Թեեւ Իշուկ եմ դրել անունը, շատ վաղուց էր դա, բայց հետո, երբ տարիք առավ՝ անունը նույնը մնաց։ Մենք միասին ենք փոքր եղել ու հաճախ երկուսով տրտինգ ենք տվել մեր բոստանի շուրջ, ծաղկաշատ դաշտերում, աղբյուրների մոտ։ Եվ քանի որ ես նրան իմ ուտելիքի հացից բաժին էի հանում, սովորել էր ինձ։ Այն ժամանակ դեռ ես չգիտեի, թե երբ մեծանամ՝ ինչ պիտի դառնամ, ինչպես չգիտեի նաեւ, որ այդ քուռակը մեծանալով պիտի էշ դառնար սովորական։ Բայց տարիները գլորվեցին արագ, մի օր էլ հայրս ասաց.

-Իշուկը ծեր է, ավելորդ գարի չունենք, որ նրան տանք։

-Բա ի՞նչ պիտի անենք։

-Փալանը կհանենք, կդնենք մյուս, ավելի ջահել իշուկի վրա, իրեն էլ բաց կթողնենք հանդերում։

Լացս եկավ։ ՈՒթսունամյա Սուրեն քեռին նույնիսկ կատակեց.

-Վաստակած թոշակի ենք ուղարկում։ Մի հին չուլ վրան կդնենք, մի քողով էլ թեթեւ կկապենք։ Մնաս բարով՝ կասենք։ Վերջ։

-Բա գայլերը չե՞ն ուտի։

Հայրս տեսնելով, որ սիրտս շատ է կսկծում եւ պիտի Իշուկի համար լացեմ, հեռացավ.

-Գնա դասերդ սովորի՛ր։

Ասեմ, որ մեր Իշուկը սովորական չէր։ Երբ ընկերներիս հետ՝ Գրիշայի, Շահենի, Կարոյի, Միշայի, էշերի մրցավազք էինք կազմակերպում, իմ Իշուկը միշտ հաղթող էր դուրս գալիս, որի համար էլ, որպես շքանշան, մի գրպան գարի էինք նվիրում նրան։ Ամենածանր բեռը թեթեւ էր տանում։ Բոլորից զիլ զռռում էր։ Բայց դա չէր ամբողջը։ Մի առավոտ, երբ հայրս գոմ մտավ, տեսավ դռան տակ անցք կա բացված։

-Վա՜հ,- ձեռքերը իրար խփեց,- կա-չկա՝ աղվեսն այստեղով մտել, հավերը տարել է։

Այդպես էլ կար։ Գոմն աղվեսն էր մտել, սակայն չէր կարողացել հավերը տանել, քանի որ Իշուկը խելոք է վարվել։ Գիտե՞ք ոնց։ Աղվեսը երբ Իշուկի կողքին դրված տախտակի վրա կանգնել ու աչքերը հառել է բարձր թառին, հավերն սկսել են մեկ-մեկ գլորվել աղվեսի ոտքերի տակ։ Իշուկը դա տեսնելով, ատամներով պինդ կծել է աղվեսի մեջքից ու սեղմել է այնքան, որ աղվեսը՝ չկերած հավերի համը բերանում, սատկել է։

Հայրս այդքանը տեսնելով՝ շոյել է Իշուկի բաշն ու մի բուռ գարի ավելացրել նրա փայաբաժնին։ Այնպես որ՝ Իշուկը ծառայել է միշտ արժանավոր ձեւով։ Օտար մարդուն մոտ չէր թողնի, չէր հանդուրժի, որ ջրաղացից գալու ժամանակ կամ կալվորների համար խուրձ տանելիս որեւէ մի ուրիշ ավանակ իրենից առաջ անցներ։ Տատիկս Իշուկի մասին ասում էր.

-Ձի պիտի ծնվեր, էդպիսի էշ ո՞վ էր տեսել որ...

Ասեմ, որ գույնով էլ տարբեր էր։ Սեւ էր այնքան, որ երբ բերանը բացում էր, դունչը դեպի երկինք տնկում, որ զռռա, ատամները ձյունի պես սպիտակին էին տալիս։ Իսկ երբ բեռան տակ մի քիչ քրտնում, նամնմոտում էր, սեւը բազմապատկվում էր։ Սակայն ճակատի վրա մի լայն, սպիտակ նշան կար, այնքան սպիտակ, որ վրան ճանճ էլ նստեր, կես կիլոմետրից երեւում էր։

Ինչեւէ։ Արդեն ծերացել էր։ Պիտի հանդերում բաց թողնեինք՝ ինքն իր համար արածեր, ապրեր, գայլերն էլ թե երբ վրա կգային՝ կուտեին, շուտն ու ուշն էլ՝ իր բախտից։ Բայց ես ընդդիմացա.

-Բա այդպես ո՞նց կլինի... Մեղք չի՞ Իշուկը։

Գիշերը թաքուն լաց եղա Իշուկի համար։ Սակայն տնեցիների որոշումը անհողդողդ էր.

-Ավելորդ գարի չունենք Իշուկի համար։

Իմ խեղճ Իշուկ։ Մտածեցի՝ գուցե մի վատ բան էր արել Իշուկը։ Բայց չէ, նման բան չհիշեցի, բացի մի դեպքից, երբ Իշուկն ուզում էր ջուր խմել տաշտակից, շունը վրա պրծավ, Իշուկն էլ գործի դրեց իր ատամներն ու խեղճ շունը մի շաբաթից ավել չապրեց։ Շան համար էլ շատ տխրեցի, բայց հայրս Իշուկին մի շան ծեծ տվեց՝ այդ դեպքի վրա։

Տարիների ընթացքում Իշուկի հետ կապված լավ ու վատ օրերը հիշեցի, բայց չգտա մի հիմնավոր պատճառ, որի համար կարելի լիներ Իշուկին այդպես խիստ պատժել։ Հայրս ինձ բացատրեց.

-Մենակ հո մենք չենք, գյուղում ո՞վ է պառավ էշին պահում, հալից արդեն ընկել է։ Տար, մի հեռու տեղ բաց թող։

Սա եղավ վերջին վճիռը։ Հաջորդ օրը ձեռնամուխ եղա գործի։ Աշխատեցի, որ չուլը հին ու պատառոտված չլինի, մի լավ էլ խոտ ու դարման տվի Իշուկին, դրան էլ ավելացրի գարու մի երկու բուռ ու տարա գյուղից դուրս։ Ճանապարհին մտածեցի-մտածեցի, խիղճս ինձ տանջեց։ Իշուկը հասկացավ ու ասաց.

-Մի տանջվիր, ես բոլորիցդ գոհ եմ, ես իմ բախտից ո՞ւր պիտի փախչեմ, ինձ թող այստեղ, դու տուն գնա։

-Բա մեր այսքան տարվա ընկերությունը հե՞չ,- ասացի։

Իշուկի համար հաճելի էր նման խոսքեր լսել։ Ես շարունակեցի, ասես պառլամենտական ճառ էի ասում.

-Շնորհակալ ենք, այսքան տարի լավ ծառայել ես, մի վատ բան չես արել։ Վաստակած սեր ունես բոլորի մոտ, պատիվ-հարգանք։

Իշուկի աչքերում արցունքներ երեւացին։ Խոսքս առաջ տարա.

-Որ տեղդ նեղ լինի, կզռռաս... Ձայնիդ վրա կգամ։

-Լավ։ Ի՞նչ արած։ Էշի կյանքն էլ մի բանի նման չէ։ Ճակատագիր է։ Հո մենք չենք գրել, որ։ Գնա դու, մի՛ նեղսրտիր, Իշուկը նույնիսկ փորձեց ժպտալ։

Իշուկին թողեցի մի կիսաքանդ շենքում, դուռը փակեցի, որ գել-գազան չմտնի, եկա տուն, պայմանով, որ մյուս օրը նորից գնամ ու բաց արձակեմ՝ հանդերում արածի։ Բայց հաջորդ օրն ինչ տեսա։ Իշուկը տեղում չէ, դռան մոտ էլ մի գայլուկ՝ մեջքը ջարդված-ընկած։ Մոտեցա, կարծեցի, թե սատկած է, բայց ժանիքների պահվածքից զգացի, որ շունչը բերանում է դեռ։ Դես ու դեն ընկա, տեսա Իշուկն իր համար դրանից մի քիչ հեռու արածում է հանգիստ, ասես ոչ մի բան էլ չի եղել։ Մոտ վազեցի, գրկեցի բաշը։ Ինչպես էր եղել բանը։ Ուրեմն, երբ ես նախորդ օրը Իշուկին այդ խարխուլ գոմում էի թողել, գայլը հոտի վրա եկել ու փորձել է դռան ճեղքով մտնել, սկզբում պոչն է մտցրել, որ ցածրն ու բարձրը որոշի, հետո մտնի։ Էշն էլ տեսնելով վտանգը, վրա է վազել ու դնչով դռանը խփել։ Դուռն ավելի ամուր է փակվել։ Գայլը մի կերպ դուրս պրծնելով, գնացել, կտուրը փորել, ներս է մտել ու... շուրթերը լիզելով, սկսել տնտղել Իշուկին։

-Ինչո՞ւ մենակ ես,- սկզբում փորձում էր բավականին սիրալիր խոսել գայլուկը, թեպետ սովից ատամները կրճտացնում էր այնպես, որ խոսքերը, մինչեւ շուրթերին կհասնեին, ջարդուփշուր էին լինում ատամների տակ։

-Ինձ արգելել են գյուղի գոմում մնալ։

-Ինչո՞ւ։

-Ծեր եմ։ Պետքական չեմ այլեւս։

Այստեղ գայլուկն ուրախացավ թաքուն՝ ուրեմն, դուրս է գալիս, որ տերը սրան փաստորեն հանձնել է իմ խնամակալությանը, էլ ետեւից չի գալու, հանգիստ կարող եմ վայելել։ Այս միտքը գայլուկին այնքան ոգեւորեց, որ սկսեց դեռ մի քիչ «խոսք առնել-խոսք գցել», ինչպես ասում են.

-Էշ ախպեր, բայց որքան գիտեմ, ձեր ցեղը շատ զարգացած է, ամեն շունչ-կենդանու մեջ էլ ձեր տեսակից կա։

-Ի՞նչը նկատի ունես գլխավորապես։

-Ասենք, թեկուզ, հավատարիմ ծառայելը տիրոջը, քիչ ուտել, քիչ խմելն ու շատ բանելը։

-Հա, դա այդպես է։ Բայց շատ աշխատողի վերջն էլ այս է լինում։

-Ես էլ էդ եմ ասում,- խոսքն առաջ է տանում գայլուկը,- ամեն օր հարյուր-հազար կիլոմետր վազում եմ, երբեմն էլ՝ շները ետեւիցս ընկած, շունչս բերանիս հասած, քրտնում-տանջվում եմ, բայց ինչ օգուտ, սրբություն չի մնացել, աշխատանքս չի գնահատվում, սովից խեղճ ձագերիս ատամները իրար են զարկվում։

Իշուկի սիրտը մի փոքր փափկեց, ուզեց հիշել անգամ իր մեծ նախնիներից մեկին, որ Երուսաղեմ էր հասել, որպես սուրբ կենդանի, բայց ավելորդ գտավ այդ մասին խոսել, գայլին՝ ի՞նչ... Նրանը ուտելն է։ Այնուամենայնիվ, Իշուկը իրեն հավաքեց ու որոշեց տիրոջ մասին վատ չխոսել, երախտամոռություն չանել, մի քիչ էլ դիվանագետ լինել.

-Ինչքան պահել են ինձ տերերս, դրանից էլ գոհ եմ։

-Բա քո տարիների աշխատանքը իզո՞ւր էր, հիմա քեզ չոլերն են գցել...

-Չէ, այս չուլը տարիների վաստակիս համար թողեցին վրաս։

-Թոշակից-բանից չեն նշանակե՞լ... Գոնե օրը մի բուռ գարի։

-Չէ, հանդերում կարածեմ, ինչ եմ անում։

Գայլուկը տեսնելով Իշուկի ճարահատ ու խեղճուկրակ վիճակը, որոշեց միանգամից գործի անցել.

-Ես էլ շատ եմ սոված, ուզում եմ քեզ ուտել։

-Կեր։

-Բա մեղք չե՞ս։

-Հետո՞ ինչ։ Դրա համար դու կամ քո ձագերը սովա՞ծ եք մնալու։

-Ո՞ր մասիցդ մի բերան պոկեմ, որ շատ չցավի։

-Որտեղից քեֆդ կտա։

Գայլի աչքերը կանգ առան Իշուկի հետույքի ու ամորձիների վրա։ Հասկանալով նրա միտքը, Իշուկն ավելացրեց.

-Հետույքիս միսը այնքան էլ քաղցր չի լինի, որովհետեւ մահակով այնքան են խփել որ... Դառնացած կլինի շատ։

-Իսկ...

Իշուկը հասկանալով, որ ամորձիներ են գայլուկները սիրում, մտքով վազանցեց գայլուկին.

-Եթե ինձ մի քիչ հարգում ես, գայլուկ ախպեր, թող ամորձիներս մնան դեռ, քանի շունչս բերանումս է, գոնե դրանցից չզրկվեմ։

-Այդ դեպքում...

-Ահա, կուրծքս վատը չէ, համեղ միս կա... Համեցեք։

Գայլուկը վրա է ցատկում ուրախացած, որ Իշուկի կրծքից միս պոկի, Իշուկն իր մեծ բերանը բացում է, հսկա-հսկա ատամներով բռնում գայլուկի ողնաշարն ու՝ մնաս բարով, գայլուկ ախպեր... Ես անմիջապես հիշեցի մեր շան հետ կապված պատմությունը, շան հետ եւս Իշուկն այդքան խիստ էր վարվել։

Գայլուկը նայում էր ինձ ու չգիտեր՝ ինչ ասել։ Իսկ իմ ատելությունը սահման չուներ. ախր այդ ձմռանը քանի ոչխար, քանի գառ ու այծ, նույնիսկ մի եղջերավոր էր ոչնչացրել մեր գյուղից։ Մարդիկ լսելով լուրը, հավաքվեցին ու շանսատակ արին գայլին՝ երախտիքով լցվելով Իշուկի հանդեպ։ Իսկ Իշուկն անտարբեր այդ ամենին, արածում էր։ Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե մերոնք իրենց որոշումն այդ դեպքի վրա կփոխեն ու, որպես շնորհակալական վերաբերմունք, Իշուկին գոմում կթողնեն։ Այդպես չեղավ։ Ես ստիպված էի ընկերներիս հետ քերթել գայլի մորթին ու, որպես նվեր, հանձնել Իշուկին։ Իշուկն սկզբում չուզեց ընդունել.

-Պետք չէ, կարող է տանը պետք գալ։

-Չէ, սա քո աշխատանքն է։ Հագիր, դրսում անձրեւներ կլինեն, որ չմրսես։

Տեսնեիք, թե գայլի մորթով Իշուկն ինչ տեսք ստացավ։ Իսկը՝ թագավորական սպասավոր, առնվազն՝ պահնորդական բաժնի պետ։ Դրանից հետո էլ վախ չուներ, ամեն մի գայլ այդ մորթին տեսնելով, իր դասն առած, հեռու էր փախչում։ Ես տեսել եմ, թե վտանգի պահին Իշուկն ինչպես է ռունգերը մեծացնում, բերանը՝ սուր-սուր ատամներով, բացում, վիզը դեպի դուրս երկարում, ականջները խլշում, հարձակվում թշնամու վրա։ Որեւէ գայլ երբեւէ որեւէ իշուկից նման վարմունք կարո՞ղ էր սպասել։ Չէ՛, իմ Իշուկն ուրիշ էր, թե ասեմ շատ բան չէր հասկանում, ճիշտ չէր լինի, օրինակ, էն մարդկանց, որ ես այնքան էլ չէի սիրում, Իշուկը ճանաչում էր եւ նրանցից ոչ ոքի իրեն մոտ չէր թողնում։ Գյուղը հանդում մնացած մեր Իշուկի շնորհիվ մի խումբ գայլ ու չախկալներից ազատվեց։ Ոչ ոք չէր իմանում (ոչ էլ մերոնք), որ ամեն օր գարի եմ տանում մեր տնից ու թաքուն կերակրում Իշուկին։ Միայն տատս էր մեկ-մեկ դժգոհում.

-Հավերի կուտը պակասում է ինքն իրեն, վայ թե մառանը մուկ է մտել...

Հետո ես ընկերներիս հետ պայմանավորվեցի, հերթով ամեն մեկն իրենց տնից, գարի էինք տանում Իշուկին, որի ծանր բախտի համար սկսել էինք նրան ավելի շատ սիրել։ Դեհ, նա էլ մեզ հերթով առնում իր մեջքին, հանդերով ման էր ածում։ Բայց քանի որ ոտքերին պայտեր չկային արդեն, սկսեցինք խնայել նրան։

Մի սովորություն էլ ուներ Իշուկը, քիչ մնաց այդ մեկը մոռանայի։ Հենց որ դիմացը գայլ էր հայտնվում կամ աղվես, կամ մի վատ մարդ, սկսում էր զռռալ, առանց դադարի։ Մի քանի գիշեր այդպես եղել էր։ Եվ հայրս իմ խնդրանքով տնից դուրս է եկել, գիշերաշորերով, հրացանով դեպի հանդերը իրար ետեւից, անընդմեջ կրակել։ Չէ՞ որ հրացանի կրակոց լսելուն պես գելերը տեղնուտեղը փախչում են։

Մի օր գյուղի տղաները որոշեցին դարձյալ էշերի մրցավազք անցկացնել, մանավանդ, ընկերներիս մեջ մեկը կար, որ շատ էր ուրախանում իմ Իշուկի բացակայությամբ, մտածելով, որ իրենց էշը, որ միշտ երկրորդ-երրորդ մրցանակային տեղերն էր կիսում, առաջին տեղը կգրավի հիմա։ Բոլորից աննկատ գնացի հանդ, Իշուկին գտա, համոզեցի ու եկանք գյուղ։ Գայլի մորթու մեջ տեսնելով նրան, մյուս էշերը վախ զգացին, բայց երբ մի քանի րոպե անցավ, արդեն ամեն ինչ իր տեղով էր գնում։ Իշուկիս մի քանի օր այնքան գարի էի տվել, որ... Եվ իզուր չանցավ ջանքս։ Ասում են՝ ուղտն ինչքան էլ սատկած լինի, կաշին էլի մի ձիաբեռ լինում է։ Իշուկս, չնայած ծեր էր, հոգնած՝ կյանքից ու ամեն ինչից, այնուամենայնիվ, չուզեց իմ խոսքը կոտրել, ինձ չտխրեցնել, վերջին ճիգերը գործադրեց ու հաղթեցինք։ Այս անգամ նա հանդ գնաց Պեգաս ձիու մի պայտ (գյուղի դարբնին՝ քառ Եղիշին էինք խնդրել, որ պատրաստի), որպես առաջին մրցանակակիր, կրծքից կախած։ Դեհ, գայլն էլ գայլ է, հո չի՞ ասի, թե այս Իշուկը շքանշանակիր է, խնայեմ, չուտեմ։ Ատամը կտրեց՝ շքանշանն էլ կմարսի։ Օրերը գնում էին, կարծես ես ու Իշուկը համակերպվել էինք նման վիճակի հետ։ Բայց...

Մի օր էլ տեսա հարեւան Հովսեփը հորս հետ մեր տան մոտ, որ դպրոցի մեր դասարանի պատուհանի տակն էր, կամաց-կամաց խոսում է։ Հովսեփն ասում էր.

-Ափսոս, էնպես էլ բարձր հասակ ուներ, նրան տեսնողը կասեր՝ ձի է, ձի, էշս ո՞րն է...

Ես ամեն ինչ հասկացա։ Բանն այսպես էր եղել։ Ուրեմն, մի քանի գայլ մոտենում են Իշուկին, սա էլ տեսնելով, որ վերջը եկել է, մանավանդ, արդեն շատ էր ձանձրացել-զզվել թափառական կյանքից, առանց դիմադրություն ցույց տալու ու զռռալու, անձնատուր է եղել։ Բայց ինչպե՞ս։ Իշուկը հեռու էր խորամանկելուց, առաջնորդվում էր բնազդով, եւ քանի որ փղի պես ամբողջ կյանքում աշխատել էր ու բեռ կրել, որոշեց փղի ավանդույթով էլ հոգին ավանդել՝ իրեն նետել բարձր ժայռից։ Ու մի պահ իրեն պատկերացրեց օդում եւ մտածեց. «Երանություն չէ՞ պատվով մեռնելը»։ Վճիռն արագ ի կատար ածելուն նպաստեցին նրա շուրջը պպզած եւ ասես ինչ-որ կարեւոր հանդիսության սպասող գայլերը, որոնց նա առաջարկեց՝ գլխի մի տխուր շարժումով, որ բարձրանան իր վրա, ով որտեղ կարող է՝ մեջքին, գավակին, վզին...

-Համ ձեզ մի քիչ ման կածեմ,- ասաց Իշուկը,- համ էլ անհարմար չէ՞, որ մաքուր միսս թափվի գետնին, կեղտոտվի, ավելի լավ չէ՞ հենց իմ վրա էլ մաքուր ուտեք։ Գայլերը ուրախ-ուրախ համաձայնեցին։ Ճիշտ է, Իշուկի վրա գցված գայլենին նրանց մի քիչ «խրտնեցնում» էր, անհասկանալի բնազդներ արթնացնում, բայդ դա մի պահ էր միայն, անցավ։ Եվ երբ արդեն հարմարվեցին գայլերը եւ ուզում էին գործի անցնել, Իշուկը մի վայրկյանում նետեց իրեն ժայռից՝ ծանր «բեռը» շալակին. «Ծնվել եմ՝ բեռը մեջքիս, բեռը մեջքիս էլ պիտի մեռնեմ»։ Իշուկն այնքան արագ կատարեց այդ ամենը, եւ գայլերն այնպես էին տարվել «հնազանդ» որսով, որ չհասցրին գլուխները պրծեցնել։

Հաջորդ օրը նախրապան Առանդիկն այդպես էլ հանդիպել էր Իշուկին՝ Դերին աղբյուրից մի քիչ դեսը, ջարդուփշուր եղած, գայլերն էլ շուրջը սատկոտած։ Հիմա մարդիկ կգտնվեն, կասեն՝ էշն այդքան խելոք ո՞նց կարող է լինել։ Էշը մնում է էշ։ Համաձայն եմ։ Բայց եկեք մի հարց էլ տանք՝ այդ ո՞նց է, որ մարդկանց մեջ կարող է էշից էլ էշ մարդ լինել, իսկ էշերի մեջ գոնե մի խելոք չի կարող գտնվել։ Կյանքում ամեն ինչ լինում է։ Իսկ այդ միակ խելոք էշն էլ ուրիշ որտեղ պիտի գտնվեր՝ եթե ոչ ավետյաց երկիր Ղարաբաղում։

Եվ այսպես, այդ դեպքը մեր Իշուկի վերջին արկածն էր, իր մահով էլ նա հերոսության գնաց՝ գյուղը մի առ ժամանակ ազատելով ամեն նախիրը հոշոտող գել-գազանից։ Որոշեցինք հետմահու շքանշան տալ Իշուկին՝ «Ոսկե առյուծ», արձանն էլ կանգնեցրինք Մասրուտի թումբում, դեպքի վայրից ոչ հեռու, այնտեղ, ուր, սովորաբար, անցկացվում են համետավորների միջազգային մրցույթներ։

Այս դեպքից հետո, ճիշտն ասած, ես խիստ տխրեցի։ Մի քանի օր նույնիսկ հաց չէի ուզում ուտել։ Գլխիս մեջ կյանքի, կենդանիների ու մարդկանց, նրանց հարաբերությունների մասին այնպիսի մտքեր էին անընդհատ ծնվում, որոնցից որեւէ մեկը մինչեւ այսօր այդպես էլ կարգին չեմ կարողանում ոչ պարզել, ոչ էլ հասկանալ։

Իսկ իմ համագյուղացիները, երբ արդեն Իշուկը հող էր դարձել, հաճախ էին նրան այսպիսի գովեստներով հիշում. «Դե նա հո էշ չէր, ասում են՝ նրա մեջ ոսկեցեղ ձիու խառնուրդ կար»։