Սամվել
 Ա
Գ 

Բ

ԱՐՏՈՍ

Արտոսը Ռշտունյաց լեռների արքան է: Նա Ռշտունյաց յեռների և հսկան է: Նրա սոսկալի ձորերի մեջ ցերեկը տիրում է խորին մթություն, իսկ գիշերը — անվերծանելի խավար:

Ամպամած գիշեր էր:

Մի սարավանդի գոգավոր բարձրության վրա դեռ չշիջած խարույկի կարմրագույն լույսը երևան էր հանում մի քանի մռայլ դեմքեր, որոնք, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին: Ամառնային գիշերը այդ լեռան անհյուրընկալ գրկում սառցնելու չափ զովություն է շնչում: Խարույկի շուրջը նստած մարդիկ և խոսում էին, և՜ զբաղված էին իրանց զենքերով: Մեկը քարե հեսանը ձեռին սրում էր նիզակի բթացած ծայրը, մյուսը կարում էր կապարճի քանդված փոկը, երրորդը կապում էր մազեղեն տրեխների խրացները: Մնացածները, մի կողքի վրա պառկած, մի առանձին բավականությամբ նայում էին կրակին:

Խարույկից փոքր-ինչ հեռու, փաթաթված իրանց թաղյա հաստ վերարկուների մեջ գետնատարած պառկել էին ուրիշ շատերը: Խավարի միջից հազիվ նշմարվում էր և վրանների մի շարք, որ իրանց ձևով հովիվների տաղավարների նմանություն ունեին: Նրանք պատրաստված էին թանձր, բրդեղեն մույգ-մոխրագույն կապերտներից, որոնք անձրևի ներքո այն աստիճան ամրանում են, որ մի կաթիլ անգամ թույլ չեն տալիս ներս թափանցելու: Դրանց մեջ քնած էին կանայք և երեխաներ:

Վրաններից մեկը յուր վրա առանձին ուշադրություն էր դարձնում: Նա առանձնացած էր մյուսներից և յուր ընդարձակությամբ իշխում էր բոլորի վրա: Վարագույրները ցած էին թողած: Դրսի սպիտակ գույնը, միախառնվելով աստառի կարմրության հետ, արտափայլում էր նուրբ-վարդագոլյն շառավիղներով: Երևում էր, որ ներսում ճրագը դեռ մարած չէր:

Խարույկի շուրջը խոսակցությունը դեռ շարունակվում էր:

— Ամոթի մի կաթիլ անգամ չմնաց մեր երեսին, — ասաց ՜նստողներից մեկը, — դրանից հետո մենք պետք է ձգենք մեր քոլոզները և մեր կնիկների լեչակները ծածկենք մեր գլխին…

— Ինչո՞ւ, — հարցրեց մյուսը:

— Դու դեռ հարցնում ես, թե ինչո՛ւ, — պատասխանեց առաջինը: — Նրա համար, որ մենք դրանից հետո տղամարդիկ չենք, մենք կանայք ենք... Կորցրի՛նք մեր պարծանքը, կորցրի՛նք մեր տիկնոջը... Նրանց ամրոցները կրակի ճարակ դարձան... Իսկ մենք ազատել չկարողացանք... Արժե՞ այդ բոլորից հետո ապրել...: Այլևս ի՞նչ երեսով պետք է նայենք աշխարհին,.. Ամեն մարդ կթքե, ամեն մարդ կմրե մեզ...

— Ուղիղ է ասածդ, բայց մենք ի՞նչ գիտեինք: Մենք մեր տանը նստած, թշնամին գողի նման ներս մտավ և յուր ավարը տարավ: Եթե այս րոպեին երկնքից հանկարծ մի քար ընկնի մեր գլխին, մենք կարո՞ղ ենք նրա առաջր առնել: Այդպես հասավ փորձանքը: Եթե առաջուց գիտենայինք, թշնամին չէր կարող ոտք դնել մեր հողի վրա:

— Հիմա խո գիտենք:

— Հիմա գիտենք, մեր վրեժը կառնենք և մեր նախատինքը մեր թշնամու արյունով կսրբենք:

