Սամվել
 Թ
ԺԱ 

Ժ

ՄՈԻՇԵՂ «ԽՈՏՈՐՆԱԿԻՆ ԽՈՏՈՐՆԱԿ»

«Եւ հասանէր սպարապետն զօրավարն Հայոց Մուշեղ, անկանէր ի վերայ բանակին (Պարսից) քառասուն հազարաւն, եւ անդէն ճեռն ի գործ արարեալ կոտորէր: Ապա միաձի մազապուր թագաւորն Պարսից Շապուհ ճողոպրեալ փախչէր… Զի զբազումս կոտորէին, եւ զբաղումս յաւագանց Պարսից ձերբակալս առնէին, և առնուին զգանձս թագաւորին Պարսից յաւարի, եւ ըմբռնէին զՏիկնանց Տիկինն հանդերձ այլովք կանամբքն… Եվ զամենայն աւագանին, արս իբրեւ վեց հարիւր հրամայեր մորթել զօրավարն Հայոց Մուշեղ, եւ լնուլ խոտով… Առնէր զայս ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ»:

Փաւստոս:

Արտագերսի պաշարումը լուծելուց հետո, Շապուհը յուր զորքերի մեծ մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, թողեց նրանց Հայոց գրավված երկրներում, իսկ մնացածը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Երկու ամբողջ շաբաթ տևեց, մինչև նա հասավ Թավրիզ և յուր ծանր բանակը դրեց այդ քաղաքի մոտ:

Միևնույն ժամանակ մի քանի գունդեր, բոլորովին այլ ճանապարհով, դիմում էին դեպի պարսկական բանակը: Դրանք անցել էին Հեր և Զարևանդ գավառները, և Կապուտան ծովակի հյուսիսային եզերքով ավելի առաջ գնալով, արդեն հասել էին Աղի գետի ափերի մոտ:

Այդ գունդերը կազմված էին միայն թեթև ձիավորներից, որոնք ավելի ասպատակ-հրոսակների էին նմանում, քան թե կանոնավոր զորքերի, թեև նրանց թիվը փոքր չէր: Գնում էին գիշերով, իսկ ցերեկները, ճանապարհից դուրս գալով, հանգստանում էին թաքթաքուր տեղերում: Զարևանդից մինչև Թավրիզ տարածված արևակեզ անապատների տվնջյան անտանելի տոթը չէր ,որ ստիպում էր նրանց գիշերով ճանապարհ գնալ, այլ գուցե մի ուրիշ նպատակ, որ չէին ցանկանում շատ աչքի ընկնել: Գունդերը միասին չէին գնում, նրանք բաժանված էին զանազան խումբերի, որոնց մինը մյուսից մի քանի մղոն հեռավորություն ուներ:

Գիշերից բավական անցել էր, երբ առաջին խումբը հասավ Աղի գետի մոտ: Գարնանային հորդությունների ժամանակ գետը, յուր հեղհեղուկ ափերը ողողելով, բացել էր բավական լայն և խորընկած հեղեղատ, որի միջով հոսում էր նա: Իսկ այժմ ջուրը պակասելով, քաշվել էր, թողնելով յուր ափերի մոտ ընդարձակ լիլային տարածություն, որ պատած էր ճոխ բուսականությամբ: Այդ տարածությունը այնքան խորն էր ընկած շրջակայքի մակերևույթից, որ եթե հազարավոր անձինք տեղավորվեին այնտեղ, դարձյալ վերևից ճանապարհով անցնողը տեսնել չէր կարող: Այստեղ, գետի աջ ափի մոտ, իջևանեցին նրանք փոքր-ինչ հանգստանալու համար: Ձիաների ոտները պնդեցին ոտնակապերով, թողեցին գետեզերքի շամբուտներում արածելու, իսկ իրանք ինչ որ ունեին պայուսակների մեջ հանեցին, կերան, հետո գլուխները դրեցին իրանց զենքերի վրա և քնեցին: Բայց մեկը մնաց արթուն:

Որպես մի մարմնացած անհամբերություն, թափառում էր նա գետի ափերի մոտ և, միևնույն ժամանակ, կրծում էր ձեռքի ապխտած մսի կտորը, որ յուր հետ վեր էր առել: Գիշերային խավարը ծածկել էր շրջակայքը, և ոչինչ չէր երևում: Միայն հեռվից մանր, հրեղեն աստղիկների նման նշմարվում էին պարսկական բանակի դեռ չշիջած լապտերները: Նա անդադար նայում էր դեպի այդ կողմը:

Նա սկսեց գետի հակառակ ուղղությամբ վեր բարձրանալ, մինչև հասավ կամուրջին: Պղտոր–լերդագույն հոսանքով վազում էր գետը բազմաթիվ կամարների տակով, և յուր խուլ դղրդյունով աղմկում էր գիշերային լռությունը: Նա չանցավ կամուրջը, այլ կանգնեց նրա մի կողմում, բարձր սյուներից մեկի մոտ, և այստեղից թե՜ յուր աչքերը և թե՜ յուր լսելիքը լարեց դեպի պարսկական բանակը: Երկար նայում էր նա, թեև որոշ ոչինչ չէր տեսնում, և որոշ ոչինչ չէր լսում, բացի գետի խուլ դղրդյունից: Բանակը դրած էր Թավրիզ քաղաքի մոտ, որ գտնվում էր գետի ձախ կողմում, երեք ժամյա հեռավորության վրա:

Այդ միջոցին մեծ ճանապարհի եզրում, որ տանում էր դեպի կամուրջը, մեկը խլուրդի նման գլուխը դուրս հանեց գետնի մեջ փորված գուբից և սկսեց դիտել յուր շուրջը: Նրա աչքերը այն աստիճան սովորած էին գիշերային խավարին, որ, գազանի նման, մթության մեջ ևս տեսնում էին: Նա իսկույն նկատեց սյունի մոտ կանգնած մարդուն և, յուր գետնափոր որջից դուրս գալով, սկսեց մեծ ջանքերով սողալ դեպի նա:

— Ողորմացե՛ք խեղճին, — ճայն արձակեց նա, երբ բոլորովին մոտեցավ:

Սյունի մոտ կանգնած մարդը ցնցվեցավ, երբ տեսավ, որ յուր ոտների մոտ խլրտում էր մի անորոշ, գնդաձև մարմին:

— Երկու օր է, ոչինչ չեմ կերել, մեռնում եմ սովից, ողորմացե՜ք խեղճին, — կրկնեց նա ավելի խղճալի ձայնով:

Սյունի մոտ կանգնած մարդը ձգեց յուր ձեռքի ապխտած մսի կտորը, թեև ինքը նույնպես ոչ սակավ սոված էր: Նա շան նման խլեց անուշ պատառը, և իսկույն սկսեց կրծել, ոսկորներն ևս մանրելով յուր սուր ատամներով:

— Դու շատ քաղցած ես երևում, — նկատեց նրան սյունի մոտկան գնած մարդը:

— Ինչպե՞ս քաղցած չլինել, տե՜ր իմ, երկու օր է, որ կամուրջով ոչ ոք չէ անցնում:

— Ինչո՞ւ:

— Չե՞ս տեսնում, այնտեղ դրած է թագավորի բանակը: Նրա երկյուղից ոչ ոք այդ կողմերով չէ անցնում: Ճանապարհները դատարկված են: Մարդիկ վախենում են տանից դուրս գալ և նրա զինվորներին հանդիպել: Անիրավները, սոված գայլի նման, դեպի ամեն կողմ թափառում են,,.

— Նրանք քեզ ոչինչ չտվի՞ն:

— Անիծվի՛ն նրանք… ես շատ ուրախ կլինեի, եթե ինձ չկողոպտեին… Զինվորներից մեկը վերարկուս խլեց, տարավ: Ամբողջ տասն տարի` ինձ համար այդ վերարկուն թե՜ անկողին էր և թե՜ վերարկու... Ստացել էի մի հայ ուխտավորից... Չգիտեմ, ի՛նչ կլինի իմ դրությունը այսուհետև... Ինձ մնում է ցրտից սառչել, և արևից այրվել...

Վերջին խոսքերը մի այնպիսի խղճալի ձայնով արտասանեց նա, որ սյունի մոտ կանգնած մարդը առեց յուր ուսերից զինվորական վարապանակը և, տալով նրան, ասաց.

— Ահա քեզ մի վերարկու:

Նա մեծ ուրախությամբ խլեց անսպասելի ընծան և, օրհնելով յուր բարերարին, խնդրեց.

— Օգնի՜ր ինձ, ողորմած տեր, տանել այդ վերարկուն մինչև իմ խուցը: Նա շատ հեռու չէ այստեղից:

Նա սկսեց սողալով քարշ գալ դեպի յուր որջը, իսկ անծանոթ բարերարը տանում էր նրա ետևից վերարկուն: Այդ թշվառականը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն ողորմելի ուրուկներից մեկը, որոնց արտաքսում են մարդկային բնակություններից, և նրանք կենում են քաղաքներից դուրս, մեծ ճանապարհների եզերքի մոտ, գետնափոր ծակերի մեջ, և ապրում են անցուդարձ անողների ողորմությամբ:

Եթե լույս լիներ, անկարելի էր առանց սոսկալու նայել այդ այլանդակված ճիվաղի վրա: Ձեռքերն ու ոտքերը գոսացած էին: Երկու ծայրատ մատներ միայն շարժվում էին ձախ ձեռքի վրա: Երեսի վրա քթի կամ շրթունքների նշան չկար: Դուրս ցցված ատամները ամբողջապես երևում էին: Խորն ընկած աչքերը անհանգիստ կերպով վառվում էին մազերը թափված, կոշտացած հոնքերի տակից: Ձայնը խանձված էր, կարծես, կոկորդը ամբողջապես քայքայված լիներ: Նրա խուղը իսկապես մի ծակ էր, որ փորել էր գետնի մեջ: Նրանում նստել կարող էր նա, բայց ձգվելու կամ պառկելու չափ ընդարձակություն չուներ: Եվ այդ այնքան հարկավոր ևս չէր, որովհետև նրա գնդաձև մարմինը տարածվելու պետք ևս չուներ: Նրա ամբողջ կարասին մի խեցեղեն ջրի աման էր, որ դրած էր յուր համար հատկապես փորված մի խորշում: Նրա ողորմելի բնակարանն առանց ծածքի չէր: Չորս երկճղի փայտեր, քառակուսի ձևով, ցցված էին այդ ծակի չորս անկյուններում, և նրանց վրա դրած էին ուրիշ փայտերի կտորներ ու մացառներ, հետո ծեփել էին կավով: Այդ ծածքը պահպանում էր նրա խուղը թե՜ անձրևից և թե՜ արևից: Նա մտավ յուր որջի մեջ, բայց անծանոթ բարերարը չհեռացավ նրանից: Երբեմն մարդկային հասարակությունից բոլորովին արհամարհված և բոլորովին մերժված արարածներն անգամ մի բանի պիտանի են լինում:

— Դու ասացիր, որ երկու օր է, ոչ ոք չէ՞ անցել կամուրջից, — հարցրեց նրանից անծանոթը:

— Ոչ ոք, տեր իմ: Ես, ամբողջ օր ու գիշեր, իմ ծակից գլուխս դուրս հանած, նայում եմ: Եթե մի ճանճ էլ անցնի, կտեսնեմ: Միայն այս առավոտ, դեռ բավական մութն էր, անցան երկու հոգի: Նրանք գնում էին դեպի բանակը:

— Դու լավ տեսա՞ր նրանց: Ի՞նչ տեսակ մարդիկ էին:

— Տեսա, ինչպես չտեսա, — և նա սկսեց նկարագրել տեսած մարդիկներին:

— Այդ մարդիկը չե՞ն վերադարձել:

— Չեն վերադարձել: Եթե վերադառնային, ես կտեսնեի:

Կամուրջի այդ անքուն պահապանի հաղորդած տեղեկությունները փոքր-ինչ հանգստացրին անծանոթին, և նա, բարի գիշեր մաղթելով թշվառ արտաքսյալին, հեռացավ նրա ողորմելի բնակարանի մոտից: Սկսեց կրկին դիմել դեպի ձիավորների բացօթյա իջևանը:

Ամենքը քնած էին ծանր, անզգա քնով, որ վայելում է ճանապարհորդը երկար հոգնությունից հետո: Ձիաներից շատերը կերել, կշտացել էին, նույնպես պառկած էին խոտերի վրա, և հռհռալով թավալվում էին, որ փոքր — ինչ կազդուրեն իրանց խոնջացած մարմինը: Միակ անձնավորությունը, որ յուր հանգստության մասին չէր մտածում, նա էր, որ կամուրջի մոտից վերադառնալով, լուռ անցավ յուր փոքրիկ բանակի միջով, նայեց յուրաքանչյուրի վրա, հետո գնաց, անշարժ արձանի նման կանգնեց գետեզերքի մոտ: Նրա վառվռուն աչքերը հառած էին դեպի այն մանր, հրեղեն բծերը, որ նշմարվում էին հեռվից, երբեմն հանգչում էին, երբեմն դարձյալ հայտնվում էին: Եվ նրա սիրտը, այդ կրակների նման, վառվում էր անհնարին ջերմությամբ, և ավելի ու ավելի բորբոքում էր նրա անհամբերությունը:

Այդ միջոցին կամուրջով անցնում էին երկու հոգի: Ամենայն աչալրջությամբ նայում էին նրանք ետ ու առաջ և, միևնույն ժամանակ, հազիվ լսելի ձայնով խոսակցում էին.

— Եթե եկած լինեն...

— Անպատճառ եկած կլինեն...

— Այս գիշերվա համար ժամանակ նշանակեցին...

— Եվ այդ կամուրջի մոտ...

Նրանց ոտնաձայնը հասավ գետնափորի մեջ պահված ուրուկի սուր ականջներին: Նա գլուխը դուրս մեկնեց ծակից և ուշադրությամբ նայեց շուրջը: «Այն երկու հոգին են... » — մտածեց նա, և սկսեց յուր գնդաձև մարմնով գլորվիլ դեպի եկվորները:

— Մի մարդ հարցնում էր ձեզ, — խավարի միջից ձայն տվեց նա:

Եկվորները մնացին շվարած, չգիտեին, թե ո՜րտեղից լսելի եղավ անսպասելի ձայնը: Ուրուկը ավելի մոտեցավ: Նրանք տեսան խոսող գունդը:

— Ի՞նչ եղավ այն մարդը, — հարցրին նրանից:

— Այսպես, գետի ընթացքով գնաց դեպի ցած: Թո՜ղ աստված նրա գործին հաջողություն տա, — ավելացրեց նա, — թե՜ իմ սոված փորը կերակրեց, և թե՜ մերկ մարմինս զգեստավորեց:

Երկու մարդիկը գետի ընթացքով սկսեցին ցած իջնել, միմյանց ասելով…

— Լավ ժամանակ հասանք...

— Բայց որտե՞ղ գտնել սպարապետին…

Պատասխանը չուշացավ.

— Դո՞ւք եք, — լսելի եղավ սպարապետի ձայնը, որ դեռ կանգնած էր գետեզերքում:

— Այո՜, տեր, — ասացին նրանք մոտենալով:

Սպարապետը ուրիշ ոչ ոք չէր, եթե ոչ Մուշեղ Մամիկոնյանը:

— Պատմեցե՜ք, ի՞նչ տեսաք, — դարձավ նա դեպի եկվորները:

Նրանք սկսեցին պատմել: Սպարապետր խորին ուշադրությամբ լսում էր: Նա չհամբերեց` մինչև վերջացնեին, սկսեց ինքը զանազան հարցեր առաջարկել.

— Դու ինձ այն ասա՜, քաղաքի ո՞ր կողմումն է բանակը:

— Քաղաքի արևելյան կողմում, կարմիր լեռան ստորոտից փոքր-ինչ ցած:

— Բանակի ո՞ր կողմում են զետեղված արքայական վրանները:

— Դեպի վերևի կողմը, այսինքն` դեպի լեռան ստորոտը, մի բարձրության վրա:

— Իսկ արքայական կանանո՞ցը:

— Դեպի արքայական վրանների աջակողմը:

— Ինչպե՞ս է դասավորված բանակը:

— Ինչպես միշտ` պայտի ձևով, որի ծայրերը հասնում են մինչև արքայական վրանները:

— Որտե՞ղ են պահվում հեծելազորի ձիաներ:

— Տարել են ավելի քան տասն փարսախ հեռավորության վրա արածացնելու:

— Ե՞րբ դիտավորություն ունեն չվելու:

— Երեք օրից հետո:

Մի քանի այլ հարցեր ևս առաջարկելուց հետո և բոլորի մասին մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո սպարապետը դարձավ նրանց, ասելով.

— Գնացեք հանգստացեք:

Նրանք հեռացան: Հարցուփորձը Շապուհի բանակի մասին էր: Այդ երկու մարդիկը ծպտյալ կերպով ուղարկված էին լրտեսելու նրա բանակը:

Սպարապետը մնաց միայնակ և սկսեց դարձյալ անհանգիստ կերպով դեգերել գետի ափերի մոտ: Նա այժմ գիտեր թշնամու բանակի դիրքը, գիտեր նրա ամենամանրամասն դրությունը, և այդ տեղեկությունները բավական էին նրան, որ նրանց հիման վրա` կազմեր յուր վերին աստիճանի վստահ ձեռնարկության ծրագիրը: Նա դիտավորություն ուներ այս գիշեր հարձակվելու Շապուհի բանակի վրա: Եվ նրա դիտավորությունը որքան երկյուղալի էր, այնքան և վճռական էր:

Արտագերսի պարիսպների մոտից` Շապուհի կորագլուխ կերպով հեռանալուց հետո, սպարապետը բավական չհամարեց պարսից արքայից արքայի այդ ամոթալի պարտությունը, և վճռեց թույլ չտալ նորան` ողջանդամ դուրս գալ հայոց սահմաններից: Նրա կատարած չարագործությունները ա՜յն աստիճան զգալի էին, նրա գործ դրած միջոցները ա՜յն աստիճան վիրավորական էին, որ պետք էր պատժել այդ գազանին: Նա ավերակ դարձրեց յուր անցած երկրները, նա կոտորել տվեց յուր ձեռքն ընկած գերիները, — այդ դեռևս կարելի էր տանել, Հայոց աշխարհը սովոր էր այդ տեսակ հարվածների: Բայց նա Զարեհավանի ավերակների մոտ` ազատանի կանանց վերաբերությամբ գործ դրած տմարդի վարմունքով` վիրավորեց հայոց ազնվականների պատիվը: — Այդ անկարելի էր տանել, մանավանդ այն խոսքերից հետո, որ Արտագերսի տոնախմբության օրը հայոց թագուհին արտասանեց յուր ճառի մեջ, «Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա ա՜յն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև…»: Մի խումբ ազատանի երիտասարդներ, որ ներկա էին հանդեսին, հենց այն րոպեում վճռեցին վրեժխնդիր լինել: Այդ էր պաճտառը, որ սպարապետի հրոսակների մեծ մասը բաղկացած էր հայոց նախարարների որդիներից, որոնք ուխտել էին վերականգնել վիրավորված պատիվը:

Սպարապետը անցավ նրանց գլուխը, առեց յուր հետ մի քանի գունդեր, և Շապուհի Արտագերսից հեռանալուց հետո սկսեց անմիջապես հետամուտ լինել: Նա այնքան չմոտեցավ, մինչև Շապուհը յուր զորքերի բազմությունը բաժանեց մի քանի մասների: Մի մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, և մի մասը յուր Զիկ և Կարեն զորավարներին, թողեց նրանց հայոց գրաված երկրները պահելու և նոր նվաճումներ անելու: Իսկ մնացաձ մասը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Այդ վերջին մասին հետամուտ եղավ սպարապետը: Մինչև Թավրիզ հասնելը, նա մի հարմար տեղ, կամ մի հարմար ժամանակ չգտավ յուր դիտավորությունը ի կատար ածելու: Այժմ թշնամին եկել, հասել էր Հայոց երկրի սահմանագլխին: եթե այժմ ևս չդիմեր յուր նպատակին, այնուհետև ամեն հույս պետք էր կորած համարել: Որովհետև նա կանցներ սահմանը, ոտք կդներ պարսկական հողի վրա, և գործը կդժվարացներ: Ուրեմն պետք էր օգուտ քաղել այգ գիշերից, այդ վերջին և միակ գիշերից:

Նա շարունակում էր դեգերել գետի ափերի մոտ և լի սրտմտությամբ նայում էր դեպի արևելքը: Հեսուն` Իսրայելի հերոսը հրամայեց արեգակին կանգնեի մինչև վերջացնե յուր կռիվը: Իսկ Մուշեղ Մամիկոնյանը հայոց հերոսը կցանկանար հրամայել նրան, որ ամենևին չդուրս գա, մինչև սկսե յուր կռիվը: Երբեմն նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի այն ճանապարհր, որով եկել էր նա: Նայում էր դեպի խավար մթությունը, և նրա մրրկածուփ սրտում անդադար կրկնվում էր այդ հարցը. «Ի՞նչ եղան... ինչո՞ւ այդքան ուշացան...»:

Շատ չանցավ, նույն տեղում, ուր իջևանել էին նրա ձիավորները, հասան մի քանի խումբ նոր ձիավորներ: Նա փոքր-ինչ հանգստացավ. դրանց էր սպասում: Բայց այդ դեռ բոլորը չէր. դեռ ետ մնացած մի քանի խումբեր ևս կային:

Նորեկ խումբերի գլխավորը մոտեցավ սպարապետին:

— Տեղեկություններ ստացա՞ր, — հարցրեց նա անհամբեր կերպով:

— Ստացա, — պատասխանեց սպարապետը ուրախ կերպով:

— Ի՞նչ կա:

— Ամեն ինչ լավ է: Բայց մերոնք շատ ուշացան: Ինչո՞ւ պետք է այդքան ուշանային...

— Երևի, կգան: Դեռ բավական գիշեր կա:

— Բայց այստեղից մինչև բանակը բավական էլ ճանապարհ կա: Մինչև հասնենք,բոլորովին կլուսանա:

— Ավելի լավ: Գոնե կտեսնենք, թե ինչ ենք անում, և կույր հավկուրի նման խավարի մեջ չենք խարխափի:

Սպարապետը ժպտաց, բայց գիշերային մթությունը թույլ չտվեց նկատել նրա հեգնական ժպիտը:

— Դու բավական վստահություն ունես քո վրա, Մեսրոպ, — ասաց նա:

— Ես ոչ թե բավական, այլ մեծ վստահություն ունեմ իմ ձիավորների վրա, Մուշեղ, — պատասխանեց փոքրիկ սպան:

Դա, իրավ, Մեսրոպ տարոնեցին էր: Ինքը` կարճ, լեզուն` երկար: Խոսակցությունը ընդհատեցին զանազան խուլ հնչյուններ, որ հայտնի չէր, թե որ կողմից էին լսվում: Երկուսն էլ իրանց ուշադրությունը լարեցին դեպի այդ հնչյունները:

— Շեփորի և թմբուկների ձայներ են, — ասաց սպարապետը: — Բանակի կողմիցն են լսվում:

— Այդ ի՞նչ է նշանակում, — հարցրեց Մեսրոպր փոքր-ինչ անհանգստանալով:

— Այդ պարսից առավոտյան ամենօրյա սովորությունն է, — հանգստացրեց նրան սպարապետը: — Գիշերը լուսանալու մոտ է. շեփորները հնչեցնում են, թմբուկները դափում են, որ մարդիկ զարթնեն, պատրաստվեն, ծագող արեգակին երկրպագություն տալու համար:

— Շա՛տ գեղեցիկ, թող զարթնեն: Իսկապես չավ բան չէ քնած մարդու վրա հարձակվիլը:

— Բայց այդ դեռ առաջին կոչնական ձայնն է: Մինչև արևի ծագելը երկու անգամ ես պետք է հնչեցնեն:

Նրանք սկսեցին ետ ու առաջ շրջել գետի ափերի մոտ, մինչև բոլոր սպասվող խումբերը եկան: Թե՜ սպարապետը և թե՜ Մեսրոպը երկուսն էր վազեցին դիմավորելու: Տեսնելով նրանց, մի բարձրահասակ երիտասարդ շտապով ցած իջավ ձիուց և գրկեց երկուսին ևս:

— Ես, երևի, երկար սպասել տվի ձեզ, — ասաց նա ներողություն խնդրելով: — Բայց այդ իմ մեղքը չէ: Իմ բռնած ճանապարհը սաստիկ ցեխ էր: Զիաները հազիվհազ կարողանում էին շարժվել: Երեկվա անձրևը բոլորովին փչացրել էր ճանապարհը:

— Ուրեմն պետք է սպասել, մինչև ձեր ձիաները փոքր-ինչ հանգստանա՞ն, — հարցրեց սպարապետը:

— Անպատճառ: Սաստիկ հոգնած են:

Այդ զվարթ, փառահեղ երիտասարդը Սահակ Պարթևն էր` Ներսես Մեծի որդին: Նրա ձիավորները առանձին խումբերով զետեղվեցան առաջիններից փոքր-ինչ հեռու, իսկ ինքը, սպարապետին և Մեսրոպին յուր հետ առնելով, մեկուսացան դեպի մի այլ կողմ, նստեցին գետեզրի մոտ, փափուկ խոտերի վրա: Սպարապետը հաղորդեց նրանց` յուր լրտեսների միջոցով ստացած բոլոր տեղեկությունները: Իսկույն կազմվեցավ մի բացօթյա պատերազմական խորհուրդ, որը տևեց մինչև պարսկական բանակից լսելի եղավ թմբուկների և շեփորների երկրորդ կոչնական ձայնը: Այդ խորհրդավոր ձայնը շտապեցրեց նրանց: Այդ ձայնը կոչում էր բարեպաշտ զրադաշտականներին դեպի աղոթք, դեպի երկրպագություն տվնջյան լուսատուին, իսկ հայոց ուխտապահներին կոչում էր նա դեպի կռիվ, դեպի արյունհեղություն...

Նրանք վերկացան, հրամայեցին պատրաստվել և ճանապարհ ընկնել: Շեփորների և թմբուկների երրորդ ձայնը պիտի ավետեր արշալույսի ծագումը: Վճռեցին` որ գոնե այդ ժամանակ հասած լինեն նշանակած տեղը…

Կեսօրից բավական անցել էր: Շապուհի բանակատեղը ներկայացնում էր խիստ տխուր տեսարան: Կիսակործան վրանները, իրանց տեղում անշարժ մնացած, դատարկ էին: Զինվորներ չկային նրանց մեջ, կար միայն պարսից վայելչասեր զինվորի հարուստ կարասին, որ մնացել էր իբրև ավար հաղթողին: Ամբողջ բանակատեղը և նրա շրջակայքը ծածկված էին դիակներով: Արյան թացությունը ամեն կողմում սարսափ էր ազդում: Կենդանի մնացածները գերվել էին: Փոքր չէր և փախստականների թիվը, որոնց դեռ որոնում էին:

Ինքը` արքայից արքան չէր երևում ոչ դիակների մեջ և ոչ գերիների թվում: Ասողներ կային, նույնիսկ պարսիկներից, որ նա փախավ հենց այն ժամանակ, երբ առաջին հարձակումը գործեցին: Նա փախավ յուր սենեկապաններից մեկի հագուստով, որ չճանաչվի: Ձիավորների մի քանի սրընթաց խումբեր գնացել էին դեպի զանազան կողմեր բռնելու նրան:

Արքայական փառավոր վրանները` իրանց բոլոր հարստությամբ մնացել էին իրանց տեղում: Մնացել էր և կանանոցը, լի արևելքի և արևմուտքի գեղեցկուհիներով: Նրանց թվումն էր արյաց տիկնաց-տիկինը — Շապուհի թագուհին: նրանց թվումն էր և Որմիզդուխտ օրիորդը — Մերուժան Արծրունու նշանածը: Հայ պահակների մի զինված շղթա բոլորել էր կանանոցի շուրջը և նրան անմատչելի էր կացուցել:

Պայտաձև բանակի հրապարակի վրա կանգնացրել էին գերիներին: Նրանց միջից ջոկում էին ազնվականներին, ինչպես ոչխարները զատում են այծերից: Երբ վերջացրին, ազնվականների թիվը հասավ վեց հարյուրի, որոնք զանազան աստիճանի զորապետներ և սպաներ էին:

Հրապարակի մեջտեղում, բարձր սայլացիցի ծայրին, շամփրած էր մի ճերմակազգեստ մարմին: Դա մովպետան-մովպետն էր, այն հրեշը, որ Զարեհավանի ավերակների մոտ սայլացիցերի վրա բարձրացրեց հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին: Ամենի աչքերը հառած էին դեպի այդ սոսկալի մարմինը:

Այդ միջոցին, Շապուհի արքայական վրանների մի կողմում հարած էր հայոց սպարապետի հասարակ զինվորական վրանը: Այստեղից երևում էր նրա հաղթության ամբողջ արդյունքը` յուր բոլոր բավարար պատկերներով: Ինքը, սպարապետը, նստած էր մի անշուք ճանապարհորդական բազմոցի վրա, որ բնավ չէր պատշաճում ոչ նրա աստիճանին և ոչ նրա փառքին: Նրան շրջապատել էին յուր զինակից սպաները, որոնց մեջ առաջին տեղը բռնել էր Սահակ Պարթևը, և ապա Մեսրոպ տարոնեցին:

Լուռ էին նրանք, և բոլորի դեմքերի վրա նկարված էր մի տեսակ զայրացյալ դժգոհություն, որ տեղի է ունենում ջերմ հակաճառություններից հետո: Ինքը, սպարապետը, սաստիկ խոժոռված էր, և յուր անհանգիստ մատներով անդադար ոլորում էր գեղեցիկ, սևորակ ընչացքները, կարծես թե, նրանք արգելում էին բոցավառ շրթունքներին թափելու այն կրակը, որ մի քանի րոպե առաջ հեղում էր նա յուր զինակիցների գլխին: Ոչ սակավ խռովյալ դրության մեջ էր գտնվում և Սահակ Պարթևը: Նա կթողներ և իսկույն դուրս կգար այդ վրանից, եթե զինվորական պարտաճանաչությունը չզսպեր նրան: Իսկ վաքրիկ Մեսրոպը, ինչպես ասում են, յուր կաշու մեջ չէր պարտակվում. անդադար շարժվում էր յուր տեղում, կարծես թե, փշերի վրա նստած լիներ:

Ի՞նչ էր, որ այդպես վրդովմունքի մեջ էր դրել նրանց: Ի՞նչ էր, որ այն րոպեում, երբ պետք էր հաղթության ուրախությունը վայելել, որի մեջն է զինվորի փառքը և նրա մխիթարությունը, — ընդհակառակը, ձգել էր նրանց խորին սրտմտության մեջ:

Այդ բռնադատյալ հուզմունքը, որ րոպեապես լռության մեջ ամբոխվում էր, անտարակույս, նորից պետք է պայթեր, եթե սպարապետի թիկնապահներից մեկը ներս չմտներ և զեկուցում չտար, թե դահճապետին բերել են: Երբ կանգնացրին նրան վրանի հանդեպ, սպարապետը հարցրեց,

— Դո՞ւ ես պարսից արքայից արքայի դահճապետը:

— Այո՜, նվաստս է, տեր իմ, — պատասխանեց նա, խորին կերպով գլուխ տալով:

— Քեզ համար գործ բացվեցավ, — ասաց նրան սպարապետը Ժպտալով, որ արտահայտում էր ավելի մաղձ և դառնություն, քան թե հեգնություն: — Դու, անտարակույս, կձանձրանայիր, եթե մի օր առանց մարդիկ մորթելու մնայիր: Իսկ ես այսօր կտամ քեզ բավական մեծ պաշար: Դու միայն այն ասա՜, քանի՞ օգնականներ ունես քո ձեռքի տակ:

— Օգնականներս սակավ չեն, սպարապետ տե՜ր, դու միայն ինձ գործ տուր, գո՜րծ, ես ծույլ չեմ իմ պաշտոնի մեջ, — ասաց նա դիվական ծիծաղով, և ապա ավելացրեց. — արքայից արքան միշտ գոհ էր իմ ծառայություններով, և տարի չէր անցնի, որ ինձ մի քանի գյուղեր և ագարակներ չպարգևեր: Հույս ունեմ, որ հայոց մեծափառ սպարապետը նույնպես առանց վարձատրության չի թողնի յուր ծառային: — Վերջին խոսքերի միջոցին` նրա գազանային աչքերում դարձյալ երևաց դիվական ծիծաղը:

— Դու ինձանից առատ վարձատրություն կստանաս և արքայից արքայի շնորհած պարգևները կմոռանաս: Լսիր՜, դահճապետ: Մենք երկար մնալու չենք այստեղ. մի քանի օրից հետո չվելու ենք այստեղից, և մեզ հետ պետք է տանենք մեր ձերբակալած գերիներին: Եվ որպեսզի այդ բազմությունը մեզ համար չափազանց ծանրություն չլինի, դու պետք է փոքրինչ թեթևացնես մեր բեռը:

Դահճապետը շանթահարի նման ամբողջ մարմնով դողաց:

— Այդ քո մարդիկն էլ կարող են անել, սպարապետ տե՜ր, — ասաց նա րոպեական շփոթությունից հետո: — Իսկ ե՜ս, քա՛վ լիցի, իմ ձեռքերը չեմ թաթախի իմ ազգայինների արյան մեջ:

— Իրավ է, այդ իմ մարդիկն էլ կարող էին անել, եթե միայն մորթել պետք լիներ: Բայց ա՜յդ չէ իմ ցանկացածը: Իմ մարդիկը սաստիկ անվարժ են կենդանի մարդկանց մորթազերծ անելու և նրանց պաճուճապատանը խոտով լցնելու արհեստում: Իսկ դո՜ւ, Շապուհի ծառայության մեջ, կատարյալ վարպետ ես դարձել այդ գործում: Եվ ինձ այդ է հարկավոր: Չէ՞ որ կենդանի մարդիկ յուր հետ տանելը` այդ բավական մեծ ծանրություն է, իսկ նրանց մորթիքը տանելը այդ բավական հեշտ է և թեթև:

Դահճապետը, որ առաջ կարծում էր, թե յուր հանձն առնելիք ծառայությունը հայերի վերաբերությամբ կլինի և այդ պատճառով այնքան մեծ հաճություն ցույց տվեց, այժմ հասկանալով սպարապետի ցանկությունը, ոչ միայն դժկամացավ նա, այլ նրան տիրեց մի տեսակ կատաղություն, որով հանդգնություն ունեցավ պատասխանելու.

— Ճշմարիտ է, տե՜ր սպարապետ, մենք, պարսիկներս, շատ վարպետ ենք այդ արվեստի մեջ: Եթե դու տեսնեիր, բոլորովին կհիանայիր, թե ինչպես ես մորթազերծ արեցի քո հորը և նրա պաճուճապատանը ցրի խոտով... Իմ ձեռքով կատարեցի այդ... Այժմ ևս ո՜վ որ տեսնելու լինի, չի ասի, թե սպանված է նա... Դեռ գույնը յուր տեղումն է, դեռ աչքերը նայում են, և նայում են միշտ յուր թագավորի վրա, և այնտեղ, Անուշ բերդում, մխիթարում են միմյանց... Ես իմ գործը միշտ մեծ հաճությամբ եմ կատարում, երբ իմ ձեռքը տալիս են ազնվականներ... Իսկ քո հայրը, քեզ նման, ընդհանուր հայոց սպարապետն էր...

Դահճապետի լրբությունը, որով հիշեցնում էր նա սպարապետի հոր ցավալի վախճանը Տիզբոնում, վերին աստիճանի կծու էր: Բայց դժբախտ հոր մեծահոգի որդին զսպեց յուր բարկությունը, ասելով.

— Տեսնու՞մ ես, այդ կնշանակե, որ ես չսխալվեցա իմ կարծիքի մեջ քո վարպետության վերաբերությամբ: Դու սիրում ես ազնվականներին մորթազերծ անել, և ես քո ճաշակը գոհացնելու համար կտամ` քո ձեռքը նույնպես ազնվականներ, և գիտե՞ս որքան` թվով վեց հարյուր…Գնա՜, հագի՜ր քո արյունագույն համազգեստը, գնա՜, բորբոքիր քո բոլոր անգթությունները և կատարի՜ր քո ըղձալի ծառայությունը: Ինձ նույնպես շատ ցանկալի է` պարսկին պարսկի ձեռքով մորթել տալ...

— Այդ ես չեմ կարող անել, — պատասխանեց նա համառությամբ: — Հրամայի՜ր, թող ինձ մորթեն:

— Քեզ անել կտան... — ասաց սպարապետը և, դառնալով դեպի յուր դրանիկները, հրամայեց.

— Տարեք այդ մարդուն, հավաքեցեք Շապուհի բոլոր դահիճներին, և կատարել տվեցեք...

Նրան հեռացրին:

Ներկա գտնվողները անհամբերությամբ լսում էին սպարապետի խոսակցությունը դահճապետի հետ, որը վերջանալուց հետո, դարձավ նա դեպի շրջապատողները, ասելով.

— Ես այդ բարբարոսությունը ամենայն հաճությամբ կատարել կտամ. ես այդ վեց հարյուր պարսիկ ազնվականներին մորթել կտամ, և նրանց պաճուճապատանները կտանեմ, կնվիրեմ հայոց տիկնոջը, թող նրանցով զարդարե յուր ամրոցի աշտարակների բարձրությունները: Այո՜, ես այդ կանեմ, և դրանով գուցե կգոհացնեմ իմ հոր անմահ հոգին, ա՛յն հոր, որի կյանքը հազարավոր ազնվականների արժեր, ա՜յն հոր, որին Շապուհը այնպես տմարդի կերպով մորթազերծանել տալով, կանգնացրեց Անուշ բերդի նկուղներից մեկի մեջ, յուր աքսորյալ թագավորի աչքերի առջև: Վրեժխնդրության սուրբ պարտականությունը թույլ է տալիս հնձ անել այդ: «Խոտորնակին` խոտորնակ», — այսպես ավանդեցին մեր հայրերը: Իսկ ա՜յն, որ դուք եք պահանջում, ես երբե՜ք ընդունել չեմ կարող...

— Ինչո՞ւ, Մուշե՜ղ, — հարցրեց Սահակ Պարթևը զայրացած ձայնով, — ինչո՞ւ չես կարող ընդունել: Եթե դու հիմնվում ես վրեժխնդրության վրա, որպես մի սուրբ պարտականության վրա, մի՜ մոռանար, որ այդ դեպքում ևս կատարվում է նույն սուրբ պարտականությունը. դարձյալ «խոտորնակին խոտորնակ... »:

— Այդ դեպքում, Սահակ, կատարվում է մի աններելի անազնվություն միայն: Իսկ մեզ վայել չէ այդ աստիճան ստորանալ: Մենք պետք է ապացուցանենք, որ շատ բարձր ենք պարսիկներից:

— Մենք պետք է ապացուցանենք և ա՜յն, թե գիտենք անազնվությունը ըստ կարգին պատժել: Ինչո՞ւ ես դու այսպես մոռացկոտ դարձել, Մուշեղ: Դեռ շատ ժամանակ չէ անցել այն աղետավոր օրից, երբ Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ` հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին մերկանդամ կանգնացրեց յուր բանակի առջև: Եվ այդ բավական չհամարեց. շատերին սայլացիցերի վրա բարձրացրեց, շատերին գերի վարեց: Երբ անզգամ Շապուհը իրան թույլ տվեց այդպես վարվել, այլևս ինչո՞ւ մենք պետք է խնայենք նրան:

— Ինչ որ կարող է իրան թույլ տալ պարսիկ Շապուհը, նույնը չէ կարող իրան թույլ տալ քրիստոնյա Մամիկոնյանը: Ես մոռացկոտ չեմ, Սահակ, ես գիտեմ և հիշում եմ նրա վարմունքների բոլոր վայրագությունը: Բայց դու ես մոռանում քեզ, ամենևին ի նկատի չառնելով, որ մեր վիճաբանության առարկան կին է: Շապուհի եղեռնագործությունների վրեժը մենք պետք է առնենք նրա կանանցից: — Այդ ես պահանջում դու: Իսկ ես նրա բոլոր կանանցը կդնեմ պատգարակների մեջ, և ամենայն հարգանքով կուղարկեմ Շապուհի այրքունիքը, — և այդ կլինի իմ ամենամեծ վրեժխնդրությունը...

Սպարապետի կծու ակնարկությունը սաստիկ վիրավորեց պարթևազն երիտասարդին և նրա սեգ աչքերը վառվեցան բարկության բոցով: Նա դրեց յուր պատրաստ ձեռքը ականակուռ դաշույնի վրա, և յուր լիահնչյուն, խրոխտալի ձայնով, որ ավելի որոտում էր, քան թե խոսում, արտասանեց հետևյալ խոսքերը.

— Ես հասկանում եմ, որ մեր վիճաբանության առարկան կին է, Մուշե՜ղ: Բայց դու կարծո՞ւմ ես, որ այն վսեմ, այն սրբազան պատկառանքը, որ կարող է զգալ Մամիկոնյանը դեպի կինը, դրա համար փակվա՞ծ է Պարթևի սիրտը: Դու կարծո՞ւմ ես, որ միայն դո՜ւ ընդունակ ես` քեզ այնքան բարձր պահել և չստորանալ մինչև կնոջ հողաթափները: Սաստիկ սխալվում ես, Մուշե՜ղ: Այս գործի մեջ` քո ասպետական փափուկ զգացմունքները ամենևին տեղիք չունեն: Ես նայում եմ գործի վրա բոլորովին զինվորական տեսակետից: Մենք Շապուհի հետ պատերազմ ունենք, և այդ պատերազմը, անտարակույս, կտևե երկար, այո՜, շատ երկար: Նրա կանայքը մեր ձեռքումն են, որոնց թվում է և այրաց տիկնանց-տիկին: Կպահենք նրանց ամենայն պատվով մեզ մոտ, իբրև պատանդ, ինչպես Շապուհը պահել է մեր նախարարներից շատերի կանանցը առանձին բերդերում: Մեր վարմունքի մեջ պախարակելի ոչինչ չկա, որովհետև դա վաղուց արդեն ընդունված զինվորական օրենք է: Քանի դեռ տևում է պատերազմը, գերիներին ետ չեն տալիս:

Սպարապետը նույնպես ձեռքը դրեց դաշույնի վրա, պատասխանելով.

— Այդ ես էլ գիտեմ, Սահա՜կ, ինձ պետք չէ զինվորական օրենքները քեզանից սովորել: Բայց դու մի բան չգիտես, լսի՜ր, Սահակ: Դու չգիտես հայոց տիկնոջ` Փառանձեմի խստասրտությունը: Նրա գեղեցիկ, մեղմ և քնքուշ կեղևի ներքո թաքնված է մի հրեշավոր հոգի: Դու չգիտես, որ եթե տանելու լինենք այդ անմեղ կանանցը նրա մոտ, նա, անպատճառ, բոլորին կախ կտա Արտագերսի աշտարակներից: Նա՜, որ դժբախտ Ոլիմպիադային սպանել տվեց և հափշտակեց նրանից հայոց տիկնանց — տիկնությունը, նա՜, որ հայոց արևելյան գնդերի քաջ զորավար Վաղինակին սպանել տվեց և յուր հորը հանձնեց արևելյան գնդերի մեծ զորավարությունը, նա՜, որ յուր հին ոխակալության համար սպանել տվեց յուր ամուսնի եղբոր որդի Տիրիթին, անտարակույս, չի խնայի և Շապուհի կանանցը: Ես, իհարկե, պետք է ընդդիմանամ նրան, և դրանից կծագի մի մեծ հակառակություն իմ և նրա մեջ, որ շատ նպաստավոր չի լինի մեր գործերի այժմյան խառն դրության մեջ: Նա իրավունք կհամարի կոտորել տալ Շապուհի բոլոր կանանցը, որովհետև Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ սպանել տվեց նրա մորը: Ուրեմն, թե՜ ազնվությունը և թե՜ խոհեմությունը պահանջում է, որ մենք այդ կանանցը ուղարկենք պարսից արքունիքը: Իսկ ես առանց ոչ ոքին լսելու պետք է անեմ այդ: Եվ եթե մեզ հարկավոր է պատանդ, այդ պատանդը կպահենք մեր ձեռքում : Շապուհի կանանոցում գտնվում է և Շապուհ ի քույրը` Որմիզդուխտը — Մերուժանի գեղեցիկ նշանածը: Մենք կպահենք այգ օրիորդին, և այդ բավական է: Դու գիտե՞ս, Սահակ, որ մեր պատերազմների սկզբնապատճառը միայն այդ նազելի օրիորդն է եղել: Նրա գեղեցկոլթյունը խելքից հանեց Մերուժանին, և նրան մոլորության մեջ դրեց: Մերուժանը վատ մարդ չէր. նա յուր սիրահարության զոհը դարձավ: Իսկ Շապուհը, օգուտ քաղելով այդ սիրահարությունից, խոստացավ տալ նրան Որմիզդուխտին, և դրանով հաջողացրեց Մերուժանին մի պատուհաս դարձնել Հայոց աշխարհի համար: Այժմ պահելով մեր ձեռքում Մերուժանի սիրած օրիորդին, միևնույն ժամանակ, մենք Մերուժանի թե՜ սանձը և թե՜ սիրտը մեր ձեռքում կունենանք, իսկ Շապուհը, առանց Մերուժանի գործակցության, ոչինչ անել չէ կարող:

Այսպես ջերմ կերպով վիճում էին երկու մեծ տոհմերի երկու հզոր ներկայացուցիչները` հայոց սպարապետի որդին և հայոց քահանայապետի որդին: Բայց վերջինը այլևս ոչինչ չխոսեց, դժգոհությամբ վեր կացավ և դուրս եկավ սպարապետի վրանից: Նրա հետ դուրս եկան Մեսրոպ տարոնեցին և մի քանի այլ իշխանազն երիտասարդներ: Մեծամիտ Պարթևի արհամարհանքը ավելի վրդովեցրեց Մամիկոնյան իշխանին: Նա դարձավ դեպի յուր սենեկապաններից մեկը, հրամայելով,

— Գնա՜, արքայական կանանոցի ներքինապետի միջոցով իմացում տուր արյաց դշխոյին, որ ես խնդրում եմ այցելել նրան:

Նա վերկացավ, նրան շրջապատող բոլոր սեպուհները նույնպես ոտքի ելան: Սկսեց դիմել դեպի Շապուհի կանանոցը, յուր հետ առնելով միայն յուր թիկնապահներին:

Շապուհի հարուստ կանանոցը բաղկացած էր առանձին– առանձին վրաններից, որոնց յուրաքանչյուրի մեջ զետեղված էր նրա կանանցից մեկը` յուր բազմաթիվ աղախիններով և նաժիշտներով: Ներքինիների մի ստվար բազմություն հսկում էր գեղեցկության և փափկության այդ անմատչելի թանգարանի վրա, որ այժմ գերության մեջ էր ընկած:

Տխուր և արտասվալի աչքերով նստած էր յուր վրանում արյաց տիկնանց-տիկինը, և յուր ոսկու ու գոհարների մեջ` պատկերանում էր որպես մի հուսահատ թախծություն: Նրա փառավոր վրանը հեշտության մի դրախտ էր, որ հորինել էր նրա համար պարսկական պճնասիրությունը: Երբ ներքինապետը ներկայացավ, հայտնեց նրան, թե հայոց սպարապետը կամենում է այցելել, այդ միջոցին նրա գեղեցիկ դեմքը բոլորովին գունաթափվեցավ, և շփոթությունից չգիտեր` ինչ պատասխանել: Բարկությունը և երկյուղը փոփոխակի կերպով սկսեցին վրդովեցնել նրան: Բարկանում էր, որովհետև մի հայ զորավար համարձակվել էր նրան մի այսպիսի լուր տալ: Վախենում էր, որովհետև ինքր նրա գերին էր… Բայց, միևնույն ժամանակ, նրան զարմացնում էր այն միտքը, թե, որպես գերի, սպարապետը կարող էր նրան քարշ տալ յուր մոտ, իսկ այդ ի՞նչ բարեհոգություն էր, որ սպարապետը յուր ոտքովն էր գալիս նրա մոտ: Երկար մտատանջությունից հետո, ասաց նա ներքինապետին.

— Թող գա…

Հետո ավելացրեց.

— Խստությամբ կպատվիրես բոլոր ներքինիներին, որ ոչ մի անկարգություն չպատահի...

Եվ իրավ, սպարապետի կողմից սաստիկ անհոգություն էր, որ այնպես անփույթ կերպով, միայնակ, մի խումբ թիկնապահների հետ, պիտի մտներ պարսից արքայից արքայի կանանոցը, ուր ոչ մի օտար արարած մինչև այն օր ոտք չէր դրել: Բոլոր ներքինիները ալեկոծվում էին գազանային կատաղության մեջ: Ո՞վ կարող էր արգելել այդ մոլեռանդներին, ո՞վ կարող էր զսպել նրանց կատաղությունը, թեև ամբողջ կանանոցը շրջապատված էր հայոց զինվորներով: Նրանք հենց կանանոցի շեմքի վրա կխողխողեին հանդուգն այցելուին, որ համարձակվում էր մուտք գործել արքայից արքայի սրբարանը: Բայց ներքինապետի սաստիկ պատվերը հանգստացրեց նրանց: «Հայոց սպարապետը ձեր դիակների վրայով կանցնի և կգնա տիկնանց-տիկնոջ մոտ, եթե դուք ամենափոքր անկարգոլթյուն անելու լինեք», — սպառնացավ նրանց ներքինապետը:

Նա դուրս եկավ դիմավորելու սպարապետին, իսկ մյուս ներքինիները երկու կարգով շարվեցան մինչև դշխոյի վրանի մուտքը: Սպարապետը, շրջապատված յուր թիկնապահներով, անցավ նրանց շարքերի միջով, որ կանգնած էին որպես երկու կենդանի պատեր: Թիկնապահները մնացին վրանի մուտքի աջ և ձախ կողմերում, իսկ ինքը ներքինապետի հետ ներս մտավ:

Վրանում ոչ ոք չերևաց, որովհետև, դեռ սպարապետը ներս չմտած, թագուհին յուր բազմոցի վրայից վերկացավ և անցավ վարագույրի ետևը, որ երկու մասն էր բաժանում վրանը: Ներքինապետը ձեռքով ցույց տվեց, թե այնտեղ է թագուհին, և կարող է սպարապետը խոսել: Որքան սպարապետի համար տարօրինակ էր այդ, այնուամենայնիվ, հարգելով ընդունված սովորությունը, այլևս չնստեց, և ոտքի վրա արտասանեց հետևյալ խոսքերը.

— Ողջո՛ւյն և խաղաղությո՛ւն արյաց մեծափառ դշխոյին: Ես շատ ցավում եմ, որ ներկայանում եմ այնպիսի դառն և ցավալի դեպքերից հետո, որ խիստ սակավ բառեր պիտի գտնեմ մխիթարելու քեզ, ո՜վ մեծափառ դշխո: Բայց պետք է հաշտվենք պատե — րազմի տխուր արկածների հետ: Այդ գործում մենք, հայերս, այնքան հանցավոր չենք, որքան հանցավոր է քո թագավոր-ամուսինը, ո՜վ մեծափառ դշխո: Նա զենքը ձեռին ոտք դրեց մեր երկրի վրա և մեզ ստիպեց նույնպես զենք բարձրացնել նրա դեմ: Բայց ես եկա ավետելու քեզ, ո՛վ մեծավւառ դշխո, որ հայոց նախարարները գիտեն թշնամու վատությունը լավությամբ ջնջել: Դու, իհարկե, ականատես եղար, թե ո՜րպես վարվեցավ քո թագավոր–ամուսինը մեր կանանց հետ` Զարեհավանի ավերակների մոտ: Բայց ես չեմ ցանկանա նրա չարության փոխարեն` չար գործել: Ես քեզ, մեծափառ դշխո, և Շապուհ արքայի բոլոր կանանցը, որ այժմ գերի են իմ ձեռքում, իրանց աղախիններով ու ներքինիներով, կդնեմ ժանվարների մեջ, և էգուց ամենայն պատվով կուղարկեմ Տիզբոն: Ձեզ կուղեկցեն իմ ձիավորների զինված խումբերը, և ապահովությամբ կհասցնեն մինչև Շապուհի արքունիքը: Թո՛ղ Շապուհը տեսնե ձեզ, և գուցե ստրջանա, թե ինքր ո՜րքան անիրավ վարվեցավ...

Դեռ սպարապետը յուր խոսքերո չէր ավարտել, հանկարծ թագուհին վարագույրի ետևից դուրս հայտնվեցավ և, հափշտակված կերպով գրկելով սպարապետի ոտները, բացագանչեց.

— Դու մարդ չես, քո լեզվով խոսում է անմահ Որմիզդի ոգին, որ բոլոր բարությանց արարիչն է:

Այդ անակնկալ հայտնությունը այն աստիճան շփոթեցրեց սպարապետին, որ նա հազիվհազ կարողացավ վեր բարձրացնել նրան և նստեցնել յուր բազմոցի վրա: Ոչ սակավ ապշության մեջ էր գտնվում և ներքինապետը, որ ներկա էր այնտեղ: Տիկինը մի քանի րոպե մնաց լուռ խռովության մեջ, և ապա, յուր արտասվալի աչքերը բարձրացնելով, խոսեց.

— Քո մեծահոգությունը, ո՜վ քաջ, միշտ անմոռաց կմնա իմ սրտում: Երբ կհասնեմ Տիզբոն, իմ առաջին խոսքը այդ կլինի իմ թագավոր-ամուսնին. «Հայոց սպարապետը յուր ազնվությամբ մի ծանր պարտք դրեց քո վրա, և այդ պարտքը միայն նույնպիսի ազնվությամբ կարող ես վճարել…»:

Տիկինը այժմ միայն նկատեց, որ սպարապետը ոտքի վրա էր, և մի առանձին սիրով խնդրեց նրան.

— Նստի՜ր, տե՜ր սպարապետ, քո առաքինությունը այնքան մեծ է, որ դու իրավունք ունես վայելելու իմ ամենախորին հարգանքը:

Սպարապետը, շնորհակալություն հայտնելով, նստեց և, միևնույն ժամանակ, բացատրեց նրան, որ դեռևս տևող պատերազմական հանգամանքները պահանջում են` պարսից արքայական ընտանիքից մեկին, իբրև պատանդ, պահել հայոց տիկնոջ մոտ, և ինքը, սպարապետը, ազնիվ խոսք է տալիս, որ նրա թե՜ պատիվը և թե՜ կյանքը ամեն կերպով ապահովված կլինի:

— Որպես հաճո է քեզ, տե՜ր սպարապետ, այնպես արա, — պատասխանեց տիկինը խորին հոժարությամբ: — Մենք ամենքս քո գերին ենք և քեզ ենք պատկանում: Դու միայն շնորհում ես մեզ մեր թագավորին, առանց ո՜րևէ փրկանք պահանջելու: Ընտրի՜ր մեզանից` որին որ քո կամքը կհաճի:

— Ես որոշել եմ Որմիզդուխտ օրիորդին:

— Շատ գեղեցիկ: Ես կհրամայեմ ներքինապետին, որ Որմիզդուխտ օրիորդին յուր բոլոր աղախիններով ու ներքինիներով քեզ հանձնե:

Սպարապետը վերկացավ: Երբ նա գլուխ տալով և բարի ճանապարհ ցանկանալով կամենում էր հեռանալ, տիկինը կանգնեցրեց նրան, ասելով.

— Անմահ աստվածներին է միայն հայտնի, տե՜ր սպարապետ, մարդկանց ճակատագիրը և նրանց գալոցն ու ապագան: Ո՞վ գիտե, թե էգուց ի՛նչեր կարող են պատահել: Մարդկային բախտն ու դժբախտությունը միևնույն սանդուղքներով են ելևէջ անում: Ես թողնում եմ քեզ մոտ մի հիշատակ, որպես առհավատչյա իմ երախտագիտության: Ամեն անգամ, երբ դու ո՜րևէ կարյաց մեջ կգտնվես, ուղարկի՜ր ինձ մոտ այդ նշանը, և արյաց տիկնանց — տիկինը ամեն ջանք գործ կդնե, օգնության ձեռք մեկնելու քեզ: – Այդ խոսքերի հետ նա հանեց յուր մատից արքայական մատանին և առաջարկեց յուր ազատողին:

Սպարապետը քաղաքավարությամբ մերժեց, ասելով.

— Քո բարեսրտությունը, թագուհի, ինձ համար մեծ առհավատչյա է:

Նա կրկին ու կրկին անգամ գլուխ տվեց և դուրս եկավ թագուհու վրանից:

Ազատության լուրը արդեն տարածվել էր ամբողջ կանանոցում, և Շապուհի գեղեցկուհիների ուրախությունը չափ չուներ: Ամենքը անսահման հրճվանքով օրհնում էին, փառաբանում էին այն մարդու կյանքը, որ նրանց ազատություն շնորհեց: Եթե սովորությունների խստությունը չզսպեր նրանց ոգևորությունը, անպատճառ, խմբովին դուրս կվազեին իրանց փակյալ օթյակներից, արտահայտելու իրանց շնորհակալության խորին զգացմունքները:

Երբ սպարապետը դուրս եկավ թագուհու վրանից և սկսեց գնալ յուր իջևանը, այդ միջոցին զարմացած ներքինիները` խուռն բազմությամբ թավալվում էին նրա ողորմած ոտքերի տակ և համբուրում էին զգեստների դրոշակները: Իսկ կանանց վրանների հետ քաշած վարագույրների ետևից` հարյուրավոր գեղեցիկ աչքեր, լի գոհունակության արտասուքներով, նայում էին վայելչագեղ երիտասարդի վրա, որ յուր քաջության հետ միացրել էր այնքան հոգեկան ազնիվ հատկություններ:

Նա ո՜չ միայն բոլորին ազատություն շնորհեց, այլ չկողոպտեց և կանանոցի անբավ հարստությունը, որ ժամանակի սովորությամբ` յուր սեփականությունն էր համարվում: Նա թողեց կանանոցը յուր ամբողջ պարագաներով անձեռնմխելի, յուր զինվորներին պատվիրելով, մի շյուղ անգամ չհափշտակել, ինչ որ կանանոցին է պատկանում: Նա ավարի առեց միայն Շապուհի արքայական վրանների հարստությունը և նրա բանակը յուր բոլոր ռազմամթերքով: Իսկ կենդանի մնացած զինվորներին գերի վարեց:

Մուշեղի վարմունքը ընղհանուր համակրության և խորին զարմացման արձագանք գտավ Տիզբոնում: Պարսից համար մի տարօրինակ հրաշք էր այդ տեսակ վարմունքը: Շապուհը հրամայեց իսկույն վեր առնել նրա հոր պաճուճապանը, որ Անուշ բերդում դրած էր Արշակ թագավորի առջև, և պահել Տիզբոնի մեծ տաճարում: Իսկ նրա մեծահոգության հիշատակը հավերժացնելու համար, նրա պատկերը, յուր ճերմակ ձիու վրա նստած, նկարել տվեց յուր ոսկյա բաժակի վրա, որով միշտ սովորություն ուներ խմել: Եվ ամեն անգամ, հանդիսավոր տոնախմբությունների ժամանակ, երբ ձեռքն էր առնում այդ բաժակը, հիշում էր ազնիվ հերոսի ազնիվ գործը, և խմում էր կրկնելով. «Ի փառս ճերմակաձիույն», — այսինքն` ճերմակ ձի նստողի փառքի համար:

Այդ` Մամիկոնյան իշխանի բարոյական վեհության արձանն էր, որ քանդակել տվեց պարսից արքայից արքան յուր սրտի և յուր ուրախության բաժակի վրա: Բայց նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանւսկ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «Դուռն –Հոնի»: Եփրատի ափերի մոտ բարձրանում էր մի ահագին քարաժայռ, որի հարթած ճակատի վրա քանդակած էր մի սպառազինված հերոս, նստած սիգապանծ նժույգի վրա, իսկ նրա ոտների` տակին ընկած էր մի հաղթահարված հսկա: Ձիավորը ներկայացնում էր Մուշեղ Մամիկոնյանին յուր անբաժան ճերմակ նժույգով, իսկ ընկած հսկան ներկայացնում էր այն սոսկալի ելուզակին, որ երկար ժամանակ ասպատակում էր Միջագետքը և Հայաստանի հարավային գավառներր: Մի մենամարտության մեջ Մուշեղը սպանեց նրան և ազատեց երկիրը այդ հրեշի կատարած ավերմունքներից:

Բայց նրա մեծահոգության արձանը ավելի բարձր եղավ քաջության արձանից…