Վարդանի և հայոց պատերազմի մասին/Երրորդ գլուխ

ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈԻՐԲ ՈԻԽՏԻ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թեպետ և չենք կարող պատմել այն բոլոր չարիքները, որ բանակի մեջ անցան Հայոց զորամասի գլխով, սակայն չենք էլ կամենում լռել և ծածկել [մեր] վիշտն ու նեղությունը, այլ փոքրիշատե կասենք, որպեսզի ձայնակից լինենք նրանց, ովքեր դառնապես ողբում էին որպեսզի դու էլ, երբ լսես, շատ արտասուք թափես մեր ազգ, թշվառության վրա։

Որովհետև ահա Պարսից մեծ բանակում զանազան ազգությունների մարդիկ, որոնք հավատացել էին Քրիստոսի սուրբ ավետարանին, երբ տեսան Հայերի չար հանձնառությունը, սաստիկ խոցվեցին իրենց մտքերում և կործանվեցին-գետին ընկան իրենց երեսների վրա։ Նրանցից շատերը ծանր սուգի թախծի մեջ՝ վշտացած հոգով ու դառն արտասուքով եկան ու հանդիմանեցին նախարարներին և խիստ պախարակեցին քահանաների խմբին։

Բոլորին խայտառակում էին և ասում. «Ի՞նչ պիտի անեք այդ սուրբ կտակարանները կամ թե ո՞ւր պիտի տանեք տերունական սեղանի անոթները, մի՞թև պիտի մոռանաք ձեր հոգևոր օրհնությունները և կամ պիտի լռեք ու դադարեցնեք մարգարեական ձայնը։ Աչքերդ փակեցիք՝ չկարդալու համար և ականջներդ խցեցիք՝ չլսելու համար. մի՞թե պիտի չհիշեք այն, ինչ որ անմոռաց կա ձեր մտքում։ Ի՞նչ պիտի անեք Տիրոջ պատվիրածը՝ «Ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ երկնավոր հոր և սուրբ հրեշտակների առաջն»[1]։

«Առաքելական քարոզության վարդապետներ էիք, այժմ այն մոլար խաբեության աշակե՞րտ պիտի լինիք։ Ճշմարտության ուսուցիչներ էիք, այժմ մոգերի սուտ խաբեությո՞ւնը պիտի սովորեցնեք։ Արարչական զորության քարոզիչներ էիք, այժմ տարրերին աստվա՞ծ եք դավանում։ Ստությունը հանդիմանողներ էիք, այժմ ստից էլ ավելի՞ սուտ պիտի լինեք։ Հրով և հոգով էիք մկրտված, այժմ պետք է մոխրի և փոշո՞ւ մեջ թաթախվեք։ Կենդանի մարմնով և անմահ արյունով էիք սնված, այժմ զոհերի ճարպի և կեղտոտ արյունի մեջ պիտի աղտոտվեք։ Սուրբ հոգու տաճար էիք, այժմ դևերի զոհարա՞ն պիտի լինեք։ Քրիստոսազգյաց էիք մանկությունից, այժմ այդ փառքերից զրկված՝ դևերի նման արեգակի առաջ պիտի պարեք։

Արքայության ժառանգ էիք, այժմ ինքներդ ձեզ Գեհենի ժառանգ դարձրիք։ Նրանց է սպառնացած անշեջ հուրը, դուք ինչո՞ւ եք նրանց հետ այրվում-խորովվում։ Նրանց համար է գիրանում անմահ որդը, իսկ այժմ դո՞ւք եք ձեր մարմինները գիրացնում նրան կերակրելու համար։ Նրանց համար է թանձրացված պահվում արտաքին խավարը, դուք՝ լուսազգեստներդ ինչո՞ւ նրանց հետ դեպի նույն խավարն ուղևորվեցիք։ Նրանք վաղուց արդեն կուրացած էին, դո՞ւք ինչու կուրացաք կույրերի հետևից։ Նրանց համար էր փորված խորխորատը, ինչո՞ւ նախ դուք ընկաք նրա մեջ։ Ե՞րբ պիտի սովորեք նրանց աստվածների բազմաթիվ անունները. այն աստվածների, որոնցից ո՛չ մեկն էլ մեջտեղում չկա։ Ծանր բեռներից թեթևացած էիք, ինքներդ ծանր բեռ վերցրիք ձեզ վրա։ Ծառայությունից տեղատված էիք, չարաչար կերպով մտաք անազատելի ծառայության տակ։

«Ի՞նչ կլիներ, գիտենայիք և հայտնի լիներ ձեզ, որ երկինքը սուգ մտավ ձեզ վրա, և երկիրը վշտացավ ձեր ոտների տակ։ Վերևից հրեշտակներն են բարկացած ձեզ վրա, իսկ երկրից մարտիրոսներն են զայրացած ձեզ վրա։ Խղճո՜ւմ եմ, խղճո՜ւմ եմ ձեր սիրելիներին և ավելի շատ խճում եմ հենց ձեզ։ Որովհետև եթե մա՛րդ ազատեր ձեզ ծառայությունից, և դուք ինքներդ ձեզ ուրիշի ծառայության ներքո դնեիք, սաստիկ կբարկացնեիք ձեր առաջին տիրոջը։ Իսկ այժմ ի՜նչ պիտի անեք այն աստվածասաստ հրամանը, թե՝ «Ե՛ս եմ աստված, և բացի ինձանից չկա ոչ մի ուրիշը, և ո՛չ էլ ինձանից հետո ուրիշ որևէ աստված է լինելու. նախանձոտ աստված եմ ես, հայրերի մեղքը հատուցանում եմ որդիներին մինչև յոթը դար»[2]։ Եթե ուրեմն արդար որդիները հայրերի մեղքերի համար մահ են ստանում, հապա երբ իրենք որդիները մեղք գործեն, չէ՞ որ թե՛ իրենց և թե՛ հայրերի փոխարեն միանգամայն պետք է պատասխան տան։

«Դուք էիք մեր ապաստանի ամուր պարիսպը. երբ այստեղից վտանգ էր սպառնում, ձեզ մոտ էինք ապահովություն գտնում. այժմ այդ մեծ ամրությունը հիմնահատակ տապալվեց։ Դո՛ւք էիք մեր պարծանքը ճշմարտության թշնամիների առաջ, այժմ դո՛ւք եք մեր նախատինքը նույն թշնամիների մոտ: Մինչև այժմ ձեր ճշմարիտ հավատի համար մեզ էլ փոքրիշատե խնայում էին, իսկ այժմ ձեր պատճառով մեզ էլ են անողորմ կերպով դատում։ Ո՛չ միայն ձեր անձերի համար եք պատասխան տալու աստծու ահեղ ատենի առաջ, այլև այն բոլոր բազմաթիվ մարդկանց համար, որոնց նույնպես չարչարելու են ձեր պատճառով»։

Այս և սրանից է՛լ ավելին խոսեցին մեծամեծ իշխանների հետ և ցավերի վրա ցավեր ավելացրին։ Հայտնել և պարզել նրանց իրենց մտա դրությունը՝ չէին կարող, լռել և պատասխան չտալն էլ անհնար էր, սրտերը պատռվում էր, և հորդ արտասուք էին թափում։ Նրանց հետ միասին՝ լսողներն ու տեսնողներն էլ դառնացած բոլորը անմխիթար սուգի մեջ էին ընկնում։

Այն ժամանակ այնտեղ զորքի մեջ եղած քահանաները, սրտերի բարկությունից այլևս չկարողանալով համբերել, անջատվեցին հեռացան նախարարներից և ամբողջ բազմությունից և մեկին շտապով սուրհանդակ ուղարկեցին ձիով Հայոց աշխարհը։ Սա գույժը բերանն առած և օձիքը պատառելով հասավ եպիսկոպոսների ժողովին, սաստիկ արտասվելով կանգնել-պատմում էր չարչարանքների բոլոր անցուդարձը, բայց նրանց չէր հայտնում ծածուկ մտադրությունը:

Այն ժամանակ եպիսկոպոսները ցրվեցին ամեն մեկն իր իշխանությունը, և քորեպիսկոպոսներ ուղարկեցին գյուղերն ու ագարակները և լեռնային գավառների բազմաթիվ ամրոցները։ Դրդեցին հավաքեցին մեծ բազմությամբ այր և կին, շինական և ազատ, քահանա և միայնակյաց. խրատեցին, ամրապնգեցին և բոլորին Քրիստոսի զինվոր դարձրին։

Եվ խորհրդի առաջին վճիռն այս հաստատվեց, «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծու պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից։ Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը։ Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում, և նույն օրենքից հանցավորներն ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»։

Երբ այս այսպես հաստատվեց ու կարգավորվեց, բոլորն էլ զինված դուրս եկան՝ սաղավարտները գլուխներին, սրերը մեջքերին և վահանները ձեռներին, ո՛չ միայն քաջ տղամարդիկ, այլև արիասիրտ կանայք։

Իսկ Հայոց զորագունդը բոլոր օգնականներով ու բազմաթիվ մոգերով չորրորդ ամսին եկան հասան Հայոց աշխարհը, մի մեծ գյուղաքաղաք, որի անունն էր Անգղ։ Այդտեղ բանակ դրին, հավաքվեցին, տեղավորվեցին և ամեն կողմերից անթիվ բազմություն ժողովվեց այնտեղ։

