Գյումրի Սրինգը

Եղիշե Չարենց

Օրերի շեկ վիտրինում

Սրինգը,
Կույր ու ծեր,
Անցնում էր փողոցով։
Սրինգը երգ էր գուցե.
Ելնում էր դեպի վեր,
Իջնում էր կոր գծով։

Իջնում էր—
Ետ էր դառնում.
Հասնում էր աստղերի ծերին,—
Ու նորից, որպես վաշխառու,
Աշխարհում փնտրում էր— ի՞նչ...

Աստաֆյանի միջով
Անցնում էր երգը սրինգի,
Ծեծում էր դռները չոր:
Դռների ետևում
Մարդիկ
Ուզում էին «Ռանգի»,
Ուզում էին— «Տասնչորս»։

Մնում էր—
Դռների առաջ։
Դառնացած, որ չեն թողնում ներս։
Եվ նորից, որպես մասխարա1 —
Թռչում էր— կոր գծով—
Վեր...

Ի՞նչ խղճուկ էր այդ ծեր վանեցին...
Այդ երգը, երգը սրինգի...
Այդ երգը՝ աստղային, անծի՛ր...
Այդ երգը— անոգ, անգին...

Քեզ խրատ, պոե՛տ, այստեղից,
Օ, երբե՛ք չերգես անտեղի։

Լավ է— կորչե՛ս անհետ,
Լավ է— մահը դեղին։

Օ, լավ է կոտրես հանգիստ
Սրինգըդ, որպես թևեր,—
Միայն թե, պոե՛տ, կյանքից
Սրինգի պես վեր չթևես...