ՎԵՐՋԻՆ ԱՐԵՎԱԳԱԼԸ

Այս ժամուն ընդարձակ տաճարը գրեթե պարապ է լայնապարուր գմբեթին տակը. հոս ու հոն անկյուններու մեջ ապավինած սքլած քանի մը մարդիկ, մուրացկաններ, որոնք եկեղեցիին սովորական բարեպաշտներեն, սա մյուս մուրացկաններեն առաջ ներս սպրդած են. հեռուն, սեղանին մոտերը, ազնիվ փայտե քանդակներով շինված բաժանումին ետին ստվերներու մեջ սև վեղարներ, և աջ ու ձախ կողմը երկուքի բաժնված դպիրներ դասին մեջ։

Եկեղեցին սուգի մեջ պլլված է. այս համատարած մթության մեջ՝ խորանին փակչող մեծ ու ճերմակ խաչը իր քառաթև ու կեղակարծ սպիտակության ցոլքովը զինքը շրջապատող արհավիրքը կավելցնե։ Հավատացյալները կուգան մեկ, երկու հատ, վայրահակ գլուխներ բոլոր։

Այս անբարբառ տրտմությունը անխոս ցավերու պատկառանքը ու մեծությունը ունի ու ես, լավ մը դիտելես վերջը որ զիս տեսնող մը չկա ու ապաժաման բարեպաշտությունս ծաղրանքի նյութ պիտի չդառնա, կամացուկ մը կը ծնրադրեմ ահա քարին վրա։ Հանկարծ ձայն մը կը բարձրանա դասեն. Արևագալը կսկսի․

— Հարևելից․․․

Վտիտ ու մանկան ձայն մըն է անուշ, բեկբեկված քիչ մը, որ իր ընդհատումներուն մեջ կերկերանքի մը ձևը կառնե, ու կը պատշաճի այս սուգի տաճարին, սարսուռ մը կը վազե վրաս, դեմեն թավ ու խմուկ ձայն մը կելլե վեր տրտում ու վարանոտ ու ողբը կը սավառնի ամբողջ տաճարին մեջ վիրավոր ու փախստական թռչունի մը պես.

— Նահատակք ճշմարիտք...

Աղոթքին ելևէջներուն հետ՝ հոգիները հավատացյալներուն, որոնց թիվը ավելցած է հիմա, կր տատանին, կը շվարին։

Ո՞վ հնարեր է աղոթքը, ո՞վ մտածեր է առաջին անգամ արցունքե ու հառաչանքե զորություն մը ձևացնել, ինչպես այս բոլոր բարեպաշտները իրենց ամեն կսկիծներուն համար աներևույթ ապավենի մը փարելու հաստատ ապահովությունը ունին։ Եվ մինչդեռ դպիրներու դասերը իրենց երգեցողությամբ եկեղեցին կը թնդացնեն, ես մտքովս կը փոխադրվիմ մեր եկեղեցիներուն մեջ, ուր ամենքը այս վայրկյանիս միևնույն հավատքով վերջին արևագալը կերգեն։

<1898>