Եվ այնպես պատահեց, որ քսանհինգ օրից հետո մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկավ մեծ ուժով, որպեսզի քանդի եկեղեցու դռները. ուզում էր փորձել, թե գործն ինչ ընթացք կստանա։ Իսկ սուրբ Ղևոնդ երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիվ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնվեց։ Թեպետև լավ տեղյակ չէր բոլոր նախարարների մտադրություններին և ո՛չ էլ մոգպետի ուժին ու զորությանը, ամենևին չսպասեց բոլոր եպիսկոպոսներին և նույնիսկ մի քիչ էլ չհամբերեց ու չներեց անօրեն իշխանին, այլ մեծ աղմուկ ու տագնապ առաջացրեց զորքերի և մոգերի մեջ։ Որովհետև դագանակները ձեռքեին առած՝ մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք պաշտամունքը վերսկսելով եկեղեցում՝ կիրակնօրյա կարգն էին կատարում, շարունակելով այն ամբողջ նույն կիրակի օրը։

Այս խռովահույզ տագնապից հետո՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմություն հասավ նույն տեղը։ Պետք էր տեսնել, թե ինչպիսի աղետալի իրարանցում ընկավ. ոմանք աղբյուրի պես հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից, ուրիշները բարձր ճչալով կարծես թե երկինքն էին դողացնում, իսկ կեսն էլ խիզախելով ու դեպի զենքը վազելով՝ նախընտրոսք էին մեռնեի, քան թե ապրել։ Իսկ սուրբ եկեղեցու ուխտից ոմանք, ավետարանը ձեռներն առած, աղոթքներով աստված էին կանչում։ Ուրիշներն էլ փափագում էին, որ երկիրը պատռվի, որպեսզի իրենց համար գերեզման դառնա։ Եվ այսպես մեծ սարսափ էին գցում մոգպետի վրա։ Սա ստեպ-ստեպ աղաչում էր իր օգնականներին, որ հնար գտնեն իրեն մահից փրկելու և ողջ-առողջ նորից արքունիք հասցնելու։

Իսկ այն գործի մասին, որի համար եկել էր, ստիպում էր նրանց և ասում. «Թողեք գրեմ և ցույց տամ մեծ թագավորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկություններից. որովհետև եթե աստվածներն իրենք էլ մեզ օգնության գան, հնարավոր չէ, որ Հայաստանում հաստատություն գտնի մոգական կրոնը, ինչպես որ փորձեցի եկեղեցու ուխտի միաբանությունը: Որովհետև եթե այս աշխարհի զորքն էլ մոգեր լինեին, նրանք ամենևին չէին խնայի և սրանց էլ կսատկեցնեին, ոչ միայն դրսից եկածներին, այլև իրենց եղբայրներին, որդիներին և բոլոր մերձավորներին, ինչպես նաև հենց իրենց։ Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկյուղ կրում և ո՛չ հարստությունը բանի տեղ գնում և, վերջապես, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից, ո՞վ է, որ կարող է նրանց դիմադրել:

«Ես լսել էի մեր նախնիքներից, թե արքայից արքա Շապուհին օրերում, երբ այդ ուսմունքն սկսեց աճել ու բազմանալ և լցնել Պարսից ամբողջ երկիրը, և նույնիսկ մինչև արևելք հասնել, մեր կրոնի վարդապետները հորդորեցին թագավորին [այնպես անել], որ մոգության կրոնը բոլորովին չվերանա աշխարհից. նա էլ սաստիկ հրաման տվեց, որ քրիստոնեությունը բոլորովին դադարի։ Բայց որքան նա կամեցավ արգելքներ հարուցել, նրանք ավելի ու ավելի աճեցին ու բազմացան և հասան մինչև Շուշանների աշխարհը, և այնտեղից էլ [քրիստոնեությունը] տարածվեց դեպի հարավ մինչև Հնդկաստան։

«Եվ այնպես աներկյուղ ու համարձակ էին նրանք Պարսից աշխարհում, որ մինչև անգամ երկրի բոլոր քաղաքներում այնպիսի եկեղեցիներ շինեցին, որոնք իրենց պայծառությամբ գերազանցում էին թագավորաբնակ պալատներից։ Շինում էին նաև վկայարան կոչվածները, և նույնպես զարդարում էին եկեղեցիների նման, և բոլոր տեղերում անապատներ, միայնանոցներ էին շինում։ Եվ թեև ոչ մի տեղից հայտնի օգնություն չէր երևում, բայց նրանք շարունակ աճում ու անընդհատ բազմանում էին և մարմնավոր մեծությամբ ճոխանում։ Հարստության պատճառների մասին մենք ոչինչ չգիտեինք. բայց այսքանը միայն ճշգրիտ իմանում էինք, որ ամբողջ տիեզերքը նրանց ուսմունքի հետևից էր գնում։

«Թեպետև թագավորն սկսեց խստություններ գործ դնել նրանց վերաբերմամբ և նրանցից շատերին բռնեց ու չարչարեց, և շատ շատերին էլ մահով սպանեց, բայց նա դառնացավ ու ինքն իրեն ձանձրացավ, իսկ նրանց բազմությունը չկարողացավ նվազեցնել։ Նույնպես և թեպետ փակեց ու կնքեց եկեղեցիների դռներն ամբողջ Պարսից աշխարհում, բայց նրանք ամեն տուն եկեղեցի դարձրին, և ամեն տեղ իրենց պաշտամունքն էին կատարում, և ամեն մեկն իր անձը վկայարան էր համարում, և մարդկեղեն շինվածքն ավելի լավ էին հաշվում, քան հողեղենը։ Սպանողների սրերը բթացան, իսկ նրանց պարանոցները չհոգնեցին. նրանց ստացվածքն ավարի առնողները հոգնեցին, իսկ ավարը օրեցօր աճեց ու բազմացավ։ Թագավորը զայրացած էր, և բարկացած դահիճները խիստ դառնացած, իսկ նրանք արթուն ու զվարթ՝ ուրախությամբ էին ընդունում ամեն հարված ու տանջանք և սիրով տանում էին իրենց գույքի ամեն մի հափշտակություն:

«Երբ թագավորը տեսավ, որ գրոհ-տալով դեպի մահ դիմեցին, ինչպես սուրբ զոհացուները դեպի երկնավոր աղը, արգելեց և վերջ տվեց նրանց հարվածներին ու տանջանքներին, և հրաման տվեց մոգերին ու մոգպետներին, որ ոչ ոք ամենևին նեղություն չտա նրանց, այլ ամեն մեկն աներկյուղությամբ հաստատ մնա իր հավատին — մոգն ու զանդիկը և հրեան ու քրիստոնյան, և էլի ինչ բազմաթիվ դավանություններ որ կան Պարսից աշխարհի զանազան կողմերում։ Եվ այնուհետև երկիրը հաստատուն խաղաղություն ձեռք բերեց, և բոլոր խռովություններն ու հուզմունքները դադարեցին։ Որովհետև մեր աշխարհի խռովության հետ՝ Արևմուտքն ևս մեծապես շարժվեց, և ամբողջ Տաճկաստանն էլ նրանց հետ հուզվեց։

«Այն ահա լսելով գիտենք. բայց այս, որ ես իմ աչքով տեսա, ինձ թվում է, թե է՛լ ավելի մեծ պիտի լինի, քան առաջվանը։ Արդ, դու, որ այս աշխարհի մարզպանն ես, պարտավոր ես հոգ տանել, գրել և ցույց տալ արքունիքին սրանց միաբան ուժը, թե ինչպե՜ս աներկյուղաբար բանի տեղ չդրին արքունական հրամանը։ Եվ եթե մենք չշտապեինք ու փախուստի չդիմեինք, մեզանից ոչ մեկին էլ կենդանի չէին թողնի: Եթե անզեն մարդիկ այսպիսի ուժ ցույց տվին, հապա եթե հանկարծ զինվորներին էլ իրենց հետ միացնեն, ո՞վ կարող է դրանց հանդուգն հարձակման առաջ կանգնել։

«Ես ահա անտեղյակ էի, որ այդ եկեղեցու ուխտը անքակտելի է միմյանցից. որովհետև ուրի՛շ բան է, երբ մարդ լսում է, և ուրի՛շ բան է, երբ հաստատ կերպով իր աչքով է տեսնում։ Դո՛ւ, որ մանկությունից այդ կրոնի մեջ էիր սնված, և հավաստիորեն գիտեիր այդ մարդկանց համառությունը, որ առանց շատ արյուն թափելու դրանք մեզ թույլ չեն տա ձեռք տալու եկեղեցիներին, իեչո՞ւ այդ ամենը ճշտությամբ չասացիր թագավորին իրեն։ Քանի որ բոլոր նախարարներից մեծը դո՛ւ էիր, և այս ամբողջ երկիրը քեզ էր հանձնված որպես մարզպանի, ինչո՞ւ դու ինքդ հոգ չտարար մեծապես։ Որովհետև ուրիշ ժամանակ իմաստուն էիր, և ես այդ գիտեի. բայց այս բանն իմաստությամբ չարիր։ Եթե այդպես չէ, ապա հայտնի է, որ դու էլ նրանց համամիտ ես, և [նրանք] քո խորհրդով բերին այս անցքերը իմ ու զորքի գլխին։

«Արդ, եթե այդ այդպես է, և դու չես կամենում մոգություն ընդունել, ամենևին մի՛ քաշվի և մի՛ վախենա արքայից. ես կգրեմ ու ցույց կտամ մովպետան մովպետին զ. դարանդարձապետին և մեծ հազարապետին, որ թագավորին համաձայնեցնեն, որպեսզի թույլ տա [վարվելու] առաջին հրամանի համեմատ, և մարդկանց կամքին թողնվի, որպեսզի փոքր առ փոքր ընտելանան մոգական կրոնին, որպեսզի ովքեր ընդունեն այն, սիրով կատարած լինեն արքունի հրամանը։ Որովհետև այս աշխարհը մի ծայրերկիր է. գուցե՝ երբ [նրանց] որևէ վնաս հասցնեն, նրանք էլ վեր կենան ցրվեն օտարության։ Իսկ երբ այս երկիրը մարդկանցից դատարկվի, այն ժամանակ քեզ էլ գլխովին մեծ վտանգ կհասնի արքանիքից»։

