Սամվել
 Բ
Դ 

Գ

ԱՐՏԱՍՈՒՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Չնայելով: որ արևը ծագել էր, բայց այն ձորի մեջ, որտեղ գտնվում էր «Արտասուքի աղբյուրը»,դեռ տիրում էր խորին մթություն: Սարերի բարձր գագաթները դեռ նոր շողշողում էին առաջին ճառագայթների նուրբ — վարդագույն լույսով: Օդի մեջ բուրում էր խիստ ախորժելի զովություն,որ ներշնչված էր ճոխ բուսականության մեղմ անուշահոտությամբ:

Շրջակայքը լուռ էր: Լուռ էր և անտառը,որ տարածվում էր մինչև կապուտագույն ծովեզրը: Լսելի էր լինում միայն նվիրական աղբյուրի տխուր մեղեդին, որ ողբաձայն հնչյուններով աղմկում էր տիրող լռությունը: Լսելի էր լինում նա որպես սգավոր սրտի դառն հառաչանք: Վշտացած հայրապետի արտասուքներից գոյացած աղբյուրը և այժմ արտասվում էր...

Նրա մոտ կանգնած էր Աշխենը:

Նազելի օրիորդի մտահույզ հայացքը դարձրած էր դեպի սգավոր աղբյուրը, որ, պարզ արծաթփայլ վտակի նման, դուրս հոսելով մի ժայռի ճեղքվածքից, ցած էր թափվում և , համբուրվելով ու գրկելով յուր ուղին զարդարող գույնզգույն խճերի հետ, արագ վազում էր, և յուր թախծալի շշնջյունով, կարծես, ասում էր ափերին, «Մնաք բարյա՛վ, մենք այլևս չենք տեսնվի…»:

Մի այդպիսի մնաքբարյավ ասելու համար եկել էր և օրիորդը:

Զինված էր նա: Հոր անդրանիկը լինելով, նա փոխարինում էր և՜ տղայի, և՜ աղջկա: Այդ պատճառով ծնողքը տվեցին նրան այրական կրթություն, թեև Ռշտունյաց օրիորդները իրանց քաջությամբ ետ չեն մնում տղամարդերից: Գլխին դրած ուներ ոսկե նկար սաղավարտ, մեջքը սեղմել էր պողովատյա զրահի մեջ, աջ ձեռքում կրում էր մի թեթև նիզակ: Այդ զինավառության մեջ նմանում էր նա Աթենաս-Պալլասին, որ, կարծես, եկել էր այցելություն գործելու քարացյալ Նիոբեի արտասուքներից գոյացած աղբյուրին:

Աղբյուրից փոքր-ինչ հեռու, ծառերի մթին թավուտների միջից հազիվ նշմարվում էին մի խումբ ձիաներ, որոնց սանձարձակ թողել էին արածելու: Նրանց մոտ երևում էին և մարդիկ, որոնք պառկած էին խոտերի վրա: Դրանք օրիորդի հետ եկած մարդիկն էին:

Որպես մի մարմնացած անհամբերություն, սրտի խորին բաբախմունքով, դեռ կանգնած էր օրիորդը աղբյուրի մոտ և նայում էր: Նա մեծ կարոտով անդադար նայում էր դեպի այն կողմը, որտեղից պետք է հայտնվեր Սամվելը: Նրան հայտնի էր հայրենի երկրի հուզված դրությունը: Նա գիտեր, որ իրանց լեռների յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր ծառի ետևում մի-մի մարդ էր թաքնված: Նրան ծանոթ էր և Սամվելի անձնավստահությունը: Ինչե՛ր չէին կարող պատահել... ի՛նչ փորձանքների չէր կարող հանդիպել նա... Եվ այդ բոլորը ո՞ւմ համար: — Յուր համար... Վերջին միտքը, որքան ուրախացնում էր նրան, որքան լցնում էր նրա սիրտը մի անսահման երանությամբ, — նույնքան և սարսափեցնում էր նրան, երբ մտածում էր, որ նա կարող էր յուր սիրո զոհը դառնալ...

