ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ

Նահանջ ուղևորություն մըն էր մեր ըրածը ձմեռ ատեն, այս անձուկ կիրճերուն և այս տղմուտ դաշտերուն մեջ են, զոր ձմեռնամուտի անձրևները ճախճախուտներու՝ կը վերածեին շարունակ։ Եվ, զգուշյավ, կը ճամփորդեինք ողողված, թրջած մինչև ոսկորնիս, շարունակ մեր ձիերուն քայլափոխները ճշտելու և հավանական անկումները արգիլելու ջանադրությամբ։

Այսպես անընդհատ քուրի հեղեղներու մեջեն կերթայինք, լացող և խոնավ երկինքի մը տակ, և կը մտածեինք ճամփուն երկայնքին, մեր ուղևորությանց մնացած մասին, որ ճշմարիտ տաժանքի կերպարանքը կառներ։

Իրիկվան դեմ գիշերեցինք մոտի գյուղին մեջ խոնջաբեկ ու ցրտահար ամենքնիս ալ։ Հիմա ցուրտը կավելնար ու ձյունի հատիկները կսկսեին գալ վաղահաս ու փութկոտ ձմեռին հետ։

Արշալույսին երբոր ճամփա ինկանք, նորեն առատ կուգար ձյունը։

Սպիտակ, անհամար թիթեռնիկներ էին ասոնք որ ժանտ ու չոր երկինքի մը կապարե ցանցեն կը մաղվեին, լուռ ու մունջ տեղացում մըն էր ասիկա, անթիվ առաքելություն մը կարծես որ երկիրը գրավել ուզեր իր դյուրահալ ու անբիծ խուժիկներովը։

Ու մենք գոհ, ազատելնուս համար վերջապես անձրևի մտրակումներեն, մեր շուրջը կը դիտեինք անմեղ զմայլումով մը։

Ոմանք դանդաղ կիջնեին վար. հազար նազանքով, կարծես թախանձանքներու սպասումով. ոմանք խուճապի մեջ, ոլորապտույտ ծայրաններ գծելով օդին մեջ. ուրիշներ արծիվի մը շքեղ ճախրանքովը. և այս խոլ արշավին մեջ ամենքը անվնաս կը հասնեին վար, իրենց գգված բուրդե հոյանի թևերը անկապահ գործիքի մը պես ծառայեցնելով վայրէջքին։

Ժամերով եկան այսպես, մեր քովը, մեր շուրջր, մեր վրան տեղալով անընդհատ, ու հեռուն, դաշտը, ճամփան և հորիզոնը բոլոր։

Խորհրդավոր ուղևորներու կը նմանեին ասոնք, որոնք պաշտոն ունեին կարծես շտկելու, կոկելու, հարթելու աշխարհին վրա մակերևույթը ամեն բաներուն, և հատկապես, դյուրացնելու մեր ուղին, և իրոք, սարերն ու հովիտները կը հաշտվեին իրարու հետ և այս միօրինակ ճերմակ փայփայանքներուն տակ քարերն ու լեռները կը կակոպնային։ Եվ սակայն, ցորեկին երբոր արևը ծագեցավ հանկարծ սնդիկե երկինքի մը շղարշին տակեն, մեր շուրջը տարածվող այս մաքուր հարթության ու շքեղության վրա ուղևորությունը վտանգավոր և անստույգ կը դառնար։ Անդունդներն ու գահավեժները պահված էին մենե ու հողին հերկոտիքը ծածկված բոլոր, ճամփուն մատնությունները իր անբծությամբը վարագուրված էին։

Ո՛րքան նախընտրելի էին պարզ հողն ու քարը իրենց աղտոտ տիղմերովը, իրենց մերկապարանոց ելևէջներովը ու ակներև խորտուբորտությամբը, քան թե սա պայծառ ու ցոլացիկ մակերևույթը որ կը պարզվեր աչքերնուս առջև իր անսահման տափարակի խաբեությամբը։


