ՎԵՐՀՈՒՇ


Իմ ձին,
Որին ես փնտրել եմ այնքան,
Արդեն գտել եմ բացատում ամպի։
Բայց նրա թամբին
Ամեն օր իջնող փոքրիկ թռչունը,
Որ կրկեսների խաղերը բոլոր
                Սիրում է ծաղրել,
Էլ չի երեւում։
Ձիու շաղոտված ոտնակապերի
Սառը զնգոցից
Դաշտի խոտերը փուշ-փուշ կանգնել են,
ՈՒ նրանց միջից հավքեր են թռչում,
Երբ ձին փորձում է
Դունչը երկարել խոտափնջերին։
Եվ գուցե, գուցե ձին դրա համար
Չի էլ արածել մի ամբողջ գիշեր։
Ձին, ինձ տեսնելով, պոչը շարժում է,
Գլխով մոտ կանչում։
Շունչ ու խրխինջից ծաղկունքը ասես
                 Ալիք են տալիս,
Եվ սաղարթները - դիմացի թփին -
Թեթեւ շարժվում են։
Ես արձակում եմ ոտնակապերը
Ու տուն ենք գալիս
Չասվող խոհի հետ։
Պապս ասում էր՝
Լեռները մեղք են,
Թե լեռների մեջ արձակված ձիու
                 Ոտքերին կապ կա։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հեռվում թախծում էր լեռը գլխահակ՝
Գլուխը չասվող խոհին խոնարհած...