Վարդանի և հայոց պատերազմի մասին/Չորրորդ գլուխ

ՍՅՈԻՆՅԱՑ ԻՇԽԱՆԻ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ

ԵՐԿՊԱՌԱԿՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մինչև այստեղ շատ էլ չէի վախենում պատմել մեր ազգի այն հարվածները, որ ճշմարտության արտաքին թշնամիները չարաչար կերպով հարուցին մեզ վրա. որոնցից քչերը մեզ ջարդեցին, և շատերը ջարդ կրեցին մեզանից, որովհետև դեռևս միաբան և ընկերակիցներ էինք։ Թեպետև ոմանք ծածուկ նենգավոր երկմտության մեջ էին, սակայն արտաքինների աչքում միաբանությունն ահավոր էր երևում, ինչպես որ երկու-երեք տեղ չկարողացան էլ դեմ կանգնել մէզ:

Արդ՝ այստեղից արդեն, երբ ներս է սպրդում երկպառակությունը, միաբանությունը քանդվելու հետ հեռանում է նաև երկնավոր առաքինությունը, և անձնասիրությունն ավելանալով՝ խիստ շատանում է լացն ու ողբը։ Որովհետև կտրվեցին-ընկան այն անդամները, որոնք առաջներում այս սուրբ մարմնին էին պատկանում, ուստի մարդու լացը գալիս է իր առջև այդ դիակը տեսնելիս. է՛լ ավելի դառնությամբ է լցվում սիրտը այն մարդու պատճառով, որ հոգով ու մարմնով առհասարակ դիակ է դառնում։ Եվ եթե մի անձի վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի կլինի մի ամբողջ ազգի վերաբերմամբ։

Բայց այստեղ մեր ողբը ո՛չ թե միայն մի ազդի համար է, այլ [շատ] ազգերի ու երկրների. որ և շարունակելով կպատմեմ կարգով, թեպետև ոչ ուրախ սրտով։ Ահա ակամա գրում եմ այն շատերի մասին, որոնք զրկվեցին իրենց ճշմարիտ կյանքից և ուրիշ շատերի էլ կորստյան պատճառ եղան, ոմանց միայն այս երևացող բաների, իսկ մյուսների՝ թե՛ երևացող և թե՛ աներևույթ։ Եվ ամենից վատն այն է, որ նրանց բաց արած կորստյան դուռը միայն Աստված կարող է փակել, իսկ մարդու [կարողության] սահմանից անցել է և այլևս հնար չկա։

Այս անօրեն Միհրներսեհը, քանի որ առաջուց ստույգ գիտեր Վասակի ամբարշտությունը, այն ժամանակ էլ մարդ ուղարկեց և նրան իր մոտ կանչեց։ նա էլ, քանի որ առաջուց անջատվել ու բաժանվել էր Հայերի միաբանությունից, եկավ- ներկայացավ նրան. և ապացուցում էր իր հավատարմությունը և Հայերի անիրավ ապստամբությունը։ Դեռ այնպիսի բաներ էլ ավելացրեց ու պատմեց, որ հայերը բնավ չէին արել, և կամենում էր ընտանեբար հաճոյանալ անօրենին։

Իսկ նա թեպետև ներքուստ սաստիկ պախարակում էր նրան, բայց արտաքուստ պատիվ տվեց և երկրավոր մեծամեծ պարգևներ առաջարկեց նրան։ Եվ խոստացավ նրան ավելի մեծ իշխանություն, քան թե ուներ, և նրա ուշքը դարձրեց այնպիսի սնոտի բաների վրա, որ իր իշխանությունից վեր էր, իբր թե նրան վայել է թագավորական վիճակի հասնել. միայն թե այս գործի հնարը գտնի, թե ինչպես պետք է քանդել Հայոց ուխտի միաբանությունը, և թագավորի կամքը կատարվի այն երկրում։

Եվ երբ ամեն բանի հանձնառու եղավ նրա կամքի համաձայն վարվել, դառնացած ծերն էլ հասկացավ, որ նա թմրել ու ցնորվել և անջատվել է միաբանվածների հաստատությունից. իր տրտմած սրտում շատ մխիթարվեց և մտքով անցկացրեց, որ կկարողանամ բոլորին էլ այս ձևով որսալ դեպի անդյուտ կորուստը։ Եվ իր հնարագիտությանն էր վերագրում խելացի գործունեությունը, և տեղյակ չէր այն բանին, որ նա իր կամքով է իր անձը ջոկել ու անջատել տորթ եկեղեցուց, հեռացել ու օտարացել Քրիստոսի սիրուց։

Որովհետև նա մոռացության էր տվել աստծու որդու գալուստը և չհիշեց սուրբ ավետարանի քարոզությունը, ոչ սպառնալիքներից վախեցավ և ո՛չ էլ ավետիսով մխիթարվեց։

Ուրացավ այն ավազանը, որ հղացավ նրան1 և չհիշեց ընկալուչ սուրբ հոգին, որ ծնեց նրան։ Անարգեց այն պատվական մարմինը, որով սրբվեց, և ոտնահարեց այն կենդանի արյունը, որով մեղքերի քավություն ստացավ։ Ջնջեց որդեգրության գիրը և իր ձեռքով խորտակեց մատանու հաստատուն կնիքը, դուրս եկավ երանելիների թվից և շատերին ապստամբեցրեց իր հետ։

Կամակորությամբ ձեռնարկեց և դիվապաշտության որդեգիր մտավ, չարի անոթ դարձավ և սատանան նրան լցրեց ամեն տեսակ խորամանկությամբ։ Իր ձեռքն առավ ինչպես վահան, և հագավ նրան ինչպես զրահ, և դարձավ նրա կամքի կատարյալ զինվորը։ Հնարներով կռիվ մղեց իմաստունների դեմ և մեծ խորագիտությամբ՝ գիտությունների դեմ, հայտնի կերպով անմեղների դեմ և ծածկաբար՝ խորագետների դեմ. ձեռնարկեց և շատերին դուրս հանեց Քրիստոսի գնդից և խառնեց դևերի գնդերի հետ։ Շատ ուրիշ տեղեր էլ գողաբար սողոսկեց և օձի նման ներս մտավ ամրացածների մեջ. և ցանկապատի մեջ ճեղքվածք առաջացնելով՝ հայտնապես հափշտակեց-առավ ու դուրս հանեց բազմաթիվ ազատների և է՛լ ավելի բազմաթիվ շինականների, ինչպես և ուրիշ ոմանց, որոնք միայն անունով էին քահանա։

Նրա գործակիցների անողները սրանք են
Ռշտունյաց Արտակ անունով իշխանը.
Խորխոռունյաց Գադիշո անունով իշխանը.
Վահեունյաց Գյուտ անունով իշխանը.
Բագրատունյաց Տիրոց անունով իշխանը.
Ապահունյաց Մանեճ անունով իշխանը.
Գաբեղենից Արտեն անունով իշխանը.
Ակեայի Ընջուղ անունով իշխանը.

Ուրծի Ներսեհ անունով իշխանը.
Պալունյաց մյուս մասի Վարաղշապուհ անունով իշխանը.
Ամատունյաց մի սեպուհ Մանեն անունով։


Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ արքունի տնից, որոնց ոստանիկ են անվանում։

Եվ իր ամբողջ երկիրը լիովին ապստամբեցրեց և ուրանալ տվեց ոչ միայն բազմաթիվ աշխարհականների, ոյլև շատերին եկեղեցու սուրբ ուխտից, մանավանդ սուտ երեցների միջոցով, որոնց ձեռքով գործում էր այն չարիքները. այն է՝ մի երեց Զանգակ անունով, մի երեց Պետրոս անունով, մի սարկավագ Սահակ անունով, մի սարկավագ Մուշի անունով. սրանց ուղարկում էր անմեղ մարդկանց մոտ, խաբում էր ու մոլորեցնում. երդվում էին սուրբ ավետարանով և ասում, թե «Թագավորի կողմից ամենքին պետք է շնորհվի քրիստոնեությունը»։ Եվ այսպես խորամանկ խաբեությամբ շատերին անջատում էին սուրբ միաբանությունից, տանում ու խառնում էին ուրացողների խմբերին։

Նա ժողովեց բոլոր գայթակղվածներին և մի մեծ զորագունդ կազմեց. նրանցից շատերի անունները մեկ առ մեկ գրեց և ցույց տվեց մեծ հազարապետին, ինչպես և իր արիությունն ու քաջությունը, մեծապես պարծենալով, թե ինչպես աշակերտեցրեց մոլար խաբեությանը. և այնպես ցույց տվեց, թե Հայոց զորքը բաժան-բաժան է եղել և պառակտված է։ Եվ երբ այս բոլոր չարիքները հաջողվեցին նրան, քանդեց նաև Վրաց աշխարհի միաբանությունը Հայերից, Աղվանիցն էլ չթողեց առաջ շարժվել. նույն ձևով ետ պահեց նաև Աղձնյաց երկիրը։ Թուղթ գրեց նաև Հունաց երկիրը Վասակ անունով մի մարդու այն Մամիկոնյաններից, որոնք Հույների ծառայության մեջ են գտնվում, ցույց տալով [ամեն ինչ] հեղաշրջված և սուտ ու սխալ։ Այս թշվառության ժամանակ այն մարդը Ստորին Հայքի սպարապետ էր և Հոռոմների զորքերին հավատարիմ մի անձ Պարսից սահմանի վրա, և իր գործերով Աստծու օրենքներին հակառակ գործող մարդ էր։ Այս Վասակն իրեն գործակից գտավ այն Վասակին այն մեծամեծ չարիքների մեջ, որի համար երկուսը միաբանվեցին։

Նա գրում և շարունակ ապացուցում էր, իբր թե ամբողջ Հայաստանը միաբանվել է իրեն հետ։ Այս միևնույն գիրը ներքին Վասակը մեծ զգուշությամբ ուղարկում էր կայսեր թագավորանիստ քաղաքը, մինչև որ սուրբ եպիսկոպոսների միտքն էլ սառցրեց նրանցից և հույների ամբողջ զորքի մեջ էլ կասկած գցեց ուխտի վերաբերմամբ։

Մանավանդ որ այն սուտ քահանաների ձեռքով խաբում ու մոլորեցնում էր ինչպես ճշմարիտ մարդկանցով. ավետարան էր ուղարկում խաշի հետ միասին, և իր ամբողջ սատանայական ստությունը ծածկում էր նրանցով։ Իրեն և բոլոր ուրացողներին աստվածապաշտների կարգն էր դասում. իրեն ավելի հաստատուն էր ցույց տալիս, քան ամբողջ Հայոց զորքը, երդվում էր ու հաստատում և ցույց էր տալիս արքունիքից ստացած թողության բոլոր հրամանները։

Հույների երկրի կամքն էլ հենց այս էր — հաճությամբ լսել այս ամենը. բայց նրա [Վասակի] շնորհիվ է՛լ ավելի փոխվելով՝ նույն մտքի մեջ գլորվեցին։

Այսպես էր վարվում նաև աշխարհի բոլոր ամուր կողմերում, Տմորիքում և Կորդվաց աշխարհում, Արցախում և Աղվանքում, Վրաստանում և Խաղտյաց աշխարհում, մարդիկ էր ուղարկում, պնդացնում էր, որ ոչ ոք նրանց հյուրընկալության արժանի չհամարի։

Եվ նրա մեծ չարության համաձայն էլ առավելապես ժամանակը հաջողեցրեց նրա գործերը, որովհետև Հայոց զորքին դրսից ոչ մի օգնող չեղավ, բացի այն հոներից, որոնց հետ խոսք էին կապել։ Սակայն նրանց դեմ էլ հավաքեց Արյաց բազմաթիվ հեծելազորը, արգելեց և փակեց նրանց ելքի ճանապարհը, որովհետև նա ամենևին հանգիստ չէր տալիս Պարսից թագավորին, այլ ուղարկում-կանչում էր բազմաթիվ զորքեր ճորա պահակը, հավաքում էր այնտեղ Վրաց աշխարհի ամբողջ զորքը, ինչպես և Լփնաց և ճղբաց զորքերը, Վատը, Գավը և Գղվարը, Խրսանը և Հեճմատակը, Փասխը, Փոսխն ու Փյուքվանը և Թավասպարանի ամբողջ զորքը, լեռնայինն ու դաշտայինը, և լեռների բոլոր բերդերինը։ Ոմանք գույքով, մեծ պարգևներով և արքունի գանձարանից առատ-առատ պարգևներ բաշխելով, ոմանց էլ թագավորի հրամանով սպառնալով՝ տագնապի մեջ էր գցում։

Երբ այս ամենն արեց ու ավարտեց թագավորի հրամանի համաձայն, ամեն օր գրում ու ցույց էր տալիս Պարսից մեծ հազարապետին, որ ծածկվել-թաք էր կացել Փայտակարան քաղաքում։ Այնուհետև նա Միհրներսեհն էլ համարձակվեց իրեն ցույց տալ շատ ազգերի, ոմանց ահ էր տալիս, և ոմանց էլ սիրով պարգևներ էր բաշխում։ Իրեն մոտ կանչեց Վասակին և նրա հետ եղած բոլոր իշխաններին, շատ պարգևներ շնորհեց նրանց արքունի գանձարանից, նույնպես և այն զորքերին, որ նրան համամիտ էին։ [Վասակը] նրա առջև տարավ նաև ուրացող երեցներին. ապացուցում էր, հաստատում և հայտարարում, թե սրանց միջոցով պիտի որսամ նրանց ու բաժանեմ միաբան ուխտից։ Իսկ հազարապետը երբ այդ լսեց, շատ շնորհակալ եղավ երկուսից էլ և հուսադրեց նրանց. «Եթե հաղթությունը մեր կողմը լինի, մյուս քահանաների ունեցած-չունեցածը դրանց եմ շնորհելու, և դրանց մեծ ծառայության մասին հայտնելու եմ թագավորին»։

Եվ այսպես [Վասակը] շարժեց ու շփոթեց Հայոց աշխարհը, մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց միմյանցից, հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռովություն գցեց։

Նույնիսկ հենց իր երկրում նա երկու եղբորորդի ուներ առաքինության սուրբ ուխտի մեջ. նրանց մասին գրեց և հայտնեց արքունիքին և իրավունք ստացավ նրանց ստացվածքի վրա, նրանց հեռացրեց-քշեց երկրից, որպեսզի այլևս այնտեղ չվերադառնան։ Հալածեց ու փախցրեց աշխարհի բոլոր միայնակյացներին, որոնք նախատում էին նրա անդարձ ամբարշտությունը։ Ամեն չարիք արեց-պրծավ ճշմարտության դեմ, և ինչ էլ որ չէին իմանում անօրեն հեթանոսները, հասկացնում էր նրանց, նաև քրիստոնեության ուխտի վերաբերյալ, թե ի՜նչ հնարքներով կարող է այն վերացնել Հայոց աշխարհից:

Երբ այս բոլոր չարագործությունները Միհրներսեհը տեսավ նրա մեջ, իր անձից ավելի հույսը նրա վրա դրեց։ Հարցնում և ստուգում էր, թե ընդամենը քանի՞ մարդ կա Հայոց աշխարհում Վարդանի գնդի մեջ։ Երբ նրանից լսեց, թե վաթսուն հազարից ավելի են, նաև տեղեկություններ պահանջեց յուրաքանչյուրի քաջության մասին, կամ թե՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազեն, և կամ քանի՞ հոգի են առանց զենքի լոկ աղեղնավորներ. նույնպես և վահանավոր հետևակների մասին։

Եվ երբ լսեց բազմության թիվն ու համարը, է՛լ ավելի շտապեց իմանալ, թե քանի՜սն են քաջ զինվորների պարագlուխները, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի դեմ երեքը պատրաստի, բացի բոլոր մնացած բաներից։ Մինչև անգամ նրանցից ամեն մեկի դրոշներին մասին էլ էր տեղեկություն հարցնում, և թե զորքը քանի՞ գնդի են բաժանելու և նրանցից ովքեր պետք է հրամանատար լինեն, և ո՞ր զորագլուխը ո՛ր կողմից պետք է պատերազմի մեջ մտնի, և ի՛նչ են յուրաքանչյուր համհարզների անունները, և քանի՞ փողահար պետք է ձայն արձակեն գնդի մեջ։ Արդյոք [ցցապատնեշներով ու խրամով շրջապատված] բանա՞կ պիտի գնեն, թե արձակ դաշտում տեղավորվեն. ճակատ առ ճակա՞տ պիտի գործեն, թե համագունդ մի տեղի վրա պիտի գրոհ տան։ Նրանցից ո՛րը պետք է տատանման մեջ մնա և կամ նրանցից որրը ջանք թափի՝ իր անձը մահվան ենթարկելով։

Եվ երբ այս ամենի մասին տեղեկացավ նրանից, կանչեց բոլոր զորագլուխներին, նրա ներկայությամբ բոլորին հրաման տվեց, որ բոլորը կատարեն նրա հրահանգները։ Եվ ամբողջ զորքը զորագլուխների հետ միասին հանձներ ավագներից մեկին, որի անունը Մուշկան Նյուսալավուրտ էր։

Իսկ ինքն այնտեղից ելավ-գնաց Արևելյան երկիրը. և ներկայանալով մեծ թագավորին՝ պատմեց նրան գործի բոլոր հանգամանքները, իր հնարագետ իմաստությունը և Վասակի խաբեբա ճար ու հնարները. թե ինչպես նա իր նախկին ամբարշտությունը կամեցավ ծածկել նրանով, որ քանդեց-երկպառակեց Հայոց զորքը։

Երբ թագավորն այս ամենը լսեց մեծ հազարապետի բերանից, դառնացավ ինքն իր մեջ և անսուտ երդմամբ ասաց. «Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը»։