Հեռվից երևացին երկու ձիավորներ: Երրորդը, իբրև փայակ, վազում էր նրանց առջևից ոտով: Օրիորդի դեմքը սկսեց փայլել: Մինչև նրանք կմոտենային, մինչև կստուգեր, թե ովքեր են, այդ մի քանի րոպեն` հավիտենականության չափ երկար թվեցավ նրան:

Նրանք փութացրին ձիաների ընթացքը: Այդ միջոցին օրիորդի մարդիկը, որ հանգստանում էին ծառերի ներքո, իսկույն ոտքի ելան և, լարելով իրանց աղեղները, նետերի ծայրը դարձրին դեպի եկվորները: Մեկը ձայն արձակեց, այն հարցական եղանակով, որ տալիս է անծանոթը անծանոթին, երբ հանդիպում են ճանապարհի վրա, — «Թշնամի՞ եք, թե բարեկամ». — «Բարեկա՛մ», — եղավ պատասխանը:

Օրիորդը դեռ անշարժ կանգնած էր աղբյուրի մոտ:

Ձիաներն այժմ քշում էին բոլոր թափով, չնայելով, որ լեռնային քարակարկառ ճանապարհի վրա կարելի էր ամեն րոպե սայթաքել և ամեն րոպե դեպի ցած գլորվիլ: Երբ բոլորովին մոտեցան, օրիորդր վազեց ընդառաջ: Այդ միջոցին մեկը ցատկեց ձիուց, գրկեց նրան, բացագաչելով.

— Ա՛խ, Աշխեն, ինչո՞վ կարող եմ մխիթարել քեզ...

— Նրանով, որ դու այժմ իմ գրկումն ես…

Ճանապարհի բոլոր ընթացքում, Սամվելը անդադար տանջվում էր այն մտածություններով, թե ի՞նչ դրության մեջ կգտնե յուր Աշխենին, կամ ինչո՞վ կարող կլինի մխիթարել նրան, այն ցավալի անցքերից հետո, որ կատարվել էին նրա հոր տան մեջ: Նա յուր մտքում հորինել էր սփոփիչ խոսքերի մի ամբողջ շարք, որոնցով պետք է աշխատեր հանգստացնել նրա վշտացած սիրտը: Բայց այն խոսքերից և ոչ մեկը պետք չեղավ, երբ լսեց Աշխենի պատասխանը: Սիրելի աղջկա գրկում մոռացվեցան բոլորը:

«Արտասուքի աղբյուրից» ոչ այնքան հեռու, անուշահոտ եղևինների ստվերախիտ հովանիի ներքո, կանաչ խոտերի վրա, սփռված էր մի գորգ: Սամվելը և Աշխենը առանձնացան այնտեղ: Իսկ իշխանի հետ եկած մյուս երկու հոգիները, որոնցից մեկը Հուսիկն էր, մյուսը Մալխասը, գնացին օրիորդի մարդիկների մոտ:

Թե՜ Սամվելը և թե՜ Աշխենը` երկուսն էլ լուռ էին, ա՜յն սրտատոչոր լռությամբ, որ տեղի է ունենում հոգեկան խորին հուզմունքների ժամանակ: Երկուսն էլ հիացած կերպով նայում էին միմյանց վրա և, կարծես, խոսք էին որոնում իրանց զգացմունքները արտահայտելու: Սամվելը առաջինը ընդհատեց լռությունը:

— Լսի՜ր, Աշխեն, ես ինձ շատ դժբախտ եմ համարում, որ երկար անջատումից հետո, երբ կրկին պատահում է հանդիպել միմյանց, ես, փոխանակ սքանչանալու քո սիրո քաղցրությամբ, փոխանակ վայելելու այն անսպառ երանությունը, որ բաշխում է սիրված աղջիկը սիրող երիտասարդին, — ստիպված եմ քեզ հետ խոսել վշտի և դառնության խոսքեր: Մենք հանդիպում ենք միմյանց որպես երկու սգավորնե: Դու կորցրած մայր ունես, իսկ ես — կորցրած հայր: Քո մայրը կորավ յուր առաքինության համար, իսկ իմ հայրը կորած է յուր չարագործության համար: Մտնելով քո հայրենի երկիրը, ես անցա կրակի և մոխիրների միջով: Ես տեսա քո քաջ նախահարց պատկառելի ամրոցների ավերակները: Ամոթը և նախատինքը պատում է ինձ, երբ մտածում եմ, որ այդ բոլորը կատարվել է իմ հոր ձեռքով… այն մարդու ձեռքով, որի հարսը պետք է լինես դու…

— Ինչո՞ւ համար է այդ բոլորը, Սամվել, — ընդմիջեց օրիորդը: — Դու, կարծես, որպես մի հանցավոր, եկել ես քեզ արդարացնելու իմ առջև: Այն օրը ինձ համար մահ կլիներ, եթե ես ամենափոքր կասկած ունենայի քո մասին:

— Իսկ իմ կողմից հանցանքը այն կլիներ, եթե ես աշխատեի արդարանալ քո առջև: Ես գիտեմ, թե որքան բարի ես դու, Աշխեն, ես գիտեմ, թե որքան բարձր ես դու հասարակ մահկանացուներից: Ինձ հայտնի է, որ քո անսահման սիրո մեջ` ամեն հանցանք իմ կողմից ինքնըստինքյան կոչնչանա որպես մի դյուրավառ նյութ՝ կրակի սպառող բորբոքման մեջ: Բայց խիղճս հանգիստ չէ, Աշխեն: Ես կանխապես գիտեի գալոց վտանգը: Ես տեսնում էի, թե որպիսի չարագուշակ թուխպ պտտվում էր քո հայրենի երկրի վրա: Ես շտապեցի զգուշացնել թե՜ քեզ և թե՜ քո հորը: Բայց վտանգը ավելի շուտ հասավ ձեզ, քան թե իմ նամակը…

— Գուցե այդպես էր աստուծո տնօրինությունը, — պատասխանեց օրիորդը հանդարտ կերպով: — Թողնենք այդ, Սամվել: Դու ինձ այն ասա, թե ինչո՞ւ համար եկար և այժմ ո՞ւր ես գնում:

Հարցը շատ ուղիղ դրվեցավ: Սամվելը մնաց շվարյալ դրության մեջ: Չգիտեր` ինչ պատասխանել: Րոպեական շփոթությունից հետո, կրկնեց նա.

— Ինչո՛ւ համար եկա… և աայժմ ո՞ւր եմ գնում… Դա չափազանց տխուր հարց է, սիրելի Աշխեն, ես դժվարանում եմ պատասխանել: Քո առջև պետք է բաց անել վարագույրը այն սոսկալի գործողությունների, որ կատարվում են և պիտի շարունակվեն կատարվել մեր հայրենյաց ավերակների վրա: Այնուհետև դու ինքդ կհասկանաս, թե ինչո՜ւ համար եկա կամ ո՜ւր եմ գնում:

Փակված լինելով հայրենական լեռների խլության մեջ, Աշխենը շատ փոքր տեղեկություններ ուներ դրսի աշխարհից: Նրան թեև հասել էին բոթաբեր ձայներ, բայց այդ ձայները դեռևս ա՜յն աստիճան անորոշ և մութն էին նրա համար, որ տակավին մի պարզ հասկացողություն չէր կարողացել կազմել, թե ինչ են կամենում անել չար մարդիկ, որ մրրկածուփ խռովության մեջ էին դրել երկիրը: Սամվելն սկսեց մի ըստ միոջե պատմել թե՜ կատարված և թե՜ կատարվելիք գործերը: Խորին դառնությամբ նկարագրեց նա յուր հոր և Մերուժան Արծրունու ուրացությունը, բացատրեց այդ երկու դավաճանների բոլոր չար դիտավորությունները և նրանց հանձն առած ամոթալի պաշտոնը` քրիստոնեությունը ոչնչացնելու և պարսից կրոնը Հայաստանում տարածելու մասին: Պատմեց նրանց դարանագործությունը Արշակունյաց արքայական գահը կործանելու և Հայաստանում մի նոր թագավորություն հիմնելու մասին, պարսից գերիշխանության ներքո: Պատմեց նրանց դրած հանդիսավոր ուխտը պարսից Շապուհ արքայի առջև, և պարսիկ զորքերով Հայաստան գալը` Շապուհի ցանկությունները կատարելու համար: Նկարագրեց նրանց ձեռք առած բարբարոսական միջոցները, նրանց անգթությունները, իրանց նպատակին հասնելու համար: Մի խոսքով, հաղորդեց բոլորը, ինչ որ գիտեր ինքը, և ինչ որ նախատեսում էր ինքը:

Օրիորդը խորին վրդովմունքով լսում էր: Նրա վառվռուն աչքերը արտահայտում էին զգայուն սրտի թե՜ ցավը և թե՜ բարկությունը: Նրա գեղեցիկ դեմքը հարյուր անգամ փոխեց յուր գույնը, մինչև Սամվելը ավարտեց աղետալի պատմությունը:

— Իսկ այդ բոլոր չարիքների դեմ ի՞նչ են մտածում անել հայոց նախարարները, — հարցրեց նա խռովյալ ձայնով:

— Ոմանք «ուրացողների» կողմն են: Իսկ հայրենի գահին և եկեղեցուն հավատարիմ մնացողները ուխտել են` մի մարդու պես կանգնել, կամ մեռնել, կամ ազատել հայրենիքը սպառնացող վտանգից:

Հետո պատմեց նա հավատարիմ մնացած նախարարների նախա-պատրաստությունները, Մուշեղի սպարապետության կոչվիլը, հայոց տիկնոջ, Փառանձեմի, հրավերը` զինվելու ընդհանուր թշնամու դեմ, և այլն: Յուր պատմությունը վերջացրեց հետևյալ խոսքերով.

— Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչո՞ւ համար եկա կամ ո՞ւր եմ գնում: Երկու սիրելիներ դրած են իմ առջև, մեկը վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը, վտանգի մեջ գտնվող կինը` դու: Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են, երկուսն էլ ինձ համար հավասար չափով անգնահատելի են: Երկուսի ձայնն ևս կոչում են ինձ: Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ: Երկուսի համար ևս ես ուխտել եմ անկեղծ անձնազոհություն: Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե ո՞րին պետք է նվիրել առաջին զոհը: Ահա՜, իմ սրտագին ըղձերը, իմ ամենաջերմ փափագները թափում եմ քո առջև, սիրելի Աշխեն, դու ցույց տո՜ւր ինձ ճանապարհը , թե դեպի ո՛րը գնամ:

— Դեպի հայրենիքի փրկության գործը, — պատասխանեց օրիորդը ոգևորված ձայնով: — Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ...

— Դո՛ւ, — բացագանչեց Սամվելը, և նրա տխուր դեմքը փայլեց անսպառ ուրախությամբ: — Թույլ տո՛ւր գրկել իմ հրեշտակին, վրեժխնդրության և արդար բարկության հրեշտակին...

Նրանք գրկվեցան:

— Աշխարհի բոլոր երանությունները չէին կարող այնպես , մխիթարել ինձ, որպես այդ խոսքը, որ թռավ քո շրթունքներից, սիրելի Աշխեն: – Այդ խոսքը լցնում է իմ սիրտը մի սրբազան հպարտությամբ, որ ես վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը:

— Կգնամ, Սամվել, անպատճառ կգնամ, — կրկնեց օրիորդը ավելի ջերմ կերպով: — Իմ մայրը կորավ, հայրս գնաց որոնելու մորս: Չգիտեմ, կվերադառնա, թե ոչ: Մեր լեռնականները սաստիկ հուզման մեջ են, ես հազիվ կարողանում եմ զսպել նրանց կատաղությունը: Նրանք սիրում էին իմ մորը: Մի մասը կթողնեմ մեր երկրի պահպանության համար, իսկ մի մասը ինձ հետ առնելով, կգնամ և իմ խումբով կմիանամ այն բանակի հետ, որ պիտի գումարվի Փառանձեմ տիկնոջ շուրջը: Թո՜ղ հայոց Տիկինը մի օրիորդ զորապետ ևս ունենա յուր քաջերի թվում: — Այդ նրան կուրախացնե...

Սամվելը այժմ սկսեց ավելի լուրջ կերպով յուր համակրությունը հայտնել օրիորդի դիտավորության ո՜չ միայն վերին աստաիճանի հերոսական բնավորություն ունենալու մասին, — այլ բացատրեց նրա ձեռնարկության և՜ անհրաժեշտությունը, ասելով.

— Եթե դու այդ մտքին չգայիր, ես ինքս պետք է խնդրեի քեզնից այդպես անել, սիրելի Աշխեն: Թե՜ իմ հայրը և թե՜ Մերուժան Արծրունին պարսից Շապուհ թագավորից հատկապես հրահանգներ են ստացել նախարարների կանանց և զավակների մասին, որ ամեն տեղ ձերբակալեն նրանց և պահեն առանձին բերդերում, մինչև նրանց ամուսինները անձնատուր կլինեին: Եվ քո մորը այդ նպատակով են տարել: Դու մի բախտով ազատվեցար, սիրելի Աշխեն: Եթե դու հորդ հետ որսի գնացած չլինեիր, եթե դու այն գիշերը, երբ նրանք պաշարեցին ձեր ամրոցը, այնտեղ գտնվեիր, ես անպատճառ քեզ կորցնելու դժբախտությունը կունենայի, որովհետև քեզ ևս կտանեին: Հայոց նախարարներին հայտնի է հիշյալ հրահանգը, այդ պատճառով շատերն իրանց ընտանիքների հետ շտապում են ապաստան գտնել գլխավոր բանակում, հայոց տիկնոջ մոտ:

Վերջին խոսքերը, երևի, վիրավորեցին օրիորդի անձնասիրությունը, և նա բավական ազդու ձայնով պատասխանեց.

— Ես չեմ գնում հայոց տիկնոջ բանակը ապաստանի կամ փախուստի տեղ որոնելու, Սամվել: Ես գնում եմ Ռշտունյաց փոքրիկ ուժերը խառնելու հայոց ընդհանուր զինվորության հետ: Եթե հարկավոր լիներ թաքչիլ և իմ անձը միայն պահպանել, դրա համար մեր լեռներում շատ ամուր տեղեր կան: Թե ի՜նչ հրահանգներ են ստացել Շապուհից քո հայրը կամ Մերուժան Արծրունին, այդ ես չգիտեմ, ես այժմ միայն լսում եմ քեզանից: Բայց այնքանը հաստատ գիտեմ, որ եթե նրանք ցամաքի կողմով մոտենային մեր ամրոցներին, ո՜չ միայն տիրել չէին կարող, այլ թե՜ իրանք և թե՜ իրանց բերած պարսիկ զորքերը կանհետանային մեր լեռների մեջ: Այդպես էլ եղավ, բայց ոչ բոլորովին...