— Այդ դեռ «սկիզբն է երկանց», — մեջ մտավ մի ուրիշը, որ բոլորից ծեր էր և, որպես երևում էր, կարդացած մարդ էր: — Մեծ փոթորիկը գալու է վաղը: Մեր իշխաններին մեր ձեռքից խլելուց հետո, մեզ անգլուխ թողնելուց հետո, կփակեն մեր եկեղեցիների դռները, կպատառոտեն մեր ավետարանները, ոտնակոխ կանեն մեր սրբությունները, և ապա կասեն մեզ. «Եկե՛ք կրակին ու արևին երկրպագություն տվեցեք, դրանք են ձեր աստվածները»: Մեզ կստիպեն պարսկերեն խոսել և պարսկերեն աղոթել, որովհետև այդ է նրանց աստվածների լեզուն: Մեր խրճիթները կծեփեն կովի աղբով, որովհետև այդ է նրանց սրբությունը: Մեր մեռյալներին անթաղ կթողնեն, որովհետև այդպես է նրանց սովորությունը: Եվ մեր տաճարները կպղծեն իրանց կրակի ծուխով ռւ մուխով...

— Հետո ո՞վ թույլ կտա, ո՞վ կընդունե, — պատասխանեցին միաձայն:

— Ընդունել կտան… փայտի ու մտրակի ուժով ընդունել կտան... — ասաց ծերունին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:

Մի երիտասարդ, որ կողքի վրա պառկած էր խարույկի մոտ, գլուխը բարձրացրեց և աչքերը լայն բաց անելով ասաց.

— Խոսք չկա, եթե մենք ձեռքներս ծալած նստենք մեր տանը, կբռնեն մեր ականջից, քարշ կտան կրակի մուտ և կասեն. «Գլուխդ ծռի՛ր, դա՜ է քո աստվածը»: Բայց ես թույլ չեմ տա, որ նա իմ տունը մտնե և իմ ականջից բռնե.

— Նա արդեն մտել է մեր տունը, — պատասխանեց ծերունին: — Այդ ո՞վքեր էին, որ եկան և մեր տիկնոջը տարան:

— «Ուրացողները»:

— «Ուրացողները» հենց մեր տան և մեր աշխարհի մարդիկն են, մեզանից են, որ առաջնորդում են մեր թշնամուն:

— Ով որ «ուրացող» է, մեզանից չէ, թեկուզ մեր եղբայրը և մեր հայրը լինի: Մենք նրանց կկոտորենք:

— Կկոտորե՛նք, — կրկնեցին մյուսները:

— Այդ կտեսնե՛նք... — ասաց ծերունին: — Բայց այժմ մեր տիկնոջ մասին մտածելու է... Քանի որ Ռշտունյաց տիկինը թշնամու ձեռքումն է, Ռշտունիքը կմնա անպատվության մեջ:

— Եվ սուգի մեջ, — ավելացրին մյուսները: — Բայց մեր նահապետը գնացել է, յուր հետ տարել է մեր քաջերից շատերին, աստված կօգնե նրան, և որտեղ որ գտնելու լինի տիկնոջը, կազատե, և կվերադարձնե մեզ: Այն ժամանակ մեծ կլինի մեր ուրախությունը:

Խոսակցությունր Ռշտունյաց տիկնոջ, Համազասպուհիի մասին էր, որը, Աղթամարա ամրոցի պաշարման միջոցին, անհետացավ իշխանական ընտանիքի միջից: Նրա ամուսինը, Գարեգին նահապետը, գնացել էր որոնելու կնոջը, յուր հետ տանելով յուր զորքերի մի մասը:

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ մի ձայն, որ ավելի նման էր վագրի մռնչալու ձայնին: Նա կրկնվեցավ մի քանի անգամ: Ամենքը առեցին իրանց զենքերը , ոտքի ելան, և լարված ուշադրությամբ նայում էին իրանց շուրջը:

— Մարդիկ են մոտենում, — ասաց մեկը:

— Մեր գիշերապահների ձայնն է, — ասաց մյուսը:

Բանակի մեջ տիրեց մի թեթև իրարանցում: Շներն անգամ սկսեցին զայրացած կերպով ոռնալ:

