Սամվել
 Է
Թ 

ՇԱՊՈՒՀԸ ԶԱՐԵՀԱՎԱՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄՈՏ

«Ապա յետ այսօրիկ խաղաց գնաց թագաւորն Պարսից Շապուհ ամենայն իշխանությամբ զօրաց իւրոց եւ չոգաւ էլ յերկիրն Հայոց. եւ առաջնորդ ունէր ընդ իւր զՎահան ի Մամիկոնեան տոհմէն, եւ զՄերուժանն յԱրծրունեաց տոհմէն...

«Իբրեւ էր բանակն Շապհոյ թագաւորին Պարսից ի գաւառն Բագրեւանդայ յաւերս քաղաքին Զարեհաւանիք… ածին ժողովեցին առաջի թագաւորին Պարսից զամենայն գերին մնացորդաց աշխարհին Հայոց. ապա հրաման տայր թագաւորն Պարսից Շապուհ, զամենայն այր ի չափ հասեալ կոխան արարեալ փղաց եւ զամենայն զկին եւ զմանուկ հանել ընդ ցից սայլից: Հազարք հազարաց եւ բիւրք բիւրուաց սպանին, զի ոչ գոյր թիւ կամ համար սպանելոցն: Եւ զկանայս ազատացն եւ նախարարացն զփախուցելոցն հրաման տայր ածել յասպարէզն` որ էր ի Զարեհաւան քաղաքի: Եւ հրաման տայր հոլանել զամենայն ազատ կանանին, եւ նստուցանել աստի անտի ասպարիսին. եւ ինքն Շապուհ արքայ հեծեալ ի ձի, շավակի (արշավակի ) անցանէր առ կանանովն...

«Եւ զազգի Սիւնեաց տոհմին ամենայն զայր ի չափ հասեալ կոտորեցին, եւ զկանայս սպանին, եւ զամենայն մանր մանկտին ներքինիս հրամայէր առնել. եւ խաղացուցանել յերկիրն Պարսից: Եւ առնէր զայս ամենայն վասն վրիժուցն Անդուկայ, որ եղեւ պատերազմ ընդ Ներսեհ արքայ Պարսից»:

Փաւստոս:

Մերուժանի և Վահան Մամիկոնյանի պարտության համբավը կայծակի արագությամբ հասավ Տիզբոն: Այդ բոթը այն աստիճան ազդեց գոռոզ Շապուհի վրա, որ վճռեց անձամբ անցնել յուր զորքերի գլուխը և մի մեծ արշավանք կատարել դեպի Հայաստան: Նրան այնքան չէր ցավեցնում յուր գունդերի կորուստը, որ ընկան Վանա պարիսպների մոտ, որքան կատաղեցնում էր այն միտքը, որ յուր նպատակները հայոց վերաբերությամբ հենց առաջին անգամից անհաջողության հանդիպեցին:

Նրա զորքերի բազմությունը դեռ Ատրպատական չէր հասած, բայց սոսկալի շարշափը տարածվեցավ դեպի ամեն կողմ: Նա գալիս էր, որպես մի մրրկածուփ հեղեղ, ամեն ինչ ողողելու, ամեն ինչ ոչնչացնելու համար: Հայոց նախարարներից շատերը նրա երյուղից թողեցին իրանց ընտանիքները, թողեցին իրանց բերդերը և փախան դեպի զանազան կողմեր: Իսկ մնացողները ամրացան անմատչելի լեռներում:

Հայաստանի արևելյան մասը, որ սահմանակից էր պարսից, նա յուր առջև բոլորովին բաց գտավ: Որտեղից և անցնում էր, յուր ետևից թողնում էր ավերակներ, տխուր անապատ և ամայություն: Քաղաքներն ու ավանները կրակի ճարակ էին դառնում, իսկ փախչելու անկարող բնակիչները գերվում էին: Նրան առաջնորդում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը:

Նա մտավ Բագրևանդ գավառը և յուր ծանր բանակը դրեց Զարեհավանի ավերակների մոտ, որ կործանված էր նրա հառաջապահ զորքերից:

Այստեղ դիմեց նա հայոց տիկնոջը, Փառանձեմին, ձերբակալելու մտքով, որ այդ ժամանակ գտնվում էր Ծաղկանց լեռների սարավանդների վրա — Շահապիվանում: Ծաղկանց լեռները արքայական ամառանոցներ էին: Բայց մինչև նրա հասնելը, հայոց տիկինը խույս տվեց և տասնումեկ հազար զինվորներով մտավ Երասխաձորի Արտագերս բերդը:

Առավոտ էր, այն ողբալի առավոտը, որի մյուս օրը Շապուհը պետք է չվեր պաշարելու Արտագերս բերդը: Այս առավոտ նրա հրամանով կատարվեցան այնպիսի գործողություններ, որ վայել չէին ոչ արքայի և մարդու:

Լուռ և տխուր հոսանքով վազում էր Արածանին (Եփրատը), կարծես չտեսնելու համար այն գազանային անգթությունները, որ այս առավոտ պետք է կատարվեին նրա ափերի մոտ:

Գետի մի կողմում, նպատ լեռան լանջաց վրա, կազմված էին արքայական վրանները, բոլորը լաջվարդի գունով և մինը քան մյուսը ավելի շքեղ և ավելի փառավոր: Վրանների գույնը, միախառնվելով լեռան կանչազարդության հետ, ներկայացնում էին հիանալի տեսարան: Նրա հետ էր և յուր կանանոցը: Պարսից թագավորները սովորություն ունեին, երկարատև արշավանքների ժամանակ, կանանոցը իրանց հետ տանել: Կանանց փակ վրանները դրսից չէին երևում, որովհետև շրջապատված էին բարձր սարայփարդաներով, որ կտավյա սպիտակ պարտակներից կազմված, բոլորակ վանդակապատի ձև ունեին:

Գետեզերքի գեղեցիկ տափարակների վրա, հեռու և հեռու, տարածվում էր ընդարձակ բանակը: Այնտեղ զետեղված էին զորքերի և զորապետների վրանները: Գույնզգույն դրոշակները ծածանվում էին, որ նշանակ էին յուրաքանչյուր գնդի առանձնությանը:

Արքայական վրանի կոնաձև գագաթին դրած էր մի ոսկեղեն գունդ, որի վրա փայլում էր պարսկական սրբազան վառը — ոսկեձույլ, ոսկեճաճանչ արեգակը: Այդ վրանի մեջ Շապուհը նստած էր փղոսկրյա քառակուսի թախտի վրա, որ զարդարած էր գեղեցիկ քանդակներով: Այս առավոտ հագած ուներ արյունագույն — կարմիր պատմուճան: — Այդ արդեն նշան էր, որ արյան հետ գործ պետք է ունենա: Գլխին կրում էր փառավոր խույրը, որի առջևի կողմից, ճակատի վրա, մարգարտաշար նարոտներով կապած էր արքայական ոսկյա գարգմանակը, որ փողփողում էր արեգնային ճաճանչներով: Կուրծքը, ուսերից սկսած, պատած էր գոհարազարդ ապիզակով, որ հասնում էր մինչև նույնպես գոհարազարդ գոտին: Թևքերի վրա, արմունկներից վերև, կապված էին ոսկյա ապարանջաններ: Երկու ականջներից քարշ էին ընկած երկու ծանր գինտեր: Իսկ աջ ուսից ձգած էր հմայքներով լի համայիլը, որ զարդարած էր գույնզգույն խոշոր քարերով, և որը կողմնակի կերպով անցնում էր կուրծքի վրայով և յուր երկու ծայրերով միանում էր ձախ թևքի տակում: Այդ համայիլի վրա գործ էին դրել նրա մոգերը իրանց բոլոր կախարդական արհեստն ու գիտությունը: Յուր թախտի վրա նստած էր նա չոքած կերպով: Գավազանի փոխարեն երկու ձեռքով բռնած ուներ մի երկաթյա ծանր լախտ, գնդաձև գլխով, որ հորիզոնական դիրքով դրած ուներ ծնկների վրա: Նրա ետևում հսկում էր Դրան զինակրապետը, որ ձեռքում բռնած ուներ արքայական սուրը: Աջ կողմում կանգնել էր Մերուժան Արծրունին, իսկ ձախ կողմում` Վահան Մամիկոնյանը — Սամվելի հայրը: Երկուսն էլ նրա փեսաներն էին, երկուսն էլ գտնվում էին կատարյալ զինավառության մեջ:

Վրանից դուրս, մուտքի այս և այն կողմերում, կարգով շարված էին նրա գլխավոր զորապետները, պալատականները և այլ ավագանին: Ամենքը լուռ էին և խորին երկյուղածությամբ սպասում էին թագավորի ձայնին:

Միջահասակ էր նա, թուխ դեմքով և խոշոր, վառվռուն աչքերով: Կարճ կտրած սև մորուքը սփռված էր ոսկու փոշիով: Դեմքի վրա նշմարվում էր ահավորություն և խստություն: Նա գտնվում էր այն սրբազան ձորի մեջ, որ լի էր անմոռանալի հիշատակներով, որ ամենահին ժամանակներից եղել էր կրոնների և պաշտամունքների օրորան: Այդ ձորով անցնում էր Արածանին — հայոց սիրելի Հորդանանը: Այդ գետի նվիրական ափերի մոտ բարձրանում էր վեհապանծ Նպատը — հայոց սուրբ Սինան, — որի այրերում մի ժամանակ ճգնում էր հայոց Լուսավորիչը, որի այրերում և հանգյավ նա: Այժմ քրիստոնեության թշնամի թագավորի բանակը դրած էր քրիստոնեության նախկին օրորանի մեջ: Լուռ էր նա, և մտահույզ աչքերը հառած էին դեպի մի հոյակապ վանք, որ կանգնած էր նրա հանդեպ, Նպատ լեռան լանջաց վրա: Գեղեցիկ վանքը, յուր գմբեթների բարձրությամբ, կարծես, մրցել էր կամենում շրջակա բարձրությունների հետ:

— Այդ ի՞նչ վանք է, — դարձավ նա դեպի Մերուժան Արծրունին:

— Դա ս. Հովհաննու վանքն է, տե՜ր արքա, — պատասխանեց Մերուժանը, ավելացնելով. — Այդ վանքի տեղումն էր հայոց ամենահին սրբարաններից մեկը՝ Բագավանը, որի մեջ կանգնած էր «վանատուր» (հյուրասեր) Արամազդի մեծագանձ մեհյանը: Ամեն մի անցորդ, ամեն մի օտարական նրա բազմաթիվ օթևաններում հյուրասիրություն և գիշերային հանգստություն էր վայելում: Այստեղ, յուրաքանչյուր տարի, հայոց Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր «ամանորի» (նոր տարու) աշխարհախումբ տոնախմբությունը: Ներկա էր լինում հայոց թագավորը յուր նախարարների հետ: Օրհնում էին հասունացած պտուղները և նվիրում էին հյուրասիրության աստուծուն: Մշտավառ պահվում էր նրա տաճարում որմզդական երկնային հուրը, և քուրմերի ահագին բազմություն սպասավորում էին սուրբ սեղանին:

Շապուհի թուխ դեմքը ավելի մռայլվեցավ այն տպավորության ներքո, որ այդ բոլորը, որ այնքան նման էին, որ այնքան զուգապատշաճ էին պարսից պաշտամունքներին, — այժմ չկային, վաղուց ոչնչացրած էին, և այժմ նրանց տեղում կանգնած էր քրիստոնեական վեհափառ տաճարը:

— Ո՞վ կործանեց այդ մեհյանը, — հարցրեց նա:

— Հայոց Գրիգոր քահանայապետը, — պատասխանեց Մերուժանը, — որին անմտությամբ Լուսավորիչ են կոչում:

— Նա՞, որ հայերին Մազդեզանց լույսից հանեց և քրիստոնեական մոլորությունների մեջ ձգեց:

— Այո՜, նա, տե՜ր արքա: Այդ կատարվեցավ այն ժամանակ, երբ նա նույնիսկ այդ գետի մեջ, որ մեր առջևում հոսում է մկրտեց հայոց Տրդատ թագավորին յուր բոլոր մեծամեծների հետ: Հայերը մինչև այսօր հավատում են, թե մկրտության միջոցին երկնքից սյունի նմանությամբ լույս ծագեց, որի գլխին արեգնային ճառագայթներով փայլում էր խաչի նշանը, և մնաց գետի վրա այնքան ժամանակ, մինչև ամենքը մկրտվեցան:

Լսելով Մերուժանի վերջին խոսքերը, Շապուհի դեմքի վրա անցավ ժպիտի նման մի ցնցում:

— Պետք է այդ կյանքը կործանվի՛, — ասաց նա, — և որպես առաջ, նույնպես և այժմ, պետք է կրկին վառվի՜ նրա մեջ որմզդական սուրբ հուրը:

— Արքայից արքայի կամքը արդեն կատարված է, — պատասխանեց Մերուժանը մի առանձին պարծենկոտությամբ: — Նրա մեջ ատրուշանը պատրաստված է և սուրբ հուրը վառվում է: Երեկ հրավիրեցի գերիներին և առաջարկեցի, որ երկրպագություն տան կրակին. ոմանք ընդունեցին, իսկ շատերը համառությամբ մերժեցին: Այժմ արքայից արքայի բարձր հրամանիցն է կախված, թե ի՞նչ պետք է անել այդ մոլորյալների հետ:

— Բոլորին պատժել, որ մյուսներին օրինակ լինի, — ասաց թագավորը, և նրա խոշոր աչքերը վառվեցան անողոք բարկությամբ: — Արևելքից մինչև արևմուտք պետք է տիրե Մազդեզանց կրոնը, և ամեն ընդդիմացող մահվան չարաչար պատիժը պետք է կրե:

— Այդպես ևս կարգադրված է, տե՜ր արքա, այժմ կսկսվի դատապարտության հանդեսը:

Մի տափարակի վրա, որ մոտ էր գետեզերքին, անհամբերությամբ սպասում էին փղերի վարժեցրած երամակները: Փղապանները ավելի և ավելի գրգռում էին նրանց, և ամեհի գազանները զարհուրելի ձայներ էին հանում: Հրապարակի մի կողմում կանգնեցրել էին այն գերիներին, որոնք մերժել էին կրակին երկրպագություն տալ: Լուռ և թախծալի դեմքերով սպասում էին այդ թշվառ նահատակները օրհասի վերջին րոպեներին: Բայց նույն թախծության մեջ նշմարվում էր մի վսեմ, հոգևոր մխիթարություն:

Կարծես Եփրատի սրբազան hովիտին վիճակված էր նահատակությունների հանդիսարան լինել: Այստեղ նաhատակվեցան Ոսկյանք, այստեղ նահատակվեցան և Սուքիասյանք: Այստեղ, որպես Իսրայելի Մովսեսը Նաբավ լեռան խորքերում, նույնպես և Հայաստանի Մովսեսը — Լուսավորիչը — անհայտացավ Նպատ լեռան մթին այրերի մեջ: Ամենախորին ժամանակներից այդ հովիտը միշտ մի արյունոտ հանդիսարան է եղել կրոնների պատերազմի: Եվ սկսյալ Մաժան քրմապետի արյան հեղեղումից մինչև Շապուհի կատարած վերջին նահատակությունները նա միշտ ցողված է եղել սուրբերի արյունով...

Մի խումբ նվագածուներ սկսեցին հնչեցնել փողերը և դափել թմբուկները: Այդ ձայներից փղերը ավելի զվարճացան, ավելի ոգևորվեցան: Սկսեցին դիվական ուրախությամբ պարել: Այդ միջոցին պարսից կարմրազգեստ դահիճները բերում էին հայոց չափահաս և անչափահաս գերիներին և խմբերով ածում էին փղերի առջև: Նախ ձգեցին նրանց առջև փոքրիկ մանուկներին: Անագորույն անասունները նույն գվարճալի խաղն էին խաղում իրանց զոհերի հետ, ինչ խաղ որ խաղում է կատուն մկան հետ, երբ ծուղակից հանելով նրա առջևն են ձգում: Ահարկու կնճիթներով հափշտակում էին թշվառներին և գնդակի նման դեպի վեր էին նետում: Նրանք ընկնում էին, դառն հառաչանքներ արձակելով: Դարձյալ բռնում էին, և, օդի մեջ պտտացնելով, զարկում էին գետնին: Այսպես շարունակում էին դժոխային խաղը, մինչև բոլորովին անշնչանում էին: Հետո ոտքերի տակ կոխ տալով, փշրում էին նրանց բոլոր ոսկերոտիքը և, իբրև մի տափակացրած բամբակի կտոր, կրկին բռնում էին կնճիթներով և նետում էին գետի մեջ: Դժբախտ Եփրատը հետզհետե լցվում էր դիակներով, և նրա պարզ ու հստակ ջուրը արյունի գույն էր ստանում... Այսպես հազարավոր անձինք փղերի ոտքի կոխան եղան:

Այդ տեսնում էր Շապուհը յուր վրանից: Այդ տեսնում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, որ ներկա էին նրա մոտ: Եվ նրանց զվարճությունը ավելի մեծ էր փղերի զվարճությունից...

— Հիմա այդ դատապարտյալները դժո՞խքը կգնան, թե՞ հայոց դրախտը, — հարցրեց արքայից արքան դառն ծիծաղով:

— Նրանք հավատացած են, որ դրախտը կգնան, — պատասխանեց Մերուժանը նույնպես ծիծաղելով:

— Այդ հիմարները, — մեջ մտավ Վահան Մամիկոնյանը, — ոչինչ մահ այնքան ուրախությամբ չեն ընդունում, որպես մահը կրոնի համար:

— Իսկ մեր փղերը այս տեսակներին պատժելուց չեն հոգնի, — ասաց արքայից արքան: — Եվ մեր աստվածներին շատ հաճելի կլինի այսպիսիների արյան հեղումը: Երդվում եմ իմ հարց երեսի պայծառ լույսով, երդվում եմ Որմիզդի սուրբ անունով, որ չպիտի խնայեմ ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի, և ամեն ոք, ազնվատոհմ, թե ռամիկ, չարաչար կպատժվին, երբ կընդդիմանան մեր կամքին, որը հզոր աստվածների կամքն է:

Այսպես խոսում էր արքայից արքան, և նրա ահավոր ձայնը դղրդեցնում էր ամբողջ բանակը:

Այդ միջոցին, փղերի գազանային հանդիսարանից փոքր-ինչ հեռու, ներկայանում էր այլ բարբարոսություն: Հրապարակի վրա շտապով քարշ էին տալիս մի տեսակ շարժական մեքենաներ, որ անիվավոր սայլակների ձև ունեին: Սայլակների յուրաքանչյուրի վրա բարձրանում էր մի երկաթյա ձող, որ երկար, սրածայր ցիցերի նմանություն ունեին: Նրանց բազմությունը իրանց ձողերով հեռվից պատկերացնում էին նավակների մի խումբ, որ խարսխած էր լինում նավահանգստում, և միայն ցցված կայմերն են երևում: Երբ մեքենաները կարգով կանգնեցրին հրապարակի վրա, սկսվեցավ դժոխային գործողությունը:

Հայոց գերիների թվում կային և շատ ազատանի կանայք ու օրիորդներ: Դրանք այն փախստական նախարարների կանայքն ու օրիորդներն էին, որ, Շապուհի գալուստը լսելով, չկամեցան անձնատուր լինել, այլ թողին իրանց ամրոցները անտեր և գնացին դեպի զանազան կողմեր: Այդ ազատանի կանայքը պահվում էին առանձին վրաններում, որ շատ հեռու չէին Շապուհի խորաններից: Թագավորական ներքինիները մտան նրանց վրանները, մերկացրին բոլորին և այնպես մերկ ու հոլանի դուրս բերեցին վրաններից և երկար շարքով կանգնեցրին հրապարակի վրա, ձողավոր մեքենաների շուրջը:

Գարշելի՛ մի տեսարան էր այդ, որ պարսկական անպատկառ անամոթությունը միայն կարող էր հնարել: Բայց անամոթությանը գերադասում էր պարսկական անգթությունը: Մերկանդամ շարքերով կանգնած էին պարկեշտասուն կանայք ու օրիորդները և իրանց մտքում երանություն էին տալիս այն բախտավորներին, որոնք փղերի ոտքի կոխան էին դառնում և գոնե միանգամից ազատվում էին Շապուհի վայրագությունից: Շատերը կանգնել չէին կարողանում, ուշաթափ էին լինում և ցած էին ընկնում: Բայց ներքինիները կրկին բարձրացնում էին նրանց: Շատերը, խելագարի նման, փետտում էին իրանց մազերը, ծվատում էին իրանց աչքերն ու երեսը, կոծում էին իրանց կուրծքը և լալագին ձայնով աղաղակներ էին բարձրացնում: Բայց ներքինիների մտրակը շառաչում էր նրանց մերկ մարմնի վրա, թողնելով յուր տեղում մի երկար արյունագույն գիծ: Նրանք լռում էին...

Դա՜ մի դա՛ռն նախատինք էր, դա՜ մի ծա՛նր անարգանք էր, որով Շապուհը կամեցել էր պատժել հայոց ազնվականներին, նրանց կանանցը, մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև:

Զինվորները խուռն բազմությամբ հավաքվում էին հանդիսատես լինելու:

Հայտնվեցավ մովպետան-մովպետը, շրջապատված յուր ճերմակազգեստ մոգերով: Տիրեց ընդհանուր լռություն: Անցավ նա հրապարակի վրա, ձեռքը բարձրացրեց և, դառնալով դեպի կանանց շարքերը, խոսեց.

— Ձեր ամուսինների համառությունը ձեզ այդ նախատական վիճակի մեջ դրեց: Դուք քավում եք նրանց մեղքերը: Մե՜ծ է արյաց արքայից արքան, և անբա՜վ է նրա գթությունը: Նա ձեզ ներումն կշնորհե, և դուք վերստին կվայելեք ձեր նախկին փառքն ու պատիվը, եթե կկատարեք նրա բարձր հրամանը: Որպես արեգակը սփռում է յուր կենսատու լույսն ու ջերմությունը համորեն աշխարհում, այնպես և ամբողջ աշխարհը պետք է գոհության ծունր խոնարհեցնե նրա առջև: Նա է լուսո և կյանքի աղբյուրը. նրանից է բխում ամեն բարություն: Առանց նրան, կյանք և երջանկություն չկա. առանց նրան, տիրում է Ահրիմանի մթին խավարը: Նրա լուսապայծառ օրինակն է երկրի վրա որմզդական սուրբ հուրը: Երկրպագություն տվե՜ք նրան, և ձեզ փրկություն կլինի: Ձեզանից, որպես ազնվատոհմ կանանցից, ավելի իրավունք ունենք պահանջել այդ, որովհետև ձեր օրինակին պետք է հետևե ամբողջ Հայաստանի ռամիկը: Իսկ եթե դուք ևս ձեր ամուսինների նման կհամառվեք ձեր մոլորությունների մեջ, այն ժամանակ ձեզ համար պատրաստ կլինեն այդ սոսկալի մեքենաները, — նա ձեռքը տարավ դեպի ձողավոր սայլակները: — Կատարեցե՜ք արյաց արքայից արքայի կամքը, մե՜ծ է նրա զորությունը և անբա՜վ է նրա գթությունը:

— Թո՜ղ նրա զորությունը, թո՜ղ նրա գթությունը յուր հետ ի կորո՜ւստ մատնվի, — աղաղակեցին կանայք միաձայն: — Եվ թո՜ղ հավիտենական անեծքը լինի նրա մասն ու բաժինը: Մենք պատրաստ ենք միշտ այդպես գերի մնալ և ընդունել ամեն դատապարտություն, քան թե նրա չար կամքի և նրա անիրավ հրամանի գերին դառնալ:

— Կրկնում եմ, երեքկնում եմ, — ձայն տվեց մովպետան-մովպետը, — խնայեցե՜ք ձեր անձերին, խղճացեք ձեր զավակներին: Ձեր զավակները ձեր աչքերի առջև փղերի ոտքի կոխան կլինեն, իսկ դուք այդ սայլակների վրա կդատապարտվեք չարաչար մահվամբ:

— Ոչինչ չէ կարող խախտել մեր հավատը, ոչինչ չէ կարող վախեցնել մեզ: Թո՜ղ կատարվի չար բռնակալի չար կամքը: Մենք պատրաստ ենք:

Տեսնելով զայրացած կանանց հաստատամտությունը, մովպետան-մովպետը դարձավ դեպի դահիճները, հրամայելով.

— Կատարեցե՛ք...

Մոտեցան կարմրազգեստ դահիճները և, կատաղի գայլերի նման, հափշտակեցին հավատավոր կանանցից շատերին և տարան, կանգնեցրին սայլակների տախտակամածի վրա: Մեքենան որքան վարպետությամբ էր կազմված, այնքան և ահռելի էր: Դա ներկայացնում էր պարսկական անգթությունը յուր բոլոր բարբարոսությամբ: Երկաթյա ձողը, որ կայմի պես տնկած էր նրա մեջտեղում, կայմի նման պարաններ ուներ: Անմեղ զոհերին կապում էին պարաններով, քարշ էին տալիս և մի րոպեում բարձրացնում էին և շամփրում էին սրածայր ձողի գլխին: Քառորդ ժամ չանցավ, հրապարակի ամբողջ մթնոլորտը լցվեցավ մերկ դիակներով, որ կախված էին օդի մեջ: Բայց ավելի քան մահվան տագնապը, զարհուրելի էր այդ քաջ նահատակների զվարթությունը, որով նրանք մերձենում էին սոսկալի մեքենային: Բարձրանալով նրա գլխին, այդ առաջին աստիճանն էին համարում, որի վրա ոտք էին դնում՝ դիմելու դեպի հավիտենական երանությունը: Կնոջ արիությունը խորտակում էր ամբարտավան թագավորի մեծամտությունը, որ յուր վրանում նստած տեսնում էր նրանց տանջանքները, լսում էր նրանց դառն հառաչանքները և լի սանդարամետական բարկությամբ վրդովվում էր, ալեկոծվում էր, նկատելով, որ յուր անօրինակ բարբարոսություններն անգամ մնում են ապարդյուն, մնում են առանց ազդեցության...

Նա ցած իջավ թախտից և դուրս եկավ վրանից: Նրա հետ դուրս եկան Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Ամբողջ ավագանին, բոլոր դրանիկները, որ կանգնած էին նրա վրանի մուտքի հանդեպ, ընկան գետնի վրա և երկրպագություն մատուցեցին:

Նա նստեց յուր ձին և դիմեց բանակը: Նրան հետևում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Իսկ նրանց ետևից գնում էին արքայական թիկնապահները, ամենքը ձիավորված:

Թե՜ ինքը թագավորը և թե՜ յուր ձին վառվում էին ոսկու և գոհարների մեջ: Ձիու գագաթի վրա փայլում էր մի ճաճանչավոր մահիկ: Բանակը դիտելուց հետո, նա դիմեց դեպի այն կողմը, որտեղ կատարվում էր բարբարոսական գործողությունը:

Խորին ուշադրությամբ անցնում էր նա մերկանդամ կանանց շարքերի միջով և նայում էր յուրաքանչյուրի վրա: Մեկը նրանցից զայրացած կերպով ձայն արձակեց.

— Շապո՛ւհ, այդ վայել չէ մի թագավորի, որ իրան հասարակաց հայր է կոչում: Այսպես հրապարակապես խայտառակելով պատվավոր կանանց, դու խայտառակում ես քեզ: Քո բոլոր զորությամբ տկար կնոջ հետ այդպես վարվելով, դու ապացուցանում ես քո հոգեկան ողորմելի տկարությունը...

Նա ձիու գլուխը պահեց և, դառնալով դեպի Մերուժան Արծրունին, հարցրեց.

— Ո՞վ է այդ կինը:

— Սյունյաց Անդովկ իշխանի տիկինն է, — պատասխանեց Մերուժանը:

Վահան Մամիկոնյանը ամոթից, թե խղճի խայթից, գլուխը քարշ ձգեց: Սյունյաց Անդովկ իշխանը Մամիկոնյանների փեսան էր, և այդ պատկառելի տիկինը նրա հոր քույրն էր: Այդ պատկառելի տիկինը միևնույն ժամանակ հայոց թագուհու՝ Փառանձեմի մայրն էր: Որովհետև Արշակ թագավորը ամուսնացած էր Սյունյաց Անդովկ իշխանի դստեր՝ Փառանձեմի հետ:

Լսելով Անդովկի անունը, Շապուհի սպառնալի դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ:

— Դու ինձ նախատում ես, տիկին, — ասաց նա հեգնական ձայնով: — Դու ինձ նախատում ես, որ ես թագավորապես չեմ վարվում: Ապա այն վայելո՞ւչ էր, ապա այն լա՞վ էր, տիկին, որ քո ամուսին Անդովկ իշխանը գերի վարեց իմ նախորդ Ներսեհ արքայի ամբողջ կանանոցը և այրաց տիկնանց–տիկնոջը հափշտակեց, տարավ Սյունիք:

— Եվ անվայել չէր, Շապուհ, — պատասխանեց արիասիրտ տիկինը: — Իմ ամուսինը, իրավ է, քո նախորդ Ներսեհ արքայի կանանոցը գերի վարեց: Բայց որտեղի՞ց: Պատերազմի դաշտից, յուր մեծ հաղթությունից հետո: Իսկ դու գողի նման մտար իմ ամուսնի անտեր ու անպաշտպան ամրոցը և նրա ընտանիքը հափշտակեցիր: Եթե իմ ամուսինը Բյուզանդիայում չգտնվեր, դու այդ գողությունը անել չէիր կարող: Նա յուր գերիների հետ վարվեցավ այնպես, որպես օրեն էր մի ազնիվ իշխանի: Նա Ներսեհի կանանցից ո՜չ մեկի քողը չբարձրացրեց: Իսկ դո՜ւ մեզ մերկանդամ կանգնեցրել ես այդ հրապարակի վրա: Նա Ներսեհի կանանցը արքայավայել պատվով պահելուց հետո դարձյալ պատվով ետ ուղարկեց: Իսկ դու քո կին-գերիներին բարբարոսությամբ բարձրացնում ես այդ երկաթյա անարգ սյուների վրա: Ամո՛թ քեզ, Շապո՛ւհ, դու արատավորեցիր թե՜ թագավորի մեծությունը և թե՜ մարդու առաքինությունը:

— Մի՜ նախատիր ինձ, տիկին, — ասաց նա զայրացած կերպով: — Անմոռանալի են ինձ համար սյունեցիների հասցրած տառապանքները, և անբուժելի են իմ սրտում քո ամուսնի դրած վերքերը: Նա չէ՞ր, որ հրդեհեց, ավերակ դարձրեց իմ մայրաքաղաք Տիզբոնը և իմ բոլոր գանձերը ավարի առեց: Մինչև այսօր Տիզբոնը չէ կարողանում մոռանալ քո ամուսնի հասցրած հարվածները, մինչև այսօր իմ արքունիքի դարպասում դրված է մոխրով լի սանդը, որը ծեծելով ողբում են և անիծելով ասում են, «Սյունյաց իշխանների տերությունը և նրանց կյանքն ու զորությունը թո՜ղ այդ մոխրի նման փոշի դառնա... Եվ ես փոշի՛ կդարձնեմ... »

— Այդ դեռևս աստված գիտե, Շապո՜ւհ... — պատասխանեց տիկինը, և նրա վշտալի աչքերը վառվեցան բարկության կրակով: — Դու քո բոլոր հույսը դրել ես քո անգթության վրա և այդ երկու անպատիվ մարդկանց վրա, որ ընկած են քո ետևից, — նա ձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: — Դրանք երկուսն էլ դժբախտաբար իմ ազգականներն են, բայց եթե բնավ չլինեին, ես ավելի երջանիկ կհամարեի ինձ: Որքան դրանք հավատարիմ մնացին իրանց հարազատ թագավորին, այնքան և հավատարիմ կմնան քեզ...

Նա լռեց, և ապա շարունակեց.

— Դու, Շապո՜ւհ, հիշեցնում ես ինձ, թե ի՜նչպես իմ ամուսինը հրդեհեց Տիզբոնը և կողոպտեց քո գանձերը: Այդ ճշմարիտ է: Բայց այն ծանր վիրավորանքից հետո, որ դու հասցրիր իմ ամուսնին քո տան մեջ, քո սեղանի վրա, նրա կատարած վրեժխնդրությունը դեռ շատ բավարար չէր: Նա՜, իրավ է, հրդեհեց քո քաղաքը, կողոպտեց քո արքունիքը, բայց քո կանանցը ձեռք չմեկնեց, թեև, շատ հեշտ էր նրա համար՝ բոլորին գերի վարել Սյունիք և նրանց ձեռքով յուր ամրոցի՝ Բաղաբերդի փողոցները ավելել տալ: Բայց նա, իբրև ազնիվ մարդ, ազնվաբար վարվեցավ: Իսկ դո՜ւ...

Վերջին խոսքը մնաց տիկնոջ բերանում: Իսկույն դահիճները վրա հասան, նախ կտրեցին նրա լեզուն և ապա մաս-մաս հոշոտեցին նրա մարմինը...

Կատաղած թագավորի անգթությունը անցավ ամեն չափից, ամեն սահմանից: Հրամայեց` Սյունյաց իշխանի ամբողջ իգական սեռը կոտորել, իսկ տղաներին ներքինի դարձնել, որպեսզի Անդովկից ո՜չ մի ժառանգ չմնա և նրա տոհմը իսպառ բնաջինջ լինի ...