Սամվել/Երկրորդ գիրք/Թ
Թ
ԱՐՏԱԳԵՐՍ
«Ապա իբրեւ ետես տիկինն աշխարհին Հայոց, կինն Արշակայ թագաւորին Հայոց՝ Փառանձեմ, զզօրս թագաւորին Պարսից... առեալ ընդ իւր մարդիկ իբրեւ մետասան հազար՝ ազատս ընտիրս սպառազէնս պատերազմողս, եւ հանդերձ նոքօք դիմեաց եմուտ ի բերդն Արտագերից՝ որ ի յերկրին Արշարունեաց... Ապա եկին հասին ամենայն զօրքն Պարսից, շուրջ զբերդաւն նստէին, պահ արկանէին, պատեցին պաշարեցին... Եւ նստան շուրջ զբերդաւն ամիսք երեքտասան եւ առնուլ զբերդն ոչ կարացին, զի կարի ամուր էր տեղին»:
Փաւստոս:
Զարեհավանի եղեռնագործություններից հետո, Շապուհը ուղղակի դիմեց Արտագերս բերդը, որի մեջ ամրացած էր հայոց Փառանձեմ տիկինը՝ արքայական գանձերի հետ: Պարսից ընչաքաղց թագավորին այնքան չէր հրապուրում հայոց արքայի գանձերը, որքան հայոց արքայի կինը: Նրան ձերբակալելով նա ամբողջ Հայաստանը ձերբակալած էր համարում: Թագավորին վաղուց արդեն յուր ճանկերի մեջ ուներ նա: Մնում էր թագուհին:
Արտագերսը ուներ յուր տխուր պատմությունը: Նա Արշարունյաց գավառի ամուր և անմատչելի բերդերից մեկն էր, որ նախ պատկանում էր Կամսարականներին: Արշակ թագավորը խիստ ապօրինի միջոցներով խլեց նրանցից այդ բերդը և սեփականեց իրան: Այժմ անիրավությամբ հափշտակված բերդը նրա կնոջ ապաստարանն էր դարձել:
Տիկինը մտավ այդ բերդը տասնևյոթ հազար հոգով, որոնցից տասն և մեկ հազարը տղամարդիկ էին, իսկ վեց հազարը կանայք: Այդ բազմության մեծ մասը բաղկացած էր հայոց իշխանական տոհմերից, որոնք տագնապի ժամանակ միայնակ չթողին իրենց թագուհուն:
Մի քանի ամիսների համառ պաշարումից հետո, մի քանի ամիսների սաստիկ կռիվներից հետո, Շապուհը յուր բաղձանքների մեջ բոլորովին հուսախաբ գտնվեցավ: Նրա զորքերի անթիվ բազմությունը, իրանց ռազմական ահարկու պատրաստություններով, ո՜չ միայն բերդը գրավել չկարողացան, այլ ամեն անգամ պաշարվածներից չարաչար ջարդ կերան: Արյաց արքայից արքան, որի առջև ամբողջ արևելքն ու արևմուտքը դողում էր սարսափից, սկսեց կատաղությունից մրրկածուփ ծովի նման ալեկոծվիլ, սկսեց գազանային բարկությամբ փրփրիլ, երբ տեսնում էր, որ յուր բոլոր զորությունները ապադյուն կերպով փշրվում էին, խորտակվում էին Արտագերսի անսասան ապառաժների վրա:
Ծա՛նր էր Շապուհի դրությունը: Նա ընկել էր այն սոսկալի ցանցի մեջ, ուր Երասխը և արագավազ Ախուրյանը, հատանելով լեռնային սարավանդները և, խորին կիրճերի ու խոխոմների միջով ընթանալով, վերջապես, գրկվում են, իրանց ուժերը միացնում են, բազմաթիվ անհնարին որոգայթներ պատրաստելով հայոց թշնամիների համար: Այդ գետերի մթին քարանձավներում մի ժամանակ որջացած էին հայոց վիշապները և սարսափ էին տարածում դեպի ամեն կողմ: Իսկ այժմ իրանց թագուհու հետ ամրացած էին հայոց հսկաները: Հսկաները գործ ունեին արևելքի ահարկու հսկայի հետ:
Այնտե՜ղ, ուր Ախուրյանը և Երասխը միանում են միմյանց հետ, կազմելով մի սուր եռանկյունի, այնտե՜ղ, ուր սեղմված էր հին Երվանդաշատը, որի բարձրադիր որձաքարյա ամրության վրա ոտք դնելով, Երվանդը մինչև Արշակունիների գահը բարձրացավ, — այնտեղ կանգնած էր և Արտագերսը, ոչ այնքան հեռու հիշյալ բերդից: Նա կանգնած էր բարձր, կապտագույն ապառաժների վրա, և նրա ստորոտում, խորին անդունդի մեջ, որոտում էր Կապույտ գետը:
Արտագերսը ծանոթ էր Հռոմին, ծանոթ էր և Բյուզանդիային: Կայիոս կեսարը, Օգոստոս կայսրի որդեգիրը, նրա հզոր պարիսպների մոտ մահացու վերք ստացավ բերդի Ատտոն իշխանից: Իսկ Շապուհը համառությամբ պաշարումը շարունակում էր, համոզված լինելով, որ եթե զենքի ուժով չկարողանա գրավել, անշուշտ քաղցը և սովը կստիպեն անձնատուր լինել: Բայց բերդի ամբարներում բավական պաշար կար:
Նա բնության մեծ հրաշալիքն էր, որի հետ մարդը մաքառելու համար խիստ անզոր միջոցներ ուներ: Ժամանակի ռազմական անոթները ո՜չ հասնել և ո՜չ ազդել կարող էին նրա անմատչելի, բարձրադիր ամրությունների վրա:
Ավելի քան բերդի ամրությունը անխորտակելի էր պաշարյալների եռանդը: Անձնազոհությունը չափ և սահման չուներ: Ազատանի կանայք գիշերները պարիսպների վրա էին պառկում: Ազատանի օրիորդները անքուն հսկում էին աշտարակներից թշնամու ամեն մի շարժումը: Ինքը թագուհին յուր ձեռքով էր դարմանում յուր զինվորների վերքերը: Այր և կին վառված էին հայրենասիրության ջերմ ոգվով, և մեկը մյուսին աշխատում էր գերազանցել: Եվ բոլորին ոգևորողը, բոլորին քաջությունը բորբոքողն էր ինքը թագուհին:
Մի անգամ Շապուհը հրամայեց վճռական հարձակում գործել: Պարսից վահանափակ և ասպարապատ զինվորները բարձրացան մինչև բերդի պարիսպները: Կռվում էին նրանք հերոսաբար, և բերդից կարկուտի նման տեղացող նետերը չէին կարողանում զսպել նրանց կատաղությունը: Թագուհին, զրահավորված, կանգնել էր պարսպի վրա և խրախույս էր տալիս յուր զինվորներին: Մի նետ դիպավ նրա ուսին, ծակեց զրահը, և ցցված մնաց յուր տեղում: Զորապետներից մեկը շտապով մոտ վազեց, ձեռքը մեկնեց, որ դուրս քաշե նետը: «Ինչո՞ւ ես իզուր ժամանակ կորցնում, — նկատեց նրան թագուհին, — այդ հետո էլ կարելի է հանել»: Այդ խոսքը այն աստիճան ազդեց, որ զինվորները, խորին քաջալերություն ստանալով, կրկնապատկեցին իրանց եռանդը, և վանեցին թշնամուն պարիսպների մոտից:
Երբեմն գիշերով, երբեմն ցերեկով, բերդից դուրս էին գալիս զանազան խումբեր և զարկվում էին պարսիկների հետ: Այդ փոքրիկ խմբակները, հանկարծահաս կայծակի նման, ոչ միայն շփոթում էին թշնամու ամբողջ բանակը, այլ շատ անգամ հաջողվում էր նրանց՝ գերիներով կամ ավարով ետ դառնալ:
Պաշարման համեցողությունը, հաջողության հապաղումը վրդովեցնում էր Շապուհին: Արտագերսի պարիսպների մոտ նա երկար մնալ չէր կարող: Պարսկաստանից ավելի կարևոր գործեր կոչում էին նրան: Իսկ այնպես, առանց որևէ հետևանքի հասնելու, թողնել և հեռանալ, — այդ թույլ չէր տալիս նրա անսահման գոռոզությունը: Երբ տեսավ, որ ուժը չէ ներգործում, նա դիմեց յուր սովորական խորամանկությանը: Պատգամավոր ուղարկեց թագուհու մոտ, մեծամեծ խոստումներով խնդրեց, որ երկու կողմից ևս զինադուլ լինի, և թագուհին ցած իջնե բերդից, գա նրա մոտ, հաշտության պայմանների մասին անձամբ բանակցելու համար: Թագուհին խստությամբ մերժեց, պատասխանելով, որ չէր ցանկանա մի այնպիսի խաբեբայի ոչ երեսը տեսնել և ոչ խոսել նրա հետ: Որքան և դառն էր վիրավորանքը, այնուամենայնիվ, պարսից արքայից արքան զիջավ՝ գոնե հեռվից խոսել նրա հետ: Ավագանին խորհուրդ տվեց թագուհուն՝ ընդունել վերջին առաջարկությունը:
Նշանակած օրը, ամբարտավան թագավորը միայնակ, և միայն Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, մոտեցավ բերդի ստորոտին: Եվ որպեսզի ձայները հասնեն միմյանց, նրան թույլ տվին ոտով մինչև պարիսպները բարձրանալ: Այստեղ նրա համար պատրաստված էր մի փառավոր բազմոց, և մի խումբ պալատականներ կանգնած էին ընդունելու: Նա եկավ, բայց տհաճությունը թույլ չտվեց նրան նստել, մնաց ոտքի վրա: Այդ միջոցին, աշտարակի վրա, շրջապատված յուր նախարարներով, հայտնվեցավ թագուհին: Բարձրահասակ, վայելչագեղ տիկինը, յուր ավագների խումբի մեջ, հանդիսանում էր որպես մի հրաշափառ աստվածուհի: Տեսնելով, նրան, Շապուհը ներքևից ձայն արձակեց.
— Դո՜ւ, որ այդքան գեղեցի՛կ ես, տիկին, քեզ համար, որ Արշակ թագավորը այն աստիճան խելագարվեցավ, որ յուր դժբախտ եղբորորդու, Գնելի արյունը թափելով, քեզ հափշտակեց նրա ձեռքից, — դո՛ւ, տիկին, ավելի նազելի կլինեիր, եթե այդ սքանչելի գեղեցկությանդ հետ` փոքր-ինչ խելք ու խոհեմություն ունենայիր: Բայց սյունեցուն չէ տված խելքը, չէ տված և խոհեմությունը: Նրան տված է վայրենի կոպտությունը և անսանձ հպարտությունը միայն: Նրա սիրտը, նրա միտքը, յուր լեռների ապառաժների նման, կոշտ է և անզգա: Այդպես էր քո հայրը՝ Անդովկ իշխանը, այդպես էր և քո մայրը: Ես քո մոր մարմինը, յուր հանդուգն համարձակախոսության համար, մաս-մաս հոշոտել տվի Զարեհավանի ավերակների մոտ: Ես քո բոլոր ազգատոհմը ջնջեցի: Մնում են քո եղբայրները միայն, որոնք գտնվում են իմ գերիների թվում: Նրանց ևս սպասում է նույն ցավալի վախճանը, եթե դու, տիկին, կշարունակես քո համառության մեջ մնալ: Ինչո՞ւ ես ամրացել այդ բարձրության վրա: Միթե այդ ապառաժները կարո՞ղ են փրկել քեզ: Մե՛ծ է արյաց արքայից արքայի զորությունը և սոսկալի է նրա բարկությունը: Նրա ահավոր շունչից լեռները մոմի նման հալվում են և ծովերը ցամաքում են: Իսկ դու, տիկին, անմտությամբ կղզիացած ես այդ քարերի գագաթների վրա, առանց մտածելու, որ ալիքները կբարձրանան, մրրիկը կփոթորկվի, և այդ ողորմելի կղզին կկորչի, կանհետանա իմ բարկության անողոք հոսանքի մեջ... Ինչո՞ւ ես ամրացել այդտեղ: Դրանով դու չես կարող ազատել, տիկին, ոչ քո անձը և ոչ քո երկիրը: Ամբողջ Հայոց աշխարհը իմ ոտքի տակն է: Բավական է մի թեթև ճնշում, — և նա մոխիր կդառնա: Քեզ համար, տիկին, մի ա՜յլ հույս չկա, բացի իմ մեծահոգությունը: Նրա վրա հենվի՜ր, և քեզ փրկություն կլինի: Եթե դու կին չլինեիր, ես քեզ չէի ների: Բայց կներեմ, որովհետև կին ես: Ցած իջի՜ր այդ բարձրությունից, համբուրի՜ր արյաց արքայից արքայի ոտքերի փոշին, և նա ողորմած կլինի դեպի քեզ:
Թագուհին անվրդով կերպով լսում էր: Վրդովված էին միայն նրա նախարարները, վրդովված էր և ավագանին: Այդ սպառնալիքների պատասխանը կարող էր լինել մի նետ, որ վերևից արձակելով, կլռեցներ գազանին: Եվ նախարարները պատրաստ էին հարվածելու նրան, եթե տիկնոջ լուռ ակնարկությունը չզսպեր նրանց բարկությունը: Նա չկամեցավ դավաճանին դավաճանությամբ պատասխանել, և յուր ամրոցի դռնից հյուրի դիակը ետ ուղարկել:
Նա պատասխանեց.
— Լսի՜ր, Շապուհ, դու թագավորի վեհության հետ կորցրել ես և՜ թագավորի քաղաքավարությունը: Դու մոռանում ես, որ խոսում ես թագուհու հետ, դու մոռանում ես, որ խոսում ես կնոջ հետ: Դու ինձ հիշեցնում ես, Շապուհ, քո գազանային վարմունքը իմ մոր և իմ ազգատոհմի հետ, և ամբարտավանությամբ պարծենում ես քո բարբարոսություններով: Բայց դու պետք է սարսափեիր քո կատարած եղեռնագործությունների առջև, եթե քո սրտում մարդկային զգացմունքի մի ամենափոքր նշույլ մնացած լիներ: Դու սպառնում ես ինձ, Շապուհ, այն աղետալի վախճանը, որով դատապարտվեցան իմ տոհմայինները: Բայց չես մտածում, որ այդ սպառնալիքը ավելի կբորբոքեր իմ վրեժխնդրությունը և ավելի կամրապնդեր իմ համառությունը՝ ձեռք չմեկնել այն մարդուն, որի ձեռքերը շաղախված են իմ մոր և իմ հարազատների արյունով: Դու ինձ ներումն ես խոստանում, և հրավիրում ես՝ ցած իջնել իմ ամրոցի բարձրությունից: Լավ մտածի՜ր, Շապուհ, այն բոլոր խաբեբայություններից հետո, որ դու մինչև այսօր գործ ես դրել մեզ հետ, — միթե թողե՞լ ես մի ամենափոքր հավատարմություն՝ թե՜ դեպի քո խոսքը և թե՜ դեպի քո խոստմունքները: Այն օրից, որ դու իմ թագավոր-ամուսնին, որ քեզ շա՜տ և շա՜տ վտանգներից ազատել էր, — այն օրից, որ դու նենգությամբ նրան քեզ մոտ հրավիրեցիր, և քո հյուրին, և քո մտերիմ դաշնակցին, վատությամբ Անհուշ բերդը աքսորեցիր, — ա՛յո այն օրից դու զրկեցիր քեզ հայոց բոլոր հավատարմությունից: Դու հայոց աշխարհը քո ոտքերի տակն ես համարում, Շապուհ, և սպառնում ես՝ մի հարվածով ոչնչացնել նրան: Այդ ցնորքը իրականություն կլիներ, եթե պարծենկոտությունը, եթե անսանձ պոռոտախոսությունը քաջություն համարվեր: Չափազանց գոռոզությունը խլել է քո հիշողությունը, Շապուհ: Մտաբերո՞ւմ ես, թե քանի՜, քանի՜ անգամ քո զորքերի դիակները թողել ես մեր դաշտերի վրա, իսկ ինքդ միաձի փախել ես մեր երկրից: Եվ եթե քո բանակը այսօր դրած է իմ ամրոցի մերձակայքում, — այդ ոչ քո և ոչ քո զինվորների քաջության շնորհիվն է: Այլ այդ քո նենգավորության և քո դավաճանության ամոթալի արդյունքն է, որ վայելում ես դու, Շապուհ: Դու իմ թագավոր-ամուսնին խաբեությամբ հեռացրիր յուր աշխարհից, և նրա երկիրը անտեր թողնելով, քեզ համար ճանապարհ բաց արեցիր: Եվ որպես ճարպիկ գողը օգուտ է քաղում տան տիրոջ բացակայությունից, նույնպես և դու մտար անպաշտպան երկիրը: Դու ավելի ցած գտնվեցար քո գողության մեջ, դու կաշառեցիր տան ծառաներին, և գիշերով դռները քո առջև բաց արին: Ահա՜ այդ տիրավաճառ և տիրանենգ ծառաներից երկուսը քեզ մոտ կանգնած են, — երկուսին ևս, իբրև կաշառք, տվել ես քո քույրերին:
Նա ձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և դեպի Վահան Մամիկոնյանը, և ապա շարունակեց.
— Բայց մի՜ մոռանար, Շապուհ, հայոց աշխարհը դարձյալ տեր ունի. նախ նա, որ ամբողջ տիեզերքի տերն ու թագավորն է, — նա ձեռքը տարավ դեպի երկինքը, — երկրորդ, ե՜ս, որ խոսում եմ քեզ հետ, և ապա իմ որդին, որ այժմ գտնվում է կայսրների քաղաքում (Բյուզանդիայում): Սնոտի հպարտությունը և կույր անձնախաբեությունը մոլորության մեջ են դրել քեզ, Շապուհ: Լա՜վ մտածի՜ր, և ուշի ե՜կ Շապուհ: Եթե ամենքը կջնջվեն, եթե կմնա հայոց խրճիթներում մի թույլ աղջիկ միայն, — նա դարձյալ կպատերազմե քեզ հետ: Բայց դեռ այդ տեղը չէ հասել: Դու չե՞ս տեսնում, որ քո բոլոր զորությամբ զարկվեցար այդ ամրոցի ապառաժների վրա, և ոչինչ ազդել չկարողացար: Բայց որքա՞ն այդպիսի ամրոցներ դեռ կան մեր աշխարհում, որոնց մեջ իմ նախարարները զենքը ձեռքում սպասում են քեզ: Դու ընկել ես հայոց լեռների որոգայթի մեջ, և շատ բախտավոր կլինես, եթե դուրս գալ կարողանաս: Գնա՜, Շապուհ, հեռացի՜ր այստեղից: Գնա՜, բորբոքի՜ր քո բոլոր չարությունները, և ինչ որ բարբարոսություններ, որ տակավին կարող ես կատարել, մի՜ խնայիր: Քո սպառնալիքները չեն կարող վախեցնել ինձ: Գնա՜: Այն բոլոր վատություններից հետո, որ դու գործ դրեցիր, այլևս մեր մեջ ոչինչ հաշտություն կայանալ չէ կարող: Քանի որ իմ թագավոր-ամուսինը հեծում է Անհուշ բերդում, — Հայոց աշխարհը, վրեժխնդրության զենքը ձեռքում, կպատերազմե քեզ հետ...
— Տեսնե՛նք... — կատաղաբար մռնչաց գազանը, և սկսեց ցած իջնել բերդի բարձրությունից:
Անցավ համարյա մի ամբողջ ամիս:
Արտագերս բերդը զվարճանում էր ընդհանուր ցնծության մեջ: Փողոցները զարդարված էին, գույնզգույն դրոշակները ծածանվում էին աշտարակների բարձրության վրա: Բնակիչների խուռն բազմությունը լցրել էր հրապարակները: Այր և կին, տղա և աղջիկ պար էին բռնել և նվագարանների ուժգին հնչյունների եղանակով թնդեցնում էին գետինը: Արքայական պալատի շուրջը հավաքված էին` հարուստ զենքերով ու զարդերով պճնված զինվորականների ուրախ խումբերը:
Երեկ Շապուհը թողեց բերդի պաշարումը և հեռացավ դեպի Պարսկաստան: Այսօր բերդը տոն էր կատարում:
Արքայական պալատի ընդարձակ սրահներից մեկը շքեղ կերպով զարդարված էր: Մի կողմում, երկար սեղանի վրա, դրված էին թանկագին զգեստներ, գեղեցիկ զենքեր ու զրահներ, և զանազան տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ, որոնց փայլը աչք էր շլացնում: Դրանք դուրս էին բերված թագավորական գանձարանից պարգևաբաշխության համար: Թագուհին, ամրանալով այդ բերդում, յուր հետ բերեց և թագավորական գանձը:
Շքեղազարդ բազմոցի վրա նստած էր թագուհին և գտնվում էր, օրվա պատշաճին վայել, փառավոր զգեստավորության մեջ: Այսօր հանդիսավոր ընդունելություն ուներ: Նրա չքնաղ դեմքը՝ յուր պալատականների ընդհանուր ուրախությունից` ավելի զվարթություն էր ստացել, թեև այդ բռնի զվարթությունը, որ ավելի պաշտոնական էր, հազիվ կարողանում էր սքողել այն խորին տխրությունը, որ թաքնված էր նրա գեղեցիկ աչքերում:
Այո՜, գեղեցի՛կ էր Սյունյաց աշխարհի այդ հրաշագեղ դիցուհին, և նրա գեղեցկությունն էր, որ Արշակ թագավորին կատարել տվեց մի եղերական գործ, որ միայն ծայրահեղ սիրահարությունը կարող էր արդարացնել...
Գլխին կրում էր փոքրիկ գոհարազարդ թագը, որ բոլորակ պսակի նման՝ հավաքել էր նրա սև գանգուրները, որոնք սփռված էին գունաթափ այտերի վրա, իսկ ետևից մանր հյուսերով ծածկել էին հարուստ թիկունքը: Սպիտակ շղարշը յուր թափանցիկ ծալքերով սքողում էր վեհափառ գլխի այդ սիրուն զարդը, որ նրա կախարդիչ դեմքին մի առանձին վայելչություն էր ընծայում: Ոսկյա գինդերը ծածկված էին գանգուրների սև ալիքների ներքո, և միայն վառվռուն ակների փայլը երբեմն երևան էր հանում նրանց ներկայությունը: Այդ թանկագին գինտերը այն աստիճան ծանր էին, որ ականջների փոխարեն, կարթաձև ճարմանդներով քարշ էին ընկած թագի երկու կողմից: Իսկ նրանց ծայրերը վերջանում էին զանգակաձև փնջիկներով, որոնց յուրաքանչյուրի մեջ բռնված էր մի-մի խոշոր գոհար: Մի մարգարատաշար շղթա միացնում էր գինդերի երկու ծայրերը և իջնում էր մինչև կուրծքը: Պարանոցին կրում էր նույնպես գոհարազարդ մանյակը, որից քարշ էր ընկած արքայական լանջաց պատիվը, որը ճաճանչավոր լուսնի ձև ուներ և հանգչում էր փառավոր կուրծքի վրա: Հոլանի բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով, իսկ աջ ձեռքի ճկույթի վրա փայլում էր թագուհու հատուկ մատանին: Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները, որ կրում էին նախշուն, մարգարտահյուս մաշիկներ: Մեջքը պնդած էր միաձույլ ոսկյա լայն կամարով, որի ծայրերը առջևից կցված էին երկու ականակուռ վահանակներով: Ուսին կրում էր թեթև սամույրենի թիկնոցը, որ պատած էր վարդագույն թավիշով:
Նրա աջ կողմում, առաջին տեղում, կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց զորքերի ընդհանուր սպարապետը: Հետո Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին: Դրանցից ներքև, իրանց աստիճանի և տոհմային գերազանցության համեմատ, կարգով շարված էին զանազան նախարարներ և զանազան ավագներ: Վերջինների թվումն էր Մեսրոպ տարոնեցին: Իսկ ձախ կողմում, նույն կարգով, կանգնած էին ազատանի կանայք և օրիորդներ, որոնք իրանց ամուսինների հետ բերդն էին մտել: Բոլորի դեմքերի վրա նկարված էր անսահման ուրախություն, բոլորի աչքերը փայլում էին խորին բերկրությամբ:
Հանդիսականներից ոչ ոք նստած չէր, բացի Խադ եպիսկոպոսը, Ներսես Մեծի տեղապահը, որին նա յուր փոխանորդ կարգեց, երբ ուղևորվեցավ Բյուզանդիա:
Դրսից լսելի էին լինում նվագարանների ձայներ, և ամբողջ բերդը թնդում էր ցնծության աղաղակներով: Իսկ սրահում տիրում էր խորին լռություն:
Թագուհին դարձավ դեպի հանդիսականները այդ խոսքերով.
— Երկարատև պաշարումից հետո, վերջապես, Շապուհը թողեց մեր բերդը: Նրա բոլոր ահարկու զորությունները փշրվեցան մեր ապառաժների վրա: Բայց ավելի քան ապառաժների ամրությունը, անխորտակելի եղավ ձեր քաջությունը, ձեր անձնազոհությունը, իմ սիրելի զորապետներ: Տերը ուժ տվեց ձեր բազուկներին և դուք իբրև լավ հերոսներ, հերոսաբար կռվեցաք մեր հայրենիքի վայրագ թշնամու հետ: Դուք ապացուցեիք, որ նրա արժանավոր զավակներն եք: Դա՛ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով: — Դա՛ռն էր, կրկնում եմ, որովհետև, բացի օտար թշնամուց, մենք ստիպված էինք կռվել և մեր հարազատների հետ: Մեր թշնամուն առաջնորդում էին մեր հարազատները: Որդին կռվում էր հոր դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ: Եվ դրա մեջն էր ձեր հայրենասիրության բարձր ոգին, որ դուք չխնայեցիք ձեր տոհմայիններին և նրանց զենքերին զենքով պատասխանեցիք: Գովում եմ ձեր առաքինությունը և տալիս եմ իմ մայրական օրհնությունը:
Ամենքը լռությամբ գլուխ խոնարհեցին, արտահայտելով իրանց խորին շնորհակալությունը: Նա շարունակեց.
— Բայց դեռ շատ գործեր են մնում մեզ կատարելու, և ամենադժվար գործեր: Մենք թշնամուն վանեցինք մեր բերդի չորեք կողմից, բայց ոչ մեր աշխարհից: Մենք պաշտպանեցինք մեր անձերը, բայց ոչ մեր աշխարհը: — Մեր աշխարհը, մեր սիրելի աշխարհը, դեռ դրած է նրա բարբարոսության առջև: Ես տարակույս չունեմ, որ Շապուհը, այնպես ամոթալի կերպով հեռանալով մեր բերդի ստորոտից, պիտի կարողանա՞ արդյոք մոռանալ այդ դառն վիրավորանքը: Նա յուր մաղձն ու թույնը կթափե, անշուշտ, մեր աշխարհի մյուս անպաշտպան մնացած տեղերի վրա: Իսկ այսպիսի տեղեր սակավ չեն: Մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ գտնվեցան, որ իրանց երկիրը թողին անտեր և փախան դեպի զանազան կողմեր: Նրանց ամրոցները գրավել է թշնամին: Նրանց ընտանիքները բանտարկված են իրանց սեփական ամրոցների մեջ և պահվում են որպես պատանդ: Բացի դրանցից, Զարեհավանի ցավալի արյունահեղությունից հետո, ուր Շապուհը ցույց տվեց յուր գազանային կատարյալ վայրագությունը, — մեր գերիներից դեռ ստվար բազմություն գտնվում է թշնամու ձեռքում: Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ մեր եղբայրները ու քույրերը գերության մեջ են գտնվում: Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա այն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև... Դա՛ռն է, սաստիկ դա՛ռն ինձ՝ մի ըստ միոջե հիշել, թե որքա՜ն անթիվ են մեր տառապանքները, և որքա՛ն անբժշկելի են մեր վերքերը: Ես իմ հույսը դրել եմ աստուծո օգնության և ձեր հայրենասիրության վրա, ո՜վ քաջեր, և աներկբա եմ, որ դուք այսուհետև ավելի մեծ եռանդով կապացուցանեք, որ արժանի եք ձեր կոչմանը...
Նրա քաղցր և ազդու ձայնը, որ մետաղի հնչյուններով արձագանք էր տարածում ընդարձակ սրահի մեջ, նրա ոգելից խոսքերը, որ կրակի նման հեղվում էին բոցավառ շրթունքներից, խորին տպավորություն գործեցին բոլոր հանդիսականների վրա, որոնք կրկին և կրկին գլուխ խոնարհեցին արտահայտելով իրանց անձնանվիրության անկեղծ հավաստիքը:
Հետո խոսեց եպիսկոպոսը.
— Հայրենիքը վտանգի մեջ է, այո՜, բայց ավելի մեծ վտանգի մեջ է եկեղեցին: Պարսկական պղծությունը արդեն մուտք է գործել մեր տաճարներում: Մեր սուրբ սեղանների վրա վառվում է որմզդական կրակը: Մոգերով ու մոգպետներով լցված են մեր վանքերը: Միանձնուհիք հալածվում են, իսկ միանձանց բռնադատում են պաշտոն տանել կրակին: Մեր նախարարներից ոմանք, պարսից արքային ավելի հաճոյանալու համար, իրանց տներում ատրուշաններ են կառուցել: Մեր բազմաչարչար Լուսավորիչ հոր դառն աշխատանքներով հիմնած եկեղեցին այժմ կործանվելու մոտ է: Պարսիկը շատ անգամ արշավել է մեր երկիրը, շատ անգամ հաղթել է մեզ, և շատ անգամ հաղթվել է մեզանից: Մեր երկիրը միշտ ողողված է եղել անընդհատ պատերազմների արյունով: Բայց անցել են կռվի ու կոտորածի տխուր օրերը, և արյան հետքերի վրա՝ կրկին ծաղկել է ժողովրդի կյանքը և նրա բարօրությունը: Իսկ այժմ սպանվում է եկեղեցին, սպանվում է կրոնը, և յուր հետ դեպի հավիտենական մահ է տանում ամբողջ ժողովրդին: Օրհասը մոտ է, և այդ օրհասից փրկություն չկա: Դա մա՜հ է, որ հարություն չունի: Դա՜ ազգի մահն է: — Դա՜ հայության մահն է: Որքա՛ն ազգեր, որքա՛ն ազինք, անհագ վիշապի նման, կլանեց Զրադաշտի սոսկալի դևը: Որքա՛ն սրբություններ այրվեցան նրա վառած կրակի անշեջ բոցերի մեջ: Պետք է մարել այդ կրակը, որ արդեն սկսել է բորբոքվիլ մեր աշխարհում: Պետք է մարել այդ հուրն ու բոցը, որ պիտի լափե մեր սրբությունները: Այո՜ պետք է մարել նրան, որ վերստին կյանք ստանա մեր եկեղեցին, որի մեջն է կայանում և մեր ազգի ու պետության կյանքը:
— Թո՜ղ օրհնյալ լինի աստուծո կամքը, թո՜ղ տերը ինքը պահպանե յուր սուրբ եկեղեցին, իսկ մենք նրա ուխտապահ զինվորները կլինենք, — միաձայն գոչեց ամբողջ ավագանին:
Թագուհին վերկացավ: Կրկին տիրեց լռությունը: Ուշիկ քայլերով մոտեցավ նա երկար սեղանին, որի վրա դրված էին պարգևաբաշխության համար պատրաստված իրեղենները: Այնտեղից վեր առեց մի սուր և, առաջարկելով եպիսկոպոսին, ասաց.
— Սրբազան հայր, թշնամին սրով և արյունով մտցրեց յուր պղծությունը մեր սուրբ տաճարներում, մենք նույնպես սրով և արյունով պետք է մաքրենք մեր տաճարները այդ պղծությունից: Ահա՜ քեզ մի զենք, և օրինակ տուր քո պաշտոնակիցներին՝ դրանով նախանձախնդիր լինել եկեղեցու փառքին:
Եպիսկոսոպը ընդունեց զենքը:
Հետո թագուհին վեր առեց մի ոսկեհուռ վերարկու, և մոտենալով Մուշեղ Մամիկոնյանին, ասաց.
— Դու, Մուշեղ, այդ կռիվների մեջ ապացուցեցիր, որ քո արժանահիշատակ հոր հարազատ զավակն ես, — ա՜յն հոր, որ յուր կյանքը դրեց յուր հայրենիքի և յուր թագավորի վրա: Քեզ վայել է մեծարել այն ընծայով, որ ամենաբարձրն է արքայական պարգևների մեջ: Դու այժմ քո հզոր ուսերի վրա ես տանում հայոց աշխարհի բոլոր ծանրությունը: Եվ ես այդ արժանի ուսերը կզարդարեմ այն վերարկուով, որ մի ժամանակ կրել է իմ թագավոր-ամուսինը:
Սպարապետը խորին երախտագիտությամբ ծունր դրեց տիկնոջ առջև, և նա ձգեց նրա ուսերի վրա արքայազգեստ վերարկուն:
Հետո թագուհին մերձեցավ ընծաների մթերքին, վեր առեց մի ոսկյա բաժակ և, մոտենալով Սահակ Պարթևին, ասաց.
— Քո հայրը, Սահակ, յուր հայրենիքի ամենահաստատուն նեցուկն էր, և նրա սիրո համար՝ այժմ կրում է աքսորի տաժանական կյանքը: Քո վեհափառ ճակատի վրա փայլում է հորդ լուսապայծառ աստղը, և այդ երևեցավ վերջին կռիվների մեջ: Ընդունի՜ր այդ բաժակը, և ամեն անգամ, երբ ըմպելու լինես դրանով, հիշի՜ր իմ դեպի քեզ ունեցած ջերմ զգացմունքը :
Պարթևազն երիտասարդը ծունր դրեց և ընդունեց նրա ձեռքից գեղեցիկ բաժակը:
Այսպես առատաձեռն պարգևներով վարձատրում էր խելացի տիկինը յուրաքանչյուրի քաջությունը, և նրա քաղցրախոս լեզվում ամենի համար կային խիստ իմաստալի գովասանքներ, համեմատ նրանց տոհմային նշանակությանը և նրանց մատուցած ծառայություններին: Մե՛ծ էր նրա նախարարների գոհունակությունը, և անսահման էր նրանց մխիթարական ոգեորությունը: Տիկնոջ ամեն մի ժպիտը, ամեն մի մայրական զգացմունքներով լի հայացքը` նրանց նոր ոգի, նոր եռանդ և անձնանվիրություն էր ներշնչում: Նրանք ուրախ էին, որ իրանց ծառայությունները ոչ միայն վարձատրվում են, այլ հասկացվում են, և մի այնպիսի ազնվամիտ կնոջ համակրությանն են արժանանում, որպիսին էր հայոց տիկինը:
Երբ տղամարդերի պագևաբաշխությունը վերջացավ, տիկինը դարձավ դեպի ազատանի կանայքը, որոնք պաշարման ժամանակ խիստ փայլուն ծառայություններ էին ցույց տվել: Նրա գեղեցիկ աչքերը որոնում էին մեկին, որը կանանց խմբի մեջ չէր երևում:
— Իմ քաջերի թվում կար և մի օրիորդ հերոսուհի, — ասաց նա: — Ո՞ւր է Աշխենը, կանչեցե՜ք այստեղ Աշխենին:
Ռշտունյաց նազելի օրիորդը համեստությունից թաքնվել էր: Մի քանի րոպեից հետո ներս մտավ նա, զինվորական շքեղ զրահավառության մեջ: Բոլորի աչքերը դարձան դեպի գեղեցիկ, վայելչակազմ հերոսուհին: Տիկինը գրկեց նրան և, ճակատը համբուրելով, ասաց.
— Սիրելի՛ Աշխեն, կար մի ժամանակ, հանգստի և խաղաղության երջանիկ ժամանակներում, մեր իշխանազուն օրիորդները իրանց մատների ճարտարությունը ցույց էին տալիս գեղեցիկ գործվածքների մեջ, որոնցով զարդարում էին նախարարների փառավոր սրահները և մեր տաճարների սուրբ սեղանները: Անցավ խաղաղության ժամանակը, եկավ արյան և կոտորածի տագնապը: Եվ դո՜ւ, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազուն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի փոխարեն, պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ լարը: Դու արդյամբ կատարեցիր այդ, և կատարեցիր հրաշալի կերպով: Եվ ես, սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամարով գոտևորում եմ քո արիական մեջքը, ցանկանալով քեզ ավելի աշխույժ և զորություն:
Տիկինը յուր ձեռքով կապեց ականակուռ կամարը նրա մեջքին, իսկ օրիորդը ուրախության արտասուքը աչքերում համբուրեց նրա բարերար ձեռքը:
Մյուս կանանցից և օրիորդներից շատերը նույնպես ընծաներ ստացան: Երբ պարգևաբաշխության հանդեսը վերջացավ, եպիսկոպոսը կարդաց օրհնության մաղթանքը: Այդ միջոցին սեղանատան մեջ հնչեցին պալատական նվագարանները, և թագուհին ամենայն սիրելությամբ դարձավ դեպի հանդիսականները, հրավիրեց յուր մոտ ճաշելու:
Մինչև երեկո բազմությունը պալատի դռան հանդեպ, հրապարակի վրա, անհամբերությամբ սպասում էր նախարարներին: Երբ նրանք հայտնվեցան, լսելի եղան ուրախության բարձրագոչ աղաղակներ: Ամբոխի ոգևորությունը չափ չուներ: Ամեն կողմից շրջապատեցին սիրելի իշխաններին, ամեն կողմից նետվում էին, որ ձեռքերի վրա բարձրացնեն և այնպես տանեն, հասցնեն նրանց մինչև իրանց օթևանները: Իշխանները համեստությամբ մերժեցին այդ մեծ պատիվը: Բայց բազմությունը, դարձյալ նրանց առջևը ընկած, երգերով ու ցնծության ծափահարությամբ տարան, հասցրին մինչև իրանց օթևանները: