ՏՏՀ/Աերոզոլներ
ԱԵՐՈԶՈԼՆԵՐ, հերմետիկորեն փակված հատուկ անոթների մեջ լցված նյութեր, որոնք օգտագործվում են փոշեցրումով։ Ալյումինե կամ այլ մետաղե թիթեղից գլանաձև անոթը լցվում է նյութով և հեղուկ գազով պրոպելենտով (ֆրեոն, ածխաջրածին, ածխաթթվական գազ)։ Անոթն ունի սիֆոնային փողակ և նյութի արտահոսումը կարգավորող հարմարանք։ Նյութն արտամղվում է փոշեցրիչ գլխիկի մեջ սարքավորված դիաֆրագմայի միջով։ Արտամղումը կարգավորվում է անոթի վերևի կափարիչում գտնվող կափույրի միջոցով, որը բացվում է փոշեցրիչի գլխիկը սեղմելիս, և խառնուրդը ճնշման տակ դուրս է մղվում։
Շատ նյութերի համար աերոզոլային փաթեթվածքն առավել հարմար է և խնայողական։
Աերոզոլային անոթներով թողարկում են հագուստի խնամքի (օսլայող, հակաէլեկտրաստատիկ), կեղտաբծեր հանող, միջատասպան, սենյակները հոտազերծող նյութեր, ավտոմեքենաների, կաշվե և թավշակաշվե իրերի, մազերի խնամքի միջոցներ, լաքաներկանյութեր, օծանելիքի և դիմահարդարման նյութեր։