Վարդանի և հայոց պատերազմի մասին/Վեցերորդ գլուխ

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԴԱՐՁՅԱԼ, ՀԱՅԵՐԻ ԱՌԱՔԻՆՈԻԹՅՈԻՆԸ

ԵՎ ՎԱՍԱԿԻ ԱՆՕՐԵՆՈԻԹՅՈՒՆԸ

Արդ՝ այն ժամանակ [Վասակը] դարձյալ դրդեց Մուշկան-Նիսալավուրտին և Արյաց բոլոր մեծամեծներին. զորքը հետն առնելով հասավ այն ամրոցը, որտեղ ապաստան էին գտել Հայոց զորքերից մի գունդ սուրբ քահանաների հետ միասին, և սկսեցին պատերազմել բերդի շուրջը։ Բայց երբ ոչինչ չկարողացան անել նրանց, կրկին ապաստանեցին երդումներին, որպեսզի դաշնադրությամբ ցած իջեցնեն նրանց առանց որևէ դավադրության, և երկու-երեք անգամ [նրանց] մոտ ուղարկեցին Ավետարանը։ Թեպետև քահանան երբ համաձայնում էին իջնել ցած և ներկայանալ, բայց զորականներից շատերը չէին կարողանում հավատալ Վասակի սուտ դաշինքին, որովհետև Մուշկան-Նիսալավուրտն սկսեց հետևել Վասակի չարամիտ խրատին։

Հայոց քաջ զորականներից մեկը, Բակ անունով, որ փախչելով ընկել էր բերդը, բարձրանալով պարսպի վրա՝ սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր Պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել էր Հայոց աշխարհին։ Այս բանը շատերը լսելով՝ արդարացնում էին մեղադրանքները ո՛չ միայն Հայերի կողմից, այլ մանավանդ Պարսից զորքը։ Այդ միևնույն մարդը նույն գիշերը ելավ-հեռացավ այն բերդից յոթ հարյուր հոգով, և չկարողացան բռնել նրան։ Իսկ ովքեր ամրոցի ներսը մնացին, թեպետև ստույգ գիտեին նրանց խաբեբայական երդումները, բայց ներսում պաշար չունեին։ Երբ ակամա ցած իջնելով՝ ներկայացան նրան, հրամայեց նրանցից սպանել երկու հարյուր տասներեք հոգու։ Բոլորն աղաղակեցին և ասացին. «Շնորհակալ ենք քեզանից, մեր տե՛ր աստված. քանի դեռ շեն են եկեղեցիները, և չեն քանդված վկաների մատուռները, և միաբան ու առաքինացած է եկեղեցու սուրբ ուխտը, մեզ արժանի արիր այս երկնավոր կոչումին։ Թո՛ղ մեր մահը հավասարվի քաջ նահատակների մահվանը, և մեր արյունը խառնվի ընկած վիրավորների արյան հետ, և տիրոջը հաճելի լինեն իր եկեղեցիները՝ այն բազմաթիվ կամավոր զոհերով, որոնք բարձրանում են այս սուրբ սեղանի վրա»։ Այս ասելով՝ տեղնուտեղը նահատակվեցին երկու հարյուր տասներեք հոգին։

Իսկ այն ամրոցում գտնված սուրբ քահանաները, այս երանելի Հովսեփն ու Ղևոնդն իրենց բազմաթիվ ընկերներով, նրանք ևս իրենց պարանոցները մեկնեցին դահճապետի սրի առաջ, միևնույն խոսքերն ասելով, ինչ որ այն երկու հարյուր հոդին։ Որովհետև այս երանելիները ո՛չ թե որևէ ակնկալություն ունեին մարմնավոր կյանքի համար, այլ իմաստությամբ հնարք էին փնտրում [զոհվելու] ամբողջ աշխարհի շինության համար։ Ուստի և բողոքեցին արքունիք և ամբողջ մեղքը գցեցին անօրեն Վասակի վրա։ Երբ այս յսեց Մուշկան-Նիսալավուրտը, չհամարձակվեց նրանց մահվան պատիժ տալ. այլ Հովսեփին ու Վևոնդին ծեծել տալով՝ հրամայեցին զգուշությամբ պահել, որովհետև բողոքեցին արքունիք։ Իսկ մյուս քահանաներին արձակեցին ամեն մեկին իր տեղը, հրաման տալով, որ աշխարհը շենացնեն և խաղաղացնեն։

Սակայն հայ մարդիկ, որ լավ հասկացել էին թագավորի և ուրացող չարամիտ Վասակի հեղհեղուկ հրամանները, բոլորովին չհավատացին այդ կեղծ ներմանը, այլ քաջալերում էին միմյանց և ասում. «էլ ինչի՞ է պետք մեզ այս անցավոր աշխարհի կյանքը, և կամ ինչո՞ւ ենք արև տեսնում մեր սիրելիներից հետո։ Որովհետև քանի որ մեր քաջ կտրիճներն ընկան մեծ պատերազմում և բազմաթիվ վիրավորներ արյունաշաղախ տապալվեցին դաշտի մեջ, և բոլորի մարմիններց թոչուններին գեշ և գազաններին կերակուր դարձան, և մեր պատվական նախարարները թշվառության ու անարգանքի հասան, լքեցին իրենց իշխանությունները և հալածանքի ու նեղության մեջ են, երբ Հայոց բոլոր փափկասունները վշտերի ու վտանգի և Ասված ոչնչացման ենթարկվեցի, էլ ականջ չենք գնի այդ խաբեբայական հրամաններին և չենք ընկնի անօրեն իշխաններիդ ձեռքը»։

