Կապելս ո՞րն է,
մի ծայրը սանձի դիր ծառի ճյուղին,
եւ ձին շարժվելու փորձ էլ չի անի,
կապված է արդեն՝
հլու հնազանդ.
Կապի հետ հաշտված ձիու սովորույթ։
Թողնես՝ օրերով-չորս ոտքը մի տեղ
կանգնած կմնա,
իսկ թե հեծվո՜ր ես -
սանձի մի շարժում՝ վարգում է արդեն,
սանձը քիչ ձգիր՝
ամենաուժեղ վազքի մեջ նույնիսկ
մեխվում է տեղում։
Թեքիր դեպի ձախ,
դեքիր դեպի աջ,
թեքիր՝ վեր ու վար, առարկում չունի։
Նա վաղուց հաշտ է իր այդ սանձի հետ,
սիրում է, նույնիսկ,
զնգոցը նրա...
ՈՒ չի էլ ձգտում ինքն իր ներսում
երբեւէ եղած ձիուն հիշելու...
Մենք միշտ ուզում ենք չսանձվող մի ձի
եւ ձգտում նրան անպայման սանձել...
Իսկ թե սանձվում է՝ նրանից ի՜նչ ձի...