Նվիրում եմ Վահագն Դավթյանին
Վրնջում է լեռներն ի վեր,
Վրնջում է ձորերն ի վար,
Կորած քափ ու քրտինքի մեջ՝
Անզուսպ ու խենթ,
Սանձակոտոր
Ճամփաները հատում մեկ-մեկ,
Ճամփորդներին «ստուգում» մեկ-մեկ,
Տխրությունը այնպե՜ս բեկ-բեկ,
Կուտակ-կուտակ,
Ինձ է փնտրում՝ բոցն աչքերում.
Եվ ոչ ոքի մոտ չի թողնում,
Մոտ չի թողնում եւ ոչ մեկին։
Մերթ ծառս լինում երկնքի դեմ,
Մերթ գետինն է դոփում ցասկոտ,
Խրխինջի մեջ՝
Իմ երգը հորդ,
Իմ երգն իր պես անզուսպ, անսանձ,
Մերթ ճամփեքի փոշիներով
Նոր ճամփեք է գծում օդում՝
Արեւի պես
Մայր մտնելով հեռուներում։
Կիրքն աչքերում փնտրում է ինձ
Եվ ոչ-ոքի մոտ չի թողնում,
Մոտ չի թողնում եւ ոչ մեկին։
Սլանում է վայրի վարգով,
Սլանում է անճանապարհ,
Թրատելով իմ հայացքը
Մի ձի,
Սու՜րբ ձի,
Աղջկական լուրթ աչքերով...