Վռազ պատասխան պարոն Ա․ Մեղրյանին
կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օրինակ՝ ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն։ Ի՞նչ եք կարծում, մենք էլ գործ ածենք, թե չէ։
Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում. լավ ականջ դրեք։ Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործ ածողը իրավունք ունի և դա՜րդ գործ ածելու»։
Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն եմ բռնել։ Եվ ահա Դուք շարունակում եք՝ ավելի խորը խրվելու համար․
«Սարեր-ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա, իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազոր հայերենը չկա, բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»։ Եվ ամփոփում եք.
«Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը։ Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովրդական բարբառներից օգտվելուն է գալիս»։
Ահա՝ էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը։ Մնացածը ինչ որ պատմում եք, հա՛յ Գամառ-Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր-նախիջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էսպես... Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան։ Նստել եք, քրդի աղջկանը լոլո եք սովորցնում։
Էականին եկեք։
Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը։
Շատ ենք ուրախ։
Ինչո՞ւ չեք դեմ։
Ասում եք երկու պատճառով. առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա, երկրորդն էլ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում։
Դե հիմի կանգնեցեք։ Ձեր առաջին «որովհետևը» ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա։ Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթություն, և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոեմը — վիպերգություն, լեգենդը — ավանդավեպ։ Տեսնո՜ւմ եք, հայերենը կա, բայց... բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառեր են, բոլոր ազգերը գործ են ածում։ Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք։
Դե հիմի երեսներդ արեք դեպի Արևելք։
Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ։
Արդյոք էստեղ գլխի՞ եք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախուտ կռիվ եք սկսել։ Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե՛ Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների առաջ։ Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի։ Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս այստեղ ոչ շնորհք է հարկավոր, ոչ խելք, այլ հարկավոր է միայն բուն հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն» № 166, V սյունակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը, օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»... Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք։
Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը. արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու․ ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարիբաթաղի» երգեր, ինչպես եք ջնջելու զիլը, որի հոմանիշը չեք նշանակում կամ նամն ու նազուքը, որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ…...
Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար։
Էսպես։ Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ։ Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան։ Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին Խ. Աբովյան։ Էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակը-էդ հետո կտեսնենք։ Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները, և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդարձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունի-խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին։
Մի նկատողություն էլ։ Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղած, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի-մի հարցական ու զարմացական եք տնկում։ Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը» նորից և տեսեք ես ինչ եմ ասել, դուք ինչ եք դուրս բերում։