Վարդանի և հայոց պատերազմի մասին/Յոթերորդ գլուխ

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԴԱՐՁՅԱԼ ՆՈԻՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԵՎ ՍՈԻՐՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ

ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդ, նույն թագավորի իշխանության տասնևվեցերորդ տարում նորից մեծ բարկությամբ վեր-կացավ գնաց Շուշանների աշխարհը պատերազմելու։ Եվ գնալով Վրկանից, անցավ Ապար աշխարհը, հրամայեց նախարարներին ու քահանաներին նույն կապանքներով պահել Նյուշապուհ քաղաքի դղյակում, իսկ երանելի կապյալներից երկուսին իրեն հետ տարավ։ Որտեղից որ անցնում էր, սարսափ էր տարածում բոլոր քրիստոնյաների վրա։

Երբ այդ տեսնում էր Բել անունով մի հոն, որ Խայլանդուրների երկրի թագավորների ցեղից էր, և գաղտնի կերպով հակված էր քրիստոնյաների կողմը և սիրով ու հոժարությամբ սովորում էր նրանցից ճշմարտությունը, և իր կամքով հնազանդվել էր թագավորի իշխանությանը, անչափ դառնանում էր իր սրտում, երբ տեսնում էր սրբերին չարչարվելիս։ Եվ երբ էլ ուրիշ ոչ մի օգնություն չկարողացավ անել, փախավ-գնաց Շուշանների թագավորի մոտ։ Գնաց և պատմեց նրան այն բոլոր չարչարանքները, որ թագավորը բերեց Հայոց աշխարհի գլխին, տեղեկացրեց նրան նաև, որ հոնաց պահակը քանդված է, հայտնեց նաև, թե երկպառակություն կա զորքի մեջ, թե շատ ազգեր արդեն հեռացել են թագավոթի բարեկամությունից, հասկացրեց նրան նաև, թե Արյաց աշխարհը ևս տրտնջում է։

Այս որ լսեց Քուշանների թագավորը, ամենևին կասկած չտարավ այդ մարդու վրա և իր մտքում էլ նրան լրտես չհամարեց։ Որովհետև մի քիչ առաջ նա լսել էր այդ բաները, դարձյալ երբ Բելից այն էլ ստուգեց, թե վեր է կացել գալիս է Քուշանների աշխարհի վրա, շտապեց շուտով զորք ժողովեց, գունդ կազմեց, որպեսզի հզոր զորությամբ դուրս գա նրա դեմ: Եվ թեպետ դեմուդեմ պատերազմել չէր կարող նրա դեմ, բայց զորամասերի թևերի վերջապահների վրա հարձակվելով՝ մեծ հարվածներ էր հասցնում արքունի զորքերին։ Եվ այնպես նեղեց ու շփոթեցրեց նրանց, որ սակավաթիվ զորքով ձախորդության մեջ գցելով նրանց՝ ետ դարձրեց և ասպատակով հետևից ընկած՝ ավերեց արքունի բազմաթիվ գավառներ, իսկ ինքն այնտեղից ողջ-առողջ վերադարձավ իր երկիրը։

Երբ թագավորը տեսավ, որ անարգանքով ու խայտառակությամբ եմ վերադարձել այս պատերազմից, մի քիչ իջավ հպարտությունից և հասկացավ, որ այդ բոլոր չարիքներն առաջացան զորքերի երկպառակությունից։ Եվ մեծ սրտնեղությունից չգիտեր, թե ո՛ւմ վրա թափի այն դառն թույնը։ Իսկ մեծ հազարապետը սաստիկ երկյուղի մեջ էր, որովհետև ինքն էր այն բոլոր չարիքների պատճառը, որ գործվեցին։

Սկսեց խոսք դնել մոգպետի և մոգերի բերանը, որոնք ներկայանալով թագավորին՝ ասացին նրան. «Քա՛ջ թագավոր, մենք մեր կրոնից արդեն գիտենք, որ մարդկանցից ոչ ոք չի կարող կանգնել քո մեծ զորության դեմ, բայց աստվածները մեզ վրա բարկացել են քրիստոնյաների պատճառով, որոնք մեր կրոնին դեմ են, որովհետև մինչև այսօր նրանց կենդանի ես պահել»։ Եվ հիշեցնում էին նրան նաև, թե ինչպես նրանք բանտում անիծում էին քեզ։ Ուրիշ շատ հայհոքություններ էլ էին խոսում այն սրբերի մասին և ամեն օր աշխատում էին աչքից գցել տալ և թագավորի միտքը գրգռում զայրացնում էին, մինչև որ շտապեց շուտով թափել այն անմեղների արյունը։ Հրաման տվեց այն երկուսի մասին, որ այնտեղ բանակում իրեն մոտ էին — Սամվելի և Աբրահամի մասին — որպեսզի գաղտնի կորցնեն նրանց։ Իսկ ովքեր քաղաքի դղյակում էին, բանակից տասնևհինգ օթևանի չափ հեռու էին։ Հրամայեց համբարակապետին, որի անունը Գենշապուհ էր, որ իրենից առաջ գնա այն քաղաքը, ուր գտնվում էին Տիրոջ սուրբ քահանաները և իրավունք ունենա չարաչար տանջանքներով դատել և հարցուփորձ անել նրանց, և սրով սպանել։

Բայց դեռ առաջ՝ թագավորի հրամանից շատ ավելի էր չարչարել նրանց այն մոգպետը, որին հանձնված էին նրանք. որովհետև նա Ապար աշխարհի դենպետ իշխանն էր և ավելի ջերմեռանդ էր մոգության մեջ. նաև շատ գիտուններից ավելի տեղյակ էր զրադաշտական կրոնին։ Այլև, որ մեծ պարծանք էին համարում իրենց մոլորության կարգի համեմատ, Համակդեն անուն էին տալիս նրան. գիտեր նաև Ամպարտքաշը, սովորել էր նաև Բոզպայիտը, ծանոթ էր նաև Պահլավիկին ու Պարսկադենին։ Որովհետև այս հինգ կեշտերն են, որոնց մեջ բովանդակված է մոգության ամբողջ կրոնը. բայց բացի սրանցից՝ մի ուրիշ վեցերորդն էլ կա, որին Պետմոգ են կոչում։

Ինքն իր մեջ կարծում էր, թե ամբողջ գիտությամբ ճոխացած է. երանելիների վրա այնպես էր նայում, թե նրանք տգիտության պատճառով մոլորված են մեր մեծ գիտությունից։ Մտքում մի սնոտի հույս դրեց՝ անդադար չարչարել նրանց, որպեսզի մարմնի նեղություններին չդիմանալով՝ թերևս նրանցից որևէ աղաչական խոսք լսեմ։ Այս պատճառով էլ քահանաներին զատեց ու բաժանեց նախարարներից և հեռացրեց նրանցից, և գցեց մի խոնավ ու խավար ներքնատուն։ Եվ պատվիրեց վեց մարդուն պահեպահ երկու գարեհաց տալ և դորակ ու կես ջուր, և ամենևին ոչ ոքի չէր թողնում մոտենալ բանտի դռներին։

Եվ երբ քառասուն օր սրանով տանջում էր նրանց և նրանցից թուլության խոսք չլսեց, ուրիշ բան անցավ մտքով, չինի թե իր ծառաներից մեկը գաղտնի բան ստացած լինի նրանցից և ծածուկ կերակուր լինի տանելիս նրանց։ Ինքը գնաց, կնքեց բանտի երդիկն ու դուռը, և նշանակված պարենը իր հավատարիմ մարդկանց ձեռքով էր հասցնում նրանց. այս բանն արեց տասնևհինգ օր։

Բայց և այնպես երանելիներն ամենևին իրարանցման ու տագնապի մեջ չընկան, այլ մեծ համբերությամբ կրում էին չարչարանքները և անդադար սաղմոսներ երգելով՝ կատարում էին ամենօրյա պաշտամունքը. և աղոթքը վերջացնելուց հետո զվարթ հոգով գոհանալով՝ մի քիչ պառկում-հանգստանում էին չոր գետնի վրա։

Իսկ կալանավորվածների վրա նշանակված պահապանները սաստիկ զարմացել էին նրանց չհիվանդանալու և առողջության վրա, երբ լսում էին նրանց ձայների անդադար հնչումը։ Այդ պատճառով ծածուկ պատմեցին մոգպետին և ասացին. «Այդ մարդիկ առանց մեծ զորության չեն. որովհետև եթե պղնձի մարմիններ էլ ունենային նրանք, այնտեղի խոնավությունից արդեն քայքայված պիտի լինեին։ Շատ ժամանակ է, որ այս բանտի պահպանությունը մեզ է հանձնված. չենք հիշում, որ կապվածներից որևէ մեկը մի ամիս ժամանակ ապրած չինի այդ տան մեջ։ Արդ՝ մենք ասում ենք քեզ. եթե նրանց վերաբերմամբ մահվան հրաման ես ստացել և կսպանես, դու գիտես, իսկ եթե ոչ՝ քեզ հանձնարարված է պահել նրանց և ոչ թե պատմել, ապա կաչանավորներբ սաստիկ վտանգի մեջ են։ Մենք ինքներս էլ ահուդողի մեջ ենք և խիստ վախենում ենք, երբ տեսնում ենք այնպիսի անտանելի նեղությունները»։

Երբ այս լսեց մոգպետը, կեսգիշերին ինքը վեր կացավ, գնաց բանտի երդիկը։ եվ գիշերային մթության մեջ ներս նայելով այն միջոցին, երբ նրանք պաշտամունքից հանգչում էին, տեսավ, որ յուրաքանչյուր կապվածի անձը բորբոքվում էր անշեջ վառված կանթեղի նման։ Մեծ սարսափի մեջ ընկավ և ասում էր իր մտքում. «Ի՞նչ է այս մեծ հրաշքը. ուրեմն մեր աստվածները եկել-իջել են այս բանտը, և նրանց փառավորությունն է վառված-բորբոքվում։ եվ եթե նրանք սրանց չմոտենան, անկարելի է, որ սոսկական մարդը այսպիսի պայծառ լույսով լուսավորվի։ Ես այսպես էի լսել այս կրոնի մասին, թե սաստիկ հիմարության պատճառով մոլորված են և աստ կերպարանքներ են ընդունում տգետ մարդկանց աչքում, գուցե այս տեսիլն էլ այդպիսի մի բան էր, որ երեվաց ինձ»։

Եվ չէր կարողանում առհասարակ հասկանալ այդ տեսիլքը։ Մինչդեռ այսպիսի մտածմունքի մեջ էր, սրբերը նորից ամեն մեկն իր գետնանկողնից վեր կացավ և սկսեցին սովորական պաշտամունքը։ Այն ժամանակ մոգպետն ստուգեց և իմացավ, որ իրեն երևցածը մի խառնափնթոր տեսիլ չէր, այլ հենց նրանց անձերից էր բխում լուսավորությունը։ Այն ժամանակ նորից սարսափեց և ասաց, «Կալանավորներից ո՞ւմ վրա է տեսնվել այսպիսի հայտնություն. ես ոչ մեկն էլ չգիտեմ և ո՛չ էլ լսել եմ նախնիքներից»։ Եվ որովհետև չափազանց հուզվեց այն մեծ հրաշքից, ուստի ամբողջ մարմնով դողում էր և մինչև առավոտ թմրած ու կիսամեռ մնաց [բանտի] կտուրի վրա և լույսը բացվելու ժամանակ ինչպես մի երկար ժամանակվա հիվանդ վեր կացավ-գնաց իր բնակարանը, բայց իր տեսածը ամենևին չհամարձակվեց պատմել որևէ մեկին։

Իր մոտ կանչեց պահապաններին և ասաց նրանց. «Գնացեք, կապվածներին տեղափոխեցեք մի ավելի չոր վերնատուն, և այնտեղ նրանց զգուշությամբ պահեցեք, ինչպես որ առացիք»։ Այն դահիճներից մեկը, երբ լսեց մոգպետի հրամանը, շտապեց գնաց՝ իբրև մի մեծ ավետիս տալու նրանց. «Հրամայեց, ասում է, որ դուք տեղափոխվեք մի ավելի չոր վերնատուն. դե՛հ, շուտ եկեք և մի՛ ուշանաք, որովհետև մենք էլ պաղատեցինք ձեզ տառապանքներից ազատելու համար»։

Իսկ սուրբ Հովսեփն սկսեց մեղմաբար խոսել դահճի հետ և ասաց. «Գնա՛ և ասա՛ ձեր անխելք առաջնորդին, դու չե՞ս լսել մեր Տիրոջ ապագա գալստյան մասին և կամ այն հրաշակերտ շինվածքների մասին, որոնք սկզբից պատրաստ պահված են մեզ համար, այդ պատճառով էլ հեշտությամբ ենք դիմանում այս մեծ նեղությանը այն հույսի սիրո համար, որ տեսնում ենք։ Դու լավ արիր, որ խղճացիր մեր այս մարմնավոր նեղության համար. բայց մենք ամենևին չենք ձանձրացել իբրև մի անաստված մարդ, որի մտքում ոչ մի այլ հույս չկա, քան այն, ինչ որ երևում է։ Բայց մենք մեր Քրիստոսի սիրո համար շատ ուրախ ենք այս բանի վրա. և այս նույնիսկ կատարյալ պարգև ենք համարում, որպեսզի այս ժամանակավոր վշտերի շնորհիվ անժամանակ երանությունները Ժառանգենք։

«Եթե շինվածքների ցանկացող լինեինք, երկնքում առանց մարմնավոր ձեռագործի շինվածքներ ունենք, որոնց մոտ ձեր արքայական պալատները բան չեն երևա։ Նույնպես էլ զգեստների, փառքի և անախտ կերակուրների վերաբերմամբ. այս բանը եթե մեկը կամենա ձեզ ասել, ձեր տկարամտությունը չի կարողանա լսել. որովհետև վաղեմի կուրությունից չեք տեսնում և չեք լսում ու չեք հասկանում, այդ պատճառով էլ մեզ պատժում եք զուր ու անիրավ և անողորմ՝ առանց հանցանքի։ Բայց մեր թագավորն առատաձեռն է և բարերար, և նրա արքայության դուռը բաց եթե մեկը կամենա դիմել այնտեղ, թոզ համարձակ դիմի. դեպի ապաշխարություն դարձողներից և ոչ մեկին երբեք չար աչքով չի նայում։

«Բայց այն դյուրությունների համար, որ դու հրամայեցիր տալ մեզ, մենք մեր աշխարհում հնարավորություն ունեինք քո թագավորի ձեռքը չընկնելու, ինչպես և ուրիշները, որոնք ազատվեցին այսպիսի փորձանքներից. բայց ինչպես որ հոժարակամ եկանք, կարծես գիտենալով այս վիշտն ու վտանգները, և բոլորովին չվախեցանք այսպիսի նեղություններից, այդպես էլ կամենում ենք, որ է՛լ ավելի ծանրացնես դրանք մեզ վրա, մինչև որ քո չար կամքը հագենա մեր վերաբերմամբ։ Որովհետև եթե մեր աստվածը, որ երկնքի ու երկրի և բոլոր երևացող ու աներևույթ բաների արարիչն է, իր բարերարության ու սիրո պատճառով խոնարհվեց-իջավ մարդկային ազգի մոտ և չարչարելի մարմին հագավ, ամեն տեսակ առաքինություն կատարեց և ավարտեց նախախնամության բոլոր գործերը, մատնվեց խաչահանների ձեռքը, մահով մեռավ ու գերեզմանի մեջ դրվից, և իր աստվածության զորությամբ հարություն առնելով երևաց իր աշակերտներին և ուրիշ շատերին, և վերացավ երկինք իր հոր մոտ, և նստեց հայրենի աթոռի աջ կողմը և մեզ երկնավոր զորություն շնորհեց, որպեսզի նրա անմահության համաձայն մենք էլ մեր մահկանացու մարմնով կարողանանք չարչարակից լինել նրա անմահ մեծությանը. և նա մեր մահն այլևս մահկանացու մահ չի համարում, այլ իբրև անմահների՝ հատուցանում է մեզ մեր աշխատությունների վարձը, — արդ՝ մենք փոքր բան ենք համարում մեր այս չարչարանքները այն սիրո փոխարեն, որ նա ցույց տվեց մարդկային ազգին»։

Երբ մոգպետն այս բոլոր խոսքերը լսեց դահճապետից, հուզվեց, նրա միտքը պղտորվեց, և քունը նրա աչքերից փախավ շատ գիշերներ։ Իսկ մի օր երեկոյան պահին վեր կացավ, գնաց նրանց մոտ միայնակ ու մնջիկ և սպասավորներից ոչ ոքի հետը չվերցրեց։ Եվ երբ հասավ տան դռանը, մի ծակով ներս նայեց և տեսավ էլի առաջին տեսիլքի նման. բայց նրանք անդորր քնած էին։ Մեղմորեն կանչեց եպիսկոպոսին անունով, որովհետև նա լավ գիտեր պարսկերեն։ Նա դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»։ — «Ես հենց ինքն եմ, ասաց, ուզում եմ ներս մտնել և ձեզ տեսնել»։

Եվ երբ մտավ սրբերի մեջ, նշանն այլևս չերևաց նրան, և պատմեց նրանց, թե ինչպես իրեն երկու անգամ հրաշք երևաց։ Ղևոնդ երեցը պատասխան տվեց և ասաց. «Աստված, որ ասաց, թե խավարի մեջ թող Լույս ծագի, որ և ծագեց և իմաստությամբ լուսավորեց աներևույթ արարածներին, նույն զորությունն այսօր էլ ծագեց քո խավարած մտքի մեջ, և քո կուրացած հոգու աչքերը բացվեցին, և տեսար աստծու շնորհքի անշեջ լույսը. շտապի՛ր, մի՛ ծուլանար. գուցե նորից կուրանալով՝ խավարի մեջ խարխափես»։

Եվ երբ այս ասաց, բոլորը ոտքի կանգնեցին, ասելով քառասուներկուերորդ սաղմոսից. «Ուղարկի՛ր, Տե՛ր, քո լույսն ու քո ճշմարտությունը, որ նրանք առաջնորդեն ու տանեն մեզ սուրբ լեռը և քո հարկերը»[1]։ Իսկապես որ, Տե՛ր, ճշմարտությամբ առաջնորդեցիր այս մոլորվածին և բերիր դեպի քո անանցանելի ուրախությունը և անմերժելի հանգիստը։ Ահա՝ այս օրը նման է քո սուրբ չարչարանքներին. ինչպես որ մահապարտ ավազակին փրկեցիր երկրորդ մահից և նրանով բաց արիր Ադենի կողպած դուռը, այնպես էլ գտար նաև այս կորուսյալին. սա, որ շատերի մահվան պատճառ էր, այժմ սրան դարձրիր կյանքի պատճառ մեզ և իր անձի համար։ Շնորհակալ ենք քեզանից, աստվա՛ծ, շնորհակալ ենք և ձայնակցում ենք սուրբ մարգարեին. «Ո՛չ թե մեզ։ Տե՛ր, ո՛չ թե մեզ, այլ քո անվանը փառք տուր՝ քո ողորմության և ճշմարտության համար. որպեսզի հեթանոսների մեջ երբեք չասեն, թե ո՞ւր է նրանց աստվածը. ինչպես որ այսօր էլ հայտնի եղավ քո մեծ զորությունը այս անսան՝ խավարասեր ազգի մեջ»[2]։

Իսկ նա, որ ձրի գտավ աստծու տված շնորհները, նա էլ սկսեց ինքն իրեն ասել. «Տերն է իմ լույսն ու կյանքը։ ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի դողամ[3]։ Որովհետև ստույգ գիտեմ, որ այսուհետև իմ թշնամիները բազմաթիվ են և ուզում են մոտենալ ու ուտել իմ մարմինը. բայց ղու, բոլորի Տե՛ր, եկար բոլորին կյանք տալու համար, որպեսզի ետ դառնան և ապրեն քո մարդասիրության առաջ։ Ինձ մի ջոկիր այս սուրբ դառներից, որոնց խառնվեցի, որպեսզի քո փարախից դուրս գալիս չար գազանը նորից չպատառոտի ինձ։ Տե՛ր, մի նայիր իմ բազմամյա ամբարշտություններին, որպեսզի ճշմարիտ կյանքիցդ չմոլորվեմ և կրկին անգամ շատերին կորստյան ճանապարհը սովորեցնեմ, այլ որոնց մահվան պատճառ եղա, նրանց համար էլ կյանքի պատճառ դառնամ։ Սատանան, որ ինձնով խրոխտացած պարծենում էր այս բազմաթիվ կորստյան մատնվածների մեջ, թող ինձնով գլխիկոր ամաչի իր աշակերտների մեջ»։

Այս ասելուց հետո հենց նրան էլ թույլ տվին աղոթքը ավարտել, և նրա հետ միասին հանգստացան մինչև երրորդ պահը, և այդպես խաղաղ քնի մեջ մնացին բոլորը մինչև առավոտյան ժամը։

Իսկ նա ոտքերի վրա կանգնած՝ չքնեց, այլ ձեռները վերև բարձրացրած՝ աղոթում էր։ Եվ մինչդեռ աչքերը երդիկին սևեռած նայում էր երկինք, հանկարծ տունը լույսով լցվեց, և նրան մի լուսեղեն սանդուղք երևաց, որ դրված էր երկրից մինչև երկինք. և խումբ-խումբ զորքեր վեր էին բարձրանում. և բոլորի տեսքը նոր էր ու չքնաղ, ահավոր ու սքանլելի, ինչպես հրեշտակների տեսքը։ Տեսած բոլոր խմբերի թիվն ու համարն էլ մտքում ուներ, կար, որ հազար էր, կար, որ երեսունևերեք էր, կար, որ երկու հարյուր և տասերեք էր։ Եվ այնքան շատ մոտեցավ, որ մինչև անգամ ճանաչեց նրանցից երեքին՝ Վարդանին, Արտակին և Խորենին։ Նրանք իրենց ձեռներին ինն պսակ ունեին. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ահա եկավ-հասավ ժամանակը, որ սրանք էլ խառնվեն մեր խմբին, որովհետև մենք էլ հենց սրանց էինք սպասում և սրանց համար ենք բերել առհավատչյա նվերը, իսկ որին չէինք էլ սպասում, եկավ-երևցավ և խառնվեց, և դարձավ ինչպես քրիստոսի զինվորներից մեկը»։

Այս չքնաղ տեսիլը երեք անգամ երևաց երանելի մարդուն։ Քնից զարթնեցրեց սրբերին և ամբողջ տեսիլը կարգով պատմեց նրանց։

Իսկ նրանք վեր կացան, աղոթքի կանգնեցին և ասում էին. «Տե՛ր, տեր մեր, ի՞նչ սքանչելի է քո անունը ամբողջ երկրի վրա. քո մեծ վայելչությունը բարձրացավ երկնքից էլ վեր. ծծկեր մանուկների բերանից օրհնություն հաստատեցիր, որ ոչնչանա թշնամին ու հակառակորդը»[4]։ Որովհետև սրանից հետո այլևս չպետք է ասել «Կտեսնեմ երկինքը, որ քո մատնեքի գործն է»[5], այլ թե՝ քեզ կտեսնեմ երկնքի ու երկրի տեր. ինչպես որ այսօր իսկ երևացիր քո սուրբ զորականների միջոցով այս հեռավոր օտարին, որ իր կյանքի ակնկալությունից ձեռք էր քաշել։ «Ահա դու, Տե՛ր, քո ողորմությամբ պսակեցիր սիրելիներիդ, և քո գթասրտությամբ ելար այս կորածին փնտրելու, դարձրիր և խառնեցիր քո սրբերի դասին։ Սա ո՛չ միայն երկինքը տեսավ, որ քո մատների գործն է, այլ տեսավ երկինքն ու նրա բնակիչներին, և մինչդեռ այս երկրի վրա է, խառնվեց քո բյուրավոր հրեշտակների գնդերին։ Տեսավ նաև նահատակված արդարների հոգիները, տեսավ նաև աներևույթ պատրաստությունների փառքի նմանությունը, տեսավ նրանց ձեռքին նաև անկասկածելի գրավականը, որ պատրաստված պահվում է ճարտարապետի ձեռքում։ Երանի՜ սրան այս սուրբ տեսիլքի համար, և երանի է մեզ, որ սա մոտեցավ մեզ. որովհետև սրա միջոցով հաստատապես իմացանք, թե քանի որ սրան այսպիսի սքանչելիքներ են հայտնվում, քո անսպառ բարություններից սա մեծ բաժին ընդունեց։ Քո պարգևներն անսպառ են, Տե՛ր, և առանց խնդրելու տալիս ես՝ ում կամենում ես՝ քո հորդաբուխ և աննախանձ առատությամբ։ Եվ քանի որ չխնդրողներին էլ չես մերժում այն, բա՛ց մեզ, Տե՛ր, քո ողորմության դուռը, որ մեր մանկությունից քո սրբերի բարեմասնության ցանկացող ենք եղել։ Քո այս նորագյուտ ձեռակերտին բարեխոս ենք դարձնում մեր անձերի համար, մեր հավատի նավը թող չընկղմվի մեղքերի ալեկոծված ծովի մեջ»։

Եվ այսպես երկար աղոթք անելով՝ հորդ և առատ արտասուք էին թափում իրենց անձերի համար։ Գթություն էին հայցում բարերարից, որ լսելի լինի նրանց պաղատանքների ձայնը և հաստատուն մնան իրենց վիշտ ու նեղությունների մեջ, որպեսզի չզրկվեն այն ցանկալի պսակներից, որ անեին սրբերն իրենց ձեռքին, ինչպես և ազդարարվեց նրանց սուրբ հոգու կողմից, որովհետև մոտեցել էր նրանց կանչվելու ժամանակը, որ գնան և աներկյուղ հանգստանան այն կասկածելի ակնկալությունից, որին դիմանում էին մեծ տառապանքներով, որպեսզի փոքրիկ առհավատչյայով հասնեն երկնավոր մեծությանը, որին ցանկացող էին ի վաղուց հետե։

Եվ որովհետև հենց ինքը մոգպետը այն աշխարհի իշխանն էր, և նրան էին հանձնված այն քաղաքի կալանավորները, ուստի և առավոտյան համարձակ կերպով հանեց-տարավ կալանավորներին իր ապարանքը։ Լվաց ու սրբեց նրանց բանտի աղտեղություններից, վերցնում էր սրբերի լվացաջուրը և ածում իր մարմնի վրա։ Իր տան մեջ ավազան սարքեց և նրանցից սուրբ մկրտություն ընդունեց, հաղորդվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար մարմնին և քավիչ արյանը։ Բարձր ձայնով աղաղակում էր և ասում. «Այս մկրտությունը թող իմ մեղքերի լվացումն լինի ինձ համար, և սուրբ հոգով վերստին ծնունդ ու նորոգություն, և անմահ խորհրդի ճաշակումը երկնավոր որդեգրության ժառանգ դարձնի ինձ»։ Նրանց առջև մարմնավոր կերակրի սեղան էլ բաց արեց, և նրանց մխիթարության բաժակ մատուցեց, և նրանց հետ միացավ օրհնված հացն [ուտելուն]։

Բայց թեպետև ինքը հասավ երկնավոր բարիքներին և երկյուղ չուներ մարդկային հարվածներից, սակայն սաստիկ կասկածի մեջ էր հարազատների վերաբերմամբ, որ չլինի, թե մատնվեն իբրև արքունի գործերի մեջ վնասակար մարդիկ։ Այդ պատճառով գիշերով ծածուկ կանչեց նաև այն նախարարներին, որոնք կալանավորված պահվում էին նույն քաղաքում, և մեծամեծ ծախսեր արեց։ Եվ բոլորը մեծ ուրախության մեջ էին այն նոր հրաշքների համար, որ երևաց նրանց։ Ամենևին չէին հիշում, թե որևէ նեղություններ էին անցել իրենց գլխով։

Բայց սեղան նստելու ժամանակ սրբերը մտները բերին մի երեցի, որ նրանց հետ միասին սուրբ կապանքների մեջ էր, որովհետև նա շինական մարդկանց մեջ էր ապրել և ավելի տգետ էր սուրբ գրքի մխիթարության կողմից։ Նրան հրամայեցին նստել սեղանի գլխին, պատասխան տվեց երանելին և ասաց. «Այդ ի՞նչ բան է, որ դուք գործում եք, և կամ ինչո՞ւ եք ինձնից թաքցնում ձեր գաղտնի խորհուրդները։ Ես ձեր կրտսերներից էլ ավելի նվաստ եմ և ձեր աշակերտներից փոքրերից էլ ավելի տգետ. ինշպե՛ս կարող եմ դիմանալ այդ բանին։ Հենց այս էլ ինձ համար մեծ բան է, որ այսօր հաղորդակից եմ ձեր սուրբ կապանքներին։ Եթե ինձ արժանի եք համարում ձեր սեղանին, ամեն մեկդ ձեր տեղը բռնեցեք սեղանի շուրջը և ինձ էլ հրամայեցեք իմ տեղը նստել»։ Եվ սուրբ եպիսկոպոսը մյուս բոլոր սրբերի հետ միաբան հարկագրերին և բոլորից վերև բազմեցրին նրան։

Եվ երբ բոլորը բազմեցին սեղանի շուրջը և ուրախ-զվարթ ճաշակեցին կերակուրը, ոտքի կանգնեց սուրբ Հովսեփը և սկսեց ուրախության աղոթք մատուցանել և ասել այսպես.

«Բոլորդ էլ ուրախ եղեք Քրիստոսով, որովհետև վաղն այս ժամին արդեն մոռացած կլինենք այն բոլոր նեղություններն ու չարչարանքները, որ կրեցինք։ Եվ մեր այս փոքրիկ աշխատության փոխարեն բազմապատիկ հանգիստ ենք ընդունելու և այս բանտի խավարային զնդանի փոխարեն մտնելու ենք երկնքի լուսավոր քաղաքը, որպիսի քաղաքի քաղաքապետը ինքը Քրիստոսն է, այն ասպարեզի հանդիսապետը, որի մեջ նախ ինքն առաքինացավ՝ հաղթության նշանն առնելով։ Եվ այսօր նույն Տերն է, որ հաջողում է մեր գործը՝ նույն նշանն ընդունելով մեր անձերի փրկության և մեծափառ սուրբ եկեղեցու պարծանքի համար։ Եվ ինչպես որ դուք այս եղբորը տեսաք մեր սեղանի գլխին, այնպես էլ վաղը ամենից առաջ սա է ընդունելու պսակն իր նահատակության միջոցով։ Որովհետև ահավասիկ եկել-հասել և մոտցել է մեզ մեր կյանքի թշնամին և Քրիստոսի ծառաներիս սուրբ չարչարանքները պսակողը»։

Երբ այս ասաց, քաջալերման խոսքեր լսեց նրանից, որով բոլորն էլ շատ մխիթարվեցին։

Նա ասաց. «Ձեր սուրբ աղոթքներով թո՛ղ այդպես անի ինձ քրիստոս և քո ասածի նման կատարի իմ կյանքի վախճանն այս աշխարհից։ Եվ ահա քո ասելուն պես՝ ազդում եղավ հոգուս, և ես հիշեցի Քրիստոսի մարդասիրությունը, որի այս աշխարհը գալն էլ հենց մեր մեղքերի համար եղավ։ Թո՛ղ գթա իեձ, ինչպես ավազակին խաչվելու ժամանակ, ինչպես որ նրանով փակված դրախտի դռները բաց արեց, և առաջացավ՝ կարապետ եղավ նրանց համար, ովքեր նույն տեղն էին վերադառնալու ուրախության համար, թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսն այսօր ինձ էլ ձեր մեծաշուք գեղին սպասավոր դարձնի։

«Ահա մի ապաշխարող մեղավորի համար հրեշտակների ուրախությունն անվերջ է լինում երկնքում, որովհետև հենց գիտեն իրենց տիրոջ կամքը։ Որովհետև նա եկավ փնտրելու մի կորած ոչխար, այդ պատճառով էլ նրանք խնդակցում են մի ապաշխարհողի համար։ Թերևս հենց ինձ համար էր եկել Հայոց մեծ զորավարն իր բազմաթիվ սուրբ ընկերակիցներով. պսակը ձեզ համար էր բերել, իսկ ուրախության ավետիսը առհասարակ բոլորին էր տալիս։ Եվ ավելի ևս զարմացել էին ինձ վրա, որովհետև իրենց կենդանի եղած ժամանակ ինձ չէին ճանաչում, ահա իրենց սուրբ մահվան ժամանակ կամենում են, որ ես էլ բաժին ընդունեմ երանելիների հետ։

«Աղաչում եմ ձեզ, ի՛մ տերեր ու հայրեր, աղոթք արեք անարժանիս համար, որպեսզի արժանի լինիմ հասնելու այն մեծ ավետիքին, որ ձեր անսուտ բերանով ասվեց, որպեսզի ես լսեմ։ Այժմ շտապում եմ տեսնելու այն օրը, և այդ օրվա մեջ այն ժամը, որ եկել-հասել է մեզ վրա։

«Ե՞րբ պիտի լինի, որ դուրս գամ այս թանձր ու դանդաղ ձանձրալի մարմնիցս. ե՞րբ պիտի լինի, որ տեսնեմ քեզ, Տեր Հիսուս։ Ե՞րբ պիտի լինի, որ մահից չվախենամ, ե՞րբ պիտի լինի, որ իմ տգիտությունը կատարյալ գիտության հասնի։ Օգնի՛ր ինձ, Տեր, օգնիր ինձ և ամենազոր այդ մեկնի՛ր օգնելու համար. որպեսզի իմ խոսքերի խոստման համաձայն՝ գործն էլ իրոք կատարվի ինձ վրա, և ինձնով, մեղավորովս, փառավորվի մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը»։

Երբ երանելին այս ասաց, վեր կացան այն սեղանից, գոհություն հայտնեցին՝ ասելով. «Փա՞ռք քեզ, Տե՞ր, փա՞ռք քեզ, թագավո՛ր, որ մեզ ուրախության կերակուր տվիր. լցրո՛ւ մեզ սուրբ հոգովդ, որպեսզի հաճելի լինենք քո առաջ և չամաչենք, որովհետև դու յուրաքանչյուրիս հատուցանում ես իր գործերի համեմատ»։

Նույն ժամին նրանք մեծ խորհրդակցություն ունեցան, թե ի՛նչ եղանակով կարողանան փրկել մոգպետին, որպեսզի արքունիքում չլսեն և բարկությունը կրակի պես չբորբոքվի մնացածների վրա։ Երբ այդ միջոցին չկարողացան [խորհուրդը] վերջացնել, միաբանությամբ աղոթք արին և այն հավատացյալ մարդու կյանքը աստծու ձեռքը հանձնեցին։

Իսկ նախարարները սրբերից բաժանվեցին հորդառատ արտասուքներով, և ողբալից ուրախությամբ նրանց ոտներն ընկած՝ սաստիկ աղաչում-պաղատում էին, որ սուրբ հոգուն հանձնեն նրանց, «Որպեսզի, ասում են, մեզնից ոչ ոք չթուլանա և հասարակաց միաբանությունից դուրս գալովս չարաբարո գազանին կերակուր դառնան»:

Իսկ երանելիները միաձայն քաջալերում էին նրանց և ասում. «Եղբայրնե՛ր, զորացե՛ք Տիրոջով և մխիթարվեցեք աստծու մարդասիրությամբ, որ ձեզ որբ չի թողնում, և չի հեռացնում մեզնից իր ողորմությունը Քրիստոսի հավատով, շնորհիվ այն բազմաթիվ բարեխոսների, որ ունենք նրա մոտ, ձեր վառած կանթեղները չեն հանգչի, և չի ուրախանա ձեր կյանքի խավարասեր թշնամին: Նույն Տերն է, որ զորացրեց առաջին նահատակներին, խառնելով նրանց իր հրեշտակների գնդերի մեջ. նրանց սուրբ հոգիները և արդարների ամբողջ դասը կհասնեն ձեզ օգնելու համբերության մեջ, որպեսզի նրանց հետ միասին արժանի լինիք նրանց պսակներին»։

Այս էին խոսում նրանց հետ և ամբողջ գիշերը լուսացնում սաղմոսներով, իսկ առավոտյան ժամին բոլորն ասացին. «Տե՛ր, քո ողորմությունը ծագի՛ր նրանց վրա, ովքեր ճանաչում են քեզ, քո արդարությունը՝ ովքեր ուղիղ են սրտով։ Ամբարտավանների ոտքը թո՛ղ մեզ վրա չգա, և մեղավորների ձեռքերը թո՛ղ չդողացնեն մեզ։ Այնտեղ կործանվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում. մերժվեցին, և այլևս չկարողացան հաստատվել»[6]:

Այդ միջոցին դահիճները շտապով հասան բանտի դուռը, ներս մտան և տեսան, որ նա, ով առաջ մոգպետ էր և հենց նրան էր հանձնված պահել նրանց, նստած էր նրանց մեջ և լսում էր նրանց, նույնիսկ քաջալերում էլ էր նրանց, որ մահից չվախենան։ Երբ այս մեծ հրաշքը տեսան դահիճները, սաստիկ զարմացան այդ բանի վրա, բայց չհամարձակվեցին որևէ բան հարցնել նրան. սակայն գնացին և պատմեցին Դենշապուհին, որին հանձնարարված էր սրբերին չարչարելը։

Իսկ սա, երբ լսեց արքունի դահիճներից, մեծ երկյուղի մեջ ընկավ, մտածելով՝ թե գուցե անձամբ իրեն էլ գործի մեջ խառնեն, մանավանդ որ շատ լավ ծանոթ էր այն մարդուն։ Հրամայեց բանտից հանել ամենքին իրենց կապանքներով և այն քաղաքից տասներկու պարսկական հրասախ հեռացրեց։ Եվ թաքուն խոսեց մոգպետի հետ, թե ի՞նչ է նրա կալանավորված լինելու պատճառը։ Պատասխան տվեց այն մարդը և ասաց. «Թաքուն մի՛ խոսիր ինձ հետ և լուսավոր մտքերը մի՛ լսիր խավարի մեջ, որովհետև այժմ իմ աչքերը բացվեցին, քանի որ տեսա երկնավոր լույսը։ Եթե ուղում ես կյանքի խորհրդակից լինել, դեմ հանդիման հրապարակով հարցրու ինձ, և կպատմեմ քեզ Աստծու մեծամեծ գործերը, որ տեսա»։

Երբ նա լսեց նրանից ամեն բան և ստուգեց էլ նրա միաբանության վերաբերմամբ, որ չի բաժանվի սրբերի համերաշխությունից, չհամարձակվեց ձեռք բարձրացնել նրա վրա, թեպետև արքունիքից հրաման ուներ։ Այլ շտապեց, ինքն անձամբ գնաց թագավորի մոտ և թաքուն պատմեց նրան այն ամենը, ինչ և ինչպես լսել էր նրանից։

Պատասխան տվեց թագավորը և ասաց Դենշապուհին. «Ոչ ոք ամենևին չլսի քեզանից այդ բանը, մանավանդ այն մեծ տեսիլքի մասին, որ երևացել է նրան, որպեսզի տգետ մարդիկ երկմտելով՝ չբաժանվեն մեր ճշմարիտ կրոնից։ Մինչ մենք ուզում էինք ուրիշներին հնազանդեցնել, որ թերևս իրենց հոգիները գտնեն, երբ մենք չկարողացանք նրանց ոչինչ անել, մեր կրոնի վարդապետները շեղվեցին-գնացին նրանց մոլորության հետևից»։

«Նաև մեզ համար ամենից վատն այն է, որ մի չնչին մարդ չէ, որ շեղվել է դեպի նրանց կրոնը, այլ մի համակղեն մարդ, այս ամբողջ Վերին աշխարհում երևելի։ Եթե պայքարի մտնենք նրա հետ, նա ավելի տեղյակ է, քան մեր աշխարհի բոլոր վարդապետները. գուցե հիմքից խարխլելով քանդի մեր կրոնը։ Եվ եթե նրան մյուս չարագործների հետ պատմենք, այդ ձևով էլ կհռչակվի նրա քրիստոնեության համբավը, և մեծ անարգանք կկրի մեր հավատը։ Եթե մինչև իսկ սրով սպանվի, մեր բանակում բազմաթիվ քրիստոնյաներ կան, նրա ոսկորները կցրեն-կտարածեն ամբողջ երկրով մեկ։ Քիչ էր մեր անարգանքը այն ամեն մարդկանց մոտ, ուր մեծարում-պատվում էին այդ նածրացիների ոսկրները. իսկ եթե մոգերի և մոգպետների ոսկրներն էլ նույն պատիվն ստանան, հենց մենք մեր ձեռքով քանդած կլինենք մեր կրոնը։

«Իսկ այժմ ես քեզ երդվեցնում եմ անմահ աստվածներով. ամենից առաջ՝ այդ ժանտ ծերունուն կանչի՛ր քո առաջ. եթե սիրով համաձայնի և զղջալով հրաժարվի նրանց կախարդություններից, մեծացիր նրան՝ պատվելով ինչպես առաջ. և թող ոչ ոք ամենևին չիմանա նրա նախատինքը։ Իսկ եթե չհամաձայնի և չկամենա ականջ դնել քո խոսքերին, նրա վրա բազմաթիվ մեղադրանքներ բարդիր այն երկրի կողմից, որպեսզի վնասակար համարվի արքունի գործերի մեջ, հրապարակով դատաստան արա և աքսորիր Կուրանից ու Մակուրանից էլ այն կողմը. այնտեղ թող նրան գցեն մի վիրապի մեջ և թշվառության մեջ մեռնի։ Իսկ այլակրոնների կյանքը շուտով կարճիր այս աշխարհից, որպեսզի մեր երկչի կրոնը չսասանեցնեն։ Որովհետև եթե ճարտար մոդպետին այնպես շուտով իրենց աշակերտ դարձրին, տգետ մարդիկ ինչպե՞ս կարող են նրանց ստապատիր խաբեությանը դեմ կանգնել»։

Արդ, Դենշապուհը ելավ ատյան նստեց բանակից դուրս, ինչպես ասացինք, տասներկու հրասախ հեռու։ Հարցրեց մոգպետին և ասաց. «Քո վերաբերմամբ իրավունք ստացա ո՛չ միայն խոսքերով հարցնել, այլև ամեն տեսակ տանջանքներ տալով։ Քանի դեռ քեզ ձեռք չեմ տվել, ընդունի՛ր մեծարանքներն ու արհամարհի՛ր Անարգանքները և խնայի՛ր քո պատվական ծերությունը։ Հեռացի՛ր քրիստոնեությունից. որ ի բնե չունեիր, և նորից դարձի՛ր մոգության, ինչպես որ շատերի համար նույնիսկ վարդապետ էիր»։

Պատասխան տվեց երանելին և ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, որ առաջ իմ աչքում հարազատ եղբայր էիր համարվում, իսկ այսօր՝ կատարյալ թշնամի. մի գթա ինձ առաջվա սիրուդ համեմատ, այլ կատարի՛ր ինձ վրա ձեր չար թագավորի կամքը. և ինչպես որ իրավունք ես ստացել իմ վերաբերմամբ՝ այնպես էլ պատմի՛ր ինձ»։

Այն ժամանակ, երբ Դենշապուհը տեսավ, որ ոչ մի բանի տեղ չդրեց թագավորի սպառնալիքները, և ոչ էլ իր հորդորներին ուշք դարձրեց, և ավելի կամենում էր, որ հայտնի խոսվի և ոչ թե ծածուկ, նրա վերաբերմամբ վարվեց թագավորի պատվերի համաձայն։ Գաղտագողի քշել տվեց հեռավոր օտարություն. ինչպես որ սովորել էր իր ուսուցչից, այնպես էլ արեց։

Եվ [թագավորը] հրամայեց Դենշապուհին ավագ գործակալներից երկու ընկեր էլ վերցնել իրեն օգնական—Ջնիկանին, որ արքունի մարզպետ էր, և Մովան հանդերձապետին՝ մովպետան մովպետի կողմից։

Արդ, այս երեքը, իրենց սպասավորների հետ միասին, վերցրին սրբերին այն անապատից և նույն գիշերը տարան նրանց նույնչափ հեռու մի ավելի դժնդակ տեղ։ Եվ բանակի միջից ոչ ոքի չթողին տեսնելու նրանց, ո՛չ հայերից և ո՛չ էլ ուրիշ քրիստոնյաներից, և ո՛չ էլ բոլորովին արտաքին հեթանոսներից։ Եվ այն քաղաքում կալանավորների վրա նշանակված սպասավորներին հրամայեցին, որ նրանց զգուշությամբ պահեն, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց հետքը, որով տանելու են մահվան տեղը. ո՛չ նրանք և ո՛չ էլ ուրիշ որևէ մարդ։

Բայց արքունի զորքից խուժաստանցի մի մարդ, որ ծածուկ քրիստոնյա էր, և որին վիճակված էր դահիճների խմբում լինելու, և տանջական գործիքներով սպասավորում էր օրապահներին, կեսգիշերին եկավ-մտավ և խառնվեց նախարարների խմբերին։ Առաջին խումբը կարծում էր, թե նա միջին խմբից է, միջին խումբը կարծում էր, թե նա երրորդ խմբից է, իսկ երեքն էլ նրան մյուս խմբից էին համարում. և նրանցից ոչ ոք չհարցրեց, թե «Դու ո՞վ ես մեզ հետ», ո՛չ տերերից և ոչ էլ սպասավորներից։

Երբ հասան մի անապատ տեղ, որ բոլորովին զուրկ էր բուսականությունից և այնպես դժնյա ապառաժ էր, որ նրանց համար նույնիսկ նստելու տեղ չգտնվեց այնտեղ, երեք նախարարներն իջան մի քիչ ավելի հեռու տեղ և իրենց դահիճներին հրամայեցին կապել նրանց ձեռներն ու ոտները։ Երկար պարաններ գցեցին նրանց ոտներին և երկու-երկու լծվեցին ու սկսեցին քարշ տալ։ Եվ այնպես ձգեցին ու ճղճղոտեցին ապառաժ տեղերով քարշ տալով, որ ոչ մի ողջ տեղ չմնաց երանելիների մարմինների վրա։ Եվ ապա կապերը բաց արին ու մի տեղ բերին։

Նրանց մի տեսակ այնպես էր թվում, թե կակղացրին նրանց խստությունը և հնազանդեցրին նրանց բիրտ ապստամբությունը. և հիմա ինչ էլ ասենք, մեր խոսքերին կլսեն և թագավորի կամքը կկատարեն և անտանելի տանջանքներից կազատվեն։ Բայց այն չկարողացան լավ հասկանալ, որ նրանց քաջ զինվորների նման ոգևորեցին, կրթության հրահանգների մեջ վարժեցրին նրանց, և նրանց սովորեցրին ինչպես վայրենի արյունարբու գազանների։ Եվ եթե առաջուց մի քիչ կասկած ունեին, նայելով իրենց մարմինների չարաչար վերքերին՝ նախկին վախը մի կողմ նետեցին։ Հարբած ու անզգայացած մարդու նման սկսեցին միմյանցից գերազանցել պատասխաններ տալու մեջ, և շտապում էին ինչպես ծարավը դեպի աղբյուրն է վազում, թե ո՛վ ավելի շուտ կթափի իր արյունը երկրի վրա։

Մինչդեռ սրբերն այս պատրաստության մեջ էին, խոսել սկսեց նրանց հետ Դենշապուհը և ասաց. «Թագավորն ինձ ուղարկեց ձեզ մոտ. Հայոց աշխարհի ամբողջ ավերածությունը, ասում է, և զորքերի կոտորածը, որ տեղի ունեցավ, ձեր պատճառով եղավ այդ ամբողջ վնասը. և շատ նախարարներ, որ այժմ կապանքների մեջ չարչարվում են, ձեր համառության պատճառով եղավ այդ բոլորը։ Բայց հիմա էլ, եթե ուզում եք լսել ինձ, ասում եմ ձեզ. ինչպես որ բոլոր չարչարանքների և մահվան պատճառ եղաք, այսօր էլ պատճառ եղեք ձեր կյանքի։ Կապանքների մեջ եղած նախարարներին արձակելու իշխանությունն էլ ձեր ձեռին է. և ձեր աշխարհի ավերը ձեզնով կշինվի, և շատերը, որ գերի են տարված՝ կվերադառնան։

«Ահա դուք ձեր աչքերով տեսաք այսօր, թե ինչպիսի՝ մի տոհմիկ մարդ էր, որին թագավորն ինքն անձամբ ճանաչում էր մեր կրոնը շատ լավ գիտենալու պատճառով, և կատարյալ էր մեր հավատի մեջ և բոլոր մեծամեծներին սիրելի, և գրեթե այս ամբողջ երկիրը կախված էր նրանից, բայց որովհետև անարգեց գենիմազգեզնը և մոլորվեց ձեր տխմար գիտության կողմը, թագավորն ամենևին չխնայեց նրա մեծ պատվին, այլ, ինչպես մի անտուն-անտեր գերի նրան աքսորեցի այնպիսի հեռավոր օտարություն, որ չի էլ կարող գնալ-հասնել իր պատժավայրը։

«Արդ, եթե նույնիսկ նրա ազգակցությանը չխնայեց պատվական կրոնի պատճառով, որքան ավելի չի խնայի ձեզ՝ օտարերկրացիներիդ, որ նույնիսկ մահապարտ էլ եք արքունի գործերի վերաբերմամբ։ Եվ ձեզ համար ապրելու ուրիշ ոչ մի ճար չկա, բացի այն, որ երկրպագություն տաք արեգակին և կատարեք թագավորի կամքը, ինչպես որ սովորեցրել է մեծ Զրադեշտը։ Եթե այդ անեք, ո՛չ միայն կապանքներից կարձակվեք և մահից կփրկվեք, այլև մեծամեծ պարգևներով ձեր աշխարհը կուղարկվեք»։

Առաջ անցավ Ղևոնդ երեցը և թարգման դարձրեց Սահակ եպիսկոպոսին. «Ինչպե՞ս հնազանդվենք քո երկդիմի հրամաններին,— ասաց նա. — ահա դու երկրպագությունդ նախ արեգակին տվիր, իսկ երկրպագության կատարումը թագավորի կամքին վերագրեցիր. մեծարեցիր արեգակին՝ նախ տալով նրա անունը, իսկ թագավորին արեգակից ավելի մեծացրիր. և ցույց տվիր, որ արեգակն առանց իր կամքի է սպասավորում արարածներին, իսկ թագավորն իր ազատ կամքով ում կամենում է՝ աստվածացնում է և ում կամենում է ծառայեցնում է և ինքր դեռ վերահասու չի եղել ճջմարտությանը։ Մեզ հետ մի՛ խոսի խեչպես երեխաների հետ, որովհետև հասակով կատարյալ մարդիկ ենք և գիտությանն էլ անտեղյակ չենք։ Որտեղից դու սկսեցիր, հենց այնտեղից էլ քեզ պատասխան կտամ։

«Մեր երկրի ավերածության և արքունի զորքերի կոտորածի պատճառ չէ՞ որ մե՛զ համարեցիր. մեր կրոնն այդպես չի սովորեցնում մեզ. այլ պատվիրում է մեծապես պատվել երկրավոր թագավորներին և նրանց սիրել մեր բոլոր ուժով, ոչ իբրև մի չնչին մարդու՝ մարդկանց միջից, այլ ծառայել ինչպես ճշմարիտ Աստծուն[7]. և եթե զրկանքներ կրենք նրանց կողմից, երկրավորիս փոխարեն մեզ խոստացավ երկնքի արքայությունը։ Եվ ո՛չ միայն իբրև հպատակ պարտավոր ենք ծառայել նրանց, այլև մեր անձերը մահու չափ դնել թագավորի սիրո համար։ Եվ ինչպես որ երկրիս վրա իրավունք չունենք նրան ուրիշ տիրոջ հետ փոխելու, նույնպես և երկրնքում իրավունք չունենք ուրիշի հետ փոխելու մեր ճշմարիտ աստծուն, որից բացի ուրիշ աստված չկա։

