Մի կռունկ անցավ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Վաղվա աչքերով)

Վարդան Հակոբյան

Ձեր անունը
ՎԱՂՎԱ ԱՉՔԵՐՈՎ


Անտեսանելին տեսնելու համար
Այսօրվան նայեք վաղվա աչքերով։
Ձեր հանդ ու սարին,
Ձեր հող ու ջրին,
Ձեր երազներին,
Օջախի քարին
Եվ այն ամենին, ինչ որ կունենաք,
Նայեցեք միայն վաղվա աչքերով։
Ասենք՝ ամեն օր տեսնում եք մի ծառ,
Կարող եք նույնիսկ ճյուղերը հաշվել.
Հաշվել կարող եք
Եվ սաղարթները,
Բարձրությունը չափել հայացքով...
Իսկ այն շյուղերը, որ դեռ չեն աճել,
                դուք նկատո՞ւմ եք...
ՈՒրեմն՝ դուք դեռ չեք տեսնում ծառը,
Նայեցեք նրան վաղվա աչքերով։
Խորքից դիտեցեք եւ ժպիտները
               ձեր ընկերների,
Վաղվա աչքերով նայեք ձեր մանկան
Խոսք ու խաղերին,
Այսօրվա դասից՝ ուշացումներին,
Ձեր այգում տնկած խաղողի վազին,
Ձեր կտրած մատին,
                երգին,
                հավատին,
Ծիլեր արձակող լավին ու վատին,
Այգու մեջ արագ ելնող-բազմացող
Մացառ ու խոտին,
Ձեր գյուղին,
Հանդին,
Ձեր տանը,
Հողին
Եվ միշտ անհանգիստ երկրագնդին։
Սովորեք նայել վաղվա աչքերով,
Որ ինչ էլ լինի,
Վաղը «ձեր աչքով նայի ձեր աչքին»...
Ինձ էլ, խնդրում եմ, այդպես մի նայեք,
Ինձ նայել-տեսնել այսօրվա աչքով,
Նշանակում է՝ իմ դեմ աչք փակել,
Ինձ նայեք միայն վաղվա՜ աչքերով։