***

Վերադարձիր, Վարդան, վերադարձիր ինքդ քեզ,
Մեծ ցավիդ հետ դու հաշտության եզրեր գտիր,
Որքան սիրտդ քեզ ետ կանչի՝ հուշով հրկե՜զ,
Դու մի անսա, կեղծիք է սերն ու պատիր։

Քեզ ուրացավ Նայադն անգամ, թող հեռանա,
Մեղքը՝ իր հետ, թող գնա իր մոլոր ուղին.
Միայն ինքդ քեզ չկորցնես, խաղաղ գնա,
Ինչ անենք, թե խորովվում է սիրտդ պողին։

Դու սիրո մեջ եղար ասպետ անդավաճան,
Նվիրվեցիր, անգամ երկնից աստղեր բերիր.
Հուրն ակունքում միշտ պահեցիր վառ ու անչար,
Վշտիդ մեջ էլ ասպետ մնա ու քեզ... ներիր։

Ներիր։ Ներիր նաեւ նրան... Լույսը թողած՝
Բերած աստղիդ նյութը կշռեց սրտի վրա...
Ով երակդ մտավ մեկե՜ն - քո մեջ շողաց,
Ասեղի պես սիրտդ հասավ վազքում արյան...

Ով ծլվլաց շյուղերիդ մեջ, թռավ, գնաց...
Դեհ թեթեւ տար օրվա դավն ու հարվածները.
Ինչ է, արդյոք մեզ սպասում, ինչ իմանաս,
Չեն հասկացվում այս լիրբ կյանքի վարկածները։
Հոգիդ ուտում են ամեն օր, մաշում անտես,
Բայց հովանի է քեզ իր սիրով Տերը.
Կյանքի բեմում, Պոետ, բոլորից լավ գիտես,
Ցավն է միշտ էլ հանձն առնում սիրո դերը։

Վերադարձիր, Վարդան, վերադարձիր ինքդ քեզ,
Քո ցավի հետ դու հաշտության եզրեր փնտրիր.
Որքան սիրտդ քեզ ետ կանչե հուշով հրկեզ,
Դու մի անսա, կեղծիք է սերն ու պատիր։