Օրիորդը ավելի մանրամասն տեղեկություններ տվեց թշնամու արշավանքի մասին, քան թե գիտեր Աամվելը: Ասաց, իրավ, հարձակման գիշերը թե՜ ինքը և թե՜ յուր հայրը, որսորդության առիթով, բացակա էին ամրոցից, և այդ նպաստեց նրանց թշնամու ձեռքը չընկնել: Ամրոցում մնացել էր միայն մայրը փոքրաթիվ բերդապահների հետ: Թշնամին յուր արշավանքը կատարել էր երկու կողմից և այդ նպատակով յուր զորքերը երկու մասն էր բաժանել: Մի մասը եկել էր ցամաքի ճանապարհով, իսկ մյուս մասը ծովային ճանապարհով: Վերջինները պաշարել էին կղզին և, զորեղ ընդդիմադրություն չգտնելով, կարողացել էին տիրել ամրոցին: Իսկ ցամաքի ճանապարհով եկածների մեծ մասը ջարդվել էին լեռնային կիրճերի և փապարների մեջ: Նրանցից խիստ սակավներին հաջողվել էր փախչել դեպի Վան:

Սամվելն այժմ միայն հասկացավ այն պատերազմական տխուր երևույթների պատճառները, որ ճանապարհին ամեն քայլում հանդիպում էին նրան, և այնպես սաստիկ կերպով գրավում էին նրա ուշադրությունը: Նա գրկեց օրիորդին և խիստ զգացված ձայնով բացագանչեց.

— Հավատում եմ ձեր ահռելի լեռներին, հավատում եմ ձեր մթին անտառներին, հավատում եմ և ձեր լեռնականների քաջությանը, սիրելի Աշխեն, որովհետև իմ անձի վրա փորձեցի նրանց զորությունը…

— Ի՞նչպես, — հարցրեց օրիորդը, ազատվելով նրա գրկից:

— Ես ոտք դրի ձեր հողի վրա 300 հոգով, իսկ այժմ իմ մարդիկներից մնացել են 43 հոգի միայն:

Օրիորդը գունաթափվեցավ:

— Միթե կարելի՞ է այդպես անզգույշ լինել, Սամվել, — ասաց նա շփոթված ձայնով: — Ինչո՞ւ նախապես իմացում չտվեցիր ինձ քո գալու մասին: Ինչո՞ւ կորցրիր դու քո մարդիկը:

— Ես մի քանի րոպե առաջ ասացի, որ նամակ էի գրել, բայց,նամակը քեզ չէր հասել: Այդ թողնենք, — խոսքը փոխեց նա, — մնացած քառասունևերեք հոգին դարձյալ շատ բավական են ինձ համար՝ գնալու այնտեղ, ուր ես ցանկանում եմ…

Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա,որ օրիորդը ստիպված եղավ հարցնել.

— Ո՞ւր պիտի գնաս:

— Հորս մոտ…

— Դու տակավին նրան հա՞յրս ես համարում, Սամվել, — գոչեց օրիորդը, և զայրացած կերպով երեսը շուռ տվեց:

— Այո՜, Աշխեն: Ես տակավին սիրում եմ նրան: Ես պետք է տեսնվեմ նրա հետ, անպատճառ պետք է տեսնվեմ: Ես դեռևս հույս ունեմ, որ իմ լացով և արտասուքով կարող կլինեմ դարձնել նրան յուր չար ճանապարհից: Իսկ եթե չի հաջողվի ինձ, այն ժամանակ…

— Այն ժամանակ ի՞նչ կանես:

— Այդ մի՜ հարցրու, սիրելի Աշխեն, աղաչում եմ քեզ: Մի՜ հարցրու:

Օրիորդը մնաց մտատանջության մեջ: Այսպիսի պատասխան նա չէր սպասում, և ոչ կարող էր երևակայել, թե կա աշխարհում մի բան, որ Սամվելը գիտե և նրանից թաքցնում է: Նա Սամվելի սիրտը յուր սիրտն էր համարում և նրա միտքը յուր միտքն էր համարում: Ուրեմն ի՞նչն էր ստիպում նրան ծածկամիտ լինել, և ո՞ւմ մոտ, — յուր մոտ:

— Ես չեմ հարցնի, Սամվել, թե դու ի՞նչ պիտի անես, — ասաց նա վշտացած ձայնով, — բայց կասեմ, որ մռայլ մտքեր են թաքնված քո խոսքերի մեջ…

Սամվելի ժպիտը ավելի գրգռեց նրան, երբ հեգնությամբ պատասխանեց,

— Եթե իմ խոսքերի մեջ ծածկյալ մտքեր կան, կարող ես հավատացած լինել, սիրելի Աշխեն, որ նրանք մռայլ չեն, այլ, ընդհակառակն, շատ պարզ ու պայծառ են... Ես այժմ այդքանով միայն կարող եմ հանգստացնել քեզ, որ երբեք վատ կամ անազնիվ գործ չեմ կատարի: Իսկ իմ տեսությունը իմ հոր հետ` ո՜չ միայն կարևոր է, այլ շա՜տ և շա՜տ անհրաժեշտ է…

— Իզուր ժամանակ պիտի կորցնես, Սամվել: Դու դեռևս հույս ունես, որպես ասում ես, քո լացով ու արտասուքով պիտի կարողանաս դարձնել քո հորը յուր չար ճանապարհից: Բայց ինչո՞ւ չես մտածում, որ նա ևս կաշխատե քաշել քեզ յուր ճանապարհի վրա: Ես բնավ տարակույս չունեմ, որ երբ դու կներկայանաս նրան, նա անպատճառ կառաջարկե քեզ աջակցել իրան: Դու, իհարկե, կմերժես: Այն ժամանակ, որպեսզի նրան խոչընդոտ չդառնաս, կկալանավորե քեզ, կդնե բանտը, և այսպիսով կզրկե քեզ քո բոլոր ձեռնարկություններից, որ ավելի կարևոր են:

— Նա այդ աստիճան անգութ չի լինի:

— Եվ դրանից ավելի անգութ կլինի: Նա՜, որ չխնայեց իմ մորը, յռւր հարազատին, յուր. արյունակցին, յուր քրոջը, անտարակույս, չի խնայի և հարազատ որդուն:

«Այն ժամանակ ես էլ չեմ խնայի…» — յուր մտքում ասաց Սամվելը և, ,դառնալով դեպի օրիորդը, ավելացրեց,

— Վստահ եղի՜ր իմ խոհեմության վրա, սիրելի Աշխեն, ես մինչև այնտեղը չեմ հասցնի, որ նա ինձ բանտարկե:

Օրիորդը դեռ ոչ-բոլորովին հանգիստ էր:

— Ի՞նչ է մտածում քո մայրը, — հարցրեց նա:

— Իմ մայրը բոլորովին կամակից է հորս հետ: Քեզ հայտնի է նրա փառասիրությունը, քեզ հայտնի է և նրա ատելությունը դեպի առհասարակ բոլոր Արշակունիները: Շապուհը խոստացել է նրա եղբորը, Մերուժանին, տալ հայոց թագավորությունը, եթե կատարելու լինի պարսից ցանկությունները: Այդ խոստմունքը, որի իրագործման մասին մայրս մեծ հույսեր ունի, բոլորովին խելքից հանել է նրան: Նա այժմ պատրաստ է ամեն բանի համար, և պարսից կրոնը ընդունել, և քրիստոնեությունը ոչնչացնելու հոգ տանել, մի խոսքով ամեն ձեռնարկություն հանձն առնել, միայն թե յուր եղբայրը հայոց թագավոր լինի:

— Իսկ քո հորը ի՞նչ է խոստացել Շապուհը:

— Հայոց սպարապետությունը:

— Մայրդ գիտե՞ , որ դու գնալու ես հորդ մոտ:

— Ի՞նչպես չգիտե: Նա ինքը կարգադրեց իմ ճան ապարհի բոլոր պատրաստությունները, և այնքան շքեղ, այնքան փառավոր հանդերձանքով, որ արքայավայել պետք էր համարել: Նա ինքը կազմակեպեց իմ ստվար ասպախումբը, իմ համհարզների բազմությունը, որոնք կորան ձեր անտառների մեջ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ազատվեցա նրանցից: Նրանք ինձ համար մի անտանելի ծանրություն էին: Պետք է շնորհակալ լինել ձեր լեռնականներից, որ իմ բեռը թեթևացրին…

Արևը արդեն լցրել էր փոքրիկ ձորակը յուր ջերմ ճառագայթներով, օրից բավական անցել էր: Նրանք տակավին խոսում էին: Օրիորդի դերը որոշված էր: Բայց Սամվելինը դեռ մնում էր տարակուսական: Աշխենը ոչինչ երկբայություն չուներ նրա անկեղծության մասին, գիտեր, թե որքան ազնիվ և հավատարիմ էր նա: Բայց վախենում էր նրա կյանքի մասին, այն կյանքի, որի հետ կապված էր և յուր կյանքը: Սամվելի ձեռնարկությունը նրան չափազանց վտանգավոր էր թվում, թեև, մյուս կողմից, նրա խելքի և քաջության վրա մեծ վստահություն ուներ: Նա չկասեցրեց սիրված երիտասարդին յուր նպատակներից, միայն հարցրեց,

— Դու ե՞րբ կվերադառնաս:

— Այդ չեմ կարող ասել, սիրելի Աշխեն, որովհետև չգիտեմ, թե ե՞րբ կամ որտե՞ղ կգտնեմ հորս: Բայց հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ:

— Մենք որտե՞ղ կհանդիպենք միմյանց:

— Այստեղ: Ես կրկին կգամ քեզ մոտ, և միասին կգնանք հայոց տիկնոջ բանակը:

— Ինձ շատ ցանկալի կլիներ սպասել քեզ, Սամվել, եթե քո վերադարձը որոշված լիներ: Բայց ես հենց այս շաբաթ պետք է պատրաստվեմ ճանապարհ ընկնելու դեպի բանակը: Այնտեղ կտեսնվենք, եթե աստված տնօրինել է կրկին տեսնվիլ միմյանց հետ… Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ձայնը դողաց:

Սամվելը զգացվեցավ և նրա ձեռքը առեց յուր ափերի մեջ:

— Վճռվա՛ծ է, — ասաց նա ներքին վրդովմունքով: — Մենք կտեսնվենք հայոց տիկնոջ բանակում: Այն ժամանակ, ես հույս ունեմ, սիրելի Աշխեն, երբ առաջին անգամ կհանդիպենք միմյանց, դու կհամբուրես իմ ճակատը և կասես. «Դու արժան՛ ես ինձ», և այդ կլինի իմ ամենամեծ վարձատրությունը այն վտան — գավոր ձեռնարկության համար, ուր հայրենյաց նախանձախնդրությունը մղում է ինձ... Մեր պայմանները վերջացած են: Ես այլևս չեմ ուշացնի քեզ, գիտեմ, որ քո լեռնցիները անհամբեր սպասելիս կլինեն քեզ: Գրկի՜ր ինձ, սիրելի Աշխեն, և տուր քո համբույրը և քո օրհնությունը: Աստված կլսե անմեղ շրթունքների ձայնը: Ես գնում եմ թշնամու բանակը: Իմ ճանապարհը և կորստյան, և փառքի ճանապարհ է: Քո համբույրը կոգևորե և թև կտա ինձ, իսկ քո օրհնությունը կփարատե ամեն արհավիրք: Գրկի՜ր ինձ, սիրելի Աշխեն…

Նրանք գրկվեցան: Երկար լուռ արտասուքը հեղեղի նման հոսում էր նրանց աչքերից, բայց անզոր էր շիջուցանելու այրվող սրտերի կրակը: Երկար լուռ հեկեկանքը ալեկոծում էր նրանց, և «Արտասուքի աղբյուրը» յուր տխուր հառաչանքներով ձայնակից էր լինում նրանց դառն հառաչանքներին…