Սայաթ-Նովայի մոտիվներով

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

(Նմանություն)

Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,
Սեւ է խառնում մշտապես քո երգերին, քո կյանքին,
Պղտորում է ամեն ինչ, սեւացնում սիրտ-հոգի,
Թույն մատուցում շոյանքով. «Անուշ քույր իմ, իմ անգին»։

Սւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,
Սեւ է ցանում չորս բոլոր՝ քարին, ծառին ու ծաղկին,
Սեւ է ցանում քո քայլին, քո շարժումին, քո վերքին,
Թույն մատուցում սիրալիր. «Անհուշ իմ քույր, իմ անգին»։

Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,
Մուր է թորում ամեն օր՝ աչք չբացած, դեռ ծեգին՝
Օձավտառ նախանձով ծարավաբոզ, սեւ էգի -
Թույն մատուցում քաղցրախոս. «Քնքուշ իմ քույր, իմ անգին»։

Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին...
Ոտից գլուխ նա ասես սուրսայր փուշ է տատասկի,
Իրենը չես՝ կեղտ ես դու, թե իրենն ես՝ ձույլ ոսկի,
Թույն է բերում լրբաճեմ. «Մեղուշ իմ քույր, իմ անգին»։

Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին,
Աշխարհը սեւ է ներկում, խինդը փոխում սեւ սգի,
Եվ ջանում է ամեն կերպ, որ արեւն էլ սե՛ւ ծագի,
Թույն մատուցում զզվանքով. «Անշունչ իմ քույր, իմ անգին»։

Սեւ սատանան սեւ թույնի սեւ բաժակը սեւ ձեռքին...