Կես ժամ չանցած մի խումբ գիշերապահներ մոտեցան առաջիններին: Նրանք բերում էին մեկին, որի թևքերը կապած էին քամակին, իսկ վզին դրել էին մի երկայն պարան, որից քարշ էին տալիս: Երեսի վրա երևում էին կապուտակներ, որ առաջ էին եկել բռունցքների հարվածներից:

— Լրտե՛ս է, — գոչեցին բերողները:

— Պետք է այրել այդ խարույկի մեջ, — ձայն տվեցին առաջինները:

Դատապարտյալը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Նա մի առանձին սառնությամբ նայում էր թե՜ բերողների և թե՜ խարույկի մոտ գտնվածների վրա: Նրա անշարժ դեմքը արտահայտում էր անձնավստահ մարդու անվեհերոլթյունը:

— Պետք է այրե՛լ, — կրկնեցին ամենքը միաձայն:

Ոմանք սկսեցին խարույկի վրա փայտեր ավելացնել: Այդ ժամանակ միայն դատապարտյալը բերանը բաց արեց և հանդարտ կերպով հարցրեց.

— Դուք իրավունք ունե՞ք առանց Ռշտունյաց օրիորդի հրամանին այրել ինձ:

Ամենքը նայեցին միմյանց երեսին: Նա ավելացրեց.

— Կարելի է ես մի անմեղ մարդ եմ:

— Անմեղ մարդը գիշերով ի՞նչ գործ ունի մեր բանակի շուրջը, — հարցրին նրանից:

— Այդ ձեր գիտենալու բանը չէ: Ինձ տարեք օրիորդի մոտ, թող նա դատե ինձ:

— Օրիորդին այժմ չի կարելի անհանգստացնել: Նա քնած է:

— Ինձ պահեցեք մինչև առավոտ, մինչև օրիորդը վեր կկենա:

— Դու ո՞վ ես, որտեղացի՞ ես, ինչպե՞ս է քո անունը:

— Ես ձեզ ոչինչ չեմ ասի:

Աղմուկը և աղաղակները հասան մինչև սպիտակ վրանը, որի վարագույրներից մեկը կիսով չափ բարձրացավ և կրկին ցած իջավ: Ամենքը նայեցին դեպի այն կողմը, միմյանց ասելով.

— Օրիորդը դեռ քնած չէ:

Մի քանի րոպեից հետո օրիորդի ծեր սպասավորներից մեկը մոաեցավ խմբին, հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Եղելությունը նրան պատմեցին, նա հեռացավ: Շատ չանցավ, կրկին վերադարձավ նա, հայտնեց, թե օրիորդը հրամայում է, որ լրտեսին բերեն յուր մոտ: Այնպես կապած, կաշկանդած, տարան նրան:

Սպիտակ վրանը մի թեթև, շարժական պալատ էր յուր բոլոր հարմարություններով; Նա կազմված էր մի քանի մասներից, որոնք բաժանված էին միմյանցից առանձին պարտակներով: Յուրաքանչյուր մասը որոշված էր օրիորդի զանազան սպասավորների կացության համար, համեմատ նրանց պաշտոնին և ծառայություններին: Մի մասնում կենում էին նրա նաժիշտները, մյուսում` նրա դայակներն ու դաստիարակները, երրորդը յուր քնարանն էր, իսկ չորրորդը ընդունելության խորանը:

Նա դեռ քնած չէր, թեև գիշերի կեսից վաղուց անցել էր: Միայնակ էր յուր քնարանում և, առանց հանվելու, նստած էր մի գահավորակի վրա: Բարակ շղթայով` սյունից քարշ ընկած պղնձյա ճրագը, որ մի առասպելական թռչունի նմանություն ուներ, ճարճատելով վառվում էր, և յուր աղոտ լույսը թափում էր նրա գունաթափ դեմքի վրա: Տխո՛ւր էր նա, և ավելի տխուր, քան թե մի սգավոր հրեշտակ: Ոսկեգույն գիսակները, որ Ռշտունյաց լեռնական օրիորդների գեղեցկության գլխավոր հարստությունն է, մեղմ գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները: Աչքերի մեջ վառվում էր խորին թախծություն: Ի՞նչն էր ալեկոծում քնքուշ սիրտը, որ ուրախ լինելու, և հավիտյան ուրախ լինելու համար էր ստեղծված: Նա մտածում էր… և այդ մտածություններն էին, որ խլել էին թե՜ նրա քունը և թե՜ հանգստությունը: Մտածում էր հայրենի ամրոցների կործանման մասին, մտածում էր կորած, անհետացած մոր մասին, որին սիրում էր որդիական բոլոր տարփանքով, մտածում էր տառապյալ հոր մասին, որ գնացել էր պատերազմելու սարսափելի վտանգների դեմ, որ գնացել էր ազատելու սիրելի ամուսնին: Եվ, վերջապես, մտածում էր Սամվելի մասին, որից շատ ժամանակ էր, որ ոչինչ տեղեկություն չուներ: Ինչո՞վ բացատրել նրա լռությունը: Այդ հարցի վրա խորհելիս, նա ամբողջ մարմնով դողում էր, մանավանդ երբ մտաբերում էր, որ կատարված բոլոր աղետների հեղինակը այն երիտասարդի հայրն էր, որին ինքը այնքան սիրում էր, որի սիրով միայն իրան կատարյալ երջանիկ և բախտավոր էր համարում: Իսկ նա՞, Սամվելը... արդյոք չէ՞ր փոխվել նա... արդյոք ինչպե՞ս էր նայում յուր հոր գործողությունների վրա... Այդ հարցերը խելագարության չափ վրդովեցնում էին խեղճ օրիորդին, և նա, անհնարին տարակուսանքների մեջ ընկղմված, ոչ մի սփոփանք, ոչ մի դյուրություն չէր գտնում խռովյալ սրտին: Եթե Սամվելը հավատարիմ կմնար սիրած աղջկան և նրա տոհմին, նա պետք է հակառակեր յուր հորը, որ ատելով ատում էր այդ տոհմը: Նա պետք է կորցներ բոլորը և զրկվեր բոլորից, միայն յուր սիրած աղջիկը շահելու համար: Բայց արդյոք, կտա՞ր նա մի այդպիսի զոհ, — մի այդչափ մեծ զոհ, որով իսպառ խորտակվում էր նրա բախտը և գուցե — նրա ապագան... Եվ ինչպե՞ս ընդուներ ինքը այդ մեծ զոհաբերությունը, զրկելով Մամիկոնյանների նշանավոր ժառանգին հայրենական ժառանգությունից: Միթե յուր սերը բավակա՞ն էր լրացնելու այն անհուն կորուստը, որին պետք է ենթարկվեր դժբախտ երիտասարդը, որ յուր բարձր արժանապատվություններով երջանիկ լինելու և մի՜շտ երջանիկ լինելու իրավունք ուներ…

Այն դառն մտածությունների խռովության մեջ էր օրիորդը, երբ բանակում տեղի ունեցած աղմուկը գրավեց նրա ուշադրությունը:

Միայնության րոպեներում տխուր խոկումները գիտեին ալեկոծել նրա զգայուն սիրտը, իսկ երբ պետք էր սառնասիրտ լինել, այդ ժամանակ նա ուներ յուր աստիճանին և մեծապատվությանը վայել զգոնությունը: Երբ հանցավորին կանգնեցրին վրանի հանդեպ, նա վեր կացավ, ձայն տվեց յուր նաժիշտներին, որոնք խմբով ներս մտան, և առաջնորդեցին նրան դեպի ընդունարանի խորանը: Իբրև սգավոր, նա գլուխը ծածկեց մի թեթև, սևաթույր շղարշով և դուրս եկավ քնարանից:

Ընդունարանում դրած էր մի փառավոր բազմոց, որի վրա նստեց նա; Նաժիշտները շարվեցան աջ և ձախ կողմերում, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էին նրա դրանիկները: Հրամայեց ջահերը վառեն և վարագույրը բարձրացնեն: Ամբողջ բազմությունը, որ կանգնած էին վրանի հանդեպ, մի մարդու նման, խոնարհվեցան մինչև գետին, և գլուխ տվին:

Հանցավորին առաջ բերեցին: Օրիորդը հարցրեց,

— Ի՞նչ մարդ ես:

Հանցավորը համարձակ կերպով ասաց:

— Իմ պատասխանը լսելու համար թո՜ղ Ռշտունյաց մեծափառ օրիորդը հրամայե, որ բաց անեն իմ թևքերը:

Ամենքը կասկածանքով նայեցին նրա երեսին, զարմանում էին անծանոթի հանդգնության վրա: «Միթե օրիորդի կյանքի դեմ փորձ անելու դիտավորությո՞ւն ունի», — մտածում էին նրանք:

— Բա՜ց արեք դրա թևքերը, — հրամայեց օրիորդը;

Դրանիկներից մեկը նկատեց.

