այդ պարապմունքը բավական չեղավ նրան զբաղեցնելու, և ձանձրույթից սկսեց անկյուններում դրած նիզակներն ու զենքերը համբարել: Այդ հաշիվը, կարելի է ասել, նա հարյուր անգամ տեսել էր, բայց դաձյալ նորից ստուգում էր:

Պատանի Հուսիկը երբեմն ներս էր մտնում, մի որևէ հիմարություն էր ասում ծերունուն, բարկացնում էր նրան և դուրս էր գալիս:

Բայց իշխանը դեռ չերևաց:

Կրկին հայտնվեցավ Հուսիկը և, կանգնելով ծերունու առջև, երկու ձեռքերը կանթեց կողքերի վրա և մի առանձին հեգնությամբ ասաց.

— Գիտե՞ս, Արբակ, դրսումը ի՜՜նչ տեսա:

— Ի՞նչ տեսար, սատանա, — հարցրեց ծերունին, յուր խոժոռ աչքերը ուղղելով դեպի պատանու խորամանկ երեսը:

— Տեսա` մեկը մի քանի անգամ անցավ իմ մոտով: Ես կուչ եկա պատի տակին, նա ինձ չտեսավ, և պտույտ տալով անցավ: Նա պտտվում էր մեր սենյակների շուրջը և անդադար նայում էր դեպի այս կողմ և դեպի այն կողմ: Երբեմն մոտենում էր, կանգնում էր լուսամուտի ներքև, ականջ էր դնում: Եվ որպեսզի չնկատեն նրան, նա հեռանում էր և նորից մոտենում էր: Երբ մի անգամ ևս հեռացավ, ես վազեցի դեպի խոհանոցը, այնտեղից վեր առի մի բավական խոշոր փայտի կոճղ, բերեցի, դրեցի ուղիղ այն գծի վրա, որտեղից նա մոտենում էր լուսամ ուտին: Երբ կրկին անգամ եկավ նա, ոտը դիպավ կոճղին և մի լավ գլուխկոնձի տվեց բակի սալերի վրա: էլ չեմ իմանում, գլուխը կոտրեց, թե քիթը, բայց մի խոր «ա՛խ՞»-«վա՛յ» գոչեց և կաղկղալով հեռացավ:

— Չիմացա՞ր ով էր:

— Ինչպես չիմացա, ներքինի Բագոսն էր, տիկնոջ ներքինին:

— Այդ անպիտանին սպանելու է... շան նման սատկեցնելու է... — մռմռաց ծերունին զայրացած ձայնով:

— Նա յուր վարձը ստացավ... — պատասխանեց պատանին և դարձյալ դուրս եկավ սենյակից:

Ծերունին մնաց միայնակ: Տխո՛ւր էր նա, տխո՛ւր, որպես արդար սրտմտություն: Ամբողջ կես դար վկա էր եղել նա այդ տան լավ և վատ գործերին, տեսել էր նրա չարն ու բարին, ուրախացել էր նրա բախտավորության հետ, ցավացել էր նրա դժբախտությունների հետ, — բայց երբեք նրա սիրտը այնպես դառնացած չէր եղել, որպես այդ վերջին օրերում: Նրան դեռևս բոլորովին պարզ չէր, թե ինչ է կատարվում յուր շուրջը, բայց մի խուլ, ներքին բնազդմամբ զգում էր, որ լավ բան չէ կատարվում: Մոր լրտեսները շրջապատում են որդու բնակարանը... որդին մորից ծածուկ գործեր է կատարում... գիշերներն անծանոթ անձինք մտնում են ամրոցը, դուրս են գալիս... մարդիկ միմյանց ականջին են խոսում... Ի՞նչ էին նշանակում այդ բոլոր կասկածոտությունները: Ծերունին ինքն իրան հարց էր տալիս, բայց նրա պարզ և անկեղծ սիրտը մնում էր առանց պատասխանի:

Այդ մտահուզության մեջ նստած էր նա և խոժոռ դեմքով սպասում էր, մինչև նախասենյակում լսելի եղան ծանր ոտնաձայներ, դռները ետ գնացին, ներս մտավ Սամվելը, իսկ նրա ետևից` նրա երկու զինակիրները, որ կանգնեցին դռան աջ և ձախ կողմերում:

— Բարի երեկո, սիրելի Արբակ, — ասաց նա ուրախ ձայնով և մոտեցավ, ձեռքը դրեց ծերունու ուսի վրա, հարցնելով, — Երևի, երկար սպասե՞լ տվի քեզ:

Երիտասարդի ուրախ տրամադրությունը փոքր-ինչ վանեց ծերունու թախծությունները և նա, ծանրացած գլուխը վեր բարձրացնելով, հարցրեց.

— Ինչո՞ւ այդքան ուշացար:

— Հեշտ չէ բարեկամներից ու սիրելիներից շուտով բաժանվելը, հարգելի Արբակ, — կերանք, խմեցինք, համբուրվեցանք, բաժանվեցանք, դարձյալ մոտեցանք, դարձյալ համբուրվեցանք, և այդպես, կրկնելով ու կրկնելով, արևը մտացրինք, օրը մաշեցինք...

Նա դարձավ դեպի զինակիրները և ձեռքը շարժեց:

Նրանք գլուխ տվին և հեռացան: Ներս մտավ Հուսիկը, կանգնեց նրանց մեկի տեղում:

— Հիմա ասա՜, Արբակ, մորս մոտ եղե՞լ ես, — հարցրեց նա ու անցավ, հոգնած կերպով պառկեց յուր գահավորակի վրա:

— Եղել եմ, — պատասխանեց ծերունին, — երկու անգամ:

— Ոչ, երեք անգամ, — ընդմիջելով ուղղեց Հուսիկը:

— Հա՜, մեղա աստուծո, երեք անգամ, — շարունակեց ծերունին, ծուռ կերպով նայելով պատանու երեսին. — մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ կեսօրին...

— Մեկ անգամ էլ երեկոյան, — ծիծաղելով ավելացրեց Սամվելը:

— Հա՜, մեկ անգամ էլ երեկոյան, — կրկնեց ծերունին, զարմանալով, թե ի՞նչ մի ծիծաղելու բան կար այդ հաշվի մեջ:

Սամվելը փոքր-ինչ խմած էր, եթե ոչ, նա երբեք սովորություն չուներ կատակներ անել յուր դայակի հետ, որին չափազանց հարգում էր: Նկատելով ծերունու վշտանալը, փոխեց նա յուր հեգնական եղանակը և բոլորովին լուրջ կերպով հարցրեց,

— Ուրեմն եղել ես մորս մոտ: Դե՜, պատմիր, ի՞նչ պատրաստություններ է տեսել իմ ճանապարհորդության համար: Ես առավոտյան պետք է գնամ, անպատճառ պետք է գնամ...

— Մորդ ցանկությունն էլ հենց այդ է, որ առավոտյան գնաս, — պատասխանեց ծերունին և, վեր կենալով յուր տեղից, մոտեցավ երիտասարդի գահավորակին, նստեց, նրա ներքև, գորգի վրա, որպեսզի յուր ձայնը ավելի լսելի լինի: — Նա ամեն ինչ պատրաստել է տվել քո ճանապարհորդության համար: Հիսուն երիտասարդներ, միագույն-կապույտ նժույգների վրա նստած, ամենքը արծաթյա զեն ու զարդով, կուղեկցեն քեզ: Տասն զույգ մույգ դեղնագույն ջորիներ կտանեն վրանները, պաշարեղենը և հանդերձեղենի չամադանները: Երկու սպիտակ ջորիներ կտանեն իշխանական կառքը: Քսան ոսկեգույն նժույգներ պատրաստ կլինեն իբրև հետևակներ: Այդ նժույգների փառավոր ասպազենքը տիկինը յուր գանձարանիցն է ընտրել: Բացի հիսուն երիտասարդ թիկնապահներից, քեզ հետ կլինեն յոթն զինակիրներ, յոթն բազեակիրներ, յոթն բարակապահներ (շնապահներ) և երկու խոհարար: Գինին, զանազան տեսակ օշարակներ, զանազան տեսակ քաղցրավենիք և անուշեղեններ, իրանց կարգով, դարսած են առանձին արկղերի մեջ: Մոռացա ասել, որ հիսուն թիկնապահների թվում կլինի և մի սպա, որ կտանե իշխանական դրոշը, և մի խումբ թմբկահարներ ու փողհարներ:

Այդ հաշվի մեջ Արբակը չսխալվեցավ, որովհետև երբեմն նայում էր մի գրվածքի կտորի վրա, որ ձեռքում բռնած ուներ: Երբ ավարտեց, Սամվելը նկատեց.

— Բավական փառավոր պատրաստություն է, միայն խի՛ստ ծանր է... Ես կցանկանայի, որքան կարելի է, թեթև լիներ իմ ասպախումբը...

— Մայրդ ցանկացել է, որ քո հոր և քո անունին պատշաճ լինի քո ասպախումբը... — պատասխանեց ծերունին մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և նրա դառն տհաճություն:

— Իսկ իմ մարդիկներից ո՞ւմ է նշանակել:

— Ոչ ոքի: Այդ թողել է քո կամքին, ումը կամենաս, կարող ես վեր առնել քեզ հետ:

— Իսկ դու, սիրելի Արբակ, չե՞ս գալու ինձ հետ:

— Արբակը քեզ ե՞րբ է միայնակ թողել, որ այժմ թողնե: Նրա գլուխը պետք է այդ շեմքի տակ թաղվի:

Նա ձեռքը տարավ դեպի Սամվելի սենյակի շեմքը:

Պատանի Հուսիկը կանգնած էր պատի մոտ և յուր փայլուն աչքերով երբեմն նայում էր յուր տիրոջ վրա և երբեմն ծերունի Ար բակի վրա: Նա անհանգիստ էր և անհամբերությամբ սպասում էր գիտենալ, արդյոք յուր տերը իրան ևս կտանե՞ յուր հետ: Նրա ուրախությունն անչափ եղավ, երբ Սամվելը դարձավ դեպի ծերունին ասելով.

— Շնորհակալ եմ իմ մորից, որ իմ մարդիկների ընտրությունը թողել է իմ կամքին: Ես բոլորին պետք է ինձ հետ տանեմ: Կհրամայես, սիրելի Արբակ, որ ամենքը առավոտյան պատրաստ լինեն:

— Ես արդեն պատվիրել եմ, — պատասխանեց ծերունին:

Այդ միջոցին առաջ անցավ պատանի Հուսիկը և կարմրելով ասաց.

— Մի խնդիրք ունեմ, տեր իմ:

— Խոսի՜ր:

— Իմ ձիու մի ոտքը պայտելուց կաղում է:

— Արբակը կհրամայե, որ իմ ախոռատնից քեզ տան այն ձին, որը դու հավանելու լինես:

Պատանու դեմքը փայլեց ուրախությունից:

Արբակը վեր կացավ:

— Ո՞ւր, — հարցրեց Սամվելը:

— Դեռևս պակաս բաներ շատ կան, գնում եմ կարգի դնելու...

— Շնորհակալ եմ, սիրելի Արբակ, ես առավոտյան վաղ, շատ վաղ պետք է ճանապարհ ընկնեմ:

Ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և, առանց յուր ետևը նայելու, դուրս գնաց սենյակից:

Նրա հեռանալուց հետո, Սամվելը ավելի ուրախ էր: Յուր ճանապարհորդության պատրաստությունները թեև ոչ բոլորովին, բայց մասամբ ավելի նպատակահարմար էին կարգադրված: Նա այդքանն ևս չէր սպասում յուր մորից: Նա սպասում էր փառավորություն, շքեղություն, բայց չէր սպասում, որ մայրը թույլ կտար նրան յուր մարդիկը յուր հետ տանել: Իսկ Սամվելի մարդկանց թիվը ավելի շատ էր, քան մոր նշանակածները:

Նա այժմ ոտքի վրա անցուդարձ էր անում յուր սենյակում և, ձեռքերը եռանդով շփելով, ինչ-որ հաշիվներ էր անում յուր գլխում: Պատանի Հուսիկը, նկատելով նրա ուրախ տրամադրությունը, համարձակություն ստացավ մի այլ խնդիրքով ևս դիմելու յուր տիրոջը: Բայց այս անգամ տատանվում էր նա, և նրա ճարպիկ լեզուն, որ խոսքի ետևից ման գալու սովորություն չուներ, այս անգամ պապանձվել էր: Ամոթխածությունից գլուխը խոնարած, երբեմն թեքվում էր աջ ոտի վրա, երբեմն ձախ ոտի վրա, և մի-մի անգամ ձեռքը տանում էր, ականջի ետևը քորում էր: «Ասե՞մ, թե չասե՞մ»... այդ երկու բառերն էին պտտվում նրա հուզված գլխում:

