ՍԻՐԵԼԻ


Խորն է քո հոգին երկընքի նման,
Գաղտնիքներ ունի իր խորքում ահեղ...
Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ...

5 Ով դու անզգույշ, ստեղծման օրից
Հայտնի [ .    .    .    .    .    .    .    .    .    . ]
Տերն ինքը լավին ողջ էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.

Այնտեղ անպատում լիության միջին,
10 Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում...
Եվ սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում։

Մնացած<ն> արդեն դու գիտես անշուշտ.
Երկուսն էլ հիմա տանջվում են տրտում,
15 Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,
Իսկ մյուսը մերժված՝ խավար անդընդում։

Զգույշ կաց, ընկեր, թեկուզ «սիրելի»—
Մի բանար հոգիդ նորա առաջին.
Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,
20 Նա... որ դավ նյութեց նույնիսկ Արարչին։

1899