Վարանոտ ու համր գնացքով մը շարունակեցինք ճամփանիս, ու իրիկնամուտին դեռ ոևէ օթևանի նշանը չէինք տեսած։ Ձյունը դադրեր էր ա՛լ. բայց դեմը, հեռուն, մարը մտնող արևին քով ճերմակ ոսկի թիթեռնիկներու տեղատարափ մը կար, ատրաշեկ հալոցե մը թափված հյուլեներ, որոնք բաց դեղինեն մինչև մութ կարմիր գացող ծիրանի գոտիի մը հազար երանգներով բոլոր եզերքը կը կիտվածեին։ Եռուզեռում մըն էր գույնզգույն թիթեռնիկներու որոնց փոքրիկ թևերը կը դժգունեին, կը շիկնեին, կը վառեին, կը մարեին շարունակ հսկա քարայրի մը մեջեն։ Ո՛րքան մոտը գացինք իրենց, նույնքան հեռացան անոնք մենե, միշտ միևնույն անջրպետը պահելով մեջերնիս։

Այս թիթեռնիկները այլափոխիկ խոստումնե՞րն էին կյանքին. անոնք զորս ձեռք երկնցնելուդ՝ ափիդ մեջ կը թվիս բռնել շարունակ, անոնք որ մոռցնել կուտան խոնջենքը ճամփուն, միշտ մերձակա և միշտ խաբուսիկ հանգրվանը, երազված ըղձացված բևեռը, որուն, ահա՛ քայլ մը ևս, և պիտի եղերիս։

Եվ այսպես, երբ ճերմակ թիթեռնիկները կը հարթեին ճամփանիս, ու պատիր ապահովության մը կը ներշնչեին մեզի, այս մյուս կարմիր թիթեռնիկներն ալ մոտավոր հանգրվանի մը խոստումովն ու ձգողությամբը կը պատրեին զմեզ, որպեսզի մեր վերջին ուժերը դեպի իրենց հասնելու ջանքերովը սպառենք։


Ու հանկարծ, գիշերը իջավ վրանիս, երիթամած մթությամբ մը որ կարծես անհամար սև թիթեռնիկներու խուժումովը ձևացած էր։

Մանր ու բյուրավոր չղջիկներ ամենքն ալ, իրենց սև կազե թևերը սարդի ոստայնի մը նման տարածելով մեր շուրջը և մեր վրան։ Ելևէջ չունեին ասոնք, ո՛չ ճախրանք, ո՛չ անկանոն պարույթներ օդին մեջ. այլ լուռ ու խոժոռ էջք մը, դանդաղ բայց միօրինակ, անխափան ու անմաքառելի բան մը. հետզհետե ավելի հոծ և ավելի խիտ կը դառնար բանակը սև թիթեռնիկներուն որոնք, աննշմարելի ու տիտանյան ձուե մը վիժածի նման անընդհատ կը լեցվեին ու կը դիզվեին, արհավիրքի թանձր սրսկապան մը հորինելով մեզի։

Այս սև թիթեռնիկները կարգապահ շարքով կուգային կը կենային քով քովի, ետևե ետև, անխախտ ու անկորուստ ամենքն ալ. իրենց գրաված տեղը ձեռքե չհանելու հաստատ մտադրությամբ։ Հոգերն ու մտմտուքները, ցավերն ու կսկիծներն էին ասոնք, որոնք կը շրջապատեին զմեզ ամեն կողմե զարհուրելի հավատարմությամբ մը։ Եվ իզուր թոթափել ուզեցինք զանոնք վրանուս. սև թիթեռնիկները ա՛լ ավելի ճնշեցին զմեզ, ավելի շատցան և ստվար քողը ձևացուցին հիմա, ահավոր վերարկուն, որուն մեջ օթևանեցանք։


Ճերմակ թիթեռնիկները կյանքի առավոտն էին հարկավ, պահելով մենե, ցույց չտալով մեզի անոր թաքուն վտանգները: Ոսկի թիթեռնիկները ցորեկն էին կյանքին՝ հույսով ու առաջադրությամբ լեցնելով զմեզ։ Սև թիթեռնիկները գիշերն էին կյանքին, աղջամուղջի քովը որուն մեջ ամեն բան կաներևութանա։

<1898>