— Լեզուն բաց է, օրիորդ, ինչ որ խոսելու ունի իրան արդարացնելու համար, կարող է խոսել:

— Բա՜ց արեք, — կրկնեց օրիորդը:

Հրամանը կատարեցին:

Հանցավորը ձեռքը տարավ ծոցը, հանեց մի ինչոր բան, որ փաթաթված էր կերպասի կտորի մեջ, և հեռվից բարձրացնելով, ասաց.

— Ահա՜ այդ ծրարի մեջն է իմ պատասխանը, թո՜ղ Ռշտունյաց մեծափառ օրիորդը բարեհաճի բաց անել և տեսնել:

Դրանիկներից մեկը մոտեցավ, առեց ծրարը և մատույց օրիորդին: Մի առանձին հետաքրքրությամբ, որ նրան թե՜ բերկրանք էր պատճառում և թե՜ ներքին խռովություն, բաց արեց ծրարը: Նրա միջից հայտնվեցավ մի մատանի: Այդ գեղեցիկ առարկան նրան և՜ ծանոթ էր, և՜ սիրելի: Կրկին դրեց ծրարի մեջ և ուրախությամբ թաքցրեց յուր ծոցում: Հետո դարձավ դեպի յուրայինները, ասելով.

— Այդ մարդը լրտես չէ. դա մի բարի ավետաբեր է. իզուր դուք չարչարել եք դրան, թողեք այդ մարդուն միայնակ ինձ մոտ, և դուք հեռացեք:

Ամենքը զարմանալով հեռացան, անծանոթին տարան վրանը, վարագույրր կրկին ցած իջավ: Օրիորդը նշան տվեց, յուր մոտ եղողները նույնպես հեռացան: Ինքը և անծանոթը մնացին միայնակ: Նա հարցրեց.

— Ինչպե՞ս է քո անունը:

— Մալխաս:

— Այժմ որտե՞ղ է իշխանը:

— Բանակ է դրել Աղթամարա նավամատույցի մոտ:

«Ուրեմն նա եկած է եղել ինձ տեսնելու»… — մտածեց նա խորին տխրությամբ, — «իսկ իմ փոխարեն տեսավ մեր ամրոցների ավերակները... ուրեմն նրան հայտնի են ցավալի անցքերը…»:

— Որքա՞ն մարդիկ ունի յուր հետ:

— Հիսուն հոգի հազիվ կլինի:

— Ինչո՞ւ այդքան սակավ:

— Չգիտեմ, օրիորդ:

— Քեզ ինչո՞ւ համար ուղարկեց:

— Ինձ ուղարկեց, որ որոնեմ, գտնեմ Ռշտունյաց մեծափառ օրիորդին, և իմ տիրոջը իմացում տամ, թե ո՜րտեղ է գտնվում նա:

Օրիորդը մտածության մեջ ընկավ: Սամվելը, նրա սիրելին, նրա ուրախությունն ու կյանքը, ցանկանում էր տեսնվել նրա հետ: Այդ տեսությունը որքան և ըղձալի էր, այնքան և դժվարին: Որտե՞ղ տեսնվիլ: Արդյոք ի՞նքը գնա նրա մոտ, թե նրան ժամանակ նշանակե, որ գա յուր մոտ: Սամվելն այդ վերջինն էր խնդրում: Բայց կարո՞ղ էր նրան ընդունել յուր բանակում: Արդյոք չէ՞ր հանդիպի նա անսպասելի վտանգների: Ինչպե՞ս ընդուներ այն մարդու որդուն, որ ավերակ դարձրեց Ռշտունյաց ամրոցները, որ գերի տարավ Ռշտունյաց տիկնոջը: Նրան լավ հայտնի էր, թե որ աստիճան յուր մարդիկը կատաղած էին Մամիկոնյանների և առհասարակ տարոնցիների դեմ: Ի՞նչ ասել նրանց, ինչո՞վ հանգստացնել նրանց...

Նա խորին տատանման մեջ նայեց յուր շուրջը: Նազելի դեմքը արտահայտում էր անզուսպ անհամբերություն: Որոնում էր մի ելք, բայց դյուրությունները պակասում էին նրան: Մալխասը ապշած կերպով նայում էր նրա վրա, նայում էր և ուրախանում էր, որ յուր տերը վայելում էր երկրի ամենաչքնաղի և ամենաշնորհալիի սերը:

Նա ցած իջավ բազմոցից, մոտեցավ վրանի վարագույրին, ուշիկ կերպով բարձրացրեց նրա եզրը և. նայեց դեպի երկինքը: Դեռ բավական գիշեր կար: Պետք էր օգուտ քաղել գիշերային խավարից: Վճռեց ինքը գնալ Սամվելի մոտ: Բայց տեսնվիլ նրա հետ ոչ թե Մամիկոնյանների բանակում, այլ — մի չեզոք տեղում:

Նա կրկին նստեց բազմոցի վրա և, դառնալով դեպի Մալխասը, հարցրեց.

— Դու ծանո՞թ ես մեր կողմերի հետ:

— Այո՜, օրիորդ:

— Դու տեսե՞լ ես Մանազկերտը:

— Այո՜, օրիորդ: Այնտեղից Մանաճիհրը սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին նետեց ծովը: Ռշտունյաց Ոստանից շատ հեռու չէ:

— Քեզ ծանո՞թ է այն աղբյուրը, որ բխում է Մանազկերտի ստորոտից:

— Այո՜, օրիորդ : Այդ աղբյուրը գոյացել է սուրբ Հակոը Մծբնա հայրապեաի արտասուքներից, երբ նրա սարկավագներին ծովը նետեցին, և ինքը լաց եղավ: Աղբյուրի մոտ կա մի վայրենի տանձենի, որի ոստերից կանայք շորի կտորներ են կախում, երբ ջերմ ու տենդ ունեն:

— Լավ: Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել իշխանի մոտ:

— Եթե ինձ կրկին չբռնեն, դեռ լույսը չծագած կհասնեմ:

— Քեզ չեն բռնի: Կգնաս, կհայտնես իշխանին, որ նույն «Արտասուքի աղբյուրի», մոտ սպասե ինձ:

Նա տվեց յուր մետաքսյա թաշկինակը սուրհանդակին, պա տվիրելով.

— Այդ նշանը կկապես նիզակիդ ծայրին, և ոչ մի ռշտունցի չի մոտենա քեզ:

Նա կանչեց յուր դրանիկներից մեկին, հրամայելով.

— Տա՜ր այդ մարդուն, ասա՜, որ դրա զենքերը տան, և շուտով ճանապարհ դնեն:

Մալխասը ծունր իջավ, համբուրեց օրիորդի պատմուճանի քղանցքի ծայրը, և ապա դուրս եկավ վրանից:

Օրիորդը մնաց միայնակ, գոհ և բախտավոր: Կրկին անգամ հանեց մատանին, և խորին հրճվանքով նայում էր նրա վրա: Յուր ոգևորության մեջ այն աստիճան հափշտակվեցավ նա, որ մոտեցրեց մատանին յուր բոցավառ շրթունքներին, և նրա աչքերը լցվեցան ուրախության արտասուքով: Այդ լուռ, անբարբառ առարկայից լսում էր սիրելի ձայնը այն էակի, որ յուր համար այնքան թանկագին էր, որ յուր համար անփոխարինելի էր: Այդ սառն, անշունչ առարկայից զգում էր նրա շունչի ջերմությունը և հոգով միանում էր նրա անմոռանալի հիշատակի հետ:

Նա կանչել տվեց յուր հազարապետին, հրամայեց.

— Կպատվիրես, որ թամբեն իմ նժույգները, տասն թիկնապահներ պատրաստ լինեն ինձ հետ գալու:

— Հիմա՞, — հարցրեց հազարապետը զարմանալով:

— Այո՜, այս րոպեիս: