Սոցհարցում՝ ինքս ինձ նշան բռնելուց առաջ

ՍՈՑՀԱՐՑՈՒՄ՝ ԻՆՔՍ ԻՆՁ ՆՇԱՆ ԲՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ


Չմեռնելու միակ պայմանը չծնվելն է, որի հետ, անշուշտ,
ոչ մեկը համաձայն չէ, եթե, իհարկե, չհաշվենք
անմահությամբ իրար խաբելը։ Ավելի շատ սիրում եմ
այն հեռուն, որը չեմ կարողանում հաղթահարել։

Նա, ով շատ է մտածում շարունակվելու մասին, հաճախ
                                                նրան ոչ ոք չի
շարունակում, որովհետեւ լույսը ցրում է հղացումները։
                                                Զուգաձայն
պահերի տարամերժություն է սերը։ Երբ հասնում են իրար,
սերը դառնում է ծաղիկ, որին չիմանալով, ոտքի
                                               տակ են տալիս։

Ալրաղացի մոտ միշտ սպիտակ ծաղիկներ են բուսնում։
                                               Եվ արծվի թեւերը
չափում են ոչ թե փետուրների երկարությամբ
                                              կամ բացվածքով,
այլեւ անսահմանով երկինքների։ Իսկ եթե կարողանում
են հասնել հեռվին, ուրեմն՝ հեռուն մեռած է կատարելապես։

Ի գիտություն. ըստ հարցումի պարզվել է, որ ամուսիններն
                                           իրենց անկողիներում
ավելի անբարոյական են (եթե նկատի ունենանք, որ
                                           անբարոյականությունը
սիրո բացակայություն է), քան սիրուհիների հետ։
                                           Գուցե, ով գիտե,
«անբարոյականությունը» մարդկությանը մի օր փրկի
                                               հակասիրուց։

Ճանաչել աշխարհը, նշանակում է բացարձակ
                                        առճակատման գնալ նրա
հետ։ Եվ մարդիկ կաղապարից դուրս չեն
                                        գալիս ոչ թե նրա
համար, որ չեն ուզում դուրս գալ, այլեւ նրա համար
                                        չեն դուրս գալիս,
որ կարծում են, թե վաղուց արդեն դուրս են եկել։
                                        Միախմոր երազներ։

Մովսեսը, երբ թողեց Սինա լեռը, ամենեւին էլ չէր ուզում
                                        ջարդել պնա-
կիտները։ Մերը պիտի այնպես դարձնենք մերը,
                                        որ մեր տխրության
եւ աչքերի նման այլեւս չկարողանա լինել ուրիշին։
                                        Ալժիրյան 5-ամյա
ստրկությունից Սերվանտեսին փրկեց Դոնկիխոտը՝
                                        ծնվելուց առաջ։

Մեղքերի ժամացույց։ Ժամացույց բառերի։ Ես բոլոր գույների
                                        մեջ հեռանում եմ, եւ
ինձ ընդառաջ է գալիս դասական սպիտակը, ուր
                                        մեղանչումներս
անջատվում են ինձանից ու թափվում են գետը։ Ես մշտապես
                                        գտնվում եմ
այն կետում, որին ինքս եմ ամեն վայրկյան նշան բռնում՝
                                        կրակելու համար։