Մարզպանը պատասխան տվեց մոգպետին և ասաց. «Այդ բոլոր խրատներդ, որ ասացիր, ճշմարիտ են, բայց ինչ որ մենք սկզբում չհասկացանք, դու տեսար, և այժմ սաստիկ զղջացինք։ Իսկ այժմ ինչ որ ասում եմ, արա՛ և քեզ լավ կթվա։ Մի քիչ համբերություն ունեցիր և քո այս խորհուրդը ծածկի՛ր շատերից. բայց հայտնի՛ր այն մարդկանց, որոնց ես կասեմ, մինչև որ ես ուժ հավաքեմ, օգնական զորք կանչեմ, գուցե կարողանամ եկեղեցու այդ ուխտը երկփեղկել։ Եվ եթե այդ այդպես անեմ, այյնուհետև գիտեմ, որ արքայական հրամանն էլ կարող եմ կատարել»։

Եվ անմիջապես զորք հանեց Սյունյաց աշխարհից, իր զորամասն ստվարացրեց՝ մոգերին ու մոգպետին օգնության հասնելու համար։ Եվ ապա սկսեց ասել. «Հապա դու մի թուղթ ուղարկիր Դուռը, որ Աղվանից աշխարհում գտնված տասը հազար այրուձին Հայաստան գա ձմեռն անցկացնելու համար. երբ նրանց մեր ձեռքի տակ ունենանք, էլ ոչ ոք չի կարողանա արհամարհել արքունի հրամանը»։

Մոգպետը պատասխան տվեց և ասաց մարզպանին.

«Այդ խորհուրդը դարձյալ հակառակ է իմ խոսքերին, որովհետև եթե մենք բռնությամբ կռվենք այս երկրի հետ, ապա երկիրը կքանդվի, մենք էլ պատուհասից չենք փրկվի, մեր անձերին վնաս [կլինի] և պետությանն էլ մեծ կորուստ»:

Բայց մարզպանն ամենևին չկամեցավ նրան լսել, որովհետև սրտանց էր ընդունել պարսկական կրոնը։ Այնուհետև սկսեց ոմանց խաբել գույքով, ոմանց՝ հորդորական խոսքերով. բոլոր ռամիկներին էլ ահեղ խոսքերով սպառնալով՝ վախեցնում էր։ Մշտապես շատացրեց սեղանատան մթերքները և երկարացնում էր ուրախության ժամերը, գիշերների երկարատևությունը մաշելով արբեցության երգերով ու լկտի պարերով. ոմանց համար սիրելի էր դարձնում երաժշտական կարգերն ու հեթանոսական երգերը, մեծամեծ գովեստներ էր տալիս թագավորի կրոնին։ Արքունիքից բերել էր նաև շատ դրամ և սրա-նրա գրպանը գաղտնի կաշառք էր խոթում, իբր թե պարգև ու պատիվ է տալիս. և մեծ նենգությամբ անմեղ մարդկանց հրապուրում էր և իր կողմը քաշում։

Իսկ երբ այս ամենը տեսան սուրբ եպիսկոպոսները, էլ ավելի ուժեղ կերպով ամրապնդվեցին իրենց միաբանության մեջ և հնարագետ իմաստությամբ բանակը երկու մասի բաժանեցին։ Մանավանդ երբ հաստատ կերպով իմացան ու հասկացան, որ Սյունյաց անօրեն իշխանն ստացել էր այն փրհասական վերքն իր հոգու մեջ, խորշելով հեռացան և փախան նրանից։

Մի գիշեր ուխտի ամբողջ բազմությունը խորհուրդ կազմեց և զորքերի սպարապետին էլ կանչեցին խորհրդի. հարցրին, քննեցին և տեղեկացան, որ նրա դիտավորությունն անշարժ է և մի փոքր անգամ չի թերացել Քրիստոսի սիրուց։ Եվ միաբան աղոթք անելով նրա համար, նրան կրկին ընդունեցին առաքինիների շարքը: Նրա միջոցով շատերին էլ գրավեցին նույն միաբանության մեջ, ովքեր առաջին միաբանությունից անջատված չէին, եկան-հավաքվեցին և մեծ զորագունդ կազմեցին։ Եվ է՛լ ավելի զատվեցին-հեռացան մոգերից ու մոգպետից և անօրեն Վասակից։

Իսկ նա այնքան հիմարացրեց ու շվարեցրեց մոգպետի միտքը, որ նույնիսկ չթողեց, որ նա գործի հետևանքները հասկանա։ Սկսեց մոգեր բաժանել նախարարների տները և մեծ-մեծ ռոճիկներ նշանակել, կենդանիներ զոհել և բռնությամբ ստիպել կնքված մարդկանց, որ զոհած միս ուտեն և արեգակին երկրպագություն տան: Երբ այսպիսի պիղծ խառնակությունն սկսեց շատանալ ամբողջ երկրում, այն ժամանակ մինչև իսկ փշտիպանների կանայք հանդգնեցին կիրակի օրը եկեղեցու ճրագները հանգցնել և հավատավոր կանանցս շորերը պատառոտել։

Այս աղմուկն ու վայնասունք երբ տեսան միաբան սուրբ եպիսկոպոսները, ավետարնը ձեռներն առնելով գնացին և առանց հարցնելու մտան սպարապետի կայանը, որտեղ ժողովված էր Հայոց զորքը։

Իրենց ձայները բարձրացրին և ասացին. «Ձեզ բոլորից աղաչում ենք այս սուրբ ավետարանով. եթե մարզպանն ու մոգպետը ձեր խորհրդով են գործում այն անօրեն չարագործությունները, նախ մեր՝ պարանոցները կտրեցեք և հետո ձեռք տվեք եկեղեցուն։ Իսկ եթե նրանք առանց ձեր կամքի են կատարում այն չարագործությունները, թո՛ղ այսօր ևեթ դրա վրեժը պահանջվի նրանցից»։

Իսկ ովքեր գտնվում էին ներսում, սպարապետի կացարանում, ոտքի ելան, միաբան իրենց ձայները բարձրացրին ասաստված և ասացին. «Դո՛ւ, Տե՛ր, որ բոլորի սրտերը գիտես, քեզ ամենևին պետք չէ մարդկանց վկայությունը. եթե մենք սրտանց խոտորված լինենք քեզանից, այն դու ինքդ լավ գիտես. հենց այսօր էլ պատժիրր մեզ մեր մեղքերի համաձայն. իսկ եթե հաստատ ենք մնացել այս ավետարանի սուրբ ուխտին, դո՛ւ, Տե՛ր, մեր օգնականն եղի՛ր այսօր, և ճշմարտության թշնամիներին տուր մեր ձեռքը, որպեսզի նրանց հետ վարվենք մեր կամքի համաձայն»:

Երբ այս բանն ասացին, բոլորը գլուխները գետնին էին խփում, և ողջույն ստացան ավետարանից ու եպիսկոպոսներից։

Իսկ նախարարներից մեկը, որ այնտեղ պատահեց, նրանց խորհրդի մեջ էր. սա չմիաբանվեց նրանց հետ այն մեծ վկայության գործում, և իսկույն տեղնուտեղը նրանց կողմից քարկոծվեց, և մեծ սարսափ ընկավ բոլորի վրա։

Այն ժամանակ բոլորն այնպես բորբոքվեցին զայրույթով, որ մինչև անգամ բոլոր տեսնողների երիկամները դողում էին. նրանք ոչնչի տեղ դրին արքունի պարգևները և ոտնատակ տվին ահռելի հրամանները։ Շտապով վազեցին դեպի իրենց զենքերը, ամբողջ զիշերը սպառազինվեցին՝ պատրաստվեցին և արևը ծագելուն պես զորքը երեք մասի բաժանելով՝ վրա տվին բանակին։ Առաջին գունդն արևելյան կողմից, երկրորդ գունդն արևմտյան կողմից և երրորդ գունդը հյուսիսային կողմից շուրջանակի իրենց մեջ առան-փակեցին մեծաթիվ բանակը. շատերին կոտորեցին, է՛լ ավելի շատերին երևելի մարդկանցից կապեցին և ամուր բերդերում բանտարկեցին իրենց իշխանության տակ։ Եվ բանակի կողոպուտը, թալանն ու ավարը մի տեղ ժողոված պահում էին իբր թագավորի հրամանով։

Իսկ երբ մարզպանին էլ ձերբակալեցին, նա երգումով միաբանվեց նրանց հետ, որ հաստատ կմնա ուխտին, զղջում էր, որ առաջ բաժանվել էր նրանցից։ Ապաշխարելով ընկնում էր սուրբ եպիսկոպոսների ոտները, և աղաչանք-պաղատանք էր անում, որ չմերժեն ու չհեռացնեն նրան իրենցից։ Երկու- երեք անգամ անսուտ երդում տվեց սուրբ ավետարանի վրա բազմության առաջ, երդումը գրեց, կնքեց և կապեց ավետարանից. և աղաչում էր, որ աստված վրեժխնդիր լինի [իրենից] և ոչ թե նրանք մարդկաբար սատկեցնեն իրեն։

Իսկ նրանք թեպետև հաստատ գիտեին նրա նենգավոր կեղծավորությունը, և թե խաբեությամբ նորից դառնալու է էլի առաջվա մոլորությանը, ամենևին հոգ չտարան նրա վրա ձեռք բարձրացնելու նախորդ հանցանքի համար, այլ նրա դատապարտությունը թողին սուրբ ավետարանին։

