ՏՏՀ/Ամանեղեն
ԱՄԱՆԵՂԵՆ, պատրաստում են մետաղից, խեցենյութից, ապակուց, պլաստմասսայից։
Մետաղե Ա. պատրաստում են ալյումինից, արույրից, թուջից ևն։
Ալյումինե Ա. լինում է դրոշմած և ձուլածո։ Ըստ օգտագործման նպատակի ալյումինե դրոշմած Ա. թողարկում են տարբեր զանգվածի, թեթև (հատակի հաստությունը 1,5 մմ), միջին (2 մմ) և ծանր (2,5 մմ)։ Ձուլածո հաստապատ Ա. (տապակներ, մեծ ու փոքր կաթսաներ) հիմնականում նախատեսված է երկրորդ կերակրատեսակի պատրաստման (տապակում, շոգեխաշում, եփում) համար։ Ալյումինե Ա. թողարկում են վերջնամշակված տեսքով, արծաթագույն փայլատ, հղկված, ողորկած, քրոմապատված փայլուն, անողավորված, չներկված կամ տարբեր գույներով ներկված։
Ալյումինե ամանները կայուն են ջերմության (ալյումինի հալման ջերմաստիճանը 658 °C է) և ջերմաստիճանի կտրուկ տատանումների նկատմամբ։ Դրանցում եփված կերակուրը չի կորցնում գույնը, հոտը և համը։ Ալյումինե ամանների մեջ կարելի է եփել ցանկացած, այդ թվում նաև զգալի քանակությամբ աղ և օրգանական թթուներ պարունակող կերակուր։ Սակայն խորհուրդ չի տրվում այն պահել ալյումինե ամանների մեջ 2 օրից ավելի, ինչպես նաև չի կարելի դրանց մեջ թթու կաղամբ և աղաջրով վարունգ պահել, քանի որ կերակուրը և թթվաղի մթերքները փչանում են հիմքերի և թթուների ազդեցությամբ։
Խորհուրդ է տրվում ալյումինե նոր Ա. ներսից պատել որևէ կենդանական կամ բուսական յուղով և մեջը ջուր կամ կաթ եռացնել։
Ալյումինե Ա. չի կարելի մաքրել բարձր հիմնայնաթյուն ունեցող միջոցներով (օրինակ, կալցինացվսւծ սոդայով), կոշտ փոշիներով և մետաղե խոզանակով։ Հիմքերի և թթուների ներգործությունից առաջացած սևությունը վերացնելու համար Ա. մաքրում են քացախով թրջած բամբակով, որից հետո լվանում տաք ջրով և չորացնում։
Պողպատե Ա. թողարկում են արծնապատ, ցինկապատ և կլայեկված։ Պողպատե արծնապատ Ա. քիմիապես կայուն է օրգանական թթուների, աղերի, օճառի և հիմքերի նկատմամբ։ Այն հիգիենիկ է, հեշտությամբ է լվացվում, պիտանի է կերակուրը ոչ միայն եփելու, այլև երկարատև պահելու համար։ Խորհուրդ չի տրվում արծնապատ Ա-ի մեջ երկրորդ կերակրատեսակներ (հատկապես շիլա) եփել, քանի որ դրանք հաճախ այրվում են և կարող են արծնը փչացնել։
Արծնապատ Ա. և սպասքը մաքրում են նույն միջոցներով, ինչ ալյումինե Ա.։
Պողպատե ցինկապատ Ա. պատրաստում են ցինկապատ թերթավոր, ինչպես նաև սև թերթավոր պողպատից հետագա ցինկապատումով։ Ցինկապատ Ա-ի մեջ չի կարելի կերակուր եփել և խմելու ջուր եռացնել, քանի որ գոյացող ցինկի աղերը վնասակար են մարդու համար։ Ցինկապատ Ա-ում չի կարելի նաև պահածոներ պատրաստել (օրինակ, սունկ, կաղամբ և այլ մթերքներ աղ դնել)։ Ցինկապատվածքի վրա ներգործում են թթվային և հիմնային լուծույթները (լվացափոշիները) և կերակրի աղը։ Ցինկապատ Ա. շատ հարմար է սպիտակեղեն լվանալու և եռացնելու, ջուր և նավթ պահելու համար։
Ցինկապատ Ա. մաքրում են մանր ծեծած կավճով կամ հատուկ միջոցներով։
Պողպատե կլայեկած ամանները չի կարելի օգտագործել ջուր եռացնելու համար, դրանք կողմնակի սուր համ են տալիս ջրին և փչացնում թեյի գույնն ու համը։ Կլայեկած ամանների անագե պատվածքները շատ փափուկ են, հետևաբար դրանք չի կարելի մաքրել կոշտ փոշիներով։
Պողպատե չժանգոտող ամանները պիտանի են հիմնականում հեղուկ ճաշատեսակներ եփելու (բարակ պատեր ունենալու պատճառով) և կերակուրը երկարատև պահելու համար։ Դրանք բավականաչափ դիմացկուն են, կայուն ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ և չեն փոխում կերակրի համը։
Արույրե ամանները նախատեսված են գլխավորապես ջուր եռացնելու և մուրաբա եփելու համար։ Ալյումինե և պողպատե արծնապատ Ա-ի համեմատությամբ դրանք ավելի դիմացկուն են։
Սակայն օգտագործվող արույրե ամանները ժամանակի ընթացքում մգանում են, ծածկվում կանաչ փառով։ Դրանց վրա ազդում են օրգանական թթուները, կաթը, յուղը և այլ սննդամթերքներ։ Կերակուր եփելու և ջուր եռացնելու համար նախատեսված արույրե Ա. ներսից անպայման կլայեկում են։ Մուրաբայի թասերը չեն կլայեկում, քանի որ մուրաբայում շաքարի մեծ պարունակությունը բացառում է արույրի լուծումը հատապտուղներում և մրգերում եղած օրգանական թթուներում։ Ա-ի արտաքին մակերևույթները ողորկում են, ապա նիկելապատում կամ քրոմապատում։
Թուջե Ա. հիմնականում կիրառում են տապակելու և խաշելու համար։ Թողարկվող թուջե Ա. լինում է սև, ինչպես նաև մեկ կամ երկու կողմից արծնապակիով պատած։ Թուջե սև Ա. ունի խորդուբորդ մակերևույթ, որը մեծ խնամք է պահանջում, այլապես (առաջանում է Ա-ի կոռոզիա, որը թեև վնասակար չէ մարդու օրգանիզմի համար, սակայն կարող է փչացնել եփվող կերակրի համն ու գույնը։ Բացի այղ, երկաթի աղերը քայքայում են վիտամինները։
Թուջե արծնապատ Ա. կայուն է օրգանական թթուների, աղերի, օճառի և հիմքերի ներգործության նկատմամբ։ Վնասված արծնաշերտով Ա. խորհուրդ չի տրվում օգտագործել կերակուր պատրաստելու համար։ Թուջե արծնապատ Ա. մաքրում են նույն միջոցներով, ինչ որ ալյումինե Ա.։
Մելքիորե և նորարծաթե Ա. նախատեսված է հիմնականում սեղանի սպասքավորման համար։ Մելքիորին (նիկելի և պղնձի համահալվածք) հատուկ է պլաստիկությունն ու ամրությունը։ Նորարծաթը (պղնձի և ցինկի համահալվածք) բնութագրվում է մոտավորապես նույն հատկություններով, ինչ մելքիորը։
Կերակրի համար նախատեսված մելքիորե և նորարծաթե Ա. պատված է պաշտպանական զարդագեղ, մնացածը՝ միայն զարդագեղ շերտով։ Մելքիորե և նորարծաթե իրերի ներքին և արտաքին մակերևույթները, մշակում են հետևյալ կերպ. արծաթազօծում են դրսից և կլայեկում ներսից կամ նիկելապատում դրսից և ներսից։
Հաճախակի օգտագործման դեպքում Ա. խորհուրդ է տրվում 7-10 օրը մեկ լվանալ 10%-անոց անուշադրի սպիրտի և օճառաջրի խառնուրդով (1լ ջրին 1 թեյի գդալ սպիրտ)։ Խոնավությունից առաջացած բծերը մաքրում են գոլ քացախով, ապա ամանը լվանում մաքուր ջրով (տես նաև Արծաթե իրեր): Մելքիորե իրերի ողորկման համար օգտագործում են օճառի և զտած կավճի խառնուրդ (հավասար քանակությամբ)։ Օճառը լուծում են տաքացվող ջրի մեջ, ավելացնում կավիճ և խառնում այնքան, մինչև ստացվի թանձր համասեռ զանգված։ Իրերի արծաթազօծ մակերևույթը ողորկում են այդ զանգվածով, ապա մաքրում չոր լաթով։
Խեցենյաթե Ա. սովորաբար նախշազարդում են հատուկ խեցեներկերով։ Տարբերում են խեցենյութե, ճենապակե, հախճապակե, մայոլիկե և բրուտագործական Ա.։
Ճենապակե Ա-ի սպիտակ եռակալած խեցակը պատված է թթվահեստ (լիմոնաթթվի, քացախաթթվի նկատմամբ), կարծր (պողպատե դանակով չքերծվող), փայլուն ջնարակի բարակ շերտով։ Եզրին թեթևակի հարվածելուց արձակում է բարձր, երաժշտական, երկար չդադարող զնգոց։ Ճենապակե ամանները սպիտակ խեցակով խեցենյութե այլ իրերից տարբերվում են բարակ մասերի թափանցիկությամբ։ Երբեմն ճենապակե Ա. պատում են գունավոր խեցակով կամ ջնարակով։
Հախճապակե Ա-ի խեցակը սպիտակ է, ծակոտկեն, խոնավություն է ներծծում, թափանցիկ չէ նույնիսկ բարակ մասերում և պատված է անգույն ջնարակով։
Հախճապակե Ա-ի դիմացկունությունը ճենապակե Ա-ի համեմատությամբ մոտ 15-25 %-ով ցածր է։ Դրանք զգալիորեն թեթև են ճենապակե ամաններից։ Հախճապակե Ա. (թասեր, սափորներ, կաթնամաններ, շշեր, տակառներ ևն) հարմար է խոհանոցում օգտագործելու համար։
Մայոլիկե Ա-ի խեցակը ծակոտկեն է, անթափանց՝ պատված գունավոր (երբեմն մետաղական փայլով) անթափանց ջնարակով։ Արտադրում են նաև բաղադրությամբ հախճապակուն մոտ սպիտակ խեցակով մայոլիկե Ա.։ Մայոլիկից հիմնականում պատրաստում են սափորներ, հացամաններ, կարագամաններ, կոնֆետի սկահակներ, ծաղկամաններ, մոխրամաններ, գավաթներ, ավելի սակավ անուշեղենի և սուրճի սպասք։
Բրուտագործական ամաններն ունեն ծակոտկեն գունավոր խեցակ (սովորաբար դարչնակարմիր երանգով) և ներսից պատված են ջնարակով։ Կիրառում են կերակուր եփելու և պահելու համար։
Հայաստանի տարածքում խեցենյութե Ա. (սափորներ, կարասներ, ափսեներ) օգտագործվել է դեռևս մ.թ.ա. III հազարամյակում։ Խեցեգործության և բրուտագործության ավանդույթները պահպանվել են մինչև մեր օրերը։ Այսօր էլ խեցենյութե Ա. օգտագործվում է կենցաղում տարբեր նպատակների (պանիր հորելու, յուղ, տհալ, գինի պահելու, կերակուր եփելու) համար։
Ապակե Ա. պատրաստում են երկու եղանակով. փչումով և մամլումով թուջե կամ պողպատե կաղապարներում։ Փչովի Ա., որպես կանոն, բարակապատ է։ Պատրաստում են գլխավորապես հասարակ, թափանցիկ, անգույն բարիտային կամ կապարային ապակուց (բյուրեղապակի), ավելի սակավ՝ երանգավոր և գունավոր ապակուց։ Մամլած Ա. արտադրում են անգույն կամ գունավոր ապակուց, երբեմն էլ բյուրեղապակուց։ Դրանց պատերը սովորական փչովի ամանների պատերից հաստ են։ Առավել բազմաթիվ և բազմազան է սեղանի ապակե (տեսակավոր) Ա. (ջրի, գինու, սալաթի, կրյուշոնի, կոմպոտի սպասքներ)։
Ապակե Ա-ի շարքում հատուկ տեղ է գրավում կրակահեստ ապակուց խոհանոցի մամլած Ա., որը նախատեսված է կերակուր եփելու համար։ Կրակահեստ Ա. ավելի հիգիենիկ է, քան մետաղականը, երկար ժամանակ պահում է ջերմությունը, չի փոխում կերակրի համն ու հոտը։ Անհրաժեշտ է հիշել, որ կրակահեստ Ա. չի կարելի դնել բաց կրակին (առանց մետաղական ցանցի), ինչպես նաև տաք վիճակում սառը թաց մակերևույթի վրա, այլապես ճաքեր կգոյանան։
Ապակե Ա. անհրաժեշտ է լվանալ խոզանակով, լաթով կամ սպունգով։ Մաքրելիս խորհուրդ չի տրվում օգտագործել ավազ, մետաղական ցանց ևն։ Նեղ բերանով անոթներ (շշեր, ջրամաններ) լվանալիս պետք է օգտագործել հատուկ խոզանակ։ Կարելի է նաև անոթի մեջ լցնել ձվի մանրած կճեպ, կարտոֆիլի կեղև կամ թղթի փոքր կտորներ, ջուր ավելացնել, ուժեղ թափահարել, որից հետո անոթը դատարկել և ողողել գոլ ջրով՝ աստիճանաբար բարձրացնելով ջրի ջերմաստիճանը։ Բյուրեղապակյա ամանները չի կարելի լվանալ տաք ջրով (մանր ճաքեր են առաջանում և ապակին խամրում է)։ Դրանք լավ են լվացվում գոլ և նույնիսկ սառը ջրով։
Պլաստմասսայե Ա. ավելի դիմացկուն է, քան ապակե, հախճապակե և ճենապակե Ա.։ Այն հեշտությամբ է լվացվում։ Որոշ պլաստմասսաներից (օրինակ, ամինապլաստներ) պատրաստված ամանները լավ են դիմանում եռման ջրին (100°C)։ Օրգանական ապակուց և պոլիստիրոլից պատրաստված իրերը ձևախախտվում են 70-75°C–ում, պոլիէթիլենե իրերը՝ 100°C–ում.
Ա-ի թվարկած տեսակների մաքրման համար թողարկում են զանազան միջոցներ (հեղուկ, մածուկ, փոշի), որոնց օգտագործման եղանակը շարադրվում է համապատասխան բացատրագրերում։