***

Վազում են պահերը։
Եվ քամին նրանց շրջապտույտի մեջ
քանդակված ծառ է,
դեռ տերեւաթափ չեղած օրերում
օրորում է մեր երազները թեժ։
Վազում է եւ սիրտը։
Եվ աղջիկը խենթ հուզումների մեջ
վարար անձրեւ է,
որ դեռ ծաղկաթափ չեղած դաշտերում
ցրում է ամռան կարոտներ, երգեր։
Ճամփեքին ես եմ։
Ես կյանք-աղջկա ծոցից հանում եմ
շիկացած պողեր,
որ դեռ ոչ ոքի երբեք չեն այրել
ու շաղ եմ տալիս իմ արյան վարար,
իմ արյան անզուսպ եռք ու հոսքի մեջ։
Արյունս ծաղկում է։
Վազող պահերը, սիրտը, անձրեւը
իմ անվան մեջ են,
եւ իմ ուսերին բուսնում են ձեռքեր՝
բյուր ու բյուրավոր, անթիվ, անհամար,
բայց միեւնույն է՝ ինձ չեն հերիքում,
երբ... ձեռք եմ բռնում,
ինձ չեն հերիքում,
աշխարհի լավը գրկելու համար։
Վազում են դարերը։