Այնուհետև յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկած աթոռներից և երեխաները [ծնողների] գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոցներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածպաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խոտեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ Այդ դարուփոսերը նրանք հավասար էին համարում [իրենց] բարձր շենքերի հարկերին, իսկ գետնանկողինները՝ նկարազարդ պատշգամբներին։

Նրանց մրմունջներն ու երդերը սաղմոսներն էին, իսկ կատարյալ ուրախությունը՝ սուրբ գրքերի ընթերցումը: Ամնն մարդ ինքն իր մեջ եկեղեցի էր և նույն ինքը քահանա. յուրաքանչյուր մարմին սուրբ սեղան էր, և նրանց հոգիները՝ ընդունելի զոհաբերություն։ Որովհետև նրանցից ոչ մեկը հուսահատորեն չէր ողբում սրով ընկածներին, և ոչ ոք չէց հեծում ու հառաչում իր մերձավոր սիրելիների համար։ Ուրախությամբ ընդունեցին իրենց մեծ գույքերի հափշտակությունը, և ամենևին չէին հիշում, թե երբևիցե ստացվածք են ունեցել։ Համբերությամբ դիմանում էին և մեծ առաքինությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե թաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքինություն կատարել։

Որովհետև շատերը մեծ նախարարների ցեղից էին, եղբայրներ, որդիներ ու դուստրեր, իրենց բոլոր սիրելիների հետ միասին այդ ամուր վայրերում էին, ոմանք, Խաղտյաց անլույս երկրում և ուրիշ շատերը հարավային կողմերում՝ Տմորիքի անմատչելի ամրոցներում, մի մասն էլ Արցախի խիտ անտառներում, և ուրիշ ոմանք այնտեղ Միջնաշխարհում տիրեցին շատ ամրոցների։ Բոլորն էլ մեծ համբերությամբ տանում էին բազմաթիվ նեղություններ Բրիստոսի սիրո համար և միայն մի բան էին աղաչելով խնդրում աստծուց, որ սուրբ եկեղեցիների ավերվելը չտեսնեն։

Բայց ինչպես որ շատ անգամ արդեն ցույց ենք տվել ամբարիշտ [Վասակի] չարամտությունը, հորդորում և ստիպում էր մոտիկ վայրերում գտնվող Պարսից զորքերին, որ թագավորի հրամանով նրանց օգնելու համար զորք գա։ Եվ շատ հեծելազոր եկավ՝ ավելացավ սպանվածների տեղը, և զորքի թիվն էլի առաջվա չափ եղավ։ Սրանք, առաջ շարժվեցին դեպի Միջնաշխարհը և պատերազմ սկսեցին Կապույտ լեռան մեծ ամրոցների դեմ։ Իսկ ներսում գտնվողները քաջությամբ կռվելով ջարդեցին Պարսից զորքից շատերին և մնացածներին փախցրին-հասցրին բանակը։ Իսկ նրանք դարձյալ անուշ խոսքերի դիմելով՝ ուզում էին խաբեությամբ նվաճել նրանց։

Երբ ոչ ոք չհավատաց ու չիջավ նրանց մոտ, որպեսզի չարաչար կերպով չմատնվեն թշնամիների ձեռքը, հարկ եղավ, որ երդումների պատճառով նրանց մոտ մի քահանա իջնի, որի անունն Արշեն էր։ Սա խոսում էր նրանց հետ մտերմաբար ու աղերսելով, ապացուցում էր անմեղների փախուստի անվնաս լինելը, աշխատում էր շարժել ուրացող Վասակի գութը և պաղատելով հիշեցնում էր նրան քրիստոնեության առաջին ուխտը, որպեսզի նա թերևս մի քիշ մեղմանա անչափ դաժանությունից։ Բայց նա ամենևին չլսեց և ականջ չդրեց նրա բազմաթիվ խոսքերին, կապեց ու տարավ երանելուն և նրա հետ իջած մարդկանց։ Մանավանդ երբ տեսավ, որ զորավարը նրա խրատին է հետևում, այնուհետև սկսեր շատ տեղեր ասպատակներ ուղարկել, և մարդկանց ինչ բազմություն էլ գտնում էին ամրոցներից դուրս, դերի տարան և ջահը ձեռքներն առած՝ շատ տեղեր կրակ տվին։

Իսկ ովքեր Տմորիքի ամրոցներում էին, երբ լսեցին արքունի զորքի կատարած այս բոլոր չարագործությունները, էլ ամենևին օգտակար չհամարեցին ամրոցներում նստելը։ Քաջությամբ դուրս եկան և հարձակվեցին ամրոցականների օգնությամբ, և հասնելով պարսիկների մոտակա երկիրը, անխնա կոտորելով՝ արյան նախճիրներ գործեցին, մնացածներին էլ գերի վերցնելով տարան-գցեցին ամրոցները և ջահը ձեռքներն առած՝ այն երկրի շինությունները հրի ճարակ դարձրին։

Նույնպես և Խաղտյաց լեռներում գտնվածները՝ երբ տեսան, որ Պարսից զորքը հանդգնաբար և աներկյուղ դիմում է Հայոց աշխարհի ամրոցների վրա, նրանք էլ մեծ զորությամբ հարձակվեցին Տայքի ձորագավառին վրա։ Այնտեղ նրանք գտան արքունի զորքերից մի մեծ գունդ, որոնք ուղում էին այն երկրում ամրացած մարդկանց գնրի առնել. նմանապես և կարծում էին, թե նախարարների գանձերն այնտեղ են, ուստի և անխնա հետախուզում էին այն վայրերը։

Այնտեղ տեսան նաև, որ երկու գյուղերում այրել են եկեղեցիները. այս բանի պատճառով է՛լ ավելի բարկացան ու նախանձախնդրությամբ լցվեցին։ Հարձակվեցին, բախվեցին միմյանց և հզորապես հաղթելովս ջարդեցին Պարսից գնդի զորությունը. նրանցից շատերին կոտորեցին, իսկ մնացածներին քշեցին-փախցրին երկրից:

Եվ այնչափ հանդուգն հարձակումից միմիայն Հայոց Վարդան սպարապետի եղբայր երանելի Հմայակը՝ անձնազոհ քաջությամբ կռվելով՝ նահատակությամբ վախճանվեց միաբանության սուրբ ուխտի համար: Իսկ մնացած բոլորը ողջ և առողջ փրկվելով կռվից հաչածում էին փախստականներին։

Եվ երբ այս այսպես կատարվեց, թագավորի զորքը դադարեց անխտիր կերպով ամեն տեղ գործի մեջ խառնվելուց, և մանավանդ զգուշանում էին եկեղեցիներին ձեռք տալուց։ Նորից մի անգամ էլ սկսեցին հարցնել արքունիքին։

Նմանապես և ովքեր փախել-ընկել էին Արցախի անտառները, իրենց տեղերում ամենևին հանգիստ չմնացին, այլ շարունակ մարդ էին ուղարկում Հոնաց աշխարհը, գրգրռում և հորդորում էին Հոների զորքին և նրանց հիշեցնում էին այն ուխտը, որ դրել էին հայերի հետ և անսուտ երդումով հաստատել։ Նրանցից շատերին հաճելի էր թվում քաղցրությամբ լսել այս խոսքերը։ Նաև նրանց սաստիկ մեղադրում էլ էին, թե «Պատերազմի ժամանակ ինչո՞ւ պատրաստված չեկաք»։ Եվ թեպետ սկզբում չկարողացան միմյանց հետ համաձայնել, բայց հետո մեծ զորք հավաքեցին և անմիջատես հարձակվելով հասան Պարսից տերության սահմանները. և շատ գավառներ ավերելով՝ է՛լ ավելի շատ գերիներ տարան իրենց աշխարհը, և հայտնապես ցույց տվին թագավորին այն միաբանությունը, որ անեին Հայոց զորքի հետ։

Իսկ երբ այս բոլորի լուրը հասավ Պարսից զորավարին, սրտմտեց ու զայրացավ և մեծ բարկությամբ մեղքը գցում էր անօրեն Վասակի վրա, որպես թե նա է այն բոլոր չարիքների սկիզբն ու առաջնորդը, որոնք գործվեցին։ Եվ այնտեղից վեր կացավ, առաջ խաղաց, գնաց-հասավ Պարսիք աշխարհը, գրեց և ցույց տվեց թագավորին ամեն ինչ ստուգությամբ և գործի մեղքը ուրացողի վրա գցեց։

Երբ թագավորը լսեց աշխարհի ամբողջ ավերածությունը և ստուգեց մեծ պատերազմի հանգամանքները, սիրտը կոտրվեց-իջավ մեծ-մեծ խրոխտալուց, և լսեց ու դադարեց մշտական խաբեբա մտադրություններից. հարցուփորձ էր անում և քննում այդ անհանճար գործի վրիպման պատճառները և ուզում էր իմանալ, թե «Ո՞վ կարող է այդ գործերի մասին իրեն ստույգ տեղեկություններ տալ»։ Իսկ նույն Միհրնէրսեհ հազարապետը, որ այնտեղ արքունի Դրանն էր և այդ անօրեն գործին գիտակ էր, առաջ եկավ և ասաց թագավորին. «Այդ բանը ե՛ս կասեմ քեզ, քա՛ջ թագավոր. եթե ուզում ես ստույգ լսել ճշմարիտը, կանչել տուր քրիստոնյաների գլխավորներին, որոնք Հայաստանում են. նրանք հոժաբությամբ կգան և ամեն բան քեզ կպատմեն արդարությամբ»։

Այն ժամանակ [թագավորը] Հայոց աշխարհի մարզպանությունը հանձնեց իր ավագ նախարարներից մեկին՝ Ատրորմիզդ անունով, որի իշխանությունը սահմանակից էր Հայոց աշխարհին և զորավարի գործակիցն էր նույն պատերազմում։ Իսկ Մուշկան-Նիսալավուրտին մնացած բոլոր զորքի հետ ուղարկեց Աղվանից, Լփնաց, Ճղրաց և Հեճմատակների, Թավա Ապարների և Խիրիովան երկրները և այն բոլոր ամրոցները, որ ավերել էր Հոնաց գունդը՝ Հայերի հետ ունեցտծ դաշինքի պատճառով։ Այդպես էլ՝ թագավորը սաստիկ տրտմել էր ո՛չ միայն երկրների ավերվելու և զորքերի ջարդվելու համար, այլ առավել ևս այն պահակի ավերվելու համար, որ շատ ժամանակներից ի վեր հազիվ էին կարողացել շինել. այդ պահակն այն ժամանակ հեշտությամբ առնվել էր ու քանդվել, և այլևս հույս չկար, թե այն կշինվի։ Իսկ Վասակին գլխավոր քրիստոնյաների հետ միասին հրամայեց կանչել Դուռը։

Արդ, Ատրոմիզդ մարզպանը եկավ, Հայոց աշխարհը մտավ սիրով և խաղաղությամբ։ Արքունի հրամանով իրեն մոտ կանչեց Ռշտունյաց սուրբ եպիսկոպոս Սահակին, որ նրանեց տեղեկանա ամբաստանության հանգամանքները: Բայց նա, թեպետև ավերել էր մի ատրուշան և մեծ չարչարանքներ էր տվել կրակի պաշտոնյաներին, ամենևին չվախեցավ գալ ներկայանալ հրապարակային ատյանին։

Նույնպես և Արծրունյաց տնից մի բարեպաշտոն երեց Մուշե անունով, որ Արծրունյաց երկրի առաջնորդ էր, նա էլ ավերել էր մի կրակատուն և կապանքներով ու տանջանքներով շատ չարչարանք էր տվել մոգերին. սա էլ ամենևին չվախեցավ, այլ հոժարակամ եկավ և ներկայացավ մարզպանին։

Երկու ուրիշ երանելի քահանաներ էլ, որոնց անուններն են Սամվել և Աբրահամ, սրանք էլ քանդել էին Արտաշատի կրակատունը, և ուրացող Վասակը նրանց առաջուց բռնել ու կապել էր տվել. սրանց էլ բերին առաքինի ընկերների մոտ:

Նույն տեղը բերին նաև մեծ Հովսեփին ու Ղևոնդին, Քաշաջին և Արշենին։ Եվ երբ մարզպանը բոլորից լսեց ու տեզեկացավ, ամեն ինչ գրեց և ցույց տվեց արքունիքին ճշմարտությամբ, ինչպես որ լսել էր նրանց բերանից։

Բայց Վասակը թեպետև առաջուց էր հասել Դուռը և ամեն ինչ իր ուզածի պես էր պատմել վայրիվերո և սուտ, սակայն չէր կարողանում իր անձն արդարացնել թագավորի առաջ, որը պատասխան տվեց նրան և ասաց. «Երբ որ քրիստոնյաներն էլ կգան, բոլորիդ միասին կլսեմ ատյանում»։

Իսկ որովհետև սուրբ քահանաներին կապանքներով էին տանում, երկու ամիս և քսան օրից հետո միայն հասան արքունի ձմեռոցը։ Երբ մեծ հազարապետը լսեց, որ նրանց քաղաք են բերել, անձամբ այցելեց նրանց։ Բայց թեպետև ամեն ինչ մանրամասնորեն լսեց նրանցից, սակայն չկարողացավ ձեռք տալ նրանց և չարչարել, որովհետև Հայոց նախարարներից շատերը դեռևս ուժով գրաված էին պահում աշխարհի ամուր տեղերը, և մարզպանը դեռևս երկյուղի մեջ էր։ Դրա համար էլ հրամայեց զգուշությամբ պահել սրբերին և պատվիրեց աշխարհը սիրով նվաճել։ Այդ պատճառով էլ հենց ինքը [մարզպանը] շրջում էր, ժողովում ու վերաշինում հաստատ խոստումներով:

Եպիսկոպոսներին էլ հրաման տվեց, որ ամեն մեկն իր իշխանությունն ստանձնի և նախկին սովորության համաձայն հայտնի կերպով պաշտոն կատարի, և ազատ համարձակ հրապարակ դուրս գա։ Մինչև իսկ իրեն առջև կանչելով ընծաների և պարգևների արժանացրեց նրանց։ Եվ որովհետև զորականներն առել ու ավերել էին շատ գավառներ, ուստի հրամայեց երկրի հարկերը ներել. արքունի այրուձին էլ միառժամանակ թեթևացրեց։ Հրամայեց նաև, որ միայնակյացները, որ փախել-անհետացել էին, գան և ամենքն իրենց տեղերը բռնեն։

«Աստվածպաշտության բոլոր կարգերը, ասում էր, հիմա էլ այնպես կատարեն, ինչպես որ կատարում էին առաջվա ժամանակները, նախնիքների օրով։ Եվ եթե մեկը որևէ հեռու աշխարհ է գնացել, արքունիքից իրավունք եմ ստացել, ասում էր մարզպանը, որ, ազատ լինեն նրանք, թե՛ շինական, թե՛ եկեղեցական, ինչ կայք էլ թողած լինեն, թող գան և յուրաքանչյուրն իր ունեցածին տեր կանգնի»։

Երդումներ էր կնքում ու ուղարկում զանազան կողմեր։ Հենց շատերն էլ եկան հավաքվեցին, և ամեն մեկը իր կալվածքին տեր դարձավ։

Նաև, որ ամենից մեծ բանն է, եթե որևէ մեկը բռնությամբ էր մոգություն ընդունել իր կամքի հակառակ, արքունիքից հրովարտակներ ուղարկեց՝ նորից քրիստոնյա դառնալու։ Եվ թագավորը խոսում էր արքունիքում եղածների դեմ հանդիման, թե՝ «Ովքեր սիրով չեն ընդունում մաղդեզն կրոնը, այդպիսիների վրա աստվածներն էլ են զայրանում, և ես էլ ամենևին շնորհակալ չեմ. և այսօր նույն հրամանն եմ տալիս բոլորին՝ ամեն մարդու թողնել իր կամքի համաձայն վարվելու. ով ինչ կամենում է, թող այն պաշտի, բոլորն էլ իմ ծառաներն են»։ Այս ասում էր և գրավոր հրաման տալիս ամբողջ աշխարհին։

Երբ այս լսեցին ու տեսան շատերը, որոնք ցիրուցան էին եղել հեռավոր տեղեր, եկան և տեր կանգնեցին իրենց սեփականությանը։ Իսկ այն նախարարները, որոնք գտնվում էին երկրի ամրոցներում կամ հեռավոր օտարության մեջ, երբ տեսան երկրի շենանալը, մանավանդ եկեղեցու ապահովությունը, նրանք էլ սիրտ առան և համարձակվեցին ներկայանալ թագավորին։ Ուստի և պատգամ ուղարկեցին երկրի մարզպանին, որ նախարարների խոսքերը հայտնի արքունիքին։ Իսկ նա շտապով արքունիքի կողմից և արքունի հրամանով մի հորդորական և ապահով դաշինքի գիր ուղարկեց նրանց: Բայց նրանք, թեպետև գիտեին տերության դաժանությունը, որ ամեն բանի մեջ կեղծ են, ուզեցին մասնակից լինել սրբերի չարչարանքին. այնպես որ եթե մահ էլ սպասելու լինի նրանց, ամենևին երկյուղ չկրեն և չվախենան։

Այս որ լսեց թագավորը, հրամայեց նրանց իրեն մոտ կանչել ո՛չ թե կապանքներով, այլ արձակ ձեռներով ու ոտներով։ Նրանք շուտով բերին իրենց կանանց ու որդիներին և ունեցած գույքը հանձնեցին մարզպանի ձեռքը, և իրենք շտապով գնացին արքունի ձմեռոցը։ Եվ մինչդեռ թագավորը այնտեղ ձմեռոցում էր, հրամայեր հարցուփորձի ատյան կազմել նրանց միջև։ Եվ հազարապետը նստեց, որ երկու կողմերին էլ լսի։ Եվ երր ամբաստանությունը երկար օրեր շարունակվեց, ուրացողների կողմը հանցավոր ճանաչվեց։

Որովհետև ցույց տվին այն թղթերը, որ Վասակը և բոլոր նրա հետ եղածները տվել էին, թե նրա հետ միաբան են ապստամբության ուխտի մեջ. մի թուղթ Վրաց աշխարհը և մի թուղթ Աղվանից աշխարհը. նույնպես և Աղձնիք գրած մի թուղթ և մի գրություն Հունաց թագավորին և մի թուղթ էլ Անտիոքի մեծ սպարապետին։ Այս բոլոր թղթերի վրա գրված էր Վասակի վավերական մատանին: Նմանապես և նա խառն էր մոգերի կոտորածին Զարեհավանում։ Պարսիկներից խլված շատ բերդերի վերաբերմամբ էլ նրա թղթերն ու հրամաններն էին մեջտեղ բերում, որովհետև նա էր այն ժամանակվա մարզպանը։

Ինչպես նաև մի նախարար, որի անունն Ատոմ էր, Գնունյաց ցեղից, որին նա պատգամավոր էր ուղարկել հույների մոտ, առաջ եկավ և մեղադրեց նրան մեծ ատյանի առաջ հենց այն հրովարտակով, որ նա տվել էր՝ կնքած իր մատանիով։

Նրան ամբաստանում էր նաև Մուշկան-Նիսալավուրտը և իր պատերազմակից ընկերների հետ միասին հայտարարում էր, թե պատերազմը վերջանալուց հետո էլ Վասակը շատ արյուն թափել տվեց, թե ինչպես սուտ երդումներով խաբում ու ցած էր իջեցնում ամրոցներից, արքունի ծառաներից ու աղախիններից ոմանց կոտորում էր, ոմանց էլ գերի էր տանում։ Եվ բացի այս բոլոր վնասներից՝ նա գող դուրս եկավ նաև երկրի այն հարկի վերաբերմամբ, որ արքունիք էր դնում։

Նույնպես և նրա ուրացող ընկերներից շատերը կային, որոնք բաց արին այն չարիքները, որ նա գործել էր Հայոց աշխարհի վերաբերմամբ։ Նրա մասին հարցրին նաև այն մոգերին ու փշտիպաններին, որոնք եղել էին կապանքների մեջ և փրկվել և ապա բերվել արքունիք, և ասացին. «Դուք որևէ բան գիտե՞ք նրա չարագործության մասին»։ Պատասխան տվին և ասացին. «Այն բոլոր անցքերն ու չարչարանքները, որ անցան մեր գլխով, և այն բազմաթիվ հարվածները, որ թափվեցին արքունի զորքի վրա, և Հայոց աշխարհի ավերն ու գերությունը, այլև արքունի հարկերի կորուստը,— այդ բոլոր չարիքների սկզբնապատճառն ու առաջնորդն այդ մարդը եղավ»։

Եվ մինչդեռ այս բոլոր ամբաստանությունները այնքան երկար օրեր լինում էին նրա վրա, առաջ եկան նաև նրա ազգականները, որ ավելի առաջ էլ գանգատվել էին նրա վրա թագավորին, սկսեցին կարգով ցույց տալ և հայտնել, թե ինչպես նա բարեկամացել էր Հոն Հեռանի հետ Բաղասական թագավորի հետ միաբանած, այն ժամանակները, երբ այդ Հեսանը կոտորեց Պարսից զորքերին Աղվանքում, ասպատակելով հասավ Հունաց երկիրը և բազմաթիվ գերիներ ու շատ ավար տարավ Հոռոմներից, Հայերից, Վրացիներից և Աղվաններից. այնպես որ թագավորն ինքն էլ հասկացավ այդ մտադրություններն ու սպանեց Բաղասական թագավորին։ Իսկ Վասակն այն ժամանակ Հայոց մարզպանն էր և արքայի թշնամիներին խորհրդակից դուրս եկավ։ Նրա ազգականները ցույց տվին և հայտնեցին, թե ինչպես իրենք հմուտ և տեղյակ էին նրա շար մտադրություններին, ամեն ինչ ցույց էին տալիս և հայտնում թագավորին, և էլի ուրիշ բազմաթիվ խարդախություններ, որ կեղծությամբ էր վարում իր կյանքը ո՛չ միայն ընկերների վերաբերմամբ, այլև ամբողջովին հենց իրեն իսկ թագավորի նկատմամբ, որովհետև մանկությունից ի վեր երբեք արդարությամբ չէր գործել։

Այն ժամանակ հազարապետը հրաման տվեց և ասաց. «Այստեղ բերեք նաև կապյալներից, որոնք բանտումն են գտնվում»։ [Կապանքներից] արձակեցին և բերին երանելիներից Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսին, սուրբ Հովսեփին և Ղևոնդ երեցին։

Երբ ատյանում խոսած բոլոր բաները հայտնեցին նրանց, Սահակ եպիսկոպոսը պատասխան տվեց և ասաց. «Ովքեր հայտնի կերպով ուրացել են ճշմարիտ աստծուն, չգիտեն՝ թե ինչ են անում և կամ ինչ են խոսում, որովհետև նրանց միտքը խավարած է. տերերին ծառայում են սուտ պատճառանքներով և ընկերների հետ էլ կեղծ ուխտ են կապում։ Նրանք սատանայի դարաններ են, որովհետև հենց նրանց միջոցով է կատարում իր դաժան կամքը, ինչպես որ երևում է հենց այդ Վասակի վերաբերմամբ։ Որովհետև քանի դեռ նա քրիստոնեության անունն էր կրում, կարծում էր, թե արտաքուստ ծածկում ու թաքցնում է իր ամբողջ չարությունը ձեր անգետ տերության առաջ, և իր ամբողջ նենգությունը քրիստոնեությամբ էր ծածկում։ Ուստի և դուք էլ նրան վստահելով՝ մեծապես պատվեցիք դրան, ավելի քան արժանի էր։ Դրա՛ն հավատացիք Վրաց երկիրը հարցրեք այդ երկրին՝ արդյոք գո՜հ են դրանից։ Դրա՛ն տվիք Սյունյաց իշխանությունը. իր ազգականներից լսեցե՜ք, թե ի՛նչ են պատմում դրա մասին։ Դրան Հայոց մարզպան դարձրիք. այն, ինչ որ ձեր նախնիքները մեծ աշխատությամբ էին ձեռք բերել, դա մի տարվա մեջ կորցրեց ամբողջ երկիրը։ Տեսա՞ր, որ երբ դրանից վերացավ աստծու պատվական անունը, որ կեղծությամբ էր կրում, բացեիբաց երևցավ դրա ամբողջ չարագործությունը։ Որովհետև եթե իր աստծու մոտ սուտ դուրս եկավ, էլ այս մահկանացուներից որի՞ առջև պետք է դա արդար ճանաչվի։

«Արդ, այն ամբողջ ամբաստանությունը, որ այժմ հայտնի եղավ դրա մասին, չէ՞ որ դուք առաջուց արդեն լսել էիք. բայց թե ի՞նչ դիտումով ծածկեցիք, դուք ինքներդ էլ լա՛վ գիտեք։ Ինձ այնպես է թվում, թե դա ձեզ սուտ հույսով է ուրախացրել։ Բայց ո՛չ դուք, ո՛չ դա և ո՛չ էլ ով ձեզանից հետո գալու է, այդ բանը չի կարող մեր մեջ տեսնել։ Ուրեմն, վարվեցե՛ք, ինչպես կամենում եք, մեզ էլ ի՞նչ եք հարցնում»։

Մեծ հազարապետը զարմացավ իր մտքում և ինքն իր մեջ քննում էր ատյանում ասված բոլոր խոսքերը։ Որովհետև հասկացել էր, որ այդ մարդը իրավացի կերպով դատապարտվեց իր անարժան գործերի համեմատ. ուստի մտավ արքունիք և ատյանում ասված բոլոր խոսքերը հայտնեց թագավորին։ Եվ երբ թագավորը լսեց և հազարապետից ստուգեց այդ մարդու մեղավորությունը, սաստիկ բարկացավ և խոր խոցվեց, բայց կամեցավ համբերությամբ նրան մեծ անարգանքի հասցնել։ Տասներկու օր լուռ մնաց, մինչև որ ավարտվեց-պրծավ ամբաստանության հարցուփորձը։

Եվ մի նշանավոր օր հրամայեց բոլոր երևելի պատվավոր մարդկանց ընթրիքի կանչել։ Կանչեցին նաև ուրացողին. և նա՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագավ թագավորից ստացած պատվական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղեն խույրը և մարդարտով ու թանկագին ակներով հյուսված կռանակուռ ոսկեձույլ կամարը կապեց մեջքին, դինգերը կախեց ականջներից և մանյակը՝ պարանոցից, սամույրի մուշտակը գցեց ուսերին և թագավորից ստացած բոլոր շքազգեստները վրան առնելով գնաց արքունիք։ Նա բոլորից ավելի շքեղ և երևելի էր երևում բազմության աչքին։

Իսկ Հայաստանից կամավոր կերպով եկած նախարարներին, որոնք անձամբ իրենց անձը փորձության էին տվել, և առաջուց տեղ հասած սրբերին բոլորին շղթայակապ էին պահում Արքունի Դռանը։ Երբ նրան տեսան զարդարված ու շքեղացած և բազմաթիվ խմբով արքունիք գնալիս, իրենց մտքերում սկսեցին ծաղրել նրան և ասել. «Ո՜վ անխելք վաճառական, անմահ և անանց պատիվը տվիր և այդ անցավորը գնեցիր, և այդ էլ մոտ օրերս կորցնելու ես»։

Հասավ և նստեց ներսի դահլիճում, որ մեծամեծների ժողովատեղին էր։ Արդ՝ դուրս եկավ արքունի սենեկապանը, թագավորի կողմից հարցրեց նրան և ասաց. «Թագավորն [ինձ] ուղարկեց քեզ մոտ, թե՝ ումի՞ց ես ստացել այդ բոլոր պատվական շքազգեստները, ասա՛ ինձ շուտով, ո՞ր արդար ծառայություններիդ համար»։ Եվ հիշեցրեց նրան ատյանում ասված այն բոլոր խոսքերը, որով դատապարտվել էր. նույնիսկ այնպիսի բաներ էլ ասաց նրան, որ այնտեղ խոսված չէին։ Որովհետև նա օրինավոր կարգով չէր ստացել Սյունյաց աշխարհի իշխանությունը, այլ նենգությամբ ու քսությամբ սպանել էր տվել իր հորեղբայր Վաղինակին և ինքը գրավել իշխանությունը ինչպես արքունիքի համար վարձատրության արժանի գործ կատարող էլի ուրիշ շատ խոսքերով դատապարտեցին նրան, և այդ բանին վկա էին բոլոր մեծամեծները։ Նա բոլորովին պապանձվեց, և ոչ մի ճշմարիտ խոսք չգտնվեց նրա բերանում։ Երբ երկու-երեք անգամ կրկնեցին՝ հասկացնելով թագավորին ներսում, մահվան վճիռ տրվեց նրա համար։

Արդ՝ դուրս եկավ դահճապետը, և շտապով մոտեցավ բոլոր մեծամեծների առաջ, հանեց նրանից արքունիքից ստացած շքազգեստները և նրան մահապարտի զգեստ հագցրեց։ Ոտներն ու ձեռները կապեցին և կնոջ նման մատակ ձի նստեցրին տարան և հանձնեցին այն զնդանը, որտեղ բոլորի մահապարտներն էին գտնվում։

Իսկ Հայոց նախարարներն ու սուրբ եպիսկոպոսները երեցների հետ միասին, թեպետև մեծ պատուհասի մեջ էին, ամենևին չէին հիշում այն նեղությունները, որ անցել էին նրանց գլխով և կամ որ սպասվում էին ապագայում էլ, այլ զարմացել էին այն մեծ հայտնության վրա, որ աստծուց եղավ։ Մխիթարում էին միմյանց և ասում, «քաջությամբ պատերազմեցինք, է՛լ ավելի մեծ համբերությամբ տանենք չարչարանքները։ Մեր սուրբ հայրերից լսել ենք, որ բոլոր առաքինություններից գլխավորը համբերությունն է, և կատարյալ աստվածպաշտությունը՝ երկնավոր իմաստություն. իսկ այս բանը ոչ ոք չի կարող առանց չարչարանքի ձեռք բերել։ Իսկ երբ չարչարանքը երկարաձգվում է, այն ժամանակ շատանում է նաև պարգևն ու վարձահատուցումը։ Եթե ուրեմն այդ այդպես է, աստծուց միմիայն այս խնդրենք, որ կարողանանք բոլոր փորձություններին դիմանար և Տերն ինքը կգտնի մեր փրկության հնարը»։

«Մենք լսել ենք Քրիստոսի քառասուն զինվորների դատաստանը, որոնք շատ հարվածներ ու տանջանքներ կրեցին: Նրանցից մեկը շտապեց-գնաց բաղանիք և զրկվեց պսակից. իսկ երեսունևինը համբերությամբ նահատակվեցին և հասան այն ավետիքին, որ ցանկանում էին։ Իսկ մեր այն ընկերակիցը, որ առաջուց բաժանվեց մեզանից, ահա Սատանայի գործակիցը դարձավ։ Հոգին մարմնից դեռ դուրս չեկած՝ ընդունեց Գեհենի տանջանքների առհավատչյան, որ ո՛չ միայն սրբերի համար է ողբալի, այլև բոլոր գազանաբարո մարդկանց»։

Այս ասում էին և շատ արտասուք թափում կորուսյալի վրա. և միաժամանակ հոգևոր երգեր էին երգում և ասում. «Լավ է տիրոջ վրա հույս դնել, քան մարդկանց. լավ է տիրոջ վրա հույս դնել, քան իշխանների. բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, և տիրոջ անունով հաղթեցի նրանց»[1]։ Քաջալերում էին միմյանց և ասում. «Քանի որ այս բանը գիտենք, եղբայրնե՛ր, չվախենանք այս անաստված հեթանոս ազդից, որ զայրացած ժամանակ մեղուներից շատ ավելի վատ են, որովհետև նրանց զայրույթն էլ սատակումն է լինելու իրենց անձերի համար։ Եսկ մենք Տիրոջ անունը կանչենք և ետ մղենք բոլորին»։

Իսկ ուրացող Վանակը նայում էր սուրը կապվածների միաբանությանը, որոնք մեծ ուրախությամբ ընդունում էխն չարչարանքները և ավելի զվարթ ու պայծառ էին երևում, ինչպես և առաջ արքունիքում. նայում և կարոտում էր, բայց ոչ ոք նրան չխաոնեց նրանց հետ, այլ առանձին էին պահում միևնույն կապանքներով։ Եվ օր-օրի վրա բերում, ինչպես գեշ գցում էին մեծ հրապարակը, նախատում ու ծաղրում էին և ամբողջ բանակի առաջ խաղք ու խայտառակ անում նրան։ Կողոպտեցին-խլեցին ինչ որ հետն ուներ և ոչինչ չթողին. այնպիսի խայտառակ աղքատության մեջ գցեցին, որ նրա ծառաներր մինչև իսկ հաց էին մուրում և բերում նրան։ Եվ երկրի հարկերի այնպիսի ծանր պարտք գրին նրա տան վրա, որ նույնիսկ հայրերի ու պապերի և իր ունեցվածքն ու կանանց զարդերն էլ վրան դրեց, տվեց ու տուժեց, բայց չկարողացավ արքունի պարտքը վճարել։ Այն տեղը հասցրին, որ նույնիսկ հարցնում էր՝ «Մեր նախնիքների գերեզմաններում արդյոք որևէ գանձ մնացե՞լ է»: Եվ եթե գտներ, կհաներ և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար. ինչպես որ շատ մարդիկ էլ տույժի փոխարեն [գերի] գնացին: Եվ երբ այսպես ամեն կողմից հարվածներ կրեց ու տկարացավ, հենց այնտեղ կապանքների մեջ դժնդակ ցավերի մեջ ընկավ։ Նրա փորը եփ եկավ, նրա ծոցը ճզմվեց ու տրորվեց, և նրա թանձրամսությունը հալվեց-քամվեց։ Որդերը եռացին նրա աչքերի միջից և ցած թափվեցին քթածակերից։ Նրա ականջները ծանրացան, և սաստիկ ծակծկվեցին նրա շրթունքները։ Նրա բազուկների ջիլերը քայքայվեցին և ոտների կրունկները դեպի ետ ծռվեցին։ Մահվան հոտ փչեց նրանից և նրա ձեռնասուն ծառաները փախան նրանից։ Միմիայն լեզուն կենդանի մնաց նրա բերանում, բայց խոստովանություն չերևաց նրա շրթունքների վրա։ Ճաշակեց հեղձամղձուկ մահը և անհուն դառնությամբ դժոխք իջավ։ Նրան անարգեցին իր բոլոր սիրելիները, իսկ բոլոր թշնամիները չկշտացան նրան հասած այդ սաստիկ հարվածներից։

Եվ նա, որ հանցագործությամբ ուզում էր Հայոց աշխարհի վրա թագավոր լինել, նրա գերեզմանի տեղն էլ չգտնվեց. որովհետև մեռավ ինչպես շուն և քարշ տրվեց ինչպես էշ։

Նրա անունը չհիշվեց սրբերի շարքում, և նա չհիշատակվեց եկեղեցում սուրբ սեղանի առաջ։ Ոչ մի չարիք չթողեց, որ չգործեր իր կյանքում, և մեծամեծ չարիքներից ոչ մեկն էք չմնաց, որ նրա գլխով չանցներ մահվան ժամանակ։

Այս հիշատակարանը գրվեց նրա մասին՝ նրա հանցանքները կշտամբելու և նրան մեղադրելու համար, որպեսզի ամեն մարդ, որ լսի և իմանա այս բանը, նզովք կարդա նրա հետևից և նրա գործերին ցանկացող չլինի։

  1. Սաղմ. ՃԺԷ 8-10: