Վերջաբան (Հայ նորագույն բանաստեղծության զարգացման ուղիները (1950-1980-ական թթ.), Վարդան Հակոբյան)
ՎԵՐՋԱԲԱՆ
Քսաներորդ դարը հայ գրականության, մասնավորապես` քնարերգության պատմության մեջ առանձնանում է հսկայական ձեռքբերումներով ու արմատական շրջադարձերով, թեմատիկ-գաղափարական եւ պոետիկական սկզբունքների յուրատիպ կիրառումներով։ Կյանքի կոչվեցին համաշխարհային եւ հայրենական արվեստի լավագույն ավանդները, մշակվեցին նոր մոտեցումներ, գեղարվեստական նորարարության աննախադեպ դրսեւորումներն առավել ընդլայնեցին խոսքի ներգործության ոլորտները։ Ծնվեցին գեղագետներ, որոնք իրենց ընդգծված անհատականություններով ընթացք տվին ազգային մշակույթի զարգացմանը։ Թումանյանով իմաստության ու ժողովրդայնության նոր հուն մտավ հայոց քերթողական արվեստը, ժողովրդի հայացքը սեւեռվեց իր իսկ անհատնելի խորքերին, Իսահակյանով խորացավ ակունքը նվիրական բաղձանքների, ընդլայնվեցին տիեզերասույզ խոհի սահմանները, Տերյանով հոգեկան զգացումը բյուրեղացավ, զուլալվեց ավելի, Չարենցով հզորացավ գոյության ու մաքառումի հուրը՝ պոլեմիկայի նոր բարձրություն ընտրելով, պատմության քառուղիների խորհուրդը խտացավ գալիքի ճանապարհներին։ Ժամանակի եւ անհատի միջեւ ներքին հակասությունները սրվեցին, ազգի ցավը, բնականաբար, հզորացրեց բախումը իրականության հետ։ Քնարական այնպիսի մի անհատականություն, ինչպիսին Չարենցն է՝ եղեռնական ճակատագրով ու ազգային կենսագրով, դարձավ հայ ժողովրդի երազանքների, տրամադրությունների ու ցավի մարմնացումը, դարձավ կիզակետ։ Ու այս ամենը՝ հասարակական-քաղաքական մեծ հեղաբեկումների ֆոնի վրա։ Խրթին ժամանակները ոչ միայն չկասեցրին ընթացքը ազգային ոգու եւ դպրության, այլեւ ավելի մեծ լիցքեր հաղորդեցին նրա շարժմանը։ Այդ ժամանակաշրջանը, իրավամբ, չարենցյան ենք կոչում։ Մեծերը, ինչպես Սեւակն է ասում՝ ուշ-ուշ են ծնվում, բայց ո՛չ ուշացած։ Շիրազի, Սեւակի, Սարյանի սերնդի ծննդով մեր քնարերգության բոլոր ճանապարհներն ու ժամանակները ի մի եկան 20-րդ դարում՝ ուղենշելու գալիք հազարամյակները։
Որքան ազգի ճակատագրում «մութը սեւ», այնքան լուսերգությունը հնչում է ընդգծված գույներով, ասել է թե՝ ժողովրդի գոյության տագնապը ոչ միայն չջլատեց նրան, այլեւ նրա մեջ անհամեմատ հզորացրեց մաքառման ոգին։ Ցավը առաջ է մղում պատմության անիվը, գրականությունը կայանում է հայրենի հողի վրա։ Բառի ինքնատիպ կոդավորումով բանաստեղծության մեջ ասվում է ոչ թե այն, ինչ ասվում է, այլ ասվում է նաեւ այն, ինչ չի ասվում։ Սա բացատրվում է գրողի անհատականցված մտածողությամբ ու պատկերային ուրույն համակարգով, աշխարհի երեւույթները համադրության մեջ ըմբռնելու կարողությամբ։ Սեւակի սերնդի ստեղծած գրականության մեջ համադրականն ընդլայնեց իր սահմաններն այնքան, որ նույնիսկ վիճարկելի է թվում բանաստեղծությունը ժամանակային արվեստի «տեսականու» մեջ դիտելը. երեւույթը մենք գնահատում ենք նրա ներքին հատկանիշներից ելնելով, ոչ թե արտաքին։ Եվ, ընդհանրապես, երբ ելնում ենք չարենցյան ու սեւակյան գեղագիտական պահանջներից, արվեստը իր էությամբ սինթետիկ է։ Գրքերի գիրքը՝ «Աստվածաշունչը», եւ պոեզիա է, եւ պատմություն, եւ տրամաբանություն ու աստղաբաշխություն, եւ ֆիզիկա, եւ ճարտարապետություն, եւ փիլիսոփայություն, եւ ամեն ինչ։ Այս գաղափարը հստակ արտահայտություն ունի Շիրազի, Սեւակի, Կապուտիկյանի, Էմինի, Դավթյանի, Հովհաննիսյանի, Սահյանի, Մարգարյանի ստեղծագործության մեջ, ամբողջական վերցրած՝ սերնդի քնարական մատյանում ու գեղագիտական տրակտատներում։ Սա, իհարկե, ավելի շատ պոետիկային ու տեսությանն առնչվող հարց է, բայց չէ՞ որ ուղիղ գծով կապված է նաեւ գրողի աշխարհայացքի ու գեղարվեստական մեթոդի հետ եւ անհատականության ձեւավորման խնդրում ամենեւին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում։
Ժամանակակից հայ քնարերգությունը միտում ունի դեպի անհատի հոգեբանական խորքերը՝ Չարենցից մինչեւ Սեւակ ու Հովհ. Գրիգորյան։ Մեր բանաստեղծությունն ասես ի մի է բերում ազգի ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր հայրենիքի ծվատված քարտեզի պատառիկները, ամբողջականացնում աստվածային իր շնչի մեջ։ Մարդն ու բնությունը մերձեցվում, աստվածացվում են։ Ահա թե ինչու երբեւէ եւ որտեղ ինչ քայլ էլ արվում է, բանաստեղծություն է։ Բանաստեղծությունը ժամանակի եւ անհատի դրաման է՝ ոչ մի սահմանման չենթարկվող։ Եվ ամենագլխավորը՝ հայոց անափ վշտի զգացողությունը սերնդի նյարդերը դարձրել է ավելի գերզգայուն ու հաղորդականության աստիճանասլաքը անհամեմատ բարձր է։ Հենց դրան է միտված հաջորդող սերունդների (Դավոյան, Գրիգորյան, Քոչարյան եւ ուրիշներ) բանաստեղծական արվեստը։
Արդի հայ քնարերգության զարգացման միտումներին նվիրված այս ուսումնասիրությունը հանգեցնում է մի շարք հետեւությունների, որոնք կարելի է ներկայացնել հետեւյալ կարգով.
1. Դարասկզբի գրական հոսանքներն ու ուղղությունները (նատուրալիզմ, ֆուտուրիզմ, սիմվոլիզմ, իմպրեսիոնիզմ եւ այլն) հեղափոխություն կատարեցին ժամանակի գեղարվեստական մտածողության մեջ՝ ընդլայնելով բանաստեղծության տեսադաշտը, քնարական խոսքը մղելով ոճի եւ պատկերի բազմազանության նոր ոլորտներ։
Արվեստի ժողովրդայնության ազգային ավանդների վրա բարձրացող բանաստեղծությունը թեմատիկ-գաղափարական, պոետիկական ու մեթոդաբանական հայտնությունների գնաց, որոնք եւ նախանշեցին քնարերգության զարգացման ուղին։
Վտանգված հայրենիքի եւ ազգային գոյության կենսապայքարում կարեւորվեց քնարերգության տեղն ու դերը, կանխորոշվեցին նրա գործնականության ու ներազդեցության հիմնական հատկանիշները։
Ժողովրդի մաքառման ու գոյի փիլիսոփայությունը դարձավ քնարերգության ներքնատար շարժման դինամիկան՝ ազգային ցավը «վերածելով» կենսական էներգիայի։
2. Մեր հարուստ միջնադարի, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի գեղարվեստական ավանդների յուրացումով ու ինքնատիպ սինթեզով Չարենցը ստեղծեց գեղարվեստական խոսքի աննախադեպ որակ՝ հանդես գալով որպես երգի հեղափոխական ու նորարարական դպրոցի հիմնադիր։
Չարենցի ստեղծագործությունը դարձավ ազգային եւ համամարդկային գեղարվեստական ավանդների ամփոփարան, որը եւ նախապատրաստեց «մեր գրականության գալիք օրը», Շիրազի, Սեւակի, Սահյանի սերնդի ծնունդը։
Գեղարվեստական խոսքը, հեռանալով երեւույթների առարկայական պատկերներից, հոգեբանական կերպարանափոխության ենթարկվեց՝ ոգու ամրությունը, ասպետականությունը, արժանապատվությունը, մարդասիրությունը, առնականությունը ներկայացնելով որպես ազգային բնավորության գծեր ու հայրենիքի, երկրի նշաններ։
Շիրազի ու Սեւակի, Սահյանի սերնդի քնարերգության մեջ բառի հիշողությունը, բառի պատմությունը, բառի աշխարհագրությունը, բառի հոգեբանությունն ու ներքին դինամիկան ներկայացվում են որպես ազգային անուրանալի արժեքներ՝ համապատասխան կոդավորման մեջ մշտապես պահելով հայրենական տան եւ ժողովրդի ցավի զգացողության խորհուրդը։
3. Արդի բանաստեղծությունը Շիրազով միտվեց դեպի տրամադրական տրամաբանությունն ու հույզի շիկացումը, Սեւակով, ընդհակառակը, տրամաբանական տրամադրությունը, Կապուտիկյանով հասարակական հնչեղության սահմանները ընդլայնվեցին, Էմինով խտացվեց զգացմունքն ու միտքը, Դավթյանով սրվեց պատմության հիշողությունն ու խորհուրդը, Հովհաննիսյանով կարեւորվեց բարոյական սկզբունքների խնդիրը, Սահյանով գնաց դեպի զգացմունքի բնական նախնականություն, Մարգարյանով ապրումի անմիջականությունը ծավալվեց՝ բարության պատգամներով, Դավոյանով մղվեց տիեզերախույզ հայտնությունների, Գրիգորյանով՝ հոգեբանական պեղումների ու անհայտի բացման խնդիրներ առաջադրեց։
Հայ նորագույն քնարերգությունը որակափոխվեց զգալիորեն՝ գնալով դեպի համանվագայնությունը (սիմֆոնիզմ), զարգացման հիմքում ունենալով մտածողության ու ոճի բազմազանությունը՝ տիեզերական ժամանակի հայտնություններն ու գիտատեխնիկական հեղափոխությունները։
4. Գեղարվեստական խոսքի մեջ բնանկարն իր «տեղը» զիջում է վիճականկարին, մտածողության համակարգում էական շտկումներ է մտցնում ժամանակը։
Հայրենիքի զգացողությունը, անկախ թեմատիկ-գաղափարական հայտնություններից, սերնդի բանաստեղծական յուրաքանչյուր բառ ու խոսքի մեջ կազմում է ներքնատար շարժումների առանցքը։
Դարի բանաստեղծությունը միտվում է տիեզերասույզ խոհն ու մտածումը, այն մարդուն հուշում է ինքնաստեղծումի անբացատրելի խորհուրդը, պայմանավորում նրա կատարելության ձգտումները՝ նպատակամղելով նրան անհայտի բացահայտմանը։
Ժամանակակից հայ քնարերգության զարգացման ընթացքը, իր հիմքում, ամբողջապես կամ գրեթե ամբողջապես պոլեմիկական է։
5. Քնարերգությունը, իր մեջ սինթեզելով հասարակական գիտակցության բոլոր ձեւերը, բնականաբար, իր մեջ ամփոփում է ժողովրդի գոյապայքարի անսխալ տարեգրությունն ու ժամանակի գեղարվեստական պատկերները։
Անհայտի հայտնաբերման հավերժական ձգտումն ու որոնումը բանաստեղծության մեջ ընդլայնում են անընդգրկելիի ընդգրկման սահմանները՝ ավելի կենսական դարձնելով մաքառման փիլիսոփայությունը։
6. Համաշխարհային քնարերգության ավանդների եւ նորարարական հայտնագործությունների հետ փոխշփումների ու փոխներթափանցումների առկայությունն ու հարուստ փորձի յուրացումը՝ Հովհաննես Շիրազից մինչեւ Հովհաննես Գրիգորյան, անդրադառնում են հայ նորագույն քնարերգության որակական առաջընթացին ու դիմանկարի ամբողջացմանը։
Ժամանակի հայ քնարերգության զարգացումն ընթանում է ազգային ճարտարապետության, մանրանկարչության, երաժշտական արվեստի, ինչպես նաեւ տրամաբանական գիտությունների հետ ունեցած ամենասերտ փոխազդեցություններով ու ներքին աղերսներով։
7. Ցավի ու մաքառման մեջ ամրացած ժողովրդական կամքը, տոկունությունն ու ապագայի լավատեսությունը քնարերգության մեջ ներկայացվում են որպես ազգային հատկանիշներ եւ ժամանակի քնարական մտածողությանը թելադրում են պոետիկական իրենց բնույթն ու ձեւը։
Բանաստեղծությունն աստվածային ճշմարտախոսություն է։ Առանց աշխարհի գիտական ըմբռնումների` չկան բանաստեղծական ընկալումներ։ Եվ ընդհակառակը։ Որքան ավելի շատ է խորանում քնարերգությունն ազգային ճակատագրի ու պատմական առանձնահատկությունների մեջ, այնքան ավելի է բարձրանում նրա ներգործության ու գործնականության գործակիցը կանքում։