Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին

Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին
Հայերեն թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի


Սա մի շատ ճշմարիտ պատմություն է, և ես այն կսկսեմ այսպես․

— Հանկարծ այն պուրակում, ուր տեղի ունեցավ այս հետաքրքիր դեպքը, երգող բոլոր թռչուններից ընդհանուր ուշադրություն գրավեց մեկը, որի երգած երգերը համակված էին ո՛չ միայն հույսերով, այլև համոզվածությամբ։

Մինչ այդ, բոլոր թռչունները, վախեցած և [ճնշված] վրա հասած գորշ ու դժնի եղանակից, երգում էին երգեր, որոնք այն պատճառով էին միայն երգ անվանվում, որ երգվում էին․ նրանց մեջ տիրապետում էին [ծանր,] մելամաղձոտ և անհույս նոտաները, և ունկնդիր-թռչուններն սկզբում համարում էին դրանք մահամերձի խռպոց, բայց հետո հեզտհետե ընտելացան և նույնիսկ սկսեցին գտնել դրանց մեջ զանազան գեղեցկություններ— մի բան, որ, այնուամենայնիվ, նրանցից մեծ ջանք էր պահանջում։

Պուրակում բոլորին տոն էին տալիս ագռավները, թռչուններ, որ իրենց էությամբ հոռետես են և, բացի քիչ թե շատ բարձր կռկռոցից, ոչնչի ընդունակ չեն։ Ուրիշ ժամանակ նրանց վրա ուշադրություն էլ չէին դարձնի, բայց այժմ, երբ նրանց ձայները տիրապետում էին, նրանց լսում էին և նույնիսկ համարում նրանց շատ իմաստուն թռչուններ։ Իսկ նրանք, նկատելով այդ, մռայլ երգում էին․


Ղա՜ռռ բախտի դեմ մղած մարտում
Մեզ, խեղճերիս, փրկում չկա ․․
Ինչի վրա աչք ես նետում —
Վիշտ է ու ցավ, մոխիր ու մահ ․
Ղա՜ռռ ․․ բախտը գոռ, անողո՛ք է
Իմաստունը խոնարհվում է ․


Ղա՜ռռ Ղա՜ռռ․ Ձանձրալի երգ, բայց ուժեղ նա ճնշում էր ամբողջ պուրակը։

Եվ [ահա] հանկարծ հնչեցին ազատ, խիզախ երգեր ․․

Ամբողջ պուրակը, որ շատ էր լսել երգեր, թպրտաց՝ զարմացած և կամացուկ շրշելով ճյուղքերը։ Եվ նույնսիկ սոխակները, որոնք միշտ էլ վատ չեն երգում, որովհետև նրանք մաքուր արվեստի քուրմեր են, հաճույքով լսում էին և ասում․

— «Արի տե՛ս, որ այս երգիչը կայծ ունի »

Եվ, ասելով այսպես, գաղտնի հպարտանում էին իրենց անաչառությամբ։ Իսկ երգիչը երգում էր․


Ես լսում եմ ագռավների
Ցուրտ և խավար կռկռոց․
Չե՛մ վախենում ես խավարից՝
Մտքով առույգ և առողջ․․․
Ո՜վ խիզախնե՛ր, հետևե՛ք ինձ,

Կորչի՛ խավարն ընդհանուր,
Այրենք սրտերն հրով անբիծ—
Եվ լույս կըլնի ամենուր․․․


— «Ուժեղ է երգում,— ծանոթագրում էին սոխակները․․․— Առույգ է, ինքնավստահ,— երաժշտական չէ՛, բայց— ուժեղ է․․․»— և, խորիմաստորեն մաքրելով քթիկները, լսում էին շարունակությունը․


Ով պայքարում է մեռնում ազնիվ—
Մի՞թե պարտված է նա, ընկա՞ծ,
Պարտված է նա՛ լոկ, ով պայքարից
Փախչում է՝ կուրծքը ահով պահած․․․
Ընկերնե՛ր, նա՛ է ընկած, ով վսեմ
Գործից սարսելով, փախչելով— սակայն
Սիրում է դատել պայքարի մասին
Թաղվելով մուժում փիլիսոփայական ․․


— «Հը՜մ․․․ Նա շատ ինքնուրույն հայացքներ ունի»— նշեցին սոխակները։— «Կուզեինք իմանալ— դա ինչ թռչուն է ․․»— հետաքրքրվեցին նրանք։


Ընկերնե՛ր, լռե՛ն թող ընկածները․
Կասկածանքներն են կուրացրել նրանց
Պատիվը նրանց կրծքում լռե՛լ է,
Ընկերնե՛ր, եկեք մենք գոռանք նրանց
Հեռո՛ւ,— մշուշը ձեր իմաստության
Դարձըրեց գիշերն ավելի՛ խավար,—
Թունավորում է նա օձի նման
Սրտերը ջահել և մտքերը վառ։

Հեռո՛ւ․․․ Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հի՛ն․․․


— «Սա խիզա՜խ է,— ասացին սոխակները — Օ, այո՛․․․ սա շա՜տ է խիզախ․․․»

Պուրակը լսում էր և զգում ինչ-որ լավ և ուժեղ բան, այդ զգացմունքը լցնում էր նրան տաքությամբ ու լույսով, և նույնիսկ ծառերի հին, գորշ մամուռով ծածկված ճյուղքերը շշնջացին անցյալ օրերի մասին։ Այդ հիանալի գարնանային օրեր էին, երբ պուրակում նոր էին սկսել ծաղկել ծաղիկներն ու հույսերը, երբ թռչունները երգում էին [ազատ] հնչեղ երգեր արևին, իսկ ամպերից ազատ երկինքը թվում էր անսահման խորը և կարծես կանչում էր թռչուններին փորձել թևերի ուժը, հասնել նրա խորությանը։ Այն լա՜վ օրեր էին, երբ հարկ չկար ստիպելու քեզ ապրել, որովհետև ուզում էիր ապրել,— կար նպատակ և հույս կար հասնելու նրան։ Եվ այդ օրերը հայտնվեցին պուրակի առջև և, աստղերի նման, փայլեցին մշուշում, որ պուրակից ծածկում էր երկինքը։

Թռչունները թպրտացին և կենդանացան։ Ո՞ւր է երգիչը։ Թող նա ընդունի հիացմունքի և շնորհակալության տուրքը։ Դա, երևի, հոյակապ, գեղեցիկ թռչուն է։

Նրանք հավաքվեցին ամբողջ երամով և նետվեցին այնտեղ, որտեղից նրանց ընդառաջ էին թռչում աշխույժ և հպարտ հնչյունները։

Բայց երբ նրանք թռան-եկան, տեսան, որ այդ պարզապես մի սարյակ է— ամենասովորական, գորշ, մոմե քթիկով մի սարյակ։ Նա նստած էր կաղնու ճյուղքին և շփոթված էր իրեն ցույց տված պատվից․ փոքրիկ, հուզված և անհանգստացած, նա բոլորի մեջ զարմանք առաջացրեց և ոչ-ոքի դուր չեկավ։


Հեռու․․․ Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հին ․․


Երբ այս ճչում է արծիվը, բազեն, վերջապես անգղը, դա և՛ գեղեցիկ է, և՛ հուժկու, բայց սարյա՜կը, սարյա՜կը, որ պատերազմ է հայտարարում աստվածներին․․․ Այստեղ կա որոշ անհամապատասխանություն, ինչ-որ տարօրինակ և ծիծաղելի բան։ Ինչո՞ւ անպայման սարյակը, և ո՛չ կարմրակատարը, կամ խածկտիկը․․․

Զարմացած և վիրավորված թռչունները նայում էին սարյակին և մտածում․ «Ի՞նչ է լինելու հիմա»։

Բայց այստեղ մի հնարամիտ կարմրակատար, [մասնագիտությամբ լրագրող] հարցրեց սարյակին․

— Լսեցե՛ք, այդ դո՞ւք էիք հիմա երգում։

— Ե՛ս․․․— պատասխանեց սարյակը,— այո՛, այդ ե՛ս էի երգում։

— Հը՜մ․․․ իսկ դուք ինչո՞վ այդ կապացուցեք,— Այսինքն՝ մենք, իհարկե, չենք կասկածում ձեր ընդունակություններին, բայց․․․

Սարյակը ցնցվեց, նրա փետուրները ցցվեցին և նա երգեց․


Մեր ստեղծած սև գիշերվա մթնում
Անցնում են, թռչում գորշագորշ բուեր․․․

Եվ նրանց մռայլ ալքերն են փայլում
Ե՛վ չար, և՛ դաժան, և՛ բիրտ առավել․․․
Հնչում են հնչեղ ճիչերը նրանց․
Քրքջում են նրանք, հեծկլտում, լալիս,—
Անեծք են կարդում արևոտ օրվան,
Եվ ծիծաղում են՝ գիշերը գալիս ․
Եվ թե ընկնեին շղթաները հին
Ջահել պուրակի վրայից մի օր—
Վայրի բոլերը կոչնչանային
Եվ վեհ բազեներ կըթռչեին նոր ․
Բայց բազեները— և՛ թույլ, և՛ ուժատ,—
Մտել են մթին ձորերը ահով,
Եվ չարանում են անուժ, հուսահատ՝
Ուրիշի ուրախ ձայնը լսելով ․
Կախվել են նրանց թևերը անուժ,
Եվ, ամոթահար, սրտերն են ննջել,—
Մտքի և պատվի կանչերին անհուն
Չեն լսում ազատ թռչունները է՛լ․ ․


Թռչուններից ոմանց այս երգը թվաց անձնական վիրավորանք, և նրանք սուլեցին սարյակին, իսկ կարմրակատարն ասաց—

— Լավ, այսքանը բավական է մեզ։ Բայց ա՛յ թե ինչ․ ասացե՛ք՝ դուք, այսպես ասած, արթնացնում եք մեր [հասարակական] գիտակցությունը ․․ հը՜մ Իսկ, էապես, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ անելու։ Այսինքն, ես ուզում եմ ասել— հանուն ինչի՞ եք դուք երգում։

Սարյակը զարմացավ և լուռ նայում էր հասարակությանը։

— Մենք, հասկանո՞ւմ եք արդյոք, ուզում ենք ապահովել մեզ սխալներից, որպիսիք, դուք գիտեք, մենք բավականին շատ ենք ունեցել, և այս նպատակով մենք կուզենայինք իմանալ ձեր սկզբնական և վերջնական կետերը,— իմանալ, թե ո՞ւր են մեզ կոչում և ինչո՞ւ,— հարցադրեց կարմրակատարը և, ինքնաբավական, շվվացրեց ինչ-որ ուրիշի երգ․ կարմրակատարներն, ինչպես հայտնի է, սեփական երգեր չունեն։

Սարյակը թպրտաց․

— Ես ելնում եմ այն անհողդողդ համոզմունքից, որ թռչունների բարձր կոչումը բնության ստեղծագործության ամենաբարդ և ամենաիմաստուն ակտն է։ Մենք չպետք է հոգնենք, մենք պետք է միշտ պայքարենք և ամեն ինչ հաղթահարենք, որպեսզի արդարացնենք ինքներս մեզ մեր սեփական աչքերում, որպեսզի իրավունք ունենանք ասելու․ ամբողջ անցլաը, ներկան և ապագան— այդ մե՛նք ենք, և ոչ թե տարերքի կույր ուժը։ Այն ճանապարհը, որով պետք է մենք ընթանանք, ինձ հայտնի չէ, բայց ես համոզված եմ, որ պետք է առաջ գնալ։ Այնտե՛ղ է երկիրը, որ արժանի է պարգև լինելու այն վաստակների համար, որոնք մենք կրել ենք ճանապարհին։ Այնտեղ հավիտենական, անվերջանալի լույս է, այնտեղ կան մեզ անհայտ հրաշալիքներ, այնտեղ մենք կհրճվենք, [մեծ, ազատ, ամեն ինչ հաղթած թռչուններս,] մեր ուժի հայեցությամբ, և ամբողջ աշխարհը ասպարեզ կդառնա մեր գործերի, որոնց վեհությունը անհնարին է պատկերացնել այժմ, այնտեղ մեր միտքը ամե՛ն ինչ կլուծի, և մեր զգացմունքները, հրաշալիորեն բարդացած, կբանան մեր առջև չճաշակած հաճույքների մի նոր աշխարհ․ այնտեղ է նա— կյանքը, որ արժանի է մեզ․․․ Հարգեցեք և սիրեցեք միմյանց և հպարտ ու խիզախ բանակով ընթանալով դեպի հաղթանակ, չկասկածեք ո՛չ մի բանում, քանզի ինչ կա մեզանից բարձր․․․ Ետ նայեցեք և տեսեք, թե ի՛նչ եք եղել դուք առաջ— այնտեղ, կյանքի արշալույսին։ Ձեր այն ժամանակվա ամբողջ հավատը չարժեր այժմյան մի կաթիլ կասկածանքին։ Սովորելով այդպես զարհուրելի կասկածել ամեն ինչի, ձեզ համար եկել է ժամանակ հավատալու ինքներդ ձեզ, քանզի միայն մեծագույն էությունը կարող է հասնել այնպիսի կասկածանքի, որպիսի կասկածանքի հասել եք դուք․․․

Դեպի այնտե՛ղ— երջանկության երկիրը, [ո ր մեզ սպասում է մեծ հաղթանակը, ուր մենք կլինենք աշխարհի օրենսդիրն ու նրա տերը, ուր մենք կլինենք ամեն ինչի տերերը․ ․] Դեպի այնտեղ— դեպի այդ հրաշալի «առաջ»-ը ․

— «Առա՜ջ»— բացականչեցին թռչունները, քանզի նրանց սրտերում բոցավառվեց հպարտությունն իրենցով։

Ոգևորության արցունքները և հավաար լցրին սարյակի աչքերը։ Եվ բոլոր թռչունները երգեցին, և այնքան թեթև զգացին իրենց բոլորը, բոլորն զգացին, որ սրտերում ծնվեց կրքոտ տենչանքը կյանքի և երջանկության։

— Սպասեց ե՛ք, թո՛ւյլ տվեք Ես ձայն եմ խնդրում․․․ Ձա՛յն տվեք ինձ․․․

Այդ ճչում էր փայտփորիկը կաղամախի գագաթից, և երբ նրան լսեցին, ապա իսկույն ձայն տվին նրան, որովհետև նա շատ բարձր էր գոռում։

— Հարգելի պ․պ և տ տ․— խոսեց փայտփորիկը։— Ներկայանում եմ․— ես— փայտփորիկն եմ։ Ես սնվում եմ ճիճուներով և սիրում եմ ճշմարտությունը, որին անշեղ կերպով ծառայում եմ և որը դրդում է ինձ ասել, որ ձեզ անամոթաբար խաբում են։ Բոլոր այդ երգերը և ֆրազները, որ դուք այստեղ լսեցիք, հարգելի պ պ․, ոչ այլ ինչ են, քան անամոթ սուտ, որը և ես այստեղ պատիվ կունենամ ապացուցելու փաստերով․․․ Այո՛, փաստերով, հարգելի պ․պ․։ Իսկ հարցրեք պ․ Սարյակին, որտե՞ղ են այն փաստերը, որոնցով նա կարողանար հաստատել այն, ինչ ասաց։ Այդպիսիք նա չունի, իսկ հենց դրա՛նք են հարկավոր նրան ավելի, քան ինձ․ այդ փաստերն— ամե՛ն ի՛նչ են, հարգելի պ․պ․— և մենք բոլորս ո՛չ այլ ինչ ենք, քան փոքրիկ փաստեր, որոնք հաստատում են բնության իմաստության և զորության վիթխարի փաստը, որին մենք պետք է ենթարկվենք, ինչպես զավակները ենթարկվում են մորը։

— Քննարկենք անաչառ կերպով, ի՞նչ կա այնտեղ,— առջևում, ուր կոչում է մեզ պ․ Սարյակը։ Դուք բոլո՛րդ էլ թռել եք պուրակի ծայրը և գիտեք, որ նրանից անմիջապես հետո սկսվում է դաշտը,— ամառը մերկ և արևահար, ձմեռը ծածկված սառը ձյունով․ այնտեղ, նրա եզերքին, կանգնած է գյուղը և նրանում ապրում է Գրիշկան, մի մարդ, որ պարապում է թռչնորսությամբ։ Ահա առաջինն կայարանն «առաջ»-ի ճանապարհին, որի մասին այնքան շատ շաղակրատեց այստեղ պ․ Սարյակը։

— Ենթադրելով, որ մենք առաջ ենք ձգտում համաձայն նրա ցանկության— որի անշահությանը ես ինձ թույլ եմ տալիս կասկածել, քանզի գիտեմ, որ սարյակները, ինչպես և մյուս արարածները, չեն խուսափում ժողովրդականությունից, փառքից և այլն,— ենթադրելով, որ մենք բարեհաջող կերպով կխուսափենք Գրիշկայի թակարդից և կթռչենք գյուղի կողքով, մենք կրկին կընկնենք դաշտը, իսկ նրա ծայրին կրկին կհանդիպենք մի գյուղ, իսկ հետո— նորից դաշտ,— գյուղ,— դաշտ․․․ և քանի որ երկիրը կլոր է, ապա մենք հարկադրված կլինենք անխուսափելիորեն վերադառնալ ա՛յն միևնույն պուրակը, որի մեջ, տվյալ վայրկյանիս, ես բարձր պատիվ ունեմ խոսելու ձեզ հետ։— Սա՞ է արդյոք այն երկիրը, ուր, պ․ Սարյակի խոսքերով, մենք պիտի պարգև ստանանք մեր վաստակների համար․․․ Սա՞ է արդյոք այն երկիրը․․․

— Ես գիտեմ ձեզ, հարգելի պ․պ․ և տ տ , ես գիտեմ, որքան բարձր եք դուք թռչում, բայց․․․․ որքան էլ դառն է ինձ համար ասել ձեզ այդ,— ես գիտեմ և այն, որ ձեզանից ոչ-ոք չի թռել և չի կարող թռչել իրենից բարձր։

— Պարոն Սարյակի փորձը— գրավել ձեր ուշադրությունը՝ փայլուն և բարձր ֆրազների միջոցով ձեզ խաբելով,— պարզ ցույց է տալիս ձեր մասին, իբրև ողջախոհ մարդկանց մասին, նրա ունեցած կարծիքի բարձրությունը․․․ Այդ փորձը պետք է խիստ կերպով պատժվի, հարգելի պ․պ․ և տ․տ․․․․․

Եվ իր կատարած հասարակական պարտականության գիտակցությամբ լցված, իմաստուն փայտփորիկը, հաղթանակող հայացք նետելով ունկնդիրների վրա, սկսեց փորել կաղամախի կեղևը, որի ճյուղքերի վրա բազմել էր նա։

Թռչունները լուռ նայում էին սարյակին և տեսնում էին, թե ինչպես նրա աչքերից մեկը մյուսի ետևից գլորվում էին արցունքները։ Ինչո՞ւ համար նա կարող էր արտասվել, եթե ոչ— իր մեղքի համար նրանց առջև։ Այդքան չնչին, գորշավուն և ստախոս սարյակ․․․

Իսկ նա տխուր նայում էր այնտեղ, հեռուն, և նրա աչքերը կարծես թե հրաժեշտ էին տալիս ինչ-որ բանի։

Լուռ էր պուրակը, և թռչուններն անշշուկ թռչում էին իրենց տեղերը։ Թռավ և փայտփորիկը, ուղեկցված հարգալից խոնարհությամբ նրա իմաստության առջև։

Օրն այնքան թախծալի էր, կարծես ուզում էր լաց լինել ինչ որ բանի համար։

Եվ ահա սարյակը, որը ստում էր, մնաց մենակ։ Անշարժ և ճնշված, նա նստած էր կաղնու ճյուղքին, և միայն մի ճայ էր հետաքրքրությամբ նայում նրան կաղնու վարանոտ, դողդոջուն ճյուղքի ետևից։ Բայց դա նրան շուտով ձանձրացրեց և, հեգնական սուլելով նա թռավ—գնաց։

Իսկ սարյակը մնաց, և, նստած կաղնու ճյուղքի վրա, մտածում էր․

— Ես ստեցի, այո՛, ես ստեցի, որովհետև ինձ անհայտ է, թե ի՛նչ կա պուրակից անդին, բայց ախար հավատալը և հուսալն այնքա՜ն լավ է․․․ Ես էլ ախար միայն ուզում էի արթնացնել հավատ և հույս— ահա՛ թե ինչո՛ւ ես ստեցի․․․ Նա, փայտփորիկը, գուցե և իրավացի է, բայց ինչի՞ է հարկավոր նրա ճշմարտությունը, երբ այն քարի պես նստում է թևերի վրա։—

Եվ, շուրջը նայելով, խեղճ, փոքրիկ սարյակը փետուրները ցցեց և խոժոռվեց։

Ահա՛ և ամբողջ պատմությունը ․․ Կարդալով այն, դու՝ իհարկե, կտեսնես, որ սարյակը վեհանձն է, բայց հավատ չունի և դրա համար էլ աղքատ է հոգով․ փայտփորիկը լրջախոհ է, բայց գռեհիկ, իսկ թռչուն-ունկնդիրները տպավորվող են լոկ այն պատճառով, որ հետաքրքրասեր են, բայց նրանք էապես անզգա են սրտով և մանր են, խայտառակ կերպով մանր․․․ Տեսնելով այս, դու կկարծես, որ ես ճիշտ չպատմեցի այս լալու չափ ծիծաղելի պատմությունը։ Մտածի՛ր այդպես, եթե դա քեզ մխիթարում է, մտածի՛ր․․․