Իսկ նրանք, ովքեր եկել էին եկեղեցու սուրբ գանձերը կողոպտելու համար, իրենց անձերն ու ավարը ակամա դրին սուրբ եպիսկոպոսների և ամբողջ զորքի առաջ. և թագավորի հրամանը ջնջվեց-ոչնչացավ։ Եվ աստծու զորությամբ հաջողություն գտնելով՝ տղամարդիկ և կանայք և ամբողջ ռամիկ բազմությունը աղաղակում և ասում էին գոհանալով. «Պատրաստ ենք հալածվելու և մեռնելու և ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան զորությամբ, որով նորից ծնվեցինք մի հավատի հուսով, մկրտվելով Հիսուս քրիստոսի անունով, նույն նմանությամբ կամենում ենք չարչարանքներով և արյունով նորոգել մեր անձերը։ Որովհետև մեզ հայր ենք ճանաչում սուրբ ավետարանը, և մայր՝ առաքելական կաթողիկե եկեղեցին. թո՛ղ ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի»։

Այնուհետև տերը ծառայից ավելի չէր երևում, և ոչ էլ փափուկ մեծացած ազատը՝ տառապյալ գեղջուկից, և ո՛չ էլ մեկը մյուսից ավելի պակաս քաջության մեջ։ Միևնույն հոժար սիրտն ունեին բոլորն էլ տղամարդ ու կին, ծեր ու տղա և Քրիստոսի անունով բոլոր միաբանվածները։ Որովհետև առհասարակ բոլորն էլ միևնույն զենքով զինվորվեցին և Քրիստոսի հավատի պատվիրանի միևնույն զրահը հագան, ճշմարտության միևնույն գոտիով ամրացրին իրենց մեջքերը թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։

Այնուհետև վեր ընկած էր մնում ոսկին, և ոչ ոք հատկապես իրեն համար արծաթ չէր վերցնում, և առանց ագահության արհամարհված, անարգված էին զարդարանքի ու մեծարանքի համար հատկացված պատվական հագուստները: Իչպես և ամեն մի գույք ոչինչ էր համարվում իր տերերի աչքում։ Իրենց անձերի վրա նայում էին ինչպես մեռած դիակների վրա, և ամեն մեկն իր գերեզմանն ինքն էր փոբում. իրենց կյանքը մահ էին համարում, իսկ մահը՝ հավաստի կյանք։

Բայց շուտ-շուտ այս խոսքն էր լսվում. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք, որ մեր մեջ կենդանի լինի Քրիստոսը, որի համար հեշտ է մյուս անգամ նորոգել մեզ հողից, ինչպես և նախկին բոլոր մեռածներին, և յուրաքանչյուրին հատուցանել իր գործերի համեմատն։

Այս և սրանից էլ ավելին խոսելով և իրենց ու միմյանց մխիթարելով՝ զինվորները մի անգամ էլ պատրաստեցին իրենց զենքերը, և աղոթավորները շարունակում էին իրենց աղոթքները, և պահեցողները ճգնում էին իրենց պահքի մեջ: Պաշտոնյաների ձայները գիշեր-ցերեկ անպակաս էին սուրբ սաղմոսները կարդալու մեջ. աստվածային կտակարանների ընթերցումը երբեք չէր դագարում ոչ մի ժամ, այդպես էլ՝ մեկնիչների երկնավոր վարդապետությամբ մխիթարելը։

Այն ժամանակ նորից հարձակվեցին այն բերդերի և ավանների վրա, որ երկրի զանազան ամուր տեղերում գրավել էին պարսիկները. կործանեցին-քանդեցին նրանց բնակությունները։ Նախ՝ մեծ Արտաշատը իր ավաններով. և առան անմատչելի ամրոցները՝ Գառնի քաղաքը, Անին, Արտագերսը և իրենց ավանները, Երկայնորդն ու Արխնին և իրենց ավանները, Բարձրաբողը, Խորանիստը, Ծախանիստը, ապահով Ողականը և սրանց հետ իրենց ավանները Արփանյալը, Վանավանը, նրա հետ նաև իր ավանները. Գռյալն ու Կապույտը, Որոտն ու Վաշակաշատը։

Այս բոլորն ամեն մեկն իր գյուղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տարին առան ու կործանեցին, և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գույքերով ու ստացվածքներով, թանկագին գանձերով ու կահ-կարասիով։ Տապալում-քանդում էին նրանց շենքերը և հրկիզում էին կրակի պաշտամունքի տեղերը։ Մաքրում էին կռապաշտությունների պղծությունը և գրավում էին ատրուշանների սարք ու կարգը, բերում-գնում էին սուրբ եկեղեցում և սուրբ քահանաների միջոցով նվիրում էին ի ծառայություն տերունական սեղանի։ Եվ սնոտի պաշտամունքների փոխարեն, որ տապալեցին հեթանոսների բոլոր վայրերում, կանզնեցնում էին Քրիստոսի փրկական խաչը, ամենասուրբ սեղան էին շինում և սրբությամբ կատարում կենդանարար խորհուրդը, պաշտոնյաներ ու քահանաներ էին նշանակում այն տեղերում։ Ամբողջ երկիրն առհասարակ ուրախանում էր հաստատուն հուսով։

Եվ մինչդեռ այս մեծ առաքինությամբ կատարյալ էին դարձնում իրենց նահատակության գործը, կարծես մի տեսակ աստվածային շնորհ էր երևում բոլորի վրա. որովհետև առանց հայոց զորքերից հրաման ունենալու՝ աշխարհի արևելյան կողմից ոմանք հարձակվեցին Ատրպատական աշխարհի վրա և զանազան տեղերում մեծ վնասներ տվին՝ բազմաթիվ ատրուշաններ առնելով, ստվերելով ու կործանելով։

Իսկ ովքեր դեպի մեծ ամրոցներն էին դիմում, երեսները խաչակնքելով հարձակվում էին զորքի վրա, այդպիսով երկու մեծ բերդերի պարիսպներ՝ դեռ ոչ ոք չմոտեցած՝ կործանվեցին-ընկան, այնպես որ երկրի բոլոր բնակիչները այդ մեծ հրաշքից զարհուրած՝ իրենք իրենց ձեռքով այրում էին կրակատունն երբ. ուրանալով մոգության կրոնը՝ հավատում էին սուրբ ավետարանին:

Ուրիշ մեծ-մեծ հաջողություններ էլ էին կատարվում զորականների միջոցով, որովհետև ուր ամենևին հույս չկար, թե որևէ մեկը աստծու անունը կտա, այնտեղ մեծ արհավիրքներ էին թափվում նրանց վրա, և ամեն մարդ նոր ու զարմանալի տեսիլներ էր պատմում իր ընկերոջը։ Նույնպես և ասաղերը երկնքում սաստիկ լուսավոր ու պայծառ էին երևում, մի բան, որ նրանց առաջին բնությանը հատուկ չէր։ Եվ այդ երկրի բոլոր տղաները խիզախում էին պատերազմող տղամարդկանց նման։

Եվ ահա շատ օրեր անցնելուց հետո եկավ-հասավ Աղվանից հազարապետը նույն աշխարհի սուրբ եպիսկոպոսի հետ միասին, մեծ տագնապով շտապեցնում էր զորքին՝ ասելով. «Հոների աշխարհի կողմերը գտնված Պարսից զորքը ետ դարձավ այս կողմը, եկավ-մտավ մեր երկիրը. և շատ ուրիշ այրուձի էլ արքունիքից եկավ։ Եվ բացի այս ամենից՝ հետները բերել են նաև երեք հարյուր մոգ վարդապետներ, պառակտեցին աշխարհը և ոմանց իրենց կողմը գրավեցին և կամենում էին եկեղեցու վրա ձեռք բարձրացնել, թագավորի հրամանով ստիպում էին բոլորին և ասում էին. «Եթե հոժարակամ հանձն առնեք [մոգական] կրոնը, պարգևներ ու պատիվներ կստանաք նրանից, և արքունիքը կների ձեր հարկերը. իսկ եթե [ձեր] կամքով հանձն չառնեք այդ, մեզ հրամայված է գյուղերում և քաղաքներում ատրուշաններ շինել, և Վռամական կրակը դնել նրանց մեջ և ձեր ամբողջ երկրի վրա մոգեր ու մոգպետներ կարգել օրենսդիր: Եվ եթե որևէ մեկը անհնազանդ գտնվի և դիմադրի, ինքը մահվան պատիժ կկրի, իսկ նրա կինն ու որդիները երկրից արտաքսվելով՝ արքունի [կալվածներում աշխատելու] կգնան»։

Իսկ Հայոց զորքը երբ լսեց այս դառն գույժը, ամենևին չթուլացավ քաջությունից և չլքվեց, այլ դարձյալ ամբողջ երկրից համագունդ ժողով արին այն բոթաբեր պատգամավորների վերաբերմամբ, որոնք եկել էին նրանց մոտ։ Եվ միաբանությամբ քաջալերելով՝ արձակեցին նրանց, որպեսզի միառժամանակ սուտ խաբեությամբ ետ պահեն նրանց իրենց չար կամքը կատարելուց, թույլ չտան իրենց եկեղեցու սուրբ ուխտին դիպչելու. իսկ իրենք աստծու օգնությամբ խորհուրդ անելով մի ելք էին փնտրում գործի համար։

Այն ժամանակ մեծ նախարարներից մեկին Գնունյաց տոհմից՝ Ատոմ անունով, շտապով ուղարկեցին Արևմտյան երկիրը, որ Արևելքի չարամիտ թագավորի այս բոլոր մտադրությունները հայտնի, միաժամանակ պատմի նաև իրենց քաջությունները, որ կատարեցին գործով, ոտի տակ տալով ահեղ հրամանը, և մոգերին մեծապես սատկեցնելը, և նրանից օգնություն ու օժանդակություն խնդրի, և եթե նա կամենա, նրա ծառայության տակ մտնեն։

Եվ այս է այն գրության պատճենը, որ գրեցին Թեոդոս կայսրին. «Հովսեփ եպիսկոպոս իմ բազմաթիվ եպիսկոպոսակիցներով և Հայոց ամբողջ զորքով, Վասակ մարզպան և Ներշապուհ Ռմբոսյան, սպարապետի հետ միասին և բոլոր մեծամեծ նախարարներով մեծանուն Թեոդոս կայսրից շատ ողջույն հասնի մեր կողմից քեզ ու քո բոլոր զորքերին, որ ձեր խաղաղասեր՝ մարդասիրությամբ տիրում եք ծովին ու ցամաքին, և երկրավորներիցս չկա մեկը, որ դեմ գնա ձեր խոչնդոտներ չունեցող տերությունը։

«Ինչպես որ մենք էլ ունենք ձեր առաքինի նախնիների մասին անսուտ հիշատակարաններ, նրանք Եվրոպան նվաճելով անցան և տիրեցին Ասիացիների երկրներին ևս Սերայի սահմաններից մինչև Գադերովնի կողմերը, և ոչ ոք չգտնվեց, որ ըմբոստանար և նրանց ձեռքի տակից դուրս գար։

«Եվ այնչափ մեծ իշխանության մեջ մեծ ու սիրելի դաստակերտ էին անվանում Հայոց աշխարհը։ Այս պատճառով էլ մեր նախնին՝ Տրդատիոսը, հիշելով ձեր առաջին սերը, որ մանկության ժամանակ իր հորն սպանոկ մարդախողխող հորեղբայրների ձեռքից փախցրած՝ փրկվել ու սնվել էր հույների երկրում և ձեր օգնությամբ թագավորելով տիրեց իր հայրենի աշխարհին, սույնպես և Քրիստոսի հավատն ընդունելով Հռոմի սուրբ եպիսկոպոսապետից, լուսավորեց հյուսիսի խավար կողմերը, որ և ահա արևեշքի խավարասեր որդիներն ուզում են խլել, կորզել մեր ձեռքից։

«Եվ մենք հույս դնելով ձեր արիության ու քաջության վրա, բաներ կային, որ ընդդիմացանք նրանց հրամաններին, բայց է՛լ ավելի շատ բան կա, որին պատրաստվել ենք այսուհետև [ընդդիմանալու]։ Գերադասեցինք մահն աստվածպաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ. եթե դուք էլ պաշտպանեք մեզ, ահա կրկին կյանքի հանդիպեցինք և ոչ թե մահվան։ Իսկ եթե մի քիչ էլ դանդաղեք, գուցե այս կրակի բոցը ուրիշ շատ աշխարհների էլ հասնի»։

Եվ երբ ներկայացան մեծ թագավորին և կարդացին Հայոց աշխարհի աղաչական դրությունն ու նախնիքների հիշատակարանները, շատ գրքեր մեջ բերին՝ կարդացին և նրանց մեջ էլ գտան նույն հաստատուն ուխտը:

Եվ մինչդեռ երանելի Թեոդոսը հարցուփորձ էր անում ամբողջ Սինկղիտոսին և կամենում էր գործի համար մի հնար գտնել խաղաղությամբ և մեծ հոժարությամբ հոգ էր տանում, որ Արևելքի եկեղեցիները չհափշտակվեն անօրեն հեթանոսների կողմից, այդ նույն ժամանակ շուտով հասավ նրա կյանքի վախճանը և օգնության գործը չարաչար խափանվեց։

Եվ նրա փոխարեն թագավորեց Մարկիանոս կայսրը, սա իր խրատատու վատթար ծառաների շնորհիվ, ախ է՝ Անատոլ սպարապետի և Եղփարիոս ասորու,— երկուսն էլ անարգ ու վատթար, միևնույն ժամանակ և անաստված մարդիկ,— նրանց կողմն անցնելով թագավորը՝ չկամեցավ ուշադրություն դարձնել Հայերի միաբան ուխտին, որ իրենց ամբողջ ուժով ընդդիմադրել էին հեթանոսների չարությանը։ Իսկ այս անարի մարդը ավելի լավ էր համարում իր դաշինքը պահել հեթանոսների հետ մարմնական խաղաղության համար, քան թե քրիստոնեության ուխտին պատերազմակից լինել։ Այս պատճառով էլ շտապեց, դեսպաններ ուղարկեց Պարսից թագավորի մոտ նույն Եղփարիոսին և հաստատուն դաշն կնքեց նրա հետ՝ օգնություն ցույց չտալ Հայոց զորքին ոչ զորքով և ո՛չ էլ զենքով ու ամեն տեսակ օժանդակությամբ։

Եվ երբ այս այսպես կատարվեց-պրծավ, և նրանց հույսը կտրվեց մարդկային օգնությունից, դարձյալ սուրբ եպիսկոպոսներն սկսեցին քաջալերել իրենց և Հայոց զորքին։ Թեպետև տեսնում էին իրենց սակավությունն ու երկու թագավորների միաբանությունը, բայց և այնպես ամենևին չէին վհատվում ու դողում, այլ նախկին ուխտադրության համաձայն խիզախում էին և ասում. «Պատրաստ ենք սպանելու և մեռնելու, աստծու համար հեշտ է քիչ մարդկանցով շատերի գործ կատարել, և անարգների միջոցով՝ մեծամեծ բաներ անել»։

Թեպետև թագավոր չունեին իրենց առաջորդ, և ո՛չ էլ դրսից որևէ օգնական օտարներից, բայց բոլոր նախարարներն անձնական առաքինությամբ և սուրբ վարդապետների մխիթարությամբ իրենց բոլոր զորքերի հետ միասին ամեն մեկն իր տնից շտապով եկան, մի տեղ հավաքվեցին, նաև ուրիշ շատ հեծելազոր, որոնք թագավորական տնից էին։

Եվ ամբողջ զորքը երեք գնդի բաժանեցին։

Առաջին գունդը տվին Ներշապուհ Ռմբոսյանին և ուղարկեցին նրան երկիրը պահպանելու Ատրպատական աշխարհի սահմաններին մոտիկ։

Երկրորդ գունդը տվին Հայոց Վարդան զորավարի ձեռքը, որ անցնի Վրաց սահմանից ճորա մարզպանի վրա, որ եկել էր Աղվանից եկեղեցիներն ավերելու։

Իսկ երրորդ գունդը հանձնեցին Սյունյաց Վասակ իշխանին, որն իր ներքին մտադրություններով հեռացած չէր հեթանոսների ուխտից։

[Նա] ընտրեց և իրեն հետ վերցրեց այնպիսի մարդիկ, որոնց հավատի թուլությունը գիտեր.

Բագրատունյաց իշխանին իր զորքով. Խորխոռունյաց իշխանին իր զորքով. Ապահունյաց իշխանին իր զորքով. Վահևունյաց իշխանին իր զորքով. Պալունյաց իշխանին իր զորքով. Դաբեղենից իշխանին իր զորքով. Ուրծա իշխանին իր զորքով։

Եվ ուրիշ բազմաթիվ զորք էլ արքունի տնից իր կողմը գրավեց, նույնպես և ուրիշ տոհմից մի քանի սեպուհների։ Եվ խորամանկ խաբեությամբ դարան էր մտնում իր երկրի բերդերում, կեղծավորությամբ պատճառ բերելով, թե ճեպընթաց պիտի անցնի-հարձակվի Պարսից զորքի վրա՝ Աղվանից երկրից նրանց հալածելու համար։

Իսկ նա իր ամրածածուկ թաքստոցից շտապով դեսպաններ ուղարկեց Պարսից զորքերի մոտ, թե «Ահա քանդեցի Հայոց ուխտի միաբանությունը և երեք կողմերի վրա զորքը քանդելով բաժանեցի։ Առաջին գունդը հեռացրի Հերի և Զարևանդի կողմերը. երկրորդ գունդը իմ ձեռքի տակ է, որոնց թույլ չեմ տա որևէ վնաս հասնելու արքունական զորքին։ Եվ էլի որքան պատերազմող մարդ որ կար այս աշխարհում, ցիրուցան արի այս երկրի զանազան կողմերը:

Իսկ երրորդ գունդը Վարդանի հետ Աղվանք ուղարկեցի՝ փոքրաթիվ և ոչ թե բազմաթիվ։ Համարձակ դուրս արի նրա առաջ և ամենևին մի՛ վախենա նրա դեմ պատերազմի ելնելուց. գիտեմ, որ պարտություն պիտի կրեն քո մեծ զորոթյան առաջ»։

Այս բանը դրեց և հասկացրեց մարզպանին, որի անունը Սեբուխտ էր։ Իսկ նա, երբ լսեց Վասակից այս բոլոր խրախուսանքները և ստուգելով համոզվեց, որ Հայոց սպարապետը սակավաթիվ գնդով է գալիս նրա վրա, այլևս չմնաց ճորա կողմերում, այլ հավաքեց իր ամբողջ բազմաթիվ զորքը և շտապով անցավ Կուր անունով մեծ գետը և հանդիպեց նրան Վրաց սահմաններին մոտիկ Խաղխաղ քաղաքի հանդեպ, որ Աղվանների թագավորների ձմեռոցն էր: Անցավ սփռվեց իր ամբողջ զորքով, բանակ դրեց և դաշտի ամբողջ մեծությունը բռնեց, զինված ու լիովին սպառազեն դուրս եկան կռվելու Հայոց զորքի դեմ։

Իսկ քաջ Վարդանը և նրա հետ գտնված ամբողջ զորքը, երբ տեսան հեթանոսների գնդի մեծ պատրաստությունը, նայեցին նաև իրենց սակավությանը. թեև թվով նրանցից շատ ավելի քիչ էին, բայց ամենևին չվախեցան նրանց մեծ բազմությունից, այլ բոլորը միասին իրենց ձեռքերը դեպի երկինք բարձրացրին, աղաղակում էին և ասում.

«Դատի՛ր, Տե՛ր, նրանց, ովքեր դատում են մեզ. կռվի ելիր նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ. քո զենքով ու ասպարով օգնի՛ր մեզ[3]։ Թափահարիր և դողացրո՛ւ այս անօրենների գունդագունդ բազմությունը. ցրվիր և ոչնչացրու քո թշնամիների չար միաբանությունը այս քո փրկական մեծ նշանի առջև և մեր՝ սակավաթիվներիս՝ ձեռքով քաջություն ու հաղթություն պարգևի՛ր այս անհամար բազմության դեմ։ Ո՛չ թե անօգուտ վաստակների սնոտի փառասիրությամբ պարծենալու համար ենք աղաչում, կամ թե ընչասեր ագահությամբ անցավոր հարստություն կողոպտելու, այլ որպեսզի ճանաչեն ու իմանան այն բոլորը, ովքեր չեն հնազանդվում սուրբ ավետարանի քարոզությանը, թե դո՛ւ ես կյանքի ու մահվան տերը, և քո՛ ձեռին է հաղթությունն ու պարտությունը։ Իսկ մենք պատրաստ ենք մեռնելու քո սիրո համար. և եթե պետք լինի նրանց սպանել էլ, ճշմարտության համար վրեժխնդիր կլինենք»։

Այս ասելով՝ խումբ կազմեցին ու հարձակվեցին, և աջ թևը ճեղքելով՝ ձախ կողմը գցեցին, բոլորին սրի ճարակ արին ամբողջ դաշտի վրա և փախցրին մինչև անտառի ամուր տեղերը՝ Լոփնաս գետի խոր ձորերի մոտ։ Այստեղ Բաղասական թագավորի թագավորազներից ոմանք ետ դարձան, Հայոց նախարարներից մեկին ձիուց վայր գցեցին, Դիմաքսյան գնդից Մուշին սպանեցին և Գազրիկին վիրավորեցին:

Այնտեղ աչքը վեր բարձրացրեց Արշավիր Արշարունին, մռնչաց առյուծի պես և հարձակվեց վարազի նման, խփեց սատկեցրեց Լփնաց թագավորի եղբայր քաջ Վուրկին և նրա բազմաթիվ համհարզներին էլ նրա հետ սպանեց։ Եվ այսպես առհասարակ յուրաքանչյուրն իր ախոյանին գետին էր գլորում։ Եվ սաստիկ հանդուգն հարձակման պատճառով գետը թափածների թիվն ավելի շատ էր, քան թե ցամաքի վրա սրի անցրածներինը։ Եվ ընկած դիակների բազմությունից գետի հստակ ջրերը արյուն դարձան, և նրանցից ոչ ոք չկարողացավ փրկվել և թաք կենալ դաշտերի խիտ անտառներում: Բայց թշնամիների զորականներից մեկը իր զենքերով միասին բարձրանալով ձիու մեջքին՝ անցավ մեծ գետը, մազապուր պրծավ պատերազմից՝ գույժ տարավ մնացած բուն բանակին, որոնք փախան գնացին մեծ շահաստանը:

Այն ժամանակ Հայոց զորքերը պատերազմի մեծ գործն ավարտելով՝ սկսեցին դիակների կողոպուտը, հավաքեցին բանակի մեծ ավարը և կողոպտեցին ընկած դիակները. ժողովեցին շատ արծաթ ու ոսկի, արի մարդկանց և լավ երիվարների զենքերն ու զարդերը։ Դարձյալ ոչ պակաս քաջությամբ հարձակվեցին այն բերդերի և քաղաքների վրա, որ գրավել էին պարսիկներն Աղվանների աշխարհում, հզորապես մարտնչելով հրդեհում էին նրանց ամուր բերդերը. և մոգերի այն խմբերը, որոնց պատրաստել-բերել էին երկրում գայթակղություն գցելու համար, ո՛ւր էլ գտնում էին ամուր-ամուր տեղերում, սրի ճարակ դարձնելով՝ թողնում էին երկնքի թռչուններին և երկրի գազաններին կերակուր։ Այն տեղերը մաքրեցին բոլոր պիղծ զոհերից և եկեղեցիները փրկեցին-ազատեցին անտանելի նեղությունից։

Աղվանից նախարարներից ու բոլոր շինականներից շատերն էլ, որոնք աստծու անվան համար ցիրուցան էին եղել Կապկոհ լեռնեցին ամուր տեղերում, երբ տեսան այդ գործի հաջողությունը, որ աստված կատարում էր Հայոց զորագնդի միջոցով, նրանք նույնպես եկան-ժողովվեցին և խառնվեցին Հայոց զորքի հետ, և նրանց հետ միաբան ու հավասար մասնակցեցին քաջության գործին։ Այնուհետև գնացին-արշավեցին Հոների պահակի վրա, որ բռնությամբ գրավել էին պարսիկները. առան, քանդեցին պահակը և կոտորեցին ներսում բնակված զորքը և Դուռը հանձնեցին Վահանին, որ Աղվանների թագավորների ցեղից էր։ Եվ այս բոլոր քաջագործություններն անելիս՝ նրանցից ամենևին ոչ ոք չվիրավորվեց, բացի մեկ երանելուց, որ նահատակվեց մեծ պատերազմի մեջ։

Եվ տեղնուտեղը այն մարդուն, որին հանձնել էին Գուռը, հենց նրան էլ դեսպան ուղարկեցին Հոների երկիրր և Հոների երկրին գործակից ուրիշ շատ բարբարոս ազգերի մոտ՝ նրանց հետ բանակցելու և դաշն կնքելու, որ հաստատ մնան այդ միաբանության վրա։ Իսկ նրանք երբ այս բոլորը լսեցին, շտապով եկան-հասան այնտեղ և իրենց աչքով տեսան հաղթության գործը։ Եվ չհապաղեցին երդումով դաշն կնքել իրենց օրենքով ու կարգով. ընդունեցին նաև քրիստոնյաների երդումը՝ հաստատ պահելու միաբանությունը նրանց հետ։

Երբ այս բանն ավարտեցին և իրենց համար մեծ ապահովություն ձեռք բերին, և դեռևս նույն վայրում տեղավորված էին հանգիստ կերպով, Հայոց աշխարհից մի գուժկան հասավ, ճակատը վիրավորված ու օձիքը պատառոտված, և պատմեց ապստամբ Վասակի մասին. «Հեռացել է քրիստոնեության ուխտից և ավերել Հարոց աշխարհի շատ տեղերը, մանավանդ արքունի ձմեռոցները, որոնք զորքի կայաններն էին, Գառնին և Երամոնսը և Դրասխանակերտը՝ մեծ դաստակերտը, Վարդանաշատը և Օշական ամրոցը, Փառախոտը, Սարդյանքը, Ձողակերտ ավանը և Արմավրի բերդը, Կուաշ ավանը, Արուճը, Աշնակը և ամբողջ Արագածոտնը, Արտաշատի նահանգը և նույնիսկ Արտաշատն ամբողջովին, ինչպես և նրա շուրջը գտնված բոլոր գյուղերն ու ավանները՝ առել, ավերել և կրակ է տվել, և ձեր բոլորի ընտանիքները փախցրել-հեռացրել է իրենց բնակությունից։ Ձեռք է տվել նաև սուրբ եկեղեցիներին. տարել է նաև եկեղեցու սեղանի սուրբ անոթները. գերել է քահանաների ընտանիքներին, իսկ նրանց կապել ու բանտ է դրել. և ինքը ասպատակ սփռելով ու տարածելով ամեն կողմ՝ ամբողջ երկիրն ավերում է։ Եվ այն գունդը, որ Ատրպատականի կողմերում էր, չկարողացավ օգնության ձեռք մեկնել Միջնաշխարհին: Իսկ այնտեղ մնացած զորքը՝ փախուստ տալով այդ անօրենից՝ քաշվել է երկրի մի ծայրը և դեռևս պահում է Քրիստոսի սիրո միաբանության ուխտը ձեզ հետ։ Իսկ նրանք, ովքեր նրա հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը, բայց ավելի բազմաթիվ են նրանք, ովքեր մոլորվեցին և հետևեցին նրա ամբարշտությանը»։

[Հայոց զորքը] խիստ շտապով չվեց այնտեղից՝ մեծ ավարով և անչափ հարստությամբ նորից Հայոց աշխարհը վերադառնալու համար. և անտրտում ուրախությամբ բարձր ձայնով երգում էին և ասում. «Գոհություն մատուցեք Տիրոջը, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտենական է. ով ջարդեց մեծամեծ ազգերին և սպանեց հզոր իշխաններին, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտենական է»[4]։ Եվ այս սաղմոսը մինչև վերջը երգելով՝ կատարյալ աղոթքով փառք էին տալիս Սուրբ Երրորդությանը։ Այնտեղ զորավարը խնամքով հոգում-կարգավորում էր զորքի դրությունը առաջապահներով, վերջապահներով ու կողմնապահներով, և երեսուն օրվա մեջ ողջ ու առողջ հասցրեց հայրենի երկրի սահմանները։

Լուր հասավ ուրացյալ Վասակին և նրա հետ եղած իշխաններին Վարդանի զորախմբի արիության ու քաջության մասին Աղվանից աշխարհում, ինչպես նաև հոների միաբանվելու մասին։ Դեռ միմյանց չէին հանդիպել, նա մի գիշերից օգուտ քաղելով՝ փախավ-ընկավ իր երկրի ամբուրները, և այնպիսի տագնապի մեջ հեռացավ, որ Այրարատ գավառից վերցրած գերին ու ավարը, իրն էլ ակամա վրան ավելացրած, թողեց ու փախավ։

Եվ որովհետև ձմեռ ժամանակը վրա էր հասել, և պաշարները թշնամիների գունդն ավարել էր, [Վարդանը] չկարողացավ ամբողջ զորքը մի տեղում պահել ու մատակարարել, այլ սփռեց-տարածեց երկրի զանազան գավառները՝ ձմեռը հանգստանալու համար: Պատվեր տվեց, որ կազմ ու պատրաստ լինեն գարնան պահին։ Եվ ավագ նախարարների խմբից քչերին իրեն գործակից թողնելով ուժեղացավ և գրավեց թագավորանիստ տեղերը։

Եվ գունդագունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիրը, առնում ու ավերում էր շատ գավառներ, և այնպես նեղը լծեց [Վասակին] և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաներ քարերին խփելով սպանեցին-գցեցին ճանապարհների վրա:

Երբ աստծու երկյուղածներն այս ամեն հաջողություններն ունեցան, բոլոր եպիսկոպոսներն ու երեցները հրաման արձակեցին ժողովրդին՝ ամբողջ Քաղոց ամիսը պահքով ու աղոթքով խնդրվածք անել աստծուն, և պատերազմների հաղթության տոնը խառնել Քրիստոսի Հայտնության սուրբ տոնին, որպեսզի այս մեծ հիշատակը անխափան մնա աստվածային անանց տոնի հետ։

Եվ աստծու այս բոլոր այցելությունները, որոնք մեծապես երևացին Հայոց աշխարհի վրա, սուրբ եպիսկոպոսները դրեցին և ուղարկեցին Հույների երկիրը, մեծ քաղաքը՝ եկեղեցու սուրբ ուխտին, որպեսզի նրանք էլ աղոթք անեն և աստծուց խնդրեն՝ որ ինչպես սկսել ենք, այնպես էլ ավարտենք։

Եվ նախկին բռնված պարսիկներից մեկին [կապանքները] բաց արին ու բերին նախարարների առաջ. նրա հետ խոսում էին և ցույց էին տալիս այն բոլոր վնասները, որ եղան. թե՛ երկրների ավերվելը, թե՛ արքունի զորքերի ջարդվելը և թե՛ այն բաները, որ դեռ պետք է լինեին առաջիկայում։ Եվ երբ այս բոլորը լրիվ հասկացրին նրան, երկու կողմերն էլ թե՛ առաքինիները և թե՛ հետ կացածները՝ միաբանվեցին ու ամբաստանեցին, թե ինչպե՜ս զուր և անտեղի ստիպեց նրանց հայրենի կրոնից հրաժարվել, և ապստամբ Վասակի խաբեությունը, որը թագավորին խաբեց՝ որպես թե հայերը հանձն են առնում մոգությունը, մինչդեռ ոչ ոք նրան խոսք չէր տվել, այլ նա ինքն իրենից քծնելով խաբել էր։

Երբ այս ամենը լիովին հասկացրին, նրան պատգամավոր ուղարկեցին [թագավորի մոտ]՝ եղածն արդարացնելու և հնարքներ գտնելու, որ թերևս կարողանան իրենց եղբայրներին նեղությունից ազատել։

Բայց նրա մոտ անօրեն Վասակի գուժկաններն ավելի առաջ էին հասել, որ պատմեն արքունի զորքի գլխով անցած բոլոր աղետները, և ամբողջ մեղքը գցել էր եկեղեցու սուրբ ուխտի վրա։ Որովհետև անօրենի կամքն հենց այն էր, որ եպիսկոպոսների միաբանությունն անջատի նախարարներից, բայց այն բանը դեռ չէր իմացել, որ բնության մեջ պատահում է, որ հոգին ու մարմինն առժամանակ բաժանվում են միմյանցից, բայց ով որ աստծու սիրով է ուխտ կապեք, այդ բանը չի կարող լինել։

Այդ, այն մարդը գնալով ձմեռոցի տեղը, այս ամենը պատմեց թագավորին, շարժեց-գողացրեց նրան, և նա իր բոլոր ուժը կորցրեց-թուլացավ, մանավանդ որ արևելքի պատերազմից կորագլուխ էր վերադարձել և ոչ թե բարձրագլուխ։ Երբ իրեն մոտ հասած վերջին պատգամավորից ստուգեց ու հաստատեց ամեն ինչ, իր գործերի անհաջողության ամբողջ մեղքը խորհրդակիցների վրա գցեց։ Եվ այն ժամանակ մարեց նրա բոցավառ բորբոքումը, որովհետև փակվեց չար խրատատուների բերանը, որոնք անդադար հորդորում էին նրան դժնդակ գործեր կատարել։ Խոնարհվեց իր բարձր հպարտությունից և վայրենացած սիրտը մարդկային բնության փոխարկեց, նայեց ու տեսավ, որ ինքը լի է տկարությամբ, հասկացավ, որ չի կարող կատարել այն ամենը, ինչ որ կամենում է, այդ պատճառով էլ ետ կացավ այն հանդուգն հարձակումից և վերջ տվեց մոլեգնոտ գոռում-գոչումին։

Եվ նա, որ ահագին ձայնով որոտում էր և է՛լ ավելի ահեղ հրամաններով դողացնում էր հեռավորներին ու մերձավորներին, սկսեց քաղցր և աղերսական խոսքերով խոսել բոլորի հետ և ասել. «Ես ի՞նչ մի վնաս եմ տվել կամ ի՞նչ հանցանք եմ գործել որևէ ազգի կամ ժողովրդի կամ առանձին անձի դեմ։ Չէ՞ որ Արյաց աշխարհում ահա բազմաթիվ կրոններ կան, և յուրաքանչյուրի պաշտամունքը հայտնի է: Ո՞վ երբևիցե նեղեց-ստիպեց [նրանց]՝ մոգության կրոնին դարձնելու համար, մանավանդ քրիստոնեական կրոնի վերաբերմամբ, ինչպես որ հաստատ ու հավատարիմ են մնացել իրենց հավատին, այնպես էլ մեր աչքում բոլոր կրոններից բարձր նրանք են երևացել։ Եվ ոչ ոք չի կարող որևէ բիծ դնել նրանց ընտիր կրոնին, այլ զուգահավասար եմ համարում մեր մազգեզանց հավատին, ինչպես որ նրանք հարգված էլ էին մեր նախնիքների օրով, որը և ես ինքս էլ հիշում եմ իմ հոր ժամանակից, որը նստած էր այս մեծ գահի վրա։ «Երբ նա սկսեց հետազոտել և քննել բոլոր կրոնները և հաստատ կերպով վերահասու եղավ, ամենից վեհը գտավ բոլորի մեջ քրիստոնեական կրոնը. այս պատճառով էլ մեծարանքներով շրջում էին արքունի պալատում և նրանից առատաձեռն պարգևներ ստանալով ուրախանում էին և ազատ համարձակ շրջում ամբողջ երկրում։ Նույնիսկ քրիստոնյաների գլխավորներին, որոնց եպիսկոպոս են կոչում, ընծաների և պարգևների էր արժանացնում։ Եվ ինչպես հավատարիմ ոստիկանների՝ նրանց էր հանձնում հեռավոր մարզերը, և երբեք չէր սխալվում արքունի մեծամեծ գործերը [նրանց հանձնելով]։

«Իսկ դուք այս բաներից ոչ մեկը երբեք չհիշեցիք, այլ ամեն օր ականջներս ձանձրացրիք՝ ամեն տեսակ չարություն խոսելով նրանց մասին։ Տեսեք, որ ինձ գործել տվիք այն, ինչ որ չէի ուղում և մեծամեծ վնասներ եղան երկու անհաշտ թշնամիների միջև եղած սահմաններում։ Եվ մինչդեռ մենք դեռ հեռավոր ճանապարհին ենք և այս պատերազմի ոչ մի գործը գլուխ չենք հանել, դուք այստեղ իմ տան մեջ պատերազմ հարուցիք իմ դեմ, որի վերջն ավելի վատթար է լինելու, քան արտաքին թշնամիների դեմ մղած պատերազմինը»։

Այս ամենը և սրանից էլ ավելին էր խոսում բոլոր մեծամեծների հետ, և մեղքն ու հանցանքը գցում էր մոգպետի ու մոգերի վրա։ Եվ բոլոր վղուրկներն ու պատվավոր նախարարները, որոնք նստած էին ատյանում և ականջ էին դնում նրա հեղհեղուկ խոսքերին, ամաչելով գլուխները կորացնում էին և գետնին էին նայում և չէին կարողանում գլուխները վեր բարձրացնել։

Բայց նրանցից մի քանիսը թագավորին հաճոյանալու համար այսպես ասացին. «Այո՛, քա՛ջ արքա, այդ այդպես է, ինչպես ասացիր, և այժմ կարող ես ամեն ինչ ճշմարտապես նվաճել. չկա այնպիսի մեկը, որ կարողանա քո կամքից դուրս գալ. որովհետև աստվածները քեզ այնպիսի [իշխանություն] են տվել, որ ինչ կամենում ես, կարող ես անել։ Մի՛ սրտնեղիր ու տագնապիր ինքդ քո մեջ և մի՛ կոտրիր մեր բոլորիս սիրտը. գուցե գործերին վերջ տալու համար մի հեշտ հնարք գտնվի։ Սիրտդ լայն պահիր և համբերությամբ թույլ տուր այդ մարդկանց նորից քրիստոնեական կրոնը պաշտելու, և դրանք միջոցով ապստամբներին հավանության կբերես»։

Այս խոսքը հաճելի եղավ թագավորին. և անմիջապես իր առջև կանչեց իր զորքի մեջ գտնված ամեն ազգի պատկանող քրիստոնյաներին, որոնց բռնությամբ արգելել էր, որ ոչ ոք չհամարձակվի իր ներկայությամբ աստծուն պաշտել: Որովհետև ովքեր ընդդիմացան, չարչարեց և արգելեց նրանց հայտնի պաշտամունք կատարել, ոմանց էլ ակամա երկրպագել տվեց արեգակին և բոլոր զորականներին տրտմության ու սգի մեջ գցեց։

Իսկ այն օրը նորից հրամայեց, որ համարձակորեն առաջվա պես հաստատ մնան քրիստոնեական կրոնի մեջ: Իսկ ովքեր հանցավոր էին, չէին կամենում անմիջապես, առանց մեծ ապաշխարության, գալ ու խառնվել քրիստոնեության շարքին, թագավորը հրամայում էր այդպիսիներին բռնությամբ վերցնել և տանել իրենց եկեղեցին։ Եվ երեցներին էլ իրավունք տվեց, որ ինչպես գիտեն, իրենց կարգի համեմատ վարվեն։ Ում ռոճիկը կտրել էր, կրկին սահմանեց ամեն մեկին, և ում բարձն ու աստիճանը խլել էր, հրամայեց վերադարձնել և նրանց չէր արգելում ամեն օր արքունիք մտնել, և ամեն բան, ինչ և ինչպես առաջ կարգված էր, կրկին այնպես կարգավորեց։ Խոնարհվում և սիրով խոսում էր նրանց հետ նախկին սովորության համաձայն։

Եվ երբ այս ամենն արեց ու կարգադրեց, նրանց ներկայությամբ թողության հրովարտակներ ուղարկեց իր իշխանության ու տերության բոլոր կողմերը քրիստոնյաների վերաբերմամբ։

«Եթե մեկը կապանքի մեջ է, թող արքունի հրամանով արձակվի. և եթե մեկի գույքը հափշտակված է, թող վերադարձվի։ Այդպես էլ հողերը — թե՛ հայրական, թե՛ պարգև ստացած և թե՛ փողով գնած — եթե որևէ մեկը խլել է, հրամայեցինք, որ վերադարձվեն»։

Եվ երբ նրանց տեղեկացնում էր այս ամենը, նրանցից խնդրում էր հավատարիմ վկայություն ուղարկել Հայոց երկիրր, և երդումով ուխտում էր նրանց առաջ՝ իր բոլոր մեծամեծների հաստատությամբ, թե «Ամենևին մտքովս չեմ անցկացնի վրեժխնդիր լինել։ Ինչպես առաջները ճշմարտությամբ պահում էիք ձեր կրոնը, այսուհետև ավելի՝ պահեցեք. միայն թե մեր ծառայությունից դուրս մի՛ գաք»։

Այս ամենը գրում և ցույց էր տալիս թե՛ Հայոց երկրին և թե՛ ուրիշ շատ աշխարհների, որոնք քրիստոնեական կրոնին էին հետևում։ Իսկ ինքը ծածուկ խորամանկությամբ շտապով դեսպաններ ուղարկեց Մարկիանոս կայսեր մոտ։ Եվ երբ ստուգեց-իմացավ, որ Հոռոմները հրաժարվել են քրիստոնյաներին օգնական զորքով և որևէ այլ բանով օժանդակելուց, նորից դարձավ իր նախկին մոլար կարծիքին։ Գործերի հաջողությունը վերագրում էր իր պաշտոնյաներին և մտքովն անց էր կացնում, թե առաջվա մտածածի համեմատ կկատարեն ամեն ինչ։

Իսկ հայերը թեպետև ստացան թագավորի խաբեբայական սիրալիր գրությունը, որը երեսանց կյանքի ավետիս էր բերում, իսկ ներսից լի էր մահի դառնությամբ, զարմացած էին նրա թերակատար մտածմունքների վրա և ասում էին միմյանց. «Որքան լիրբ է նա իր խորամանկ խաբեբայությամբ, որ երկու-երեք անգամ փորձ անելով՝ կշտամբվեց և չի ամաչում։ Եվ տեղյակ լինելով մեր անքակտելի միաբանությանը՝ դեռևս լրբանում ու լկտիանում է. հետևներիցս ընկած՝ կամենում է վհատեցնել մեզ։

«Բայց հավատա՞նք նրա հեղհեղուկ հրամանին. նրա ո՞ր բարեգործությունը տեսանք Պարսից աշխարհում գտնված բոլոր եկեղեցիների վերաբերմամբ։ Որովհետև ով որ ինքն իրեն համար չար է, ուրիշի համար չի կարող բարի լինել. և ով որ ինքը խավարի մեջ է շրջում, նա ուրիշին չի կարող ճշմարտության լույսով առաջնորդել։ Ինչպես որ անիրավությունից արդարություն չի լինի, այնպես էլ ստությունից ճշմարտություն չի լինի, նմանապես և խռովասեր մտքից՝ խաղաղության ակնկալություն։

«Բայց մենք, որ փրկված ենք աստծու զորությամբ և հաստատված Քրիստոսի տված հույսի հավատով, որ եկավ և մեր բնությունն ունեցող մարմին առավ սուրբ կույսից և անբաժանելի աստվածությամբ միացած՝ իր մարմնով կրեց մեր մեղքերի չարչարանքը, և նույն մարմնով խաչվեց ու թաղվեց և հարություն առնելով շատերին երևաց, և աշակերտների ներկայությամբ բարձրացավ իր հոր մոտ, և նստեց զորության աջ կողմը, հենց սրան ենք մենք ճշմարիտ աստված դավանում և նրան ենք սպասում, որ Հոր փառքով ու զորությամբ գալու է հարություն տալու բոլոր ննջեցյալներին, և նորոգելու արարածների հնությունը, հավիտենական դատաստան անելու արդարների և մեղավորների միջև:

«Չենք խաբվի երեխաների նման և չենք մոլորվի անտեղյակ մարդկանց նման և չենք խաբվի ինչպես տգետներ, այլ պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների։ Եվ աղաչում ենք աստծուն և անդադար խնդրում նրա անչափ ողորմությունից, որ ինչով սկսել ենք, նրանով էլ ավարտենք քաջությամբ և ո՛չ թե վախկոտությամբ: Որովհետև հիմա Արևելքն ու Արևմուտքն իմացան ձեր աստվածամարտ լինելը և մեզ զուր տեղն սպանելը, չնայած մեր բոլոր ծառայություններին։ Մեզ վկա են երկինքը երկնավորներով և երկիրը երկրավորներով, որ մինչև իսկ մեր մտքերում էլ ամենևին չենք մեղանչել. և փոխանակ մեզ պարգևներ տալու և բարիք անելու կամենում եք մեր ճշմարիտ կյանքը խլել մեզնից. այդ անհնար բան է և այլևս չի լինելու։

«Իսկ այժմ հավատա՞նք նրա անարժան բերանին, որ չարաչար ստիպում էր ուրացություն [հանձն առնելն]. այսօր առանց որևէ բարիք անելու նա կարո՞ղ է ավետիքի քարոզիչ լինել։ Եվ նա, որ հայհոյում էր Քրիստոսին և հավատացողներին ստիպում էր ուրանալ նրան, այսօր չենք կարող նրա ակամա խոստովանությանն անմիջապես վստահել։ Նա, որ երդվում էր իր սուտ ու սնոտի հավատով եկեղեցու պաշտոնյաներին ամեն տեսակ չարչարանքների ենթարկելու, այժմ եկել է գողեգող շնորհակալություն է հայտնում, և դրանով կամենում է իր ամբողջ չարությունը մեզ վրա թափել: Ո՛չ դրան ենք հավատում և ո՛չ էլ այդ սուտ հրամանն ենք ընդունում»:

Իսկ նա երբ հասկացավ, թե չեմ կարող քանդել միաբանվածների հաստատակամությունը, այն ժամանակ իր մոտից արձակեց դառնությամբ լցված ծերին, որի մեջ սատանան բույն էր դրել իր զորությամբ, և նա շատ արյունհեղություններ էր գործել. նրա ցանկալի կերակուրը մանկությունից սրբերի անարատ մարմինն էր, և նրա ագահության ըմպելիքը՝ անմեղների արյունը։ Նրա չարության վրա ավելացրեց նաև իր մահաբեր հրամանը — բոլոր երկրներից կազմված գնդեր էր դնում նրա հետ, ինչպես և փղերի բազմաթիվ երամակներ էր ուղարկում նրա հետ։

Երբ սա հասավ Հայաստանի սահմանների մոտ, մտավ Փայտակարան քաղաքը, և ամբողջ զորքը սփռեց-տարածեց քաղաքի շուրջը՝ իբրև զգուշություն, իր չարահնար մտադրությունների համար պատրաստություն տեսնելու նպատակով։ [Այս] հին չարաթույն վիշապը ամուր որջի մեջ մտած և մեծ կեղծավորությամբ իրեն անվախ ձևացնելով հեռավորներին սաստում էր ահարկու ձայնով, իսկ մերձավորների վրա օձի նման ֆշշացնում էր սողալով։ Սա ամբողջ Պարսից պետության իշխանն ու հրամանատարն էր, որի անունն էր Միհրներսեհ, և ամենևին ոչ մեկը չկար, որ համարձակվեր նրա խոսքից դուրս դալ։ Եվ ո՛չ միայն մեծամեծներն ու փոքրերը, այլև թագավորն ինքը լսում էր նրա խոսքին, որը և հենց ձեռնարկել էր այն ձախողակ գործերը։

  1. Մատթ. Ժ 33 և Ղուկ. ԺԲ 9:
  2. Եղից Ի 5, Բ. Օրենք Ե 9:
  3. Սաղմ. ԼԴ 1-2:
  4. Սաղմ. ՃԺԷ Հմմտ. Սաղն. ՃԼԷ 17-18: