ՍԱՅԼՈՐԴԸ
(Գաղթականի հուշատետրես)

— Ա՜խ, կըսեր բռունցքի հարվածի մը տակ թնդացնելովդ իր լայնշի և մազոտ կուրծքը, հիչ մեկ պան մը չեմ կարոտած. նե՛ մարս, նե՛ քուրերս... մինակ թուլումպաս էո՜ֆ, սանկ մեյ մը օմուզնիս կառնենք տե յա՜ յա՜ ... յըլտըրըմի պես կը վազեինք մի... հոս անանկ թուլումպա մուլումպա չիկա... պան շունիս նե պտըտե... սո՞նը։

Գրեթե միշտ ասոր նման պատասխան, մը կառնեի երբ Համբիկին հանդիպելով հարցնեի իրեն. «ի՞նչ լուր, Համբիկ:» — «Էո՜ֆ, մի՛ հարցաներ պեգործ չիկա... ա՛խ. պարե թուլումպա մը ըլլար»։

96-ի գաղթականության հոսանքը զանի ալ Վառնա նետեր էր հանկարծ բաժնելով զինքը ջրհանեն, որուն վրա անսահման էր իր սերը։ Պոլսո քաջընթաց ջրհանկիրներեն էր, հանդուգն, հուժկու և կռվազան։ Հրդեհներու ատեն իր շահատակությունները սքանչացում կը պատճառեին. մրցակիցներու դեմ մղված պայքարներու մեջ ահ ու սարսափ թողած էր, այնքան որ «յաման Համբիկ» հորջորջումին արժանացած էր։ Իր հավատքը, իր իդեալը, իր ակնարկությունները, ըղձանքներն ու ձգտումները ջրհանին վրա կամփոփվեին։ Անով միայն երջանիկ էր։ Այրվող տոլներու ճարճատը, անջրպետը լզող բոցերոն գալարմունքը և վտանգվածներու աղեկեզ կանչվըռտուքներուն համանվագը իր հոգին կը հուզեին, ջիղերը կը գրգռեին, և դյուցազնի թափեր կուտային իրեն։

Հիմակ, Վառնայի մեջ, զրկված իր բոլոր այս հրաշալի բաներեն․ ջրհան չիկար, և ո՜վ դժբախտություն, շփկար նաև հրդեհ։

— Ատա՛մ, այստեղ եղած կրակները քանիի՞ կառնես, կըսեր դառնաթույն արհամարհանքով, թուքո՛վս կը մարեմ պե, թուքովս…

Եվ իր արհամարհանքին սաստկությունը ապացուցելու համար՝ անգամ մը, գիջերանց, և ոչ իսկ անկողնեն ելած էր երբ իր բնակած տանը դեմը հրդեհ պատահած էր։

Մուսալլայեն հիվանդանոց տանող ճամբուն վրա ճորճորալեն կը պտտեր հայ ճովինան, սալթան ուսեն կախված, մինչև ընքվիները իջնող թուխ ֆեսին տեղ հարդե աղտոտ փոքր գլխարկ մը դեպի աջ ականջը հակած և ձեռքերը փոթուռին գրպաններուն մեջ։

Բավական ատեն այսպես անցուց․ օր մը, սակայն, տեսւս զինքը, որ սայլի մը վրա, ձեռքը խարազան մը, արշավակի կերթար։

Համբիկ սայլապանության սկսած էր։

— Ախպարս, ըսավ ինծի երբ իրեն հանդիպեցա, անոթի պտըտիլը աղվոր բան չէ․ էս պաշխասիներուն պես հաց չեմ կրնար մուրալ։ Ամա արապաճի կըլլամ էղեր, խե՛րն եմ անիծեր…


Ա՛լ ամեն առտու, կանուխ, Համբիկ, սայլակին հետ մեկտեղ, գաղթական հայերու գլխավոր ապաստարանին՝ հիվանդանոցին դրանը առջև կը կենար բեռ փոխադրելու համար։ Այդ առթիվ միշտ պատեհություն կունենար տեսնելու Միս Ֆրեյզըրը, ամերիկացի միսիոնարուհին, որ՝ հայկական ցրվումին բոթը լսելուն պես՝ Բուլգարիա շտապած էր ոսկիի բեռով մը։ Օրվան մեջ շատ անգամ բաց լանտոյի մը մեջ բազմած՝ սայլորդին առջևեն կանցներ իր հմայքոտ քաղցր ժպիտը շրթունքին վրա։

Համբիկ իր կոշտ պատյանին տակ խանդավառ և Հույզ հոգի մը կը կրեր: Այդ նրբակազմ, շնորհաշուք ու քաղցր աղջկան երևույթեն խորապես ազդված Էր։ Հազարավոր անոթիներու կյանք պարգևող այդ անոսր ու փափուկ Էակին մեջ տեսեր Էր գերմարդկային անձնավորություն մը։ Անոր ամեն մեկ անցքին՝ նախկին ջրհանկիրը ներկա կը գտնվեր հափշտակված,արձանացած, գլխարկը ձեռքը բարևի։

— Ինչ ախճիկ է, պե՛, կըսեր ինծի, աչքերը անճառ ու պաշտողական հիացմամբ լի, նստելու, նայելու, խնդալու պիչիմը, է՜հ, ստեղծողիդ մեռնիմ։

Հետաքրքությամբ հետևցա այս քաջ ու անկեղծ տղուն կույր պաշտամունքին աճեցմանը՝ Միս Ֆրեյզրրի համար։ Հիվանդանոցին դրանը առջևչ ժամերով կսպասեր ամերիկուհիին դուրս ելլելուն, շատ անգամ մերժելով բեռերուն․փոխադրությունը, որ իր ապրուստի միակ միջոցն էր։ Ամեն անգամ որ ղանիկա տեսներ, ղինքը հուզող բոլոր խառնաշփոթ ու ահագին զգացումները կը խտացներ միակ հառաչանքի մը մեջ։

Ինչ ախճիկ է, պե՛․․․

Հիմակ, ա՛լ գրեթե մոռցեր էր թուլումպան իսկ։ Անցյալ կյանքի բոլոր գինովությունները, բոլոր հրճվանքները կանհետանային այս քաղցր ու տիրապետող տեսիլքին հոգեպարար արբեցումին տակ։ Եվ մինչ բոլոր գաղթականները, մեծով-պզտիկով, ամերիկուհիին մագնիսող ոլորտին մեջ կը դառնային սփոփվելու համար անոր տաք շունչեն, ինքը, Համբիկ, հեռու կը մնար անկեց, անոր մոտենալու այնքան գյուրին հանդգնությունը իր մեջ չզգալով, ինք որ բոցերու դեմ մաքառած և հրդեհի գեհեններէն անցած՛ էր աներկյուղ։

Հեռվեն, բոլոր կարելի հարգանքները կը մատուցեր անոր,ճամբուն վրա սպառելով գլուխը բաց, և օրիորդին հանդեպ անարգական ընթացք բռնողներուն հետ կատաղորեն կռվելով։


Օր մը, սակայն, հիվանդանոցին դռները փակվեցան և Ֆրեյզրրը մեկնեցավ ալ չվերադառնալու համար։ Այդ օրը, Համբիկ, եղելությունեն անտեղյակ, ըստ սովորության գնաց ժամերով սպասեց հիվանդանոցին դրանը առջև, սայլակին վրա նստած։ Եկող գացող չիկա․ հարցուց փնտռեց, ու դեփ֊դեղին եղավ երբոր ըսին թե գացած էր։ Գլխահակ, ձիուն սանձեն բռնած, դանդաղորեն հեռացավ, ու ա՛լ մեյ մըն ալ չերևցավ հիվանդանոցին շրջանակները։ Երբ քանի մը ամիս ետքը իրեն հանդիպեցա փողոցը, աճապարանքով քովս եկավ լուր հարցնելու «ինկիլիզին ախճիկեն» ինչպես ինքը կանվաներ։

— Աղեկ է եղեր, ըսի, քեզի բարև ըրեր է, ավելցուցի կատակով։

— Ծո ի՞նչ կըսես... ես վո՞վ եմ քի ինծի բարև պիտի խրկե... Անիկա...

Ու իր արևակեզ բիրտ դեմքը՝ հեռավոր հիշատակներու վերաբերումեն՝ տեսակ մը երազական անուշություն կը ստանար։

— Ի՞նչ ախճիկ էր, պե՛, կը մրմռար, հեռանալով իր սայլակին հետ։

Անկեց ետքը ա'լ քանի դեմս ելլար. լուր կը հարցներ ամերիկուհիին մասին, միշտ միևնույն պաշտամունքի արտահայտություններով, նույն հիացական բացականչություններով։


Հյուսիսի քամին ահեղասույլ կը փչեր։ Բալթոիս մեջ սեղմված, այդ դիվային հողմին դեմ կը մաքառեի ճամբաներուն վրա։ Հանկարծ սայլավոր մը նշմարեցի որ գլուխը կնգուղի մը մեջ պլլած՝ ձիուն սանձը կը քաշեր մեծ տաժանքով։ Ծանոթ ձայն մը բարևեց զիս։ Համբիկն էր։

Հիմա քով քովի կը քալեինք՝ գրեթե առանց բառ մը արտասանելու, քամիեն շնչասպառ։

— Լուր մը ունի՞ս, հարցուց վերջապես սայլորդը, անհամբեր։ Կըսեն կոր քի նորեն հոս պիտի դա... իրա՞վ է։

— Չէ', ճանըմ, ըսի գրեթե մեքենայաբար, ո՞ւր պիտի գա. խեղճ աղջիկը մեռեր է. չիմացա՞ր, լրագրները գրեցին։

— Վա՜յ...։

Համբիկ ուրիշ ձայն չհանեց։ Կնգուղին ծալքերուն տակ իր դեմքը խուլ և սաստիկ տառապանքի մը կծկումը արտահայտեց։ Ուժգնությամբ քաշեց ձիու սանձը, ուր տեսա, որ հովին ալիքներ րը կնգուղին վրա ինկած կաթիլներ կը թռցնեին կը տանեին։

Սայլորդը կուլար։