Ես միշտ գնում եմ՝ հայտնաբերելու իմ «դեպի
ուր»-ը։ Եվ որտեղ հայտնվում եմ՝ միայն առաջին
հայացքից,
որովհետեւ անհնար է որեւէ վայրում լինել։
Քամու վրդովմունքը
քրքրում է իրեն
գագաթների շուրջ։
Արձագանքների ծառ, աստղ հիշողության՝
հորիզոնի վրա։ Երեւույթը աներեւույթ է
ծաղկի ոգորումներում, երկնքի ծերին,
արյանդ մեջ, ուր անճշգրտությունը
տեղավորում է ուղիները մարդկանց ոտքերի տակ։
Լույսի գայթում՝
հիշողության գիշերներում,
օրենսդիր հայացք։
Ընթացքը կանգառների կենսագրություն է։ Եվ ես տեսնում եմ, որ
Սեւակը նվագարկիչի ասեղ է դարձել՝
երկրագնդի անռիթմ պտտվող ձայնասկավառակի վրա։
Լույսը եւ բաժանում է, եւ ազատականացում։ Իրարից
պոկված ստվերները գնում են՝ ամեն մեկը
իր եկած ճանապարհով։ Քարի վրա դրվող քարի մեջ
զրնգում է աշխարհի բոլոր ավերակների բանալին։