«Բայց քեզ մի բան ասեմ, որին ինքդ էլ մի քիչ տեղյակ ես։ Քաջ զորականներից ո՞րը հետևից կմտնի պատերազմի մեջ. և եթե այդպիսի բան անի, նա ո՛չ թե քաջ կկոչվի, այլ շատ վախկոտ։ Կամ թե՝ իմաստուն վաճառականներից ո՞վ պատվական մարգարիտը կփոխանակի անպետք ուլունքի հետ, բացի նրանցից, ովքեր հիմարացած են տգիտությամբ, ինչպես և ձեր մոլորության առաջնորդները։

«Մենակ ես գտել մեզ մեր բազմաթիվ առաքինիներից և ուզում ես խարդախությամբ քանդել մեր հաստատուն մտադրությունները. մենք մենակ չենք, ինչպես որ դու ես կարծում. չկա ոչ մի դատարկ տեղ, որտեղ չլինի մեր թագավոր Քրիստոսը. միայն քեզ և քո չարադև իշխանի նմաններն են, որ զուրկ են նրանից, որ մերժված են նրա կողմից։ Որովհետև մեր աշխարհի զինվորներն էլ, որոնք մեր միջոցով աշակերտել էին Քրիստոսին, ոտնահարեցին ձեր թագավորի ահեղ հրամանները և նրա մեծամեծ պարգևները ոչ մի բանի տեղ չդրին, նրանց հայրենական իշխանությունը կողոպտվեց, բայց նրանք չխնայեցին իրենց կանանց ու որդիներին և այս աշխարհի մարմնավոր կյանքի գանձերը։ Մինչև անգամ իրենց արյունը մտքները չէին բերում Քրիստոսի սիրո համար, այլ արեգակի երկրպագուներին, որոնք ձեր ուսուցիչներն էին, չարաչար հարվածներով սպանեցին և մեծամեծ չարիքներ հասցրին ձեր զորքին, և նրանցից շատերն ընկան նույն պատերազմի մեջ, ոմանք տեսակ-տեսակ վարձությունների մատնվեցին, ուրիշները հեռավոր օտարություն քշվեցին և է՛լ ավելի շատերը գերի տարվեցին։ Նրանք բոլորը մեզանից առաջ մտան աստծու արքայությանը և խառնված են վերին հրեշտակների գնդերին և ցնծում են պատրաստված ուրախությունների մեջ, որին հասնելով խառնվեց նաև այն երանելի մարդը, որի համար ասում ես, թե աքսոր քշեցի։ Երանի եմ տալիս նրան և երանի այն երկրին, որի միջով նա պիտի անցնի և այն տեղին, որտեղ նա պիտի վախճանվի. նա ոչ միայն ձեր արքունիքից է գերազանցում իր պատվականությամբ, այլև այդ երկնային լուսավորներից, որոնց դուք երկրպագում եք»։

Պատասխան տվեց Մովան անդերձապետը և ասաց նրանց. որ Աստվածները բարերար են և համբերությամբ հոգում են մարդկային ազգի համար, որպեսզի հասկանան ու ճանաչեն իրենց փոքրիկությունն ու նրանց մեծությունը և վայելեն այս աշխարհի պարգևները, որոնք հանձնված են թագավորի իրավունքին, և նրանց բերանից են դուրս գալիս կյանքի ու մահվան հրամանները։ Դուք իրավունք չունեք այդպես ընդդիմանալու նրանց կամքին և հանձն չառնելու արեգակին երկրպագել, որ իր ճառագայթներով լուսավորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմությամբ հասցնում է մարդկանց և անասունների կերակուրը. և իր ընդհանուրին բաշխող առատության և անաչառ մատակարարության պատճառով կոչվեց Միհր աստված, որովհետև նրա մեջ չկա նենգություն և անիմաստություն։ Ուստի և մենք էլ երկայնամիտ ենք լինում ձեր տգիտության վերաբերմամբ, որովհետև գիշակեր և արյունարբու գազանների նման մարդատյաց չենք։ Խնայեցե՛ք ձեր անձերին և մեզ ակամա մի՛ խառնեք ձեր արյունի մեջ։ Մի կողմ թողեք ձեր նախկին հանցանքը և առաջիկա գործերդ ուղղեցեք, որպեսզի ձեր պատճառով ուրիշներն էլ ողորմության արժանանան մեծ թագավորի կողմից»։

Սրան Սահակ եպիսկոպոսը պատասխան տվեց և ասաց. «Ինչպես մի ուսյալ և խիստ կրթված մարդ՝ գեղեցկապես հոգում ես աշխարհի շինության և թագավորի փառքի համար, բայց այս բանը շատ տգիտաբար ես սովորեցնում, որովհետև բազմաթիվ աստվածներ ես դավանում և բոլորի մասին չես ասում, թե մի կամք ունեն։ Եթե վեհագույնները հակամարտ են միմյանց, մենք, նրանցից ավելի խոնարհներս, ինչպե՞ս կարող ենք համաձայնել քո խոսքերին։ Միացրո՛ւ ջուրն ու կրակը, որպեսզի նրանցից խաղաղություն սովորենք. արեգակին տուն կանչիր որպես կրակ, և եթե նրա գալը հնարավոր չէ, որպեսզի աշխարհը խավարի մեջ չմնա, դրա՛ն ուղարկիր նրա մոտ, որպեսզի նրանից անկարոտություն սովորի։

«Եվ եթե քո աստվածների բնությունը մեկ է, թող միանալով հավասարվեն միմյանց. կրակն անկերակուր դառնա ինչպես արեգակը, և արքունի ծառաները [գործից] չխափանվեն՝ դրան փայտ հասցնելու համար։ Արդ՝ դրանցից մեկն անհագաբար ուտում է և շարունակ մեռնում, իսկ մյուսը, որ չի ուտում, առանց օդի նվազում է նրա ճառագայթների լույսը. ձմեռը ցրտանում է և բոլոր դալար բույսերը սառցնում, ամառը տոթ անում է և այրում ամեն մի կենդանի բան։ Եվ նա, որ շարունակ փոփոխության մեջ է, չի կարող որևէ մեկին հաստատուն կյանք շնորհել։ Ես չեմ կարող քեզ մեղադրել. ով չի տեսել մեծ թագավորին, երկրպագություն է տալիս պատվավորներին, իսկ եթե հմուտ գիտուններից մեկն այսպես վարվի, իսկույն մահվան հրաման կտան նրա վերաբերմամբ։

«Իսկ արեգակի մասին, եթե կուզես սովորել, ճշմարիտը կասեմ քեզ։ Նա այս աշխարհի արարածների մի մասն է, շատ մասերից մի որոշված մաս. ոմանք նրանից վերև են, ոմանք ներքև։ Նա առանձին սուրբ և հստակ լույս չունի, այլ աստծու հրամանով նա իր ճառագայթները տարածում է օդի միջով և հրային մասով տաքացնում է իր կայանի ներքևը գտնվող բոլոր արարածներին։ Իսկ վերիններն ամենևին մաս չունեն նրա ճառագայթներից, որովհետև լույսը նրա գնդի մեջ տեղավորված է ինչպես մի ամանում, և բերանը դեպի քած բաց արած՝ լույսը թափում է դեպի ներքև, որպեսզի ներքևում ապրողներս վայելենք։ Ինչպես, օրինակ, մի նավ թռչում-սահում է ծովային անհուն ջրերի վրայով, անգիտությամբ ճանապարհ է կտրում հմուտ և ճարտար նավապետի ղեկավարությամբ, այդպես էլ արեգակը իր կառավարի ձեռքով փոփոխում է իր շրջանը տարևոր ժամանակում։

«Եվ ինչպես որ այս աշխարհի ուրիշ մասերը հաստատված են մեր կյանքի համար, նա էլ, ինչպես մյուս մասերից մեկը, տրված է մեզ լույս տալու համար, ինչպես լուսինն ու աստղերը և հարածուփ օդերն ու անձրևաբեր ամպերը, նույնպես և երկրիս մասերից՝ ծովն ու գետերը, աղբյուրներն ու բոլոր պիտանի ջրերը, նույնպես և ցամաքայիններն իրենց բոլոր պիտույքներով։ Սրանցից և ոչ մեկին էլ չպետք է աստված անվանվել, իսկ եթե մեկը համարձակվի ասել, իր անձը կորցնում է տգիտաբար, իսկ նրանք էլ աստված անունով մեծարվելով՝ ոչ մի օգուտ չստացան։ Մի իշխանությունը երկու թագավոր չի ունենում. և եթե մարդն այդ բանը հանձն չի առնում, որքա՜ն ավելի հեռու է Աստծու բնությունից այդպիսի խառնաշփոթ կարգը։

«Արդ՝ եթե ուղում ես ճշմարիտը սովորել, քաղցրացրու սրտիդ ժանտությունը և բաց արա՛ մտքիդ աչքերը և արթնության վիճակում կուրորեն մի՛ գնա խավարի միջով. ինքդ ընկել ես խորխորատը և բոլորին էլ կամենում ես քաշել քեզ մոտ։ Եվ եթե քոյինները գալիս են մոլար ուսմունքիդ հետևից, առանց տեսնելու և հասկանալու, մեզ էլ այդպես մի՛ կարծի, որովհետև մեր մտքի աչքերը բաց են և սրատես ենք։ Այս մարմնավոր աչքերով տեսնում ենք արարածներին և հասկանում ենք, որ սա ուրիշն է ստեղծել, և բոլորն էլ ապականացու են։ Իսկ բոլորի արարիչն անտեսանելի է մարմնավոր աչքերի համար, և նրա զորությունը մտքով է հասկացվում։

«Եվ որովհետև մեզ տեսավ մեծ տգիտության մեջ և խղճաց մեր անուսումնությանը, որով մենք էլ ձեզ նման տեսանելի [արարածներին] արարիչ էինք կարծում և ամեն տեսակ անկարգություններ գործում, այդ պատճառով էլ իր սիրով եկավ մարդկային մարմին առավ և մեզ սովորեցրեց իր աներևույթ աստվածությունը։ Նա, որ իրեն բարձրացրեց կախաղանի խաչի վրա, քանի որ մարդիկ մոլորվել էին այդ լուսավորների հետևից, արեգակին զրկեց իր ճառագայթների լույսից, որ խավարն սպասավոր լինի նրա մարդկությանը. որպեսզի ովքեր ձեզ նման անարժան լինեն, իրենց կյանքը չտեսնեն մեծ անարգության մեջ։ Այդպես և այսօր. ով չի խոստովանում խաչված աստծուն, նույն խավարն է պատել նրա հոգին ու մարմինը. ինչպես որ դու էլ այսօր նույն խավարի մեջ ես և դեռ մեզ էլ չարչարում ես։ Պատրաստ ենք մեռնելու մեր Տիրոջ նման. ինչպե՛ս և ի՛նչ կերպ ուզում ես՝ կատարի՛ր քո դաժան կամքը»։

Այն ժամանակ, երբ անօրեն Դենշապուհը նայեց նրանք և տեսավ բոլորին մեծ ուրախության մեջ և զվարթ, հասկացավ, որ նրանց վրա ազդեցություն չեն ունենում սպառնական և հորդորական խոսքերը։ Հրամայեց առաջ բերել ամենակրտսերներից մեկին, Արշեն անունով մի երեցի, որի մասին առաջ հենց կասկած էր առաջացել սրբերի մեջ։ Կապեցին ոտներն ու ձեռները և այնպիսի մեծ ուժով ձիգ տվին, մինչև որ բոլոր ջղերի ճարճատյունը կտրվեց, և այսպես երկար ժամանակ մնաց անտանելի պրկոցի մեջ։

Սուրբն իր բերանը բաք արեց և ասաց, «Ահա իմ շուրջը պատեցին բազմաթիվ շներ և չարերի ժողովը պաշարեց ինձ. ծակերին իմ ոտներն ու ձեռները, և իմ բերանի փոխարեն բոլոր ոսկրներս աղաղակեցին[8]։ Լսի՛ր ինձ Տե՛ր, և լսի՛ր իմ ձայնին, և ընդունի՛ր իմ հոգին քո սուրբ զորականների ժողովում, որ երևաց քո նորակերտ ձեռակերտին։ Ես որ ամենքից կրտսերն եմ, քո ողորմությունը գթալով ինձ վրա՝ առաջ քաշեց»։

Եվ երբ այս ասաց, այլևս չէր կարողանում բերանը բաց անել գելարանի անտանելի պրկոցներից։ Դահիճներն անմիջապես հրաման ստացան երեք նախարարներից՝ սրով կտրել երանելու պարանոցը, և մարմինը գցեցին մի ցամաք խորխորատի մեջ։

Եվ հենց տեղնուտեղը Դենշապուհն սկսեց խոսել եպիսկոպոսի հետ և ասաց. «Երբ ես եկա Հայոց աշխարհը, ինձ վիճակվեց մի տարի և վեց ամիս շրջել այնտեղ, ես ամենևին չեմ հիշում, թե որևէ մեկից մի տրտունջ լսած լինեմ քո մասին, նույնպես և ավելի Հովսեփի մասին, որովհետև հենց դա էր բոլոր քրիստոնյաների պետը և հավատարիմ էր արքունի բոլոր գործերի մեջ։ Նույնպես և նա, ով իմ գնալուց առաջ այն աշխարհում մարզպան էր, շատ գոհ էր այս մարդուց, ես ինքս էլ իմ աչքով տեսա, որ ամբողջ երկրի համար հաստատուն հայր էր համարվում, և անաչառ կերպով սիրում էր մեծամեծներին և փոքրերին։

«Արդ, փոխանակ որ դուք աղաչեք, ե՛ս եմ աղաչում ձեզ. խնայեցե՛ք ձեր պատվական անձերին և մի՛ մատնվեք չարչարալից մահվան առաջինի նման, ինչ որ տեսաք ձեր աչքերով։ Որովհետև եթե դուք այդ համառ մտքի վրա եք մնում, ես էլ մտքումս դրել եմ անթիվ չարչարանքներով վերջ դնել ձեր կյանքին։ Ես գիտեմ, որ դուք այդ մարդու կողմից խարված եք, որովհետև ինքը մարմնով հիվանդ է և բժիշկների օգնությամբ չի կարողացել առողջություն գտնել, հիվանդոտ կյանքից ձանձրացել է և ավելի մահվան է փափագում, քան թե կյանքի»։

Այս բանին պատասխան տվեց սուրբ Հովսեփը և ասաց. «Այդ գովասանքը, որ դու տվիր նախ այս եպիսկոպոսին և ապա ինձ, իրավացի արիր և ըստ կարգի պատվեցիր այդ ալեհերության համար, այդպես էլ վայել է։ Բայց աստծու ճշմարիտ ծառաներին օրենք չէ ընդդիմանալ երկրավոր իշխաններին, և Ժողովրդից ոչ ոքի՝ տրտնջալ մարմնավոր աչքածակության համար, այլ խոնարհությամբ և հեզությամբ սովորեցնել աստծու պատվիրանները, և առանց խարդախումտության խաղաղասեր լինել բոլորի վերաբերմամբ, և անաչառ վարդապետությամբ բոլորին առաջնորդել դեպի արարածների միակ տերը։

Իսկ այս մարդու հրապուրանքների համար որ ասացիր, այդ էլ չստեցիր, այլ բոլորովին ճշմարիտն ասացիր։ Որովհետև ո՛չ թե իբրև մի օտար մարդ է հրապուրում մեզ և ո՛չ թե իբրև մի խաբեբա մոլորեցնում է մեզ, այլ սաստիկ սիրում է մեզ։ Քանի որ մեր մայր եկեղեցին մեկ է, որ երկնեց մեզ, և մեկ է մեր հայր սուրբ հոգին, որ ծնեց մեզ, ինչո՞ւ պետք է մի հոր և մի մոր որդիները երկպառակված լինեն և ոչ թե միաբան։ Այն, ինչ որ քեզ թվում է, թե հրապույր է, մենք գիշեր ու ցերեկ նույն մտածմունքի մեջ էինք, որ անքակ պահենք մեր կյանքի միաբանությունը։ Իսկ եթե սա ձանձրացել է և ուզում է իր հիվանդ մարմնից դուրս գալ, առավել ևս մենք բոլորս, որովհետև բնավ ոչ ոք չկա կանանցից ծնվածների մեջ, որ առանց ցավերի ու չարչարանքների մարմին ունենա»։

Պատասխան տվեց Դենշապուհը և ասաց. «Դուք չգիտեք, թե որքան համբերող եմ դեպի ձեզ. Թագավորի հրամանով չէ, որ այս չափ երկարաբանում եմ ձեզ հետ և վիճում, այլ իմ քաղցրությամբ եմ այդ թույլ տվել ձեզ, որովհետև ձեզ նման անագորույն չեմ, որ ձեր անձերին ատելի եք և ուրիշներին թշնամի։ Ես աղ ու հաց եմ կերել ձեր աշխարհում, ուստի գութ ու սեր ունեմ ձեր աշխարհի վերաբերմամբ Պատասխան տվեց Ղևոնդ երեցն ու ասաց. «Ով դեպի դրսինները գութ ու սեր ունի, աստծու պատվիրաններն է կատարում, բայց պարտական է խնայել նաև իր հոգին. որովհետև մեր անձերի տերը չենք, այլ կա մեկը, որ հաշիվ է պահանջում մեզնից թե՛ դրսինների և թե՛ ներսինների համար։ Իսկ որ ասացիր, թե իմ կամքով եմ ձեզ ականջ դնում և ոչ թե թագավորի հրամանով, եթե դուք սովոր եք զանց անել ձեր թագավորի հրամանը, այդ լավ եք անում, որովհետև նա աշխարհ ավերող է և անմեղ մարդկանց սպանող, սատանայի բարեկամ և աստծու թշնամի։ Բայց մենք չենք կարող մեր թագավորի հրամանից դուրս գալ, և ո՛չ էլ կարող ենք մեր անանց կյանքը փոխանակել այս աշխարհի ապականացու պատրանքների հետ։

«Իսկ ինձ համար որ ասացիր, թե բժիշկներից առողջություն չգտնելով՝ մահն ավելի է սիրում, քան թե կյանքը, այդ խոսքերը վայել չեն այն մարդկանց, որոնք տեսնում են այս աշխարհի բոլոր չարչարանքները։ Հապա՛, մի փոքր մեղմի՛ր այդ զայրագին սրտմտությունդ և հետևի՛ր իմ ճշմարիտ խոսքերին և կարգով նայի՛ր աշխարհիս գործերին։ Մահկանացուներիցս ո՞վ է, որ անտրտում կյանք ունի. չէ՞ որ ահա բոլորն էլ ախտերով լի են, ո՛րը ներսից և ո՛րն էլ դրսից — ցուրտ ու տոթ, քաղց ու ծարավ և ամեն տեսակ աղքատություն ու կարիք։ Դրսից՝ անիրավություն, հափշտակություն, գեճ պղծություն ու անառակություն. ներսից՝ ամբարշտություն, ուրացություն, տգիտություն, անդարձ մոլորություն կամավոր ազատությունից։

Բայց դու որ բժիշկներին մերժելով անարգեցիր, թե ես նրանց միջոցով առողջություն չեմ գտել, այդ էլ զարմանալի չէ, որովհետև նրանք էլ մարդ են. ցավ կա, որի առողջացման հնարը գտնում են, և ցավ էլ կա, որ նրանց հնարներին չի ենթարկվում. որովհետև բոլորս էլ մահկանացու ենք, թե՛ բժշկողը և թե՛ բժշկվողը։ Բայց երանի թե դուք էլ բժշկական արվեստից օրինակ առնեիք, որովհետև փոքր չէ նրանց բժշկության ճշմարտությունը։ Որովհետև երբ նրանք մեկին հիվանդացած են տեսնում, չեն դանդաղում նրանց մոտ գնալ, այլ շտապում են հնար գտնել և առողջացնել։ Մանավանդ եթե արքունիքում թագավորի սիրելիներից մեկը հիվանդանա, և մեծ հրապարակը հասնելով բժիշկը տեսնի պատվավոր մարդկանց մի բազմություն և գեղեցիկ ու առողջ երիտասարդներ, և է՛լ ավելի ներս մտնելով արքայական սրահները՝ այնտեղ տեսնի բոլոր սպասավորների չքնաղ և սքանչելի տեսքը, նա ամենևին չի զարմանա այդ հրաշակերտ տեսարանով։ Նաև, եթե ականակուռ և ամբողջովին ոսկեղեն լինի այն մահիճը, որի վրա դրված է հիվանդը, նա այդ բոլորի վրա բնավ ուշադրություն չի դարձնի. այլ կհրամայի հեռացնել ոսկեհուռ վերարկուները, և ձեռքը ներս տանելով, կզննի ամբողջ մարմինը՝ արդյոք ջե՞րմ է բնությունը, և սիրտն արդյոք հանգի՞ստ է իր տեղում, և կամ թե լյարդը փափո՞ւկ է, և կամ թե երակների շարժումը կարգի՞ն է. դրա համեմատ էլ բուժելու դարման կանի՝ առողջություն շնորհելով նրան։

«Իսկ արդ, եթե մարդկային բժշկությունը այսպես գիտե արհամարհել ամեն բան և միայն իր արվեստն առաջ տանելով գործ կատարել, որքա՞ն ավելի արժան է ձեզ, որ այս ամբողջ աշխարհը [ձեր] մեծ իշխանության տակ եք առել, հոգ տանել նախ ձեր հոգիները բժշկելու այս աշխարհի ամեն տեսակ ախտալիը մոլորություններից. իսկ մարմնով բոլորն էլ արդեն ձեր ծառայության մեջ էին։ Այժմ, որ դուք տգիտացել եք և անմահ հոգիներդ մահկանացու եք դարձրել Գեհենի անշեջ կրակի համար, ուզեք-չուզեք՝ մարմնով էլ բռնված եք անբուժելի ցավերով. և մեզ նախատում եք մարմնի ցավերի համար, որ մեր ազատ կամքից չեն առաջացել, այլ ինչպես յուրաքանչյուր մարդու պատահում է մարմնի բնության համեմատ։

«Եվ Քրիստոսը՝ կենդանի և կենդանարար ճշմարիտ աստվածը՝ իր բարերար կամքով հոգիների և մարմինների բժիշկ դարձավ. և նախ ինքն իր չարչարանքների ցավերի միջոցով բժշկեց ամբողջ մարդկային ազգը։ Եվ սրանից էլ ավելի խանդաղատելով ու գթալով՝ կրկին ծննդյամբ ծնեք մեզ անցավ և անվերք առողջությամբ, առողջացրեց գաղտնի հարվածներից վիշապի հասցրած հին վերքերը, և մեզ դարձրեց հոգով ու մարմնով անսպի և անարատ, որպեսզի բանակակից լինենք հրեշտակներին և զորք՝ մեր երկնավոր թագավորի համար։ Իսկ դու այս չիմանալով և վայելած լինելով աստծու երկնավոր պարգևները՝ չես էլ կամենում մեզնից սովորել, և դեռ մեզ էլ կամենում ես մոլորեցնել, որ անհնար է և չի լինի, և չես կարող անել։

«Իսկ իմ ցավագար մարմնիս մասին հակիր՝ կասեմ քեզ։ Շատ ուրախ եմ, երբ իմ մարմինը չարչարված եմ տեսնում. գիտեմ, որ իմ մեջ զորանում է հոգուս առողջությունը։ Մանավանդ որ ինձ համար գրավական ունեմ հեթանոսների մեծ վարդապետին, որ իր մարմնի ցավերով իրեն մխիթարում էր և սատանայական մարմնի տանջանքով պարծենում էր և ասում, «Որովհետև եթե տնկակից եղանք նրա մահվան նմանությանը, որքա՞ն ավելի ևս մասնակից կլինենք նրա հարությանը»[9]։ Իսկ դու, որ իշխանություն ունես մեզ վրա, դատիր մեզ քո չար կամքի համեմատ։ Ամենևին չենք վախենալու, ո՛չ քո ահագին ահավոր սպառնալիքներից և ո՛չ էլ երկյուղ ենք կրելու այն դաժան մահից, որ բերելու ես մեր գլխին»։

Այն ժամանակ երանելիներին մի փոքր մեկուսացրեց միմյանցից և միայն սուրբ եպիսկոպոսին ասաց, «Առաջ քեզ շատ գովասանք տվի, բայց քո անձի պատիվը չիմացար։ Հիշեցնում եմ քեղ այն չարիքները, որ դու գործել ես, որպեսզի ինքդ քեզ մահապարտ անես։ Իսկապես՝ դո՞ւ ավերեցիր ատրուշանը Ռշտունիքում և կամ կրակը դո՞ւ սպանեցիր. նաև, ինչպես լսեցի և ստապեցի, մոգերին էլ դո՛ւ ես չարչարել և պաշտամունքի սպասները դո՛ւ ես տարել. արդ, եթե իրոք դո՛ւ ես վերցրել, պատմի՛ր ինձ»։

Պատասխան տվեց սուրբը և ասաց. «Ա՞յժմ ես կամենում այդ իմանալ ինձնից, թե առաջուց գիտեիր»։

Դենշապուհն ասաց. «Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ»։

Եպիսկոպոսն ասաց. «Դու ինչպե՞ս ես կարծում՝ ասա՛ ինձ»։

Դենշապուհն ասաց. «Ես լսել եմ, որ բոլոր վնասները Ռշտունիքում դո՛ւ ես հասցրել»։

Եպիսկոպոսն ասաց. «Եթե այդպես ստույգ կերպով տեղեկացել ես, ինչո՞ւ ես նորից հարցնում»։

Դենշապուհն ասաց. «Ուզում եմ ճշմարտությունը քեզնից իման ալ»։

Եպիսկոպոսն ասաց. «Ո՛չ թե կյանքիդ օգուտն ես ուզում լսել ինձնից, այլ իմ արյունն ես ցանկանում»։

Դենշապուհն ասաց. «Արյունարբու գազան չեմ, այլ վրեժխնդիր եմ լինում աստվածներին անարգելու համար»։ Եպիսկոպոսն ասաց, «Համը տարրերին աստված ես անվանում և քո պատկերակից մարդկանց ուզում ես մորթոտել. քո թագավորի հետ միասին պատասխան պիտի տաս աստծու անկաշառ ատյանի առաջ։ Եվ ինչ որ քո չար կամքով ուզում ես լսել ինձնից, այդ ես կասեմ քեզ։ Արդարև կրակատունը ե՛ս ավերեցի և մոգերին ծեծելով չարչարեցի, և տան մեջ գտնված պղծության սպասները ե՛ս նետեցի ծովը։ Բայց կրակն ո՞վ կարող է սպանել, որովհետև արարածների ամենիմաստ արարիչը առաջուց հոգ տանելով՝ չորս նյութերի բնությունը հաստատել է անմահ։ Հապա՛, եթե կարող ես, սպանի՛ր օդը կամ փչացրո՛ւ հողը, որ խոտ չբուսցնի, գետը մորթի՛ր, որ մեռնի։ Եթե այս երեք բանը կարող ես անել, կրակն էլ կարող ես սպանել։

«Բայց քանի որ մեր ճարտարապետը այդ չորս տարրերն անքակտելի կերպով միացրել է, ուստի և կրակի բնությունը գտնվում է քարերի և երկաթների և զննելի բոլոր տարրերի մեջ, ինչո՞ւ ես ինձ ստությամբ զրպարտում, թե դու կրակն սպանել ես։ Հապա՛, սպանի՛ր արեգակի ջերմությունը, որ կրակի մասն ունի, և կամ հրաման տո՛ւր, որ երկաթից կրակ չթափվի։ Մեռնում է այն, որ շնչում է և շարժվում, դնում, ուտում է ու խմում. ե՞րբ ես տեսել, որ կրակը գնա կամ խոսուն ու գիտուն լինի։ Արդ, ինչ որ կենդանի չես տեսել, մեռա՞ծ ես ընդունում։ Որքա՜ն ավելի աններելի է ձեր ամբարշտությունը, քան բոլոր հեթանոսներինը, որոնք ավելի գիտուն են, քան թե դուք. նրանք թեև ճշմարիտ աստծուց մոլորված են, բայց անխոս տարրերին աստված չեն ընդունում։ Այժմ, եթե դու անգիտությամբ կորնչելի ես ասում կրակի բնությունը, այս արարածները քո ասածը չեն ընդունի, որովհետև դա խառն է բոլորից»։

Դենշապուհն ասաց. «Ես քեզ հետ ամենևին վեճի ու քննության մեջ չեմ մտնում այս արարածների բնության վերաբերմամբ. այլ խոստովանվիր ինձ՝ կրակը դո՞ւ ես հանգցրել, թե՞ ոչ»:

Պատասխան տվեց երանելին և ասաց. «Որովհետև չկամեցար ճշմարտությանն աշակերտ լինել, կասեմ քեզ քո հոր՝ սատանայի կամքը։ Ես հենց ինքս մտա ձեր կրակատունը և տեսա ձեր սնոտի ուսմունքի ամբարիշտ պաշտոնյաներին կանգնած, և կրակարանը կրակով լի բորբոքվում-այրվում էր նրանց առաջ։ Հարցրի նրանց խոսքով և ոչ թե ծեծով, թե ձեր մտքում ի՞նչ եք համարում այս պաշտամունքի կրակը։ Պատասխան տվին և ասացին. մենք ոչինչ չգիտենք. միայն այսքանը գիտենք, որ նախնիքների սովորություն է և թագավորի սաստիկ հրաման։

«Ասացի նրանց դարձյալ, այդ կրակի բնությունն՝ ինչպե՞ս եք հասկանում. արարի՞չ եք կարծում, թե արարած։ Բոլորը միաբան ասացին. մենք դրան արարիչ չենք համարում, ո՛չ էլ աշխատող մարդկանց հանգստացնող։ Մեր ձեռքերը կոշտացել են կացին գործածելով, և մեր մեջքերը քարթվել փայտ կրելուց, աչքերս ջրակալել են արտասուքներով դրա ծխի կծու լինելուց, և մեր երեսները մրոտվել են նրա թանձր ծխի խոնավությունից։ Եթե շատ ենք նրան կերակուր տալիս. սաստիկ սովածանում է. իսկ եթե բնավ չենք տալիս, բոլորովին հանգչում է. եթե մոտ ենք դնում և երկրպագություն ենք տալիս, այրում է մեզ, իսկ եթե ամենևին մոտ չենք գնում, մոխիր է դառնում։ Մենք այսպես ենք հասկացել դրա բնությունը։

«Դարձյալ ասացի նրանը. իսկ դուք լսե՞լ եք, թե ո՛վ է սովորեցրել ձեզ այդպիսի մոլորությունը։ Պատասխան տվին և ասացին. ի՞նչ ես լսելու մասին հարցնում մեզ. ահա նայիր՝ ինչ որ կա առջևդ. որովհետև մեր օրենսդիրները միայն հոգու աչքերով են կուրացած, իսկ մեր թագավորը մարմնի մեկ աչքով կույր է, իսկ հոգին բնավ աչք չունի։

«Այս պատճառով էլ, երբ լսեցի մոգերից այս, շատ խղձացի, որովհետև տգիտությամբ ճշմարիտը խոսեցին։ Մի քիչ չարչարեցի նրանց ծեծելով և հենց իրենց տվի կրակը, որ ջուրը գցեն և այսպես ասացի. «Այն աստվածները, որ երկինքն ու երկիրը շեն ստեղծել, թող կորչեն երկնքի տակից»։ Եվ հետո արձակեցի մոգերին»։

Երբ Դենշապուհը լսեց այս բոլորը սուրբ եպիսկոպոսի բերանից, սաստիկ զարհուրեց, որ թագավորին այդպես նախատեց և կրոնն անարգեց։ Ուստի և մինչև իսկ վախեցավ հարվածներ ու տանջանքներ տալ նրան, որ չլինի թե ավելի մեծ անարգանքներ ասել տա թագավորի մասին ատյանի մեջ, և իրեն վրա կասկած ընկնի իբրև այդ անարգանքների պատճառ, որ այնքան համբերողությամբ վեճի մեջ մտավ նրանց հետ։

Եվ որովհետև սուրը մեջքին կապած նստած էր ատյանում, սարսափ գցելով սրբերի վրա, մռնչաց ինչպես զայրացած առյուծ, և հանելով սուրը՝ գազանաբար հարձակվեց երանելիների վրա և կտրեց եպիսկոպոսի աջ ուսը թիկունքի հետ միասին և նրա ձեռքը վայր գցեց։ Իսկ նա ձախ կողմի վրա գետին ընկնելով՝ նորից զորացավ, աջ ձեռքը վեր բարձրացրեց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, այս կամավոր զոհը, որ ինքս ինձ ամբողջովին մատուցի քեզ, և խառնի՛ր ինձ քո սուրբ զինվորների գնդին»։

Դարձյալ քաջալերում էր իր ընկերակիցներին և ասում. «Դե՛հ, առաքինինե՛ր, ահա հասել է մեր նահատակության ժամը. մի վայրկյան փակեցեք մարմնավոր աչքերդ և իսկույն կտեսնեք մեր հույս Քրիստոսին»։ Եվ իր արյունի մեջ թավալվելով՝ ասում էր. «Կօրհնեմ տիրոջը ամեն ժամանակ, նրա օրհնությունը միշտ իմ բերանում է։ Տիրոջով թող պարծենա իմ անձը. հեզերը լսեն և ուրախ լինեն»[10]։ Եվ այս սաղմոսն ասելաթ հասցրեց մինչև այստեղ. «Արդարները շատ նեղություններ ունեն, այդ բոլորից կփրկի նրանց Տերը և կպահի նրանց բոլոր ոսկրները»[11]։

Եվ մինչդեռ մի քիչ ուժ կար մարմնում, հենց իր աչքերով նայեց ու տեսավ, որ երկնքից գալիս էին հրեշտակների շատ գնդեր և վեց պսակ կար հրեշտակապետերի ձեոին։ Նույնպես և ձայն լսեց վերևից, որ ասում էր. «Քաջալերվեցե՛ք, ի՛մ սիրելիներ, որովհետև ահա մոռացաք ձեր այդ վշտալի կյանքը և հասաք այս երանելի պսակներին, որ ձեր ճարտարությամբ կազմեցիք, վերցրեք և դրեք յուրաքանչյուրդ իր գլխին։ Որովհետև դրանց պատրաստելու համար հարկավոր նյութը դուք հայթայթեցիք, իսկ այդ դործի ճարտարությունը Քրիստոսի ամենասուրբ ձեռքով կազմվեց. դա ընդունեցեք այդ սպասավորների ձեռքից և պսակակից կլինեք Ստեփանոսին»: Շատ լավ տեսնում էր նաև այն, որ սուրը դեռ շողում էր երանելիների պարանոցի վրա։

Երբ սուրբ Ղևոնդն այս տեսավ, որ այլևս չեն ուզում մեկ-մեկ հարցնել ու դատել, այլ միանգամից մահի հրաման տրվեց, ասաց երանելի Հովսեփին. «Մոտեցի՛ր, առա՛ջ գնա սրի դեմ, որովհետև աստիճանով դու բոլորից բարձր ես»։ Եվ երբ այս ասաց, մեկը մեկի հետևից շարքով կանգնեցին, և որովհետև տագնապով ու շտապով ստիպում էին դահիճներին՝ միանգամից կտրեցին երանելիների պարանոցներն ու գցեցին սուրբ եպիսկոպոսի առաջ. իսկ նա հոգիներն ավանդելիս աղաղակեց և ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր մեր բոլորի հոգիները, և մեզ խառնի՛ր քո սիրելիների գնգերին»։ Եվ նույն տեղում անմիջապես նահատակվեցին բոլորը։

Եթե կամենաս նրանց հետ հաշիվ անել նաև մոգպետին, որ հավատաց Քրիստոսին, թվով յոթն են, բացի նաև այն երկուսից, որ Վատգեսում նահատակվեցին, և Թաթիկ անունով մյուս եպիսկոպոսից, որ [նահատակվեց] Ասորեստանում։ Իսկ այդ նույն տեղում վեց հոդի էին, որոնց անուններն են՝

Սահակ Ռշտունյաց եպիսկոպոս,
Սուրբ Հովսեփ Վայոց ձորից, Հողոցիմք գյուղից.
Ղևոնգ երեց Վանանդից՝ Իջավան գյուղից.
Մուշե երեց Աղբակից.
Արշևն երեց Բագրևանդից՝ Եղեգեկ գյուղից.
Քաջաջ սարկավագ, որտեղից Ռշտունյաց եպիսկոպոսն էր.
Իսկ երանելի Մոգպետը Նյուշապուհ քաղաքից.
Սամվել երեց Այրարատից՝ Արած գյուղից.
Աբրահամ սարկավագ՝ նույն գյուղից։

Արդ, Դենշապուհը, մոգպետն ու Զնիկան մայպետը նույն տեղում պահապաններ ընտրեցին ամեն մեկն իր սպասավորներից և այն անապատում, որտեղ այս վեց սրբերը նահատակվեցին, հրամայեցին երանելիների մարմինները պահել մոտ տասն օր կամ ավելի, մինչև արքունի բանակն անցնի գնա, որպեսզի, ասում են, այլակրոնները չգան ու չվերցնեն դրանց ոսկիները և բաժանելով տարածեն ամբողջ աշխարհով մեկ, որով և մարդիկ ավելի ևս քաջալերվելով կմոլորվեն-կգնան նածարացիների աղանդի հետևից։

Իսկ խուժիկը, որի մասին առաջ ասացինք, զենքով միասին սպասում էր այնտեղ պահապանների հետ, որպես նրանցից մեկը, իմաստությամբ լի և աստվածային գիտությամբ կատարյալ մի մարդ. նա սպասում էր և ակնդետ նայում, թե ի՞նչ եղանակով հնար գտնի սրբերի ոսկրները գողանալու նրանցից։

Եվ երբ երեք օր անցավ, մեծ սարսափ ընկավ բոլորի վրա, և ինչպես թմրած ու կիսամեռ անկանգնելի վեր ընկած մնացին այն երեք օրը։ Իսկ չորրորդ օրը պահապաններից երկուսը սաստիկ դիվահարվեցին։ Դարձյալ կես գիշերվան մոտ ահեղ ձայներ լսվեցին և ներքևից որոտաձայն թնդյուններ, երկրաշարժի դղրդոցի նման. երկիրը դողում էր նրանց ոտքի տակ և սրերի շողշողալուց կայծակ էր թափվում նրանց շուրջը։ Եվ տեսնում էին բոլոր դիակները կանգնած, և ատյանում ասածները բարձր ձայնով խոսում էին նրանց ականջին, այն աստիճան, որ նրանք՝ իրարանցման մեջ ընկնելով՝ միմյանց էին կոտորում։ Եվ այսպես տագնապած ու ցնորված՝ ընկերն ընկերոջից փախուստ տալով՝ չգիտեր, թե ուր էր գնում։ Եվ գալով՝ մեծ զարմանքով պատմեցին այն բոլոր անցքերն ու չարչարանքները, որ կրեցին։

Խորհրդի նստեցին երեք նախարարները և սկսեցին զարմանքով ասել միմյանց. «Ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվենք քրիստոնյաների այս անքննելի աղանդի հետ. որովհետև քանի կենդանի են, զարմանալի է նրանց կյանքը, ընչատյաց են՝ ինչպես անկարոտ մարդիկ, սրբասեր են՝ ինչպես անմարմինները, անաչառ են՝ ինչպես արդարադատ մարդիկ, աներկյուղ են՝ ինչպես անմահներ։ Եթե այս բոլորի վերաբերմամբ ասենք, թե նրանք տգետ են և հանդուգն, հապա ա՞յն ինչ անենք, որ այստեղ բանակում եղած բոլոր ցավագարները նրանց շնորհիվ առողջանում են։ Եվ կամ, որ այգ բոլորից մեծ է, ո՞ր մեռած մարդու դին է կանգնած երեվացել, և ո՞վ է նրանից որևէ խոսք լսել։

«Որովհետև սուտ չեն [ասում] մեր սպասավորները, մենք ինքներս ստուգել ենք սրանց ճշտությունը։ Եթե նրանք ուզենային մարմնավոր ագահություն խառնել գործի մեջ, մի փոքրիկ ակնարկ անեին բանակում եղած քրիստոնյաներին՝ իրենց կշոովը մեկ ոսկի կառնեին։ Մեկ էլ այն մարդիկ, որոնք դևի կողմից չարչարվեցին, ուրիշ ժամանակ նրանք ցավոտ չէին, մենք այդ գիտենք. հայտնի է, ուրեմն, որ այսոր մեծ հրաշք կատարվեց։ Եթե լուռ մնանք, մենք և մեր անձերը այդպիսով կասկածի տակ կընկնեն. իսկ եթե դրանց տանենք թագավորի առաջ, նա էլ դրանցից լսելով այդ բոլոր մեծամեծ հրաշքները, գուցե նույնիսկ մեր կրոնը քայքայվի»։

Պատասխան տվեց մոգպետն և ասաց նրանց. «Չէ՞ որ ինձ ոստիկան կարգեցին ձեր երկուսիդ վրա. ինչո՞ւ եք այդպես սրտնեղվում ու տագնապում ձեզուձեզ. դուք ձեր գործը կատարեցիք և արքունի հրամանը գլուխ բերիք։ Արդ, եթե այդ լուրն իմացվի և թագավորի առաջ որևէ հարցուփորձ լինի, այդ մեր, մոգերիս, գործն է. դուք անհոգ եղեք և ոչ մի բանի մասին մի՛ մտածեք։ Եվ եթե ձեր մտքերը զարհուրած են, առավոտը վաղ եկեք Դարիթիր որովհետև վաղն այնտեղ տեր Մովպետան Մովպետը զոհ է մատուցանելու. նա էլ ձեր մտքերը կհանգստացնե»։

Իսկ խուժիկը, երբ այս բոլորը լսեց և հասկացավ, որ այնուհետև նրանք հոգս չեն քաշելու սուրբ սպանվածների մասին, շտապեց շուտով տասը մարդ վերցրեց, որոնց քրիստոնյա լինելու վրա վստահ էր, և հասնելով այնտեղի բոլորին կարգին վիճակի մեջ գտավ։ Եվ որովհետև դեռ կասկած ուներ նույն դահիճների վրա, այնտեղից սրբերին էլի հեռացրին երկու հրասախի չափ։ Եվ երբ ապահովվեցին, մաքրեցին, կարգի բերին երանելիների ոսկրները. բերին բանակը և ծածուկ պահում էին. և կամաց-կամաց հայտնեցին նախ հայ զորականներին, ապա նաև բանակում եղած բազմաթիվ քրիստոնյաներին։ Եվ ընծայի առաջին պտուղը մատուցին կապված նախարարներին. և նրանք իսկույն ևեթ արձակվեցին իրենց կապանքներիցս, մահվան սպառնալիքը վերացավ նրանց վրայից, և ներման հրովարտակներ ուղարկվեցին Հայոց աշխարհը։

Այս երանելի խուժիկը, որ արժանի եղավ ծածուկ սպասավոր լինելու սրբերին, ինչ որ նրանց մահից մինչև այժմ ասվեց իբրև այս վճոի դատակնիք՝ սա՛ պատմեց մեզ կարգով այս ամենը — չարաչար քարշ տալը, դատավորների հարցուփորձը, սրբերից յուրաքանչյուրի պատասխանները, նրանց նահատակությունը և պահպանների կրած ահագին արհավիրքները, և երեք նախարարների հեծեծանքն ու տարակուսանքները, և նրանց սուրբ ոսկրների ամփոփումը ո՛չ թե խառնիխուռն մի տեղ ժողովելով, այլ նրանցից ամեն մեկը առանձին-առանձին՝ վեց տապանների մեջ ժողոված. և յուրաքանչյուրի անունն էլ սովորել ու տապանների վրա նշանակել էր։ Եվ երկաթե կապանքները դրել էր յուրաքանչյուրի ոսկրների հետ, որովհետև դահիճները դեն էին գցել, ինչպես նաև նշանակել էր յուրաքանչյուր տապանի հանդերձանքը։

Եվ սրանք վեցը իրենց սուրբ և ցանկալի մահով նահատակվեցին Հրոտից ամսի քսանևհնգին Ապար աշխարհի մեծ անապատում՝ Նյուշապուհ քաղաքի սահմաններում։


ԴԱՐՁՅԱԼ ՆՐԱՆՑ

ԽՈՍՏՈՎԱՆՈՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իսկ երանելիների աշակերտները կապանքների մեջ մնում էին նույն քաղաքի ներսում. արքունի մի դահճապետ եկավ և նրանց քաղաքից դուրս հանեց։

Նույն քաղաքից դուրս հանեց նաև հինգ ասորեստանցի քրիստոնյաների, որոնք նույնպես կապանքների մեջ էին Քրիստոսի անվան համար, սրանց հարցրեց խոսքերով, բայց չհամաձայնեցին արեգակին երկրպագություն տալ։ Չարչարեց նրանց ծեծելով, բայց նրանք ավելի ևս հաստատվեցին նույն մտքի մեջ. կտրեց նրանց քթերն ու ականջները և ուղարկեց Ասորեստան, որ արքունի [գործերում] մշակություն անեն։ Նրանք գնացին մեծ հոժարությամբ, կարծես թե մեծ պարգևներ ստացած լինեին թագավորից։

Այժմ դարձյալ եկավ նույն դահճապետը սուրբ սպանվածների աշակերտների մոտ, ընտրեց նրանցից երկուսին, որոնք ամենից համեստներն էին, մյուսներից հեռացրեց մի կողմ և ասաց նրանց. «Ձեր անուններն ի՞նչ է»։

Մեկը պատասխան տվեց և ասաց. «Ծնողներս իմ անունը Խորեն են դրել, իսկ դրա անունն Աբրահամ է. իսկ ըստ մեր շնորհատուր կարգի՝ Քրիստոսի ծառաներ ենք և այն երանելիների աշակերտները, որոնց սպանեցիք»։

Պատասխան տվեց դահճապետը և ասաց նրանց. «Իսկ այժմ ձեր գործն ի՞նչ է, և կամ թե՝ ո՞վ է ձեզ այստեղ բերել»։

Այս բանին Աբրահամը պատասխան տվեց և ասաց. «Այդ դուք պետք է մեր ուսուցիչներից իմանայիք, որովհետև նրանք չնչին մարդիկ չէին, այլ բավական հայրենի ստացվածքներ ունեին ըստ արժանիքի, այնպես էլ սպասավորեր, ո՛րը մեզ նման և ո՛րն էլ մեզանից ավելի լավ. ովքեր մեզ սնուցել և սովորեցրել են, նրանց հետ ենք եկել։ Որովհետև մեր աստվածատուր օրենքները պատվեր են տալիս մեզ սիրել նրանց ինչպես սուրբ ծնողների և ծառայել նրանց իբրև հոգևոր տերերի»։

Զայրացավ դահճապետն ու ասաց, «Անկիրթ և աներկյուղ ապստամբի նման ես խոսում։ Քանի որ խաղաղության մեջ և ձեր աշխարհում էիք, լավ էր. բայց երբ նրանք քրեական հանցանքի մեջ բռնվեցին արքունի գործերում և մահապարտ համարվեցին իրենց գործերի համեմատ, ձեզ վայել չէր ամենևին նրանց մոտ գնալ։ Չե՞ք տեսնում այս մեծ բանակի մեջ [ինչպես է լինում]. երբ պատվավորներից որևէ մեկը արքունի ժամանակավոր բանտն է ընկնում, սգի շորեր է հագնում, ջոկվում-հեռանում է և միայնակ է նստում և ամենևին ոչ ոք չի համարձակվում մոտ գնալ նրանց։ Իսկ դու այդպես պարծենալով ես խոսում, ինչպես մի անմեղ մարդու աշակերտ»։

Սրան պատասխան տվեց Խորենը և ասաց. «Ո՛չ ձեր կարգն է անիրավ և ո՛չ մերը սուտ. հանցավոր նախարարը ումից որ պարգև էր ստացել, այնպես պետք է հնազանդ լիներ նրան, որ բացի իր ունեցած շուքից ուրիշ մեծամեծ պարգևներ էլ ստանար նրանից։ Արդ, քանի որ այդ չի արել, նրան ձախողակի հակառակ բաներն են պատահել։ Եվ մեր ուսուցիչներն էլ, եթե հանցանք գործած լինեին աստծու դեմ և կամ որևէ կերպ մեղանչած թագավորի դեմ, նույն ձևով էլ մենք նրանց հետ կվարվեինք. ոչ մեր աշխարհում նրանց մոտ կգնայինք և ո՛չ էլ նրանց հետևից այս օտար աշխարհը կգայինք։ Բայց քանի որ երկու կողմերի վերաբերմամբ էլ արդար են վարվել, և դուք զուր ու անմեղ սպանեցիք նրանց, այժմ մենք է՛լ ավելի ենք սպասավորում նրանց սուրբ ոսկրներին»։

Դահճապետն ասաց նրան. «Ես արդեն առաջուց ասացի, թե դու մի շատ հանդուգն մարդ ես, ահա պարզ հայտնվեց, որ նրանց բոլոր հանցանքների մեջ դուք էլ խառն եք»։

Արրահամն ասաց. «Ո՞ր հանցանքի»։

Դահճապետն ասաց, «Նախ՝ մոգերի սպանման և ապա մնացած բոլոր հանցանքների մեջ»։

Արրահամն ասաց. «Այդ ո՛չ միայն մեզնից է, այլ նաև ձեր օրենքների կարգի համեմատ. թագավորները հրաման են տալիս ձեզ, իսկ դուք գործում եք ձեր սպասավորների ձեռքով»։

Դահճապետն ասաց, «Միհր աստուծով եմ երդվում, որ դու ավելի խիստ ես խոսում, քան թե քո ուսուցիչները. դրանից երևում է, որ դուք նույնիսկ ավելի վնասակար եք։ Արդ, ձեզ համար մահվանից փրկվելու հնար չկա, բացի արեգակին երկրպագելուց և մեր կրոնի պատվերները կատարելուց»։

Խորենն ասաց. «Մինչև այժմ իբրև մարդ էիր չարախոսում, իսկ այժմ իբրև անպիտան շուն ես վայրահաչում։ Եթե արեգակն ականջներ ունենար, դու նրան նախատել կտայիր. բայց նա բնությամբ անզգա է, իսկ դու չարությամբ ավելի անզգա ես, քան թե նա։ Ինչի՞ մեջ մեզ ավելի պակաս տեսար, քան մեր հայրերն էին։ Չլինի՞ թե խոսքերով ուզում ես փորձել մեզ. այլ հանդես բեր քո չարությունն ու մեր բարությունը, և թող ամոթով մնա քո հայր սատանան ո՛չ միայն մեզնից, որ ավելի կատարյալ ենք, այլև ով քեզ խիստ փոքրիկ է թվում, նա էլ սաստիկ վերքեր կհասցնի քո հոգուն ու մարմնին»։

Երբ այս լսեց դահճապետը՝ սաստիկ բարկացավ նրանց վրա։ Առաջիններից ավելի գետնաքարշ անել տվեց նրանց. և այնքան սաստիկ գետնաքարշ արին, որ շատերը կարծեցին, թե մեռան։

Բայց երբ երեք ժամ անցավ, նորից սկսեցին խոսել երկուսը և ասացին. «Քիչ ենք համարում այս անարգանքը և ոչինչ մեր մարմնին տված ցավերը՝ աստծու մեծ սիրո հանդեպ, որով նահատակվեցին մեր հոգևոր հայրերը։ Հապա՛, կանգ մի՛ առնի և մի՛ դադարի, այլ ինչ որ նրանց վերաբերմամբ արիր, նույնը կատարի՛ր նաև մեր վերաբերմամբ։ Եթե նրանց գործերը քեզ վատթար են թվում, մերը կրկնապատիկ համարիր. որովհետև նրանք խոսքով էին հրամայում, իսկ մենք գործով կատարում էինք հրամայվածը»։ Այն ժամանակ է՛լ ավելի զայրացավ նրանց վրա և հրամայեց մահու ծեծ տալ նրանց։ Նրանցից ամեն մեկին վեցական դահիճ փոխվեց, և մինչդեռ կիսամեռ ընկած էին գետնի վրա, հրամայեց երկուսի ականջները տակից կտրել։ Եվ այնպես խոր կտրեցին, որ կարծես երբեք իրենց տեղում չէին եղել։

Սաստիկ հարվածներից զարթնեցին ինչպես քնից, սկսեցին աղաչել ու պաղատել և ասացին. «Աղաչում ենք քեզ, թագավորի քա՛ջ զինվոր, կա՛մ մեզ էլ մահով սպանի՛ր, ինչպես մեր հայրերին, և կամ մեր պատիժն էլ վերջիններիս նման արա։ Որովհես և ահա մեր լսելիքն առողջացան երկնային առողջությամբ, իսկ հոտոտելիքը դեռ մնում են իրենց տեղերում ցավ ու չարչարանքի մեջ. կիսապարգև մի՛ անի մեզ երկնքի բարությունից։ Մեր մարմինները սրբեցին քարշ տալով և մեր լսելիքը՝ կտրելով սրբի՛ր նաև մեր քթերը կտրելով. որովհետև որքան մեզ տգեղացնես այս հողեղեն մարմնով, այնքան ավելի կգեղեցկացնես հոգևորով։

Դահճապետը մեղմորեն պատասխան տվեց և ասաց. «Եթե ես ավելի երկար մնամ ձեզ մոտ, կարծեմ ինձ էլ ձեր համառության աշակերտ կդարձնեք։ Ահա հայտնում եմ ձեզ նաև թագավորի կամքը։ Ձեզ պատմելու վերաբերյալ եղած հրամանն այդքան էր. իսկ այդ պատժից հետո դուք պետք է գնաք Ասորեստան և մշակություն անեք արքունի գործերում, որպեսզի ով ձեզ նայի՝ այդ նույն համառության մեջ հաստատ չմնա թագավորի հրամանների դեմ»։

Երանելիներն ասացին նրան. «Դու մեր երկիրը կիսագործ թողիր, մենք արքունի երկրում մեր կես մարմիններով չենք կարող աշխատել»։

Երբ այս լսեց դահճապետը, նրանց տանող զինվորներին աղաչեց և ասաց. «Այստեղից դուք առեք էթացեք միայն, երբ Ասորեստան հասնեն, թող շրջեն՝ ուր կամենում են»։

Սրանք են հայոց կատարյալ խոստովանողներր, որոնք ուրախությամբ իրենց անձերի վրա ընդունեցին խեղությունն ու չարչարանքը: Բայց որովհետև ազատվեցին սուրբ մահից, սգով ու տրտմությամբ էին գնում երկար ճանապարհը: Նրանց ծանր չէին թվում ոտների և ձեռների կապանքները. այլ ավելի այն, թե ինչո՞ւ արժանի չեղանք հավասարվելու քաջ նահատակներին։

Երբ նրանց տարան-հասցրին թաբելացոց երկիրը, մի գավառ, որ Շահուղ է կոչվում, թեպետ և արքունի պատժի ենթակա էին, սակայն թե՛ հայտնի և թե՛ գաղտնի մեծ ընդունելություն գտան այն երկրի բնակիչների կողմից։ Բայց երանելիներն. այնուամենայնիվ. խիստ տխուր էին այն իմաստով, թե քիչ ենք աշխատել և շատ ենք հանգստանում. և շարունակ նույն մտատանջության մեջ էին։

Նրանք աշխատում էին տեսնել նախարարների սուրբ կապանքները, ծառայել նրանց մարմնավոր պիտույքներին: Այս բանն իմաց տվին այն երկրի մեծամեծներին, որոնք քրիստոնեության նույն սուրբ ուխտի մեջ էին: Եվ բոլոր մեծամեծներն ու փոքրները հավանություն տվին սրան՝ հայտարարել ամբողջ երկրում, որ ամենքն էլ համաձայն լինեն մարմնավոր պիտույքներ [հայթայթելու] միջոցով մասնակից լինել սուրբ կապվածներին հեռավոր օտարության մեջ։

Եվ այսպես տարեցտարի ժողովում էին յուրաքանչյուր մարդու կարողության համեմատ, ո՛րից քիչ և ո՛րից շատ, ում ձեռին ինչ որ պատրաստ կար, թե՛ դրամ և թե՛ դահեկան, ժողովում-պատրաստում և տալիս էին երանելիներին, որ տանեն նրանց։ Եվ այսպես ծառայեցին նրանք, մինչև լրացավ սպասավորության տասը տարին։

Եվ որովհետև խիստ դաժան կյանքի մեջ էին այն շոգ երկրում և անդադար ճանապարհորդում էին նույն Շահուղ, Մեշովն և Քաշկար երկրներում և ամբողջ Ասորեստանում ու Խուժաստանում, սաստիկ տոթից խորշակահար մեռավ սուրբ Խորենը և ամփոփվեց այն երկրի բնակիչների կողմից սուրբ վկաների հետ։

Իսկ երանելի Աբրահամը շարունակ նույն առաքինի գործն էր կատարում. շրջում-հավաքում էր հավատացյալների բոլոր տուրքերը և տանում էր մեծ հեռաստանը և անձամբ բաժանում յուրաքանչյուրի կարիքների համեմատ: Եվ այսպես շարունակվեց մինչև պատժվածների տասներկուերորդ տարին, մինչև որ բոլորը միասին աղաչեցին նրան, որ համաձայնի դնալ Հայոց աշխարհը, որպեսզի երբ նա հասնի նրանց մոտ, նրա մեջ տեսնեն նաև այն քաջ նահատակներին, որոնք սպանվեցին սրով, նրանում տեսնեն նաև չարչարանքների սուրբ կապանքները։

Եվ երբ մարտիրոսները, խոստովանողներն ու կապվածները հանձին նորա տեսնվեն, նրա շնորհիվ կօրհնվի ամբողջ աշխարհը, նրա շնորհիվ կօրհնվեն և կաճեն նրանց երեխաները, նրանով կզգաստանան և դեպի սրբություն կդիմեն երիտասարդները, նրանով կհամեստանան և կիմաստանան նրանց ծերերը, նրա շնորհիվ նրանց իշխանները մարդասիրություն կսովորեն, նրա շնորհիվ Աստծուց գութ կընկնի թագավորի սիրտը՝ շենացնել ամբողջ երկիրը և խաղաղություն տալ նրան։ Նրանով կպարծենան եկեղեցիներն իբրև կատարյալ և քաջ զինվորով, նրանով կզարդարվեն վկայարանները, նրանով վկաներն էլ կցնծան և կբերկրին։ Նրանով նաև Ավարայրի դաշտը պայծառանալով՝ ծաղիկներով կլցվի, ո՛չ թե անձրևաբեր ամպերից, այլ նահատակների սուրբ արյունով և նրանց ցիրուցան եղած սուրբ ոսկրների սպիտակությամբ։ Երբ Խոստովանողն իր բազմավաստակ ոտքը դնի պատերազմի լայնատարած տեղերը, թեև ըստ իր բնության հող է, երբ կենդանի մարտիրոսը շրջի այնտեղ, կենդանին կենդանիների մոտ գնալով՝ ամբողջ աշխարհը նորից կենդանություն կստանա։

«Գիտենք, ասում են, երբ սրան տեսնեն Հայոց աշխարհի բոլոր միայնակյացները, սրանով կհիշեն պատերազմողների հոգևոր խմբերին, որոնք իրենց անձը, ասում են, մեր փոխարեն մահվան ենթարկեցին և իրենց արյունը թափեցին իբրև հաշտության զոհ աստծուն։ Սրանով կհիշեն այն սուրբ քահանաներին, որոնք սրախողխող արվեցին այս օտարության մեջ և իջեցրին թագավորի սաստիկ բարկությունը։ Սրանով թերևս մեր կապանքներն էլ հիշեն և աղոթք անելով խնդրեն աստծուն, որ մեզ համար գերությունից դարձ լինի դեպի մեր հայրենի երկիրը։

«Որովհետև սաստիկ փափագում ենք ոչ միայն մարմնավոր կարոտը լցնելու, այլ ավելի ևս տեսնելու մեր սուրբ եկեղեցիներն ու մեր սրբասեր պաշտոնյաներին, որոնց մենք նշանակեցինք ու հաստատեցինք այնտեղ։ Եվ եթե մյուս անգամ աստված հաջողի մեզ գնալ և լրացնել մնացածների կարոտոթյունը, գիտենք, որ աստված մեզ համար էլ կրանա իր ողորմության դուռը՝ միևնույն ճանապարհով գնալու, որով այս սրբի ոտքերը կառաջնորգեն»։

Այս խորհուրդը մտածելով աստվածաշնորհ նախարարները՝ մեծ թախանձանքով առան Խոստովանողի հավանությունը։ Եվ որովհետև երբեք սովորություն չուներ բարի բանին հակառակ գնալ, իր նախկին սովորության համեմատ այստեղ էլ շտապեր շուտով կատարել աստվածային առաքինության հետևողների միաբան հրամանը։ Եկավ-հասավ Մեծ Հայոց աշխարհը։

Իսկույն շտապեցին և նրա առաջ դուրս եկան տղամարդիկ և կանայք, մեծերն ու փոքրերը և ազատների ու շինականների ամբողջ բազմությունը։ Ընկնում էին և փաթաթվում սրբի ոտներով ու ձեռներով և ասում. «Օրհնվա՜ծ լինի տեր աստվածը բարձունքում, որ երկնքից մեզ համար պատգամաբեր ուղարկեց՝ հարության ավետիս բերելու մեզ, որպեսզի արքայության ժառանգ լինենք։ Որովհետև ահա քո մեջ կերպարանք առած ենք տեսնում հարության հուսով բոլոր հրաժարվածներին և արձակման ակնկալություն ունեցող կապվածներին։ Քո մեջ ենք տեսնում նաև մեր աշխարհի շինությունը խաղաղությամբ. քեզանով մեր եկեղեցիները ցնծում են և բերկրանքի մեջ են, և քեղանով մեր սուրբ վկաները անդադար բարեխոս կլինեն մեզ համար աստծու մոտ։ Օրհնի՛ր մեզ, մե՛ր սուրբ հայր, դու հանգուցյալների բերանն ես, մեզ հետ խոսի՛ր հայտնի օրհնությամբ, որպեսզի մեր հոգիների մեջ ծածուկ լսենք սրբերի օրհնությունները։

«Ճանապարհ բաց արիր նրանց համար, ովքեր փափագում էին գալ իրենց երկիրը. խնդրի՛ր Աստծուց, որ շուտով գան սուրբ կարապետիդ հետևից։ Եվ ինչպես որ բաց արի՛ր երկրի արգելված ճանապարհը, երկնքում էլ բա՛ց արա մեր աղոթքների դուռը, որպեսզի մեր՝ մեղավորներիս՝ պաղատանքն էլ հասնի աստծու առաջ նույն կապվածների բարեխոսության համար. և քանի դեռ այս մահկանացու մարմինների մեջ ենք, ինչպես որ տեսանք քո երանելի սրբությունը, տեսնենք նաև մեր անձկալի սիրելիներին, մենք, որ շատ ժամանակներից ի վեր կոտրված ու պաշարված ենք մեր հոգիներով ու մարմիններով։ Արդ, հավատում ենք անսուտ հույսին, որ ինչպես կատարվեց-լրացավ քո սուրբ սիրո մեծ տեսությունը, այնպես էւ մոտ ժամանակներս պիտի տեսնենք Քրիստոսի ճշմարիտ վկաներին, որոնց երկնավոր գեղեցկության տեսքին փափագում ենք շարունակ»։

Բայց երանելի Խոստովանողը, թեպետև այսպես սիրով ընդունվեց ամբողջ աշխարհի կողմից, ամենևին չուզեց որևէ մեկին մոտենալ մարմնավոր կարիքների բավարարման համար, այլ ընտրեց իրեն համար բազմամբոխ ժողովրդից մեկուսի մի տեղ և երեք առաքինի եղբայրների հետ մեծ ճգնությամբ ավարտեց իր կյանքը։

Եթե մեկը կամենա նկարագրել, դժվար թե կարողանա պատմել նրա առաքինի վարքը։ Որովհետև եթե նրա տքնությունն ասես, անշեջ կանթեղի նման վառվում էր ամբողջ գիշերներ. եթե սակավապետությունն ասես կերակուրների վերաբերմամբ, համարյա թե անկերակուր հրեշտակներին էր նմանվում։ Եթե հեզությունն ու խոնարհությունն ուզենաս ասել, կենդանի էակների մեջ չես կարող նրա նմանը գտնել. իսկ եթե անընչասիրությունն ուզենաս ասել, ինչպես որ մեռած մարդը կայքով չի խաբվի, այդպես էլ ճշմարտությամբ իմացիր այս երանելու վերաբերմամբ։

Անդադար ձայնով շարունակ պաշտամունք էր մատուցանում և անհատնում աղոթքով միշտ աստծու հետ խոսում էր բարձունքում։ Աղ եղավ նա անհամ ացածների համար, և դրդիչ խթան հանդիսացավ բոլոր ծուլացածների համար։ Նրանով պախարակվեց ագահությունը, և շվայտ որկրամոլությունը սաստիկ ամաչեց նրա շնորհիվ։ Նա առողջություն եղավ Հայոց աշխարհի համար և շատ վիրավորներ գաղտնի կերպով առողջություն գտան նրա շնորհիվ։ Նա կատարյալ ուսուցիչ եղավ իր ուսուցիչների համար և խրատատ ու սուրբ հայր՝ իր հայրերի համար։ Նրա համբավը լսելով՝ իմաստնացան տգետները, և նրա մոտիկությունը տեսնելովս զգաստացան լկտիները։ Մարմնով բնակվում էր մի նեղ խցի մեջ, իսկ նրա սրբության ահը պատել էր թե՛ հեռավորներին և թե՛ մերձավորներին։ Դևերը զարհուրեցին և փախան նրանից, հրեշտակներն իջան և շրջապատել էին նրան։

Հույները նրա պատճառով երանի տվին Հայոց աշխարհին և շատ բարբարոսներ շտապեցին տեսնել նրան մարմնով։ Նա սիրելի եղավ աստծու սիրելիներին և ճշմարտության թշնամիներից շատերին առաջնորդեց դեպի սուրբ սերը։ Իր առաքինության սկիզբը հենց մանուկ հասակից դրեց և նույն առաքինությամբ հասավ մինչև իր կյանքի վերջը: Ինչպես որ աշխարհիս սուրբ ամուսնության կարգի մեջ չմտավ, այնպես էլ այս աշխարհի բոլոր ապականացու բաների մարմնավոր պետքին չենթարկվեց։ Եվ եթե պետք է պարզորեն ասել, ինչպես որ մարմնի պիտույքները փոխեց հոգևոր պիտանացու բաների հետ, հենց այնպես էլ երկրից երկինք փոխադրվեց։


ԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Որոնք իրենց հոժար կամքով Քրիստոսի սիրու համար

իրենց անձերը արքունի կապանքների հանձնեցին

Սյունյաց ցեղից երկու եղբայրներ Բաբգեն և Բակուր.

Արծրունյաց ցեղից՝ Ներշապուհ և Շավասպ և Շնցին և Մերուժան և Պարգև և Տանատ.

Մամիկոնյան ցեղից՝ Համազսապյան և Համազասպ և Արտավագդ և Մուշեղ.

Աամսարականների ցեղից՝ Արշավիր և Թաթ, Վարձ. Ներսեհ և Աշոտ.

Ամատունյաց ցեղից՝ Վահան և Առանձար և Առնակ. Գնունյաց ցեղից՝ Ատոմ.

Դիմաքսյանների ցեղից՝ Թաթուլ և Սատոյ, երկու այլ ընկերներով.

Անձևացյաց ցեղից՝ Շմավոն և Զվարեն և Առավան.

Առավեղյանների ցեղից՝ Փապակ և Վարազդեն և Դատ.

Արծրունյաց տոհմից՝ Ապրսամ.

Մանդակունյաց տոհմից՝ Սահակ և Փարսման.

Տաշրացյաց ցեղից՝ Վրեն.

Ռափսոնյան տնից՝ Բարիկ և Հոհան: Այս երեսունևհինգ մարդկանցից ոմանք ավագ նախարարներից էին, ոմանք կրտսերներից, բայց բոլորն էլ մարմնով նախարարազուններ են, իսկ հոգևոր առաքինությամբ՝ բոլորն էլ երկնային քաղաքացիներ։ Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ էլ, ոմանք թագավորական տնից և ոմանք հենց նույն նախարարների տնից, քաջ նահատակների նիզակակիցներ ու մարտակիցներ։ Սրանք բոլորն էլ հոժարակամ հանձնվեցին չարչարանքների սուրբ կապանքներին։

Բայց մենք այժմ ոչ միայն այս բանի վրա ենք զարմացած, որ կամովին գնացին, փորձության մեջ ընկան, այլ ավելի այն բանի վրա ենք սքանչացած, որ նրանց նման փափկակյաց մարդիկ, ձյունապատ լեռների լայնարձակ ապրած բնակիչները, խորշակաբեր դաշտերի բնակիչ դարձան։ Նրանք, ովքեր ազատ էրեների նման շրջում էին ծաղկաբեր սարերում, ձեռքերն ու ոտքերը կապած հրվեցին Արևելքի բոցակեզ աշխարհը։ Հացի նեղության և ջրի կարոտության մեջ էին, ցերեկը խավարում և գիշերն անլույս, անվերարկու և անանկողին, գազանների նման գետնին փռված ինը տարի և վեց ամիս: Եվ այնպիսի մեծ ուրախությամբ էին տանում այդ նեղությունը, որ ոչ ոք ամենևին տրտունջ ու հայհոյանք շչսեց նրանց բերանից, այլ հորդառատ գոհացողություն՝ աստվածապաշտության մեջ գտնվող բարեկեցիկ մարդկանց նմանությամբ։

Եվ մինչդեռ նրանք այսպիսի նեղության մեջ էին, կասկած ընկավ թագավորի սիրտը, թե սաստիկ տառապանքի պատճառով ձանձրացած կլինեն իրենց դառն կյանքից։ Նրանց մոտ ուղարկեց մեծ հազարապետին և ասաց. «Գոնե այսուհետև զգաստացեք ձեզ ու ձեզ, և նույն համառության մեջ մի՛ մնաք. երկրպագեցեք արեգակին, և կարձակվեք այդ չարաչար կապանքներից և ամեն մեկդ. կրկին տեր կդառնաք ձեր հայրական գույքին»։

Պատասխան տվին երանելիներն ու ասացին. «Փորձելու համա՞ր ես եկել-հարցնում մեզ, թե՞ իսկապես թագավորն ինքն է ուղարկել քեզ»։ Հազարապետը երդվեց և ասաց. «Ասածիս մեջ ավելի կամ պակաս խոսք չկա, որ նրա բերանից դուրս եկած չլինի»։ Այն ժամանակ ասացին նրան. «Ովքեր մի անգամ աշակերտել են ճշմարտությանը, այլևս երբեք ետ չեն դառնա նրանից, այլ ինչ որ կան՝ այնպես էլ մնում են։ Մի՞թե այն ժամանակ չիմանալուց էինք պնդում, և այսօր նեղությո՞ւնն իմաստնացրեց մեզ. այդպես չէ։ Այլ մենք ափսոսում ենք այն բանի համար, թե ինչո՛ւ մենք էլ առաջինների հետ չվերջացրինք մեր կյանքը։ Իսկ այժմ աղաչում ենք քեզ և քո միջոցով ձեր թագավորին՝ այդպիսի բաների մասին մեզ այլևս մի՛ հարցնեք, այլ ինչ որ մտքներումդ դրել եք մեր վերաբերմամբ՝ կատարեցեք»։

Երբ մեծ հազարապետն այս լսեց, իր մտքում շատ գովեց նրանց հաստատամտությունը, և այնուհետև սկսեց նրանց սիրալիրություն ցույց տալ, ինչպես աստծու սիրելիների։ Եվ շատ հորդորական խոսքերով թագավորին համոզում էր, որ նրանց ների և արձակի իրենց կապանքներից։ Որովհետև նա թեպետ և փոխվեց արքունի հազարապետության պաշտոնից, և շատ բաներում վնասակար ճանաչվեց, ինքը հենց իրեն էր համարում Հայոց աշխարհի ավերման պատճառը, ուստի և մեծ անարգանքով իր տունն ուղարկվեց, սակայն կապվածների մասին երբեք չէր ուզում չարախոսել մինչև իր կյանքի վերջը։

Իսկ երանելիներից շատերը, որոնք ավելի երիտասարդ էին, սովորեցին իրենց հայրենի երկրի գիրն ու գրականությունը, և այն դարձավ նրանց համար հոգևոր կերակուր, որով իրենց խրախուսում էին և ընկերներին մխիթարում: Եվ այնպես զմայլվեցին իրենց մտքով ու հոդով, որ նրանց ծերագույններն անգամ փափկացան, երիտասարդացան, մանկացան։ Որովհետև թեպետ նրանց ուսման ժամանակներն անցել էին, սակայն բազմաթիվ սաղմոսներ բերան անելով հոգևոր երդակից էին դառնում մանուկների մատաղերամ բազմությանը։

Եվ այնպես էին պայծառացնում սրբության պաշտամունքը, մինչև որ դաժան դահիճներից ոմանք հրապուրվում էին՝ լսելով նրանց երգերի քաղցրությունը, և որքան իրենց ձեռքից գալիս էր, թագավորի հրամանից դուրս դյուրություններ էին տալիս նրանց, սեր ու խնամք էին ցույց տալիս բոլորին և շատ անգամ հոգում էին նրանց մարմնավոր կարիքները։ Մանավանդ որ աստծու հաջողությամբ բժշկության հրաշքներ էլ էին կատարվում նրանց ձեռքով, ինչպես որ դիվահարներից շատերը բժշկվեցին այն քաղաքում, որտեղ գտնվում էին կապվածները։ Քանի որ նրանց մոտ ոչ մի քահանա չկար, նրանց էին գիմում քաղաքի հիվանդներն ու ցավագարները, և նրանցից ստանում ամեն մեկն իր հիվանդության բժշկությունը։

Այլև այն աշխարհի մեծ իշխանը, որի անունը Հարևշղոմ Շապուհ էր, և որին հանձնված էին բոլոր պատժվածները, շատ գութ ու սեր ցույց տվեց նրանց բոլորին։ Նրանցից ծերերին հոր տեղ էր ընղունում, իսկ ավելի փոքրերին գգվում էր իբրև իր սիրալի որդիների։ Շատ անգամ գրեց արքունիք և հայտնեց կապվածների տառապանքն ու նեղությունը, և նրանցից յուրաքանչյուրի ազնիվ վարք ու բարքը բացատրեց նրանց, մեծամեծների առաջ ճգնում, ամեն տեսակ հնարքներով ջանք էր գործ գնում, մինչև որ շատ բարեխոսների միջոցով թագավորի հաճությունն առան։ Հրամայեց նրանց կապանքներն արձակել և վերացնել նրանց վայից պատժի սուգը և նրանց նախարարությանը վայել զգեստ հագցնել, նրանց ռոճիկ կարգեց և հրամայեց ամբողջ սպառազինությունն արքունիքից տալ։ Գրեց և հանձնարարեց մեծ սպարապետին, որ արքունի զորքի հետ պատերազմելու գնան։

Եվ երբ այսպես կարգադրվեց ու կատարվեց թագավորի նոր հրամանը, շատ տեղերում, ուր որ նրանք հասան, գերազանց գտնվեցին՝ քաջության գործում, այնպես որ նրանց մասին գովասանության գրություն էլ գրվեց Դուռը։ Թագավորի սիրտն այնպես քաղցրացավ, որ հրամայեց բոլորին իր առջև բերել։ Եկան և ներկայացան արքայից արքա Հազկերտին։ Ուրաիս-զվարթ հանդիպեց նրանց, հանգիստ խոսքերով խոսեց նրանց հետ և խոստացավ ամեն մեկին իր իշխանությունը տալ հայրենի պատվի կարգով և նրանց իրենց աշխարհն ուղարկել քրիստոնեական կրոնը պաշտելու, որի համար այնքան մեծամեծ չարչարանքներ էին կրել։

Եվ մինչդեռ նրանք այնտեղ մեծ ուրախությամբ [աղատ] շրջում էին բանակում թագավորի առաջ, այդ նույն ժամանակ հասավ թագավորի կյանքի վերջը՝ իր թագավորության տասնիններորդ տարում։ Եվ միմյանց հակառակ դուրս գալով՝ նրա երկու որդիները կռվում էին թագավորության համար, այս դժնդակ պատերազմի գործը սաստկությամբ շարունակվեց երկու տարի։

Մինչդեռ նրանք այս խռովության մեջ էին, ապստամբեց նաև Աղվանից թագավորը. որովհետև նրանց քեռորդին էր և հայրենի հավատի համաձայն առաջ քրիստոնյա էր, և արքայից արքա Հազկերտը նրան բռնությամբ մոգական կրոնին էր դարձրել։ Եվ նա իրեն համար հարմար ժամանակ ընտրելով՝ իր անձը մահվան վտանգի ենթարկեց. ավելի լավ համարեց պատերազմում մեռնել, քան թե ուրացությամբ թագավոր լինել։ Այս բոլորի պատճառով ուշացավ նրանց [Հայոց] աշխարհն ուղարկելը։

Իսկ Հազկերտի կրտսեր որդու դայակը, որի անունը Ռահամ էր Միհրան տոհմից, թեև տեսավ Արյաց զորքը երկու մասի բաժանված, բայց մեկ կիսով գազանաբար հարձակվեց թագավորի երեց որդու վրա. ջարդեց, կոտորեց նրա զորքը և թագավորի որդուն ձերբակալելով՝ հրամայեց տեղն ու տեղը սպանել։ Իսկ մնացած զորքն էլ հավանության բերեց և միաբանություն հաստատեց Արյաց ամբողջ զորքի մեջ, և թագավորեցրեց իր սանին, որի անունը Պերոզ էր։

Թեպետև Արյաց աշխարհում կատարյալ խաղաղություն հաստատեց, բայց Աղվանից թագավորը չէր ուզում նորից ծառայության տակ մտնել. այլ նա քանդեց ճորա պահակը և Մասքութների զորքն այս կողմն անցկացրեց. միաբանեց տասնևմեկ լեռնական թագավորներին և պատերազմով ընդդեմ կացավ Արյաց զորքին և մեծ վնաս պատճառեց արքունի զորքերին։ Թեպետ երկու-երեք անգամ աղաչանքի գրություններ ուղղեցին նրան, բայց չկարողացան այդ մարդուն համոզել. նա գրով ու պատգամներով հանդիմանում Էր նրանց՝ Հայոց երկիրն իզուր տեղը ավերելու համար։ Նրանց հիշեցնում էր նախարարների մահը և կապվածների չարչարանքները։ Ասում էր՝ «Այնչափ սիրո և վաստակների համար փոխանակ կյանք շնորհելու, նրանց արևը խավարեցրիք։ Լավ կլինի ինձ համար, ասում է, նրանց չարչարանքները հանձն առնել, քան թե քրիստոնեությունը թողնել»։

Եվ երբ տեսան, որ ո՛չ բռնությամբ և ո՛չ էլ սիրով չկարողացանք համոզել նրան, շատ գանձեր ուղարկեցին Խայլանղուրների աշխարհը, բաց արին Ալանների դռները, շատ զորք հանեցին հոներից և մի տարի կռվեցին Աղվանից թագավորի դեմ։ Թեպետև նրա զորքը ցրվեց ու հեռացավ նրանից, սակայն նրան չկարողացան հնազանդեցնել, այլ դեռ մեծամեծ հարվածներ Էլ ստացան, որը պատերազմով և որը հիվանդությունների չարչարանքներով։ Եվ պաշարումը երկար ժամանակ տևելու պատճառով աշխարհի մեծ կեսն ավերվեց, բայց ոչ ոք նրանից չերկմտեց ու չբաժանվեց։

Պարսից թագավորը դարձյալ մարդ ուղարկեց նրա մոտ՝ «Իմ քրոջն, ասաց, և քեռորդուս ուղարկի՛ր ինձ մոտ, որովհետև ի բնե մոդական կրոնի հետևող էին, և դու քրիստոնյա դարձրիր, իսկ աշխարհդ թող քեզ մնա»: Բայց այն սքանչելի մարդը կռվում էր ո՛չ թե տերության համար, այլ աստվածպաշտության: Մորն ու կնոջը ուղարկեց և ամբողջ աշխարհից հրաժարվեց. իսկ ինքը վերցրեց ավետարանը և ուզում էր աշխարհից հեռանալ։

Երբ այս բանը լսեց թագավորը, շատ ափսոսաց ու ցավեց իր մտքում, և ամբողջ մեղքն իր հոր վրա էր գցում։ Անսուտ երդում կնքեց և ուղարկեց նրան, թե՝ երկրիցդ մի՛ հեռանա միայն, և ինչ որ ասես՝ կանեմ։ Նա խնդրեց՝ ինչ որ մանկությունից իր սեփականն էր և որ իր հայրը շնորհել էր նրան երեխա ժամանակ — հազար տուն. թագավորից ստացավ այդ և միայնակյացների հետ միասին նստեց այնտեղ։ Եվ այնպես անդադար աստվածային պաշտամունքով զբաղվեց, որ ամենևին չէր էլ հիշում, թե առաջ թագավոր է եղել։

Այս բոլոր երկարատև խռովությունները, որոնք շարունակվեցին մինչև արքայից արքա Պերոզի հինգերորդ տարին, պատճառ եղան Հայոց նախարարների չարձակվելուն։ Բայց [նախկին] տարիների սովորությունից ավելի շատացրեց նրանց ռոճիկները և արքունի խնջույքներին մասնակցելու իրավունք տվեց։

Եվ նույն հինգերորդ տարում նրանցից շատերին կրկին շնորհեց նրանց գույքը և մյուսներին էլ հույս տվեց, որ վեցերորդ տարին բոլորին անխտիր կարձակի իրենց գույքով ու պատվով։

Բայց ես դարձյալ պիտի վերադառնամ այս կետին։ Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանցն ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան թե իմացածներս։ Հինգ հարյուրի չափ անուն-անուն ճանաչում եմ, ո՛չ միայն նրանցից, ովքեր ավագագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից։

Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել։ Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին։ Ամենևին չհիշեցին մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից է՛լ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան։

Ո՛չ միայն իրենց հոգիների մեջ մխիթարված էին հավիտենական հույսի աներևույթ զորությամբ, այլև մարմնի նեղություններով է՛լ ավելի կրեցին ծանր բեռը։ Որովհետև թեպետ ամեն մեկն էլ իրենց ձեռնասուն սպասավորներն ունեին, բայց նրանց մեջ չէր երևում, թե ո՛րն է տիկինը և կամ ո՛րը նաժիշտը. բոլորի զգեստները միատեսակ էին և միապես երկուսն էլ պառկում էին գետնին։ Ոչ մեկը մյուսի համար անկողին չէր գցում, որովհետև մինչև իսկ չգիտեին խոտեղենները ջոկել միմյանցից. միևնույն թուխ գույնն ունեին փսիաթները և միևնույն սև գույնի էին գլխատակերի բարձերը։

Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ՝ նրանց ազատների սովորության համաձայն սպասավորելու համար, այլ այդ ամենը ընդհանուր էր։ Շաբաթամուտն անց էին կացնում անապատում բնակվող միայնակյացների կարգով։ Ո՛չ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ոչ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում. փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար։ Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրվեցին և ո՛չ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար. նրանցից ոչ մեկի դռների մոտ նվիրակ չկանգնեց, և պատվական մարդիկ չկանչվեցին նրանց խնջույքի սեղանին. նրանց մտքերից չանցավ, թե գուցե սնուցանող որևէ դաստիարակ կամ մի սիրելի հարազատ ունեն։

Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում. կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը, և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները. ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Չորացան-ճողեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։

Իրենց աչքերով տեսան իրենց կայքերի հափշտակությունը և իրենց ականջներով լսեցին իրենց սիրելիների վշտերն ու չարչարանքները. նրանց գանձերն առան, թագավորական արին, և ամենևին զարդեր չմնացին նրանց երեսների վրա։

Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որմեք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ. շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղոթատները. առանք ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը։ Ովքեր իրենք մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենք սովորական փափուկ կյանքը։ Նրանք մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետն ի վրա էին քնում։

Մշտական սաղմոսներն էին նրանց բերանների մրմունջները, իսկ կատարյալ մխիթարությունը մարգարեների [գրքերի] ընթերցումն էր։ Երկու-երկու միաբանվեցին իբրև իրար համաձայն ու հավասար ամոլներ՝ ուղիղ տանելով արքայության ակոսը, որպեսզի առանք վրիպելու հասնեն խաղաղության նավահանգիստը։

Մոռացան իրենք կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ. կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը. կտրեցին ագահության արմատները և չորացան նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությանը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը։ Աղոթքով բաց արին երկնքի փակված դռները և սուրբ խնդրվածքներով հրեշտակներին ցած բերին փրկության համար. ավետիս լսեցին հեռաստանից և փառավորեցին աստծուն բարձունքում։

Այն այրիները, որ նրանց մեջ կային, նորից առաքինության հարսներ դարձան և իրենց վրայից վերացրին այրիության նախատինքը։ Իսկ կապվածների կանայք կամովին կապեցին իրենց մարմնավոր ցանկությունները և հաղորդակից եղան սուրբ կապվածների չարչարանքներին. իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին, և հեռվից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկվածներին։ Իրենց մատներով աշխատեցին ու կերակրվեցին, և թագավորից նրանց համար նշանակված ռոճիկը տարեցտարի թոշակ էին անում և նրանց ուղարկում մխիթարելու համար։ Նմանվեցին անարյուն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրությամբ ապրում են առանց կերակրվելու և կենդանի են միայն օդ ծծելով՝ նմանվելով անմարմին հրեշտակներին։

Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ և նոր ծիծեռներ եկան. կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուրիներին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց. նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա։

Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից։ Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իբենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով։

Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՜րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին. այլ այն էր նրանց իղձն ու աղոթքն առ աստված, որ ինչպես սկսել են, այնպես էլ քաջությամբ ու երկնավոր սիրով լի նույնը գլուխ հանեն-վերջացնեն:

Ե՛վ մենք, և՛ նրանք առհասարակ ժառանգենք երկնքի արքայությունը և հասնենք այն ամենին, ինչ որ խոստացված է աստծու սիրելիներին հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի։

  1. Սաղմ. ԽԲ 3:
  2. Սաղմ. ՃԺԵ 1 Հմմտ Սաղմ. ՀԸ 9-10 և Հովել Բ 17:
  3. Սաղմ. ԻԶ 1:
  4. Սաղմ. Ը 2-3:
  5. Սաղմ. Ը 4:
  6. Սաղմ. ԼԵ 11-13:
  7. Հմմտ. Հռովմ. ԺԳ 1-5:
  8. Սաղմ. ԻԱ 17-18:
  9. Հռովմ. Զ 5:
  10. Սաղմ. ԼԳ 2:
  11. Սաղմ ԼԳ 21: