Վանեսի ականջը կանչի
Թե ոնց էր հասկացել շրջասացության օրենքը, չգիտեմ, բայց քանի որ փող չուներ, գրական անունը կնքեց՝ Վանես Փողունի։ Հետո փողը դրամ դարձավ, գրելը դուրս եկավ ամենաանեկամտաբեր մի ճյուղ ու Վանես Փողունին սկսեց մտածել բիզնեսմեն դառնալու մասին։ Ճանապարհով գնում էր, հանկարծ աչքին ընկան գրքերի վերնակազմեր՝ կարդոնե, գեղեցիկ։ Ձեռքն առավ դրանք։ Ափսոսաց՝ կարդալով կազմի վրա գրած անունները։ Ու փորձեց հասկանալ, թե դրանք ում են հարկավոր։ Չկարողացավ։ Հավաքեց կազմերը, կապեց մի թելով ու դրեց գազոնի մյուս կողմում, կտանի, կվառի, փայտ չկա, ձմեռը հեռու չէ։ Այդ պահին մի տարիքն առած կին դիմեց Վանեսին։
-Բալա ջան, էստեղ թափված կարդոն-մարդոն կար, չտեսա՞ր։
-Չէ,- ակամայից խաբեց,- բայց դրանք ո՞ւմ են պետք։
-Պետք են, տղա ջան, պետք են,- կարճ կապեց կինը եւ նստեց ճամփի մեջտեղում անփույթ թափթփված խորանարդիկներից մեկի վրա, քթի տակ անլսելի խոսելով. «Քամակս մինչեւ իրիկուն կսառչի, սառը կկապի»։
-Ա ա..., - մատը դրեց շուրթին Վանեսը,- ուրեմն, սրանք դնում են քարերի վրա, նստում, առեւտուր անում։
-Մայրիկ,- փորձեց բիզնես անելու առաջին քայլն անել Վանեսը,- էդ կարդոններից որ լինի, կառնե՞ս։
-Դե, բա ոնց չեմ առնի, էս քարերին տակս սառչում է։
-Գնամ բերե՞մ։
-Որտեղի՞ց։
-Քո ի՞նչ գործն է, մենակ թե... կառնե՞ս։
-Բեր։
-Արի գինը խոսենք, հետո։
-Ինձ մի հատ է պետք, քսան դրամ կտամ։
-Քսանը քիչ է։
-Երեկ 15-ով եմ առել, բայց շան որդիները տարան-կերան։
-Իմ բերածը հաստ կազմեր կլինեն, մեծ-մեծ։
-Դե լավ, 30-ով համաձայն եմ։
-Եղավ։
Ու գնաց Վանեսը։ Հասավ տուն։ Կանգնեց գրադարակի առջեւ։ Տերյանը, Իսահակյանը, Թումանյանը, Շեքսպիրը, Շիրազը, Յաշա Բաբալյանը եւ ուրիշ գրողներ սկսեցին նայել Վանեսին. «Տեսնես ո՞ւմ կնախնտրի»։ Նախընտրեց Յաշային, բայց, ցավոք, նրա գրքերն էլ հաստ կազմ չունեին։ Նետեց մի կողմ։ Փորձեց Շիրազ կամ Թումանյան վերցնել ձեռքը, ինքն իրենից ամաչեց, ախր դեռ լրիվ բիզնեսմեն չէր դառել... Ստիպված հանրագիտարանի հատորները վերցրեց, ինքն իրեն արդարացնելով՝ կազմը ո՞ւմ է պետք, տանեմ-ծախեմ, օրվա հաց առնեմ։ Ու ինքն իր անդրամ վիճակի վրա զայրանալով, պոկոտեց կազմերը, վազեց փողոց, անծանոթ վաճառորդի մոտ.
-Բերել եմ։
-Տուր՝ տեսնեմ։
Ու կինը վերցնում է կազմերը, դնում տակին, յուրաքանչյուրի համար /2 հատ էր/ տալիս 30 դրամ։ Վանեսն ուրախացած հաջող առեւտրով, փորձում է նույն կնոջից արեւածաղիկ առնել մի բաժակ։
-Բաժակն ի՞նչ արժե։
-40 դրամ։
-ՈՒրեմն,- մտածում է իր մեջ Վանեսը,- 40 դրամ կտամ մի բաժակ արեւածաղիկ կառնեմ, 20 -նն էլ կմնա օգուտս։
Այդպես էլ անում է։ Բայց տեսնելով, որ վաճառորդ կինը թուղթ չունի՝ ձագարիկներ պատրաստելու եւ արեւածաղիկը դրանց մեջ գնորդներին տալու համար, նոր առաջարկություն է անում.
-Որ գրքի թղթեր լինեն, կառնե՞ս։
-Ուր է, բերես՝ կառնեմ։
-Քանիսո՞վ։
-Մի գիրքը՝ կես բաժակ «սեմիչկա»։
-Համաձայն եմ,- Վանեսը նորից տուն է վազում, այս անգամ իր հետ բերելով մի խտիտ։ Այս անգամ կինը համառություն ցույց չտվեց, քանի որ փոքրիկ գրքույկներից երկու պարկ վաղուց առանձնացրել էր վառելու համար. «Սրանք, ախր, ինչ գրքեր են, գոնե հաստ ու սիրուն կազմ էլ չունեն, որ գրադարակում պահենք»։
-Վահ, ողորմի քո անցյալներին,- ուրախանում է կինը եւ վերցնելով գրքակույտը, գինը վճարում է։
-Հենց Վանեսը շրջվում է, որ գնա՝ գոհ իր բիզնեսական անդրանիկ քայլերից, ետեւից կանչում է անծանոթ կինը.
-Քե մատած, մի րոպե։
-Լսում եմ, մայրիկ,- գիր ու գրականության մարդ լինելն այդ երկու հատիկ բառում ընդգծելով, ետ է վազում Վանեսը։
-Քե մատաղ, աչքիս կրթեցած մարդ ես երեւում, մի բան եմ ուզում խնդրեմ։
-Ասա, մայրիկ։
-Մի կալյասկա է պետք։ Պառավ կին եմ, տեսնում ես, օրական ապրանքը ձեռքով եմ տանում-բերում։ Կալյասկան որ եղավ՝ էլ դժվարություն չունեմ։
-Քանիսո՞վ կառնես, -խոսեց Վանեսի մեջ բիզնեսմենը։
-Խոսելու վրա է։
-Համ էլ չնեղանաս, է, հիմա թիվն ուրիշ է։
-Մենակ թե լավը լինի։ 500 դրամ կտամ։
Իհարկե, շատ քիչ է վճարում կինը։ Բայց դե 5 տարի է, մի անգամ գոնե հոնորար չի ստացել Փողունին։ Հինգ հարյուր դրամի անունը լսեց թե չէ, արյունը եռ եկավ։
-Քիչ է..., - բերանի մի կողմով, որպես բիզնեսմենի առաջին կարծիք, նետեց նա։ - Քիչ է։
-Լավ, 1000 դրամ։
-Գնամ՝ բերեմ։
-Հենց Աստված քեզ պահի։ Գնա բեր։
-Վանեսը վազեց տուն։ Կնոջը դժվար էր համոզել, որ քնած երեխային հանի ձեռնասայլակից, բայց... Վանեսը ճարտար իր լեզուն գործի դրեց ու հաղթեց։
-Դե լավ, տար,- կինը երեխային հանեց ձեռնասայլակից,- մենակ տես, որ չխաբվես։
Վանեսն առեւտուրն արավ ու 1000 դրամը գրպանում, «սեմիշկա» չրթելով, եկավ տուն.
-Այ կին, դե հիմա քեֆ արա, մարդդ բիզնեսմեն է դառնում։
Խեղճ կինն այնքան դրամով չուրախացավ, որքան նրանով, որ ամուսինը, վերջապես, որոշել է ցնդած-մնդած գրքերից ձեռ քաշել, կարգին մի փեշակով զբաղվել, հիմա ո՞վ է գրող-մրողին մարդու տեղ դնում։
-Վանես ջան,- ամուսնու տնտեսվարական եռանդից սիրտ առավ կինը,- մեր խոդի լամպն էլ չի վառվում, ոնց որ հարեւանի տղաներն էլի պարսատիկով ջարդել են, լամպ չկա՞, առնենք...
-Ինչո՞ւ չէ, այ կին,- խոսեց Վանեսը,- ձեռքս հո քարի տակ չէ՞...
Ու հիշեց, որ նույն այն կինը նաեւ լամպեր էր վաճառում։ Վազեց նրա մոտ։
-Լամպ կլինի՞։
-Հատը 1000 դրամ է։
-Այդքան թա՞նկ։
-Թանկ չէ, մատաղ։ Գրող-ջնջող քեզ նման մարդն էլ թանկ ու էժանից կխոսի՞։ Առ, տար, թող տունդ լուսավորվի։ Բա լույսն էլ գին կունենա՞։ Անգին է։
Բիզնեսմեն դարձած Վանեսի մեջ էլի խոսեց գրողի ռոմանտիկան ու ունեցած 1000 դրամը տվեց, մի լամպ առավ։ Կինը, իմանալով, որ 1000 է տվել, լաց եղավ։
-Աստված մեծ է, այ կին, դու ուրախացիր նրանով, որ արդեն ձեռքս առեւտրի մեջ է։ Դրամը ի՞նչ է, կեղտ, ոնց գալիս է, էդպես էլ գնում է։ Դու ասա՝ գալ ու գնալը միշտ լինի։
-Չուզողը ես լինեմ,- կարճ կապեց կինը։
Վանեսի գրպաններում մնացած արեւածաղիկը չրթելով, ամուսիներն այդ օրն էլ անցկացրին։ Հաջորդ անգամ հենց փողոց դուրս եկավ Վանեսը, թե չէ /միրուք էր պահել, որ չճանաչեն հարեւաններն առեւտուր անելիս/, մեկը դեմը կանգնեց.
-Հայրս է քո անունը տվել, ասաց՝ քեզ մոտենամ։
-Ինչ է եղել...
-Մի մետրանոց շլանգ ա պետք։
Վանեսը չուզեց ասել, որ ինքը նման բաներով չի զբաղվում, մտածեց, մտածեց, ելքը չգտավ։ Մտքում որոշեց, որ, ինչ գնով էլ լինի, «մուշտարուն ետ չտա դատարկ»։ Հիշեց մեծ բիզնեսմեններից մեկի խոսքը. «Գետնի տակից էլ լինի, գտիր, տուր, գնորդի սիրտը մի կոտրի»։ Ու բարձրաձայն ասաց.
-Սպասիր, գնամ բերելու։
Եվ շտապեց նորից վերադառնալ տուն։ Ճանապարհին հանկարծ ուղեղը փայլեց. «Մեր լվացքի մեքենայի վրա պիտի որ նման շլանգ լինի»։ Ու վռազեց։
Կինը իզուր էր փորձում ետ պահել։ Ինքնասածի է Վանեսը։ Կտրեց դանակով լվացքի մեքենայի «շլանգը» եւ փողոց դուրս եկավ։ Տեսնելով գնորդին, մեկնեց նրան։
-Գինը։
-Հինգ հարյուր դրամ։
Տղան տվեց ու վերցրեց։ Վանեսը 25 հազարանոց լվացքի մեքենան էլ շարքից հանեց, բայց, ինչ փույթ, մարդը բիզնեսմեն պիտի դառնա։ Ու այդպես, շարունակում էր իր գործը։ Գրել-ջնջելը թողել էր, տեղն ընկած ժամանակ ինքն էլ էր ձեռ առնում.
-Գրող-մրողի տեղ մի դիր, ախպեր, լուրջ բան եմ խոսում։
Թե այդպես որքան շարունակվեց, դժվար է ասել, բայց մի բան պարզ էր։ Երբ կնոջ համար ռուբլու ժամանակներում գնած եւ այսօր 200 հազար դրամի արժեք ունեցող վերարկուից ուզում էր պոկել մորթե վզնոցը եւ վաճառել 2000 դրամով, կինը ճչաց.
-Տունս քանդեցիր, բավական է...
Եվ եթե կինը ուշաթափ չլիներ, Վանեսը էլի չէր ենթարկվի։ Հիմա, ճարն ինչ, հանդարտվեց ու երդվեց, որ սրանից հետո բիզնես չի անի։ Յոլա կգնան, գրքերից-բանից կվառեն՝ փայտի փող չունեն, մինչեւ, Աստված մեծ է, մի տեղից մի լույս կծագի։ ՈՒ լույսը ծագեց։ Վանեսը իմացավ, որ շուկայում թղթի գինը շեշտակի բարձրացել է, վազեց տուն, թե. -Այ կին, աչքդ լույս, թուղթ եմ ծախելու։
Հին ժամանակներից գրելու համար թուղթ-մուղթ էր վերցրել՝ մի 10-15 կգ, տարավ շուկա ու վաճառեց, ձեռքը դրամ ընկավ։ Կարգին «շուկա արավ», առոք-փառոք եկավ տուն։ Տարին չլրացած, սակայն, Վանեսը լրիվ սնանկացավ, ունեցած-չունեցածը վաճառեց՝ ձեռքը առեւտրում պահելով, բայց ոչինչ էլի չստացվեց։
-Այ կին,- վճռեց Վանեսը,- սենյակներից մեկը վարձով տանք, առանց ներդրումի, եկամուտը կա հո կա...
Կինը չառարկեց։ Սենյակը տվին մի որբեւայրի կնոջ՝ երկու երեխաներով։
-Ասում են՝ գրող ես, հա՞, - առաջին զարմանքը հայտնեց կենվորը ոչ առանց պատկառանքի,- ես գրողներին սիրում եմ։
Վանեսն էլի նախկին գրողի ոգեւորությունն իր մեջ չկարողացավ հաղթահարել։
-Բա՞... Ես հո այսպիսի մարդ չեմ, ոնց տեսնում ես...
Գլուխդ չցավեցնեմ, ընթերցող։ Վանեսը կապվեց այդ կնոջ հետ, մի երեխա էլ դրանից ունեցավ։ Առաջին կինը դիմեց դատարան, Վանեսը տեսավ, որ բանտ է ընկնելու, բանը բուրդ է, փախավ Ռուսաստան։ Այստեղ նա ամուսնացավ մի ռուս «բաբուլյայի» հետ՝ վերջինիս բնակարանի խաթրու, ունի նաեւ մեքենա։ Հիմա հայտնի բիզնեսմեն է Վանեսը։ Անգամ սեփական վարորդ է պահում։ Մեկ-մեկ էլ մյուս երկու կանանց ու երեխաների համար այնպիսի բաներ է ուղարկում՝ փողի հետ միասին, որ կկվի ձեն լսած չլինեն...Կանայք էլ՝ մեկը մյուսի ջիգրու, նրա ուղարկած շորերը հագնում են ցուցադրաբար ու իրենց պարտքն են համարում տեղի - անտեղի հիշեցնել. «Իմ Վանեսի ղրկած շորերն են»։
Ականջը կանչի, հիմա որ՝ իսկական Վանես Փողունի։ Բայց այժմ էլ ցավն ուրիշ է. երբ գրական անունը վերջապես համապատասխանում է, մի կողմ է մնացել ու մոռացվել երբեմնի գրել-ջնջելը։ Գուցե լավը դա՞ է։