Սարալանջի մամռոտ ժայռին
Մեջքը հենած լեռնցին
Հրացայտ աչերն շուրջ հածելով՝
Դիտում է ձորն և ուղին.
Ինչպես մի վագր, որին գաղտուկ
Նետահարել է որսորդ՝
Նա կատաղած՝ յուր թշնամուն
Է որոնում սրտատրոփ։
Հին քաջերի սերունդ է նա,
Սասնո լեռանց ընտանի,
Հայացքն ահեղ, հասակն հսկա,
Բազուկն առյուծ կվանի։
Բայց այդ բազկով նա քիչ առաջ
Մաճ էր բռնում, հերկում էր,
Եվ իր հարսի սիրով վառված
Գողտր ու անուշ երգում էր։
Սիրտը հանգիստ, հոգին զվարթ։
Միակ հոգսն էր այդ ժամուն,
Շուտ գործերից լինել ազատ,
Գիրկը վազել ամուսնուն։
|
|
Հանկարծ լեռնից բոթ գուժեցին,
Թե «Թուրք ու քյուրտ հրոսակներ
Գաղտնի ճամբով ներս խուժեցին
Ավրել կուզեն մեր գեղեր…»։
Քաջի մարմնով սարսուռ անցավ,
Չէր դա սարսուռ երկչոտին,
—Վրեժի ոգին ծնունդ առավ։
Կրակ կտրեց սասունցին։
— «Դեհ, իմ եզներ, կացեք այստեղ
Մեր արօրին պահապան,
Ես պիտ վազեմ դեպի մեր գեղ
Առնել սուր ու հրացան»։
Ասաց, վազեց ինչպես այծյամ
Դաշտը կտրեց, լեռն անցավ,
Ո՛չ ձոր նայեց և ոչ անդունդ,
Շենի ափին շունչ առավ։
Հազիվ թե վեր վերցուց աչերն
Գյուղի շփոթն դիտելու,
Գողտրիկ հարսի զույգ բազուկներ
Եկան զինքը գրկելու։
—«Արի, Ավո, քրտնած ճակատիդ
Տամ ես փութով մի համբույր,
Ապա իմին ձեռքով կախեմ
Ուսդ հրացան, մեջքդ սուր.
Մեր կտրիճներ վաղուց արդեն
Անցել են ձոր ու հովիտ,
Դու միայն ցարդ արորով
Կզբաղեիր միամիտ։
Էլ մի հոգար դու իմ մասին,
Վազի փութով դեպի առաջ,
Թուրքաց գնդեր մեր կամրջին,
Կասեն, վաղուց են տիրած…
Մի ուշանար, գնա, հասիր՝
Կամ Դալվորկի քաջերին,
|
|
Կամ կիրճերում դարան մտիր,
ճամփա մի տար թուրքերին։
Քո ետևից ես կբերեմ
Վառոդ, գնդակ, հրացան,
Գնա, իմ քաջ, հզոր բազկիդ
Սուրբ Հովհաննես պահապան…»։
Լեռնցու սիրտն զգացվեցավ,
Գրկեց յուր գողտր ամուսին,
Շրթանցը ջերմ համբույր տվավ,
Զենքերն առավ յուր ուսին։
—«Մի վրդովվիր, սիրունս Ալմո,
Թուրք մոտ չի գալ մեր դեղին,
Քանի դեռ չի մեռել Ավո
Եվ կտիրե յուր բազկին։
Հետ դարձիր դու, նստիր մեր հյուղ,
Վառոդը թող բերե լաճ,
Սիրտդ պահե դեռ աներկյուղ,
Մեզի կօգնե Հայոց Խաչ։
Բայց թե մեզի նա խռովի
Եվ հաջողե թշնամուն,
Այն ժամանակ էլ ոչ ոքի
Հույս մի կապիր հաստատուն։
Հենց որ տեսար թե թուրք հասավ
Մեր արտերի սահմանին,
Գիտցիր, որ քո Ավոն մեռավ,
Վերք առնելով խոր կրծքին.
Ա՛յն ժամանակ ելիր տնեն
Ձեռքդ առած իմ դաշույն,
Հարված տուր և հարված ստացի՛ր,
Բայց մի մատնվիր թշնամուն։
Թող նա մաս մաս քեզ հոշոտե,
Բայց երբեք չպարծենա
Թե բռնությամբ նա տիրել է
Մի սասունցի աղջկա…»։
|
|
Ասաց թռավ դյուցազնորդին
Դեպի լեռան լանջն իվայր.
Անցավ ձորերն հասավ կիրճին,
Աշեց հեռվից մեծ ճամբար։
— Դա էր թուրքաց զորքն ու հրոսակ,
Որ քրդերուն միացած,
Դիմում էր դեպ Սասնո գեղեր,
Սփռել անդ սուր, ավերած։
Զգաց Ավոն, որ իրենից
Առաջ գացող կտրիճներ —
Հաղթվել են զորքի ուժից,
Տալով նրան թանկ զոհեր,
Որ հայրենի գավառն արդեն
Անցել է Թուրք զորքի ձեռք,
Զգաց՝ և իր հպարտ սրտին
Տիրեց սևուկ մաղձ ու մեգ…
«Այսուհետև այլևս ապրել
Պիտ ամաչե սասունցին,
Քանի որ յուր ազատ լեռներ
Ոտք կոխեց չար թշնամին.
Մեզի մեր հարք ազատ, անկախ
Ավանդ տվին այս լեռներ,
Ամոթ է, որ մենք բաց աչքով
Տեսնենք նոցա օտար տեր.
Օն, ուրեմն մենք դեպի մահ,
Հավասարինք մեր եղբարց,
Երբեք չասե թող աշխարհ
Թե «Սասունում հայ մի մնաց,
Որ կյանքն ավել շատ սիրեց
Քան թե մահը կտրիճի
Կամ յուր հպարտ վիզը ծռեց
Կրելու լուծն ստրկի…
|
|
Ասաց, հրացանն հանեց ուսից,
Առաջ դիմեց սրարշավ,
Անցավ թաքուն ճամփաներից
Եվ թշնամու դեմն առավ։
Տեսավ նոցա դաժան վաշտեր
Մոտենում են նեղ անցքին ,
Ընտրեց արագ ապահով տեղ,
Հրացանն ուղղեց դեմ զորքին.
Եվ լեռնցու ուժեղ ձայնով
Կոչեց. «Հեռու, օն հեռու…»։
Եվ արձագանքն այրերի մեջ
Կրկնեց գոչյունն ահարկու,
Ապա թնդաց փակի հրազեն
Գլորվեց թուրք հիսնապետ,
Երկրորդ, երրորդ հարվածներին
Իջան դրոշն ու յուր պետ…
Հետ չէր կասում առյուծ Ավոն,
Ժայռն էր իրեն պահապան,
Կռվում նա անդիմադարձ
Հուր ցանելով անխափան։
Եվ մերթ ընդ մերթ դեպի երկինք
Պարզելով յուր սեգ աչեր…
— «Ա՜խ, ով կտար ինձ այս ժամին
Կրակների նոր պաշար,
Որ այս անկոչ հրեշներին
Գետնին տայի չարեչար…»
Գոչեց Ավոն, նայեց չորս դին,
Եվ ահ հանկարծ ժայռերից
Ելավ Ալմոն, զենքեր ձեռին,
Ինչպես հրեշտակ երկնքից։
— «Ահա քեզի պատրաստ կրակ,
Իմ սիրեցյալ ամուսին,
Մի սրդողիր, որ ես եկա
|
|
Մեռնել քեզ հետ միասին.
Գյուղում ոչ ոք նստավ յուր տուն,
Ամենքն ելան կռվելու,
Ինչո՞ւ Ալմոն ձեռքը ծոցում
Մնար թուրքից գերվելու»։
Հերոսն իսկույն գորովվեցավ,
Գրկեց յուր գողտր ամուսին,
Ապա բերած կրակն առավ
Տվավ նրան շատ բաժին։
— «Մահն է արդեն մեր առաջև,
Գիտցիր ընկերդ իմ անգին,
Անցիր փութով ժայռի ետև
Կրակ ուղղիր զորքերին։
Քանի որ շունչ ունինք մենք դեռ
Պիտի զարնենք թշնամին,
Իսկ երբ մեզ մահ կտա մեր Տեր,
Աստ կհանգչենք միասին…»:
— «Իմ էլ այդ է միակ փափագ»,
Ասաց Ալմոն ու թռավ,
Հրացանն առավ և դեպի ձոր
Կրակ թափել սկսավ։
Երկար նրանք կռվում էին
Ինչպես անվախ առյուծներ
Եվ մեն մի զույգ հարվածներին
Զոհում նույն չափ մարտիկներ։
Ոչ ոք ստվար այդ բանակից
Կիրճը մտնել չէր զօրում,
Հերոսների գնդակներից
Ամենքի սիրտն էր դողում։
Հանկարծ կթեց հերոսուհին,
Հրացանն ընկավ իր ձեռից,
Վազեց Ավոն դեպ սիրելին,
Գտավ զարնված գնդակից։
|
|
Եվ Ալմոյի շուշան ճակատ
Կայլակում էր մարդ արյուն,
Իսկ սուրբ մարմնից հոգին ազատ
Բաժանվում էր անխոսուն…։
Բայց յուր չքնաղ սևուկ աչեր
Վերջին անգամ նա բացավ,
— «Մնաս բարով, իմ քաջ Ավո…»:
Մեղմով ասաց ու մեռավ…։
Հերոսն իսկույն ծնկան իջավ,
Գրկեց սիրած հարսի դին,
Հանգչող շրթանցն համբույր տվավ
Եվ արտասվեց դառնագին։
Այս առաջին արտասուքն էր,
Որ նա թափեց իր կյանքում,
— «Գնա, Ալմո, քո ետևից
Ահա գալիս եմ իսկույն…»
Ասաց քաշեց նա պատյանից
Յուր պողպատե հատու սուր
(Զի չէր կարող կռվել հեռվից
Հատել էր յուր պատրաստ հուր)։
— «Մեռնելու ժամն արդեն հասավ»
Որոտաց նա դուրս վազեց,
Եվ վիրավոր առյուծի պես
Ինչպես հանկարծ անտառի մեջ
Փրթկում է գոռ, փոթորիկ,
Ծառեր, կոճղեր միմյանց տալով
Ջարդում, փշրում է սաստիկ.
Այսպես Ավոն սուրը ձեռին
Կռվող զորքի մեջն ընկավ։
Նրա աչքերն արյունախանծ,
Շունչը ինչպես վառ հրատ,
էլ չէր նայում հետ ու առաջ
Հարվածում էր անընդհատ։
|
|
Ընկավ Ավոն սուրը ձեռին,
Գնդակները կուրծքի մեջ,
Բայց իր ազատ հոգին մնաց
Անպարտելի մինչև վերջ։
— Մեռնում ես այժմ հանգիստ,
Զի մեր տմարդ թշնամին
էլ չի պարծել թե անարգել
Եկավ տիրեց Սահունին...»։
|
|
|
|