Սասնոյ ահեղ կռուին
Սույն երգում ներկայացվում է 1894 թ. ապստամբության մի դրվագ: Մեր ուշադրությանն արժանացել է այն, որ ըստ երևույթին երգը բաղկացած է երկու մասից` 1. ապստամբության մի դրվագը (տողեր 1-2, 7-12), 2. մասնավորապես՝ սասունցիների և ընդհանրապես՝ հայության տրամադրվածությունը սուլթան Աբդուլ-Համիդ II-ի (1874-1908) հակահայկական քաղաքականության նկատմամբ (տողեր 3-6, 13-24). այս հատվածում որոշ տողեր նույնությամբ գտնում ենք "Մենք սրտով կտրիճ ու բոյով պարթեւ" երգում, որի երեք վարիանտ տեղ է գտել "Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր" ժողովածուում: Մեր ծրագրից դուրս է եղել տողերի ծագման հարցը, թե ո՛ր երգի համար որի՛ց են այդ տողերը վերցվել. չենք բացառում, որ այս հատվածը, որ դարձել է երգի անբաժանելի մասը, ամբողջությամբ առնչվի "Մենք սրտով կտրիճ ու բոյով պարթև" երգի հետ): Չնայած վերը նշվածին՝ սույն բնագիրը կազմելիս հնարավորինս պահպանել ենք տողերի՝ ավանդական դարձած դասավորությունը: Ուշագրավ տարբերակներ ունեն Լիլիթ Թադևոսյանը, երգիչ Սամվել Երանյանը, նաև՝ Սահակ Սահակյանը, որոնցից էլ օգտվեցին կազմողները:




ՍԱՍՆՈՅ ԱՀԵՂ ԿՌՈՒԻՆ


Սասնոյ ահեղ կռուին գելիեգուզանցի Համզէն[1][2]
Էրկու մանչն իւր ղրկեց Գրգոյին[3] քոմակ[4]:
…Մեր սուրբ Մարաթուկ, Անդովկ, Ծովասար կը կանչին,[5]
Չուր ե՞րբ մեռուկ մենք մնանք, ամօթ էղնի մեզ:[6]

Ու մենք քար կը հալցունք, ջուր կը դարձունք զերկաթ,[7]
Հերիք էղնինք ծառայ տաճիկներուն[8] վատ:

Իւրեան էրկու տղին՝ Ավէյին, Հաջոյին,[9]
Գրգոն առաւ իւր խումբ, մտաւ գօտեմարտ:[10]
Իւրեանց մէլիքներն էն կ'իրիշկեն էրկու տղէն,[11]
Թէ ե՛րբ պիտի զարկին թիւրքերուն[12] նամարդ:

Հաջո՛յ, Հաջո՛յ, լաչակ քաշիմ, քաշիմ ես քո գլուխ,[13]
Հորի՞ իս կանգներ, լաօ՛, մտի՛ր գօտեմարտ:

Շատ ինք թափել արիւն[14], չը տեսանք վառ գարուն,
Մեր աչքերուն՝ միշտ լաց, չ'օգնեց մեզ Աստուած[15]:
Կռուինք, զարկինք, անցնինք, կռուով հասնինք Սասուն,[16]
Չէ՞ որ շատ ի զուր ին աղաչանք ու լաց:

Տաճիկ[17] մեր առջեւէն կը փախնի քանց կատու.[18]
Հերի՛ք մնանք, հայե՛ր, տաճկին հարկատու:

Մեր կանանց կրծքին՝ մանչ, ուսին՝ մոսին, ձեռքին՝ մաճ,[19]
Նրանց դէմքին՝ ցասում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն:
Հայոց ազատութիւն, սրբազան ջօջաց տուն,[20]
Քաջեր ունիս բազում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն:

Դուք մեզի ապաւէն, փրկէ՛ք թիւրքի դաւէն,[21]
Քաջորդի՛ք[22] Սասնոյ տան, մենք ձեզի ղուրպան:

մոտ 1894


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1-2 տողերը նույնությամբ կան բոլոր վարիանտներում:
  2. Գելիեգուզանցի Համզէն նաև 1893 թ. Տալվորիկի ապստամբության գլխավորողներից էր:
  3. Երկրորդ և ութերորդ տողերում հիշատակվող Գրգոն զոհվեց ներկայացվող ապստամբության ժամանակ:
  4. Տարբերակ՝ Էրկու մանչն իւր ղրկեց սարերը կռուի:
  5. 3-4 տողերը գրեթե նույնությամբ գտնում ենք "Մենք սրտով կտրիճ" երգում (Անդովկ, Ծովասար, Խարդան, Մարաթուկ // կը կանչին՝ չուր ե՞րբ մեռուկ մնաք դուք):
  6. Ս. Սահակյանն ունի՝ "Չուր ե՞րբ գերի մենք մնանք, ամօթ է մեզի":
  7. 5-6 տողերը գրեթե նույնությամբ կան "Մենք սրտով կտրիճ" երգում (Մենք քար կը հալցունք, ջուր դարձունք (զ)երկաթ, // Ամօթ է մնանք տաճկին ըռիաթ):
  8. "Տաճիկ" բառը գրաբարում նշանակել է արագավազ. նույն բառով հասկացել են նաև արաբներին (իբրև տաճիկ ձի ունեցողներ), իսկ իսլամի տարածումից հետո "տաճիկ" բառը հոմանիշ է դարձել մահմեդականներին ընդհանրապես:
  9. 7-8 տողերը նույնանում են Լ. Թադևոսյանի, Ս. Երանյանի, Ս. Սահակյանի մոտ:
  10. Ս. Սահակյանն ունի՝ Առաւ իւր խմբի մէջ, մտաւ գօտեմարտ: Ուշագրավ է այն, որ խոսվում է և՛ Համզէի "էրկու մանչի", և՛ Գրգոյի "էրկու տղի"՝ ապստամբության մեջ մտնելու մասին:
  11. 9-10 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
  12. Քանի որ "թուրք" էթնոնիմը ձևավորվել է 1970-ականներին, իսկ մինչ այդ եղել է "թիւրք" (ինչի մասին վկայում են բոլոր աղբյուրները), մենք երգում հանդիպող "թուրք"-երը դարձրել ենք "թիւրք": Ի դեպ՝ թիւրքերին հաճախ անվանել են տաճիկ, արևմտահայերին՝ տաճկահայեր. ուրեմն՝ խոսվում է նույն թշնամի ազգության՝ տաճիկ-թիւրքերի մասին:
  13. 11-12 տողերը նույնանում են երեք վարիանտում էլ:
  14. Լ. Թադևոսյանն ունի՝ Հերիք էսքան արիւն...
  15. Տարբերակ՝ ...օգնէ մեզ Աստուած:
  16. 15-16 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
  17. Լ. Թադևոսյանն ունի՝ Առիւծ…
  18. 17-18 տողերը հանդիպում են Լ. Թադևոսյանի վարիանտում և գրեթե նույնությամբ՝ "Մենք սրտով կտրիճ" երգում (Թիւրք մեր առջեւէն փախնի քանց կատու // Ամօթ է մնանք թիւրքին հարկատու):
  19. 19-20 տողերը նույնանում են երեք վարիանտում էլ:
  20. 21-22 տողերը հանդիպում են Ս. Երանյանի վարիանտում:
  21. 23-24 տողերը (Դուք մեզի ապաւէն, փրկեք թիւրքի դաւէն...), որ կան բոլոր վարիանտներում, հաճախ կրում են կրկներգի դեր և երգվում են յուրաքանչյուր տնից հետո:
  22. Տարբերակ՝ Հայորդիք…

Լիլիթ Թադևոսյանի վարիանտն ունի ևս մեկ տուն, որ և՛ լեզվական, և՛ իմաստային անհամապատասխանության պատճառով դուրս է մնացել մեր բնագրից՝ հավանաբար ավելացված լինելով հենց Լ. Թադևոսյանի կողմից.

Երգում էր հայ քաջուհին, գրոհ տանում որդիքն իւր,
Երգում էին մայր ու որդի երգ այս անբասիր.
Դուք մեզի ապաւէն…