Եթե Սամվելը գոնե մի անգամ նայելու լիներ խեղճ պատանու վրա, իսկույն կնկատեր նրա անհանգիստ դրությունը, բայց Սամվելը հափշտակված էր յուր քաղցր խոկումներով և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում:

Մի քանի անգամ հազաց պատանին: Նրա կեղծ, խորամանկ հազը գրավեց Սամվելի ուշադրությունը, որ նայելով նրա շփոթված երեսին, հարցրեց.

— Այլևս ի՞նչ ասելիք ունես:

— Ինչպե՞ս ասեմ... տեր իմ.., — աչքերը դեպի ցած խոնարհեցնելով, մրմնջաց պատանին:

— Այնպես ասա, ինչպես միշտ սովորություն ունես ասելու, — խոսեց իշխանը ծիծաղելով: — Ինչի՞ց ես ամաչում:

Տիրոջ ծիծաղը ամրացրեց պատանու վստահությունը, և նա հեկեկալով ասաց.

— Այսօր ամբողջ օրը լաց էր լինում «նա»:

— Ո՞վ, Նվա՞րդը:

— Այո , տեր իմ:

— Ինչո՞ւ էր լաց լինում:

— Նա իմացել է, որ ես գնալու եմ իմ տիրոջ հետ...

— Եվ տխրո՞ւմ է:

— Ո՜չ, տեր իմ: Ես խոսք էի տվել...

— Ի՞նչ խոսք էիր տվել:

— Որ այդ օրերում...

— Կպսակվեք: Այդպես չէ՞:

— Այո՜, տեր իմ:

— Հիմա ի՞նչ ես ուզում, կամենում ես մնալ, պսակվե՞լ:

— Ոչ, տեր իմ, ես նրան դեռ նշան էլ չեմ տվել:

Սամվելը, մի փոքր մտածելուց հետո, հանգստացրեց նրան, ասելով.

— Դու քո խոստմունքի կեսը այժմ կարող ես կատարել: Նշանը կտաս, իսկ պսակվելը կմնա մեր վերադառնալուց հետո: Դեռ ես չգիտեմ, թե երբ կվերադառնանք... Բայց երբ էլ որ լինի, ես քեզ անպատճառ պսակել կտամ Նվարդի հետ: Նա լավ աղջիկ է, նա այդ օրերում մի քանի լավ ծառայություններ արեց ինձ, և այդ պատճառով, իմ կողմից առանձին վարձատրության արժանի է: Երբ Արբակը կգա, կասեմ նրան, որ իմ գանձից տանե նրա համար ամենաթանկագին նշաններ:

Խեղճ պատանին չգիտեր` որպես հայտներ յուր շնորհակալությունը: Ուրախության արտասուքը աչքերում, մոտեցավ, ընկավ յուր տիրոջ ոտքերը, կամենում էր համբուրել: Սամվելը հեռացրեց նրան, ասելով.

— Վեր կա՜ց, որքան Նվարդը լավ աղջիկ է, այնքան և դու լավ սպասավոր ես:

Այդ միջոցին դռները շառաչմամբ ետ գնացին, ներս վազեց պատանի Արտավազդը, Մամիկոնյան Վաչեի որդին: Նա գրկեց Սամվելի պարանոցը և, գեղեցիկ գլուխը դնելով նրա երեսի վրա, խորին հրճվանքով բացագանչեց.

— Ա՛խ, եթե գիտենայիր, Սամվել, ո՜րքան ուրախ եմ... ո՜րքան ուրախ եմ... չեմ կարող պատմել...

— Այդ ի՞նչն է այդքան ուրախացրել քեզ, — հարցրեց Սամվելը, դժվարությամբ ազատվելով աշխույժ պատանու գրկից:

— Նստենք, կպատմեմ: Սաստիկ հոգնել եմ, սաստի՛կ...

Երկուքն էլ նստեցին բազմոցի վրա: Պատանին մինչև ականջները կարմրել էր: Երևում էր, որ իրանց տանից մինչև Սամվելի բնակարանը անդադար վազելով էր եկել: Մի փոքր շունչ առնելուց հետո, խոսեց.

— Այս առավոտ միայն ինձ ասացին, որ դու գնալու ես հորդ դիմավորելու: Մտածեցի, ինչո՞ւ պետք է Սամվելը գնա, իսկ ես չպիտի գնամ: Իսկույն վազ տվի Մուշեղի մոտ, ձեռքը համբուրեցի, ոտքը համբուրեցի, վերջապես նրա հաճությունը առի: Հետո վազ տվի քո մոր մոտ. նրա էլ գլխից սկսած մինչև ոտքերը համբուրեցի: Նա էլ կամք տվեց: Մնում էր իմ մայրը: Դրան համբույրներով համոզել փոքր-ինչ դժվար էր: Զոռ տվի լեզվիս: «Գիտե՞ս, ասացի, Մերուժանը գալիս է, Վահանը գալիս է. նրանց հետ լինելու են պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետք է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան: Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները: Ես ո՞րիցն եմ պակաս թե իմ նետ նետելով և թե իմ նիզակ շարժելով... »: Մի խոսքով, էլ բան չմնաց, որ չասացի: Դու գիտես, որ մայրերը փառասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ: Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ և զարմացնեմ պարսիկներին: Լավ չե՞մ սարքեր

— Վատ չէ, — պատասխանեց Սամվելը, — թեև սուտեր շատ ես խոսել:

— Ոչ, աստված է վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, — ասաց պատանին, ավելի կարմրելով: – Ի՞նչ պետք է անեի, մարդ ուզում է դուրս գա, աշխարհ տեսնե, բայց դրանք, կույր աղջկա նման, հենց տանն են պահում: Ես խո պստիկ չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան... Այն ժամանակ կասեն` «դու մարդ ես... »: Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում... Այս գիշեր չեմ քնելու, — խոսքը փոխեց նա, — մինչև լույս չեմ քնելու: Երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում: Պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ...

Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, Համազասպ մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, — այդ կյանքով և կրակով լի պատանին ոչ սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին: Բայց Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը` արդյոք այդ անփորձ և պարզամիտ մանուկը իրան չէ՞ր խանգարի... արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէ՞ր դառնա յուր համար... Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին, նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին, հարցնելով.

— Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա, հոժա՞ր ես, որ ես էլ գամ քեզ հետ:

Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց, ասելով.

— Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ...

Պատանու ինքնավստահությունը փոքր-ինչ չափազանց էր: Բայց Սամվելին հայտնի էր նրա անսանձ, անզուսպ բնավորությունը: Իրավ, եթե Սամվելը նրան յուր հետ տանելու չլիներ, նա այնպես էլ կգնար:

Մի միտք ծագեց Սամվելի գլխում. «Դա ինձ հարկավոր կլինի...» — և իսկույն գրկեց նրան, ասելով.

— Մի՛ վշտացիր, սիրելի Արտավազդ, դու իմ ասպախումբի զարդը կլինես, ես առանց քեզ մի քայլ անգամ չեմ փոխի, գնա՛, պատրաստվիր:

Պատանին վեր կացավ և, ուրախությունից մոռանալով մինչև անգամ բարի գիշեր ասել, դուրս վազեց սենյակից: Նախասենյակում լապտերը ձեռին սպասում էր նրա ծառան: Նա շտապելով թողեց ծառային և անցավ: Ծառան լապտերը տանում էր նրա ետևից և դժվարանում էր հասնել:

Երեք օր անցել էր այն գիշերից, որ երկու սուրհանդակները մտան Ողական ամրոցը, բերելով Տիզբոնի բոթը:

Երեք օրից հետո դուրս եկան Ողական ամրոցից երկու եղբոր որդիները.

Սամվելը առավոտյան, յուր փառավոր ասպախումբով, հանդիսավոր կերպով:

Իսկ Մուշեղը գիշերով, միայն երկու զինակիրների հետ, գաղտնի կերպով...