Ալերգիա
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 243
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱԼԵՐԳԻԱ, օրգանիզմի բարձր զգայունությունը մի շարք գործոնների՝ ալերգենների (քիմիական նյութեր, սննդամթերք, մանրէներ ևն) կրկնակի ազդեցության հանդեպ, որը հանգեցնում է ալերգիական հիվանդությունների զարգացման։

Ալերգիական հիվանդությունները հայտնի են հին ժամանակներից։ Դեռևս «բժշկության հայր» Հիպոկրատը (մ.թ.ա. V-IVդդ.) նկարագրել է որոշ սննդամթերքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր, որոնք արտահայտվել են ստամոքսի խանգարմամբ և ցանով։ Հին հռոմեացի բժիշկ Գալենը (մ.թ. II դ.) հայտնել է վարդի հոտից առաջացած հարբուխի մասին։ XIX դ. նկարագրվել է խոտատենդը և ապացուցվել, որ դա առաջանում է ծաղկափոշի շնչելիս։

Ալերգիական հիվանդությունների շարքին են դասվում բրոնխային հեղձուկը, պոլինոզը, եղնջացանը, ալերգիական հարբուխը և մաշկաբորբերը, դեղորայքային և սննդային Ա-ները և այլն։ Դրանք լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում և գնալով ավելի են շատանում (որոշ երկրներում բնակչության 10 %-ը տառապում է տարբեր ալերգիական հիվանդություններով)։ Պատճառն առաջին հերթին անտիբիոտիկների և այլ դեղամիջոցների չափից ավելի օգտագործումն է, ինչպես նաև քիմիական արդյունաբերության զարգացման հետ կապված մեծ քանակության սինթետիկ նյութերի, ներկանյութերի, լվացքի փոշիների ի հայտ գալը, որոնցից շատերը կարող են ալերգեն լինել։ Ալերգեններն օրգանիզմ են թափանցում արտաքին միջավայրից (այսպես կոչված արտածին ալերգեններ) կամ առաջանում են օրգանիզմում (ներծին կամ ինքնածին ալերգեններ)։ Տարբերում են կենսաբանական, դեղորայքային, կենցաղային, սննդային, արդյունաբերական և այլ ալերգեններ։

Կենսաբանական արտածին ալերգեններ են մանրէները, վիրուսները, սնկերը, որդերը, շիճուկային և վակցինային պատրաստուկները։ Մանրէների, սնկերի կամ վիրուսների առաջացրած հիվանդությունները, որոնց զարգացման գործում մեծ դեր ունի Ա., կոչվում են վարակական-ալերգիական (տուբերկուլոզ, բրուցելոզ ևն)։

Ա-ի պատճառ կարոդ են դառնալ նաև օրգանիզմում առկա վարակի այնպիսի օջախներ, ինչպիսիք են փտած ատամները, քթի հավելյալ ծոցերը՝ օրինակ, հայմորիտի ժամանակ, լեղապարկը՝ բորբոքման ժամանակ և այլն։ Շիճուկները և վակցինաներն օրգանիզմ ներարկելիս կարող են առաջացնել Ա-ի յուրահատուկ տեսակ՝ անաֆիլաքսիա։ Գործնականում դեղորայքային ալերգեն կարող է լինել ցանկացած պատրաստուկ (ասպիրին, նովոկաին, պենիցիլին, վիտամիններ ևն)։ Այդ դեպքում ալերգիական ռեակցիաների հաճախականությունը կախված է պատրաստուկների օգտագործման չափերից։ Նախկինում, երբ լայնորեն կիրառում էին սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ալերգիական ռեակցիաները ավելի հաճախ էին, քան վերջին ժամանակներս, Երբ կրճատվել է սուլֆանիլամիդների օգտագործումը։ Անտիբիոտիկների լայնորեն (հաճախ անհիմն) օգտագործումը դրանք (առաջին հերթին պենիցիլինը) դարձրել են առավել տարածված դեղորայքային ալերգեններ։ Բացի այդ, պենիցիլինն առավել հաճախ է առաջացնում մահացու ալերգիական ռեակցիաներ։ Ուստի ցանկացած դեղի չհիմնավորված (առանց բժշկի նշանակման, այսպես կոչված ինքնաբուժման դեպքում) ընդունումը չափազանց վտանգավոր է։

Կենցաղային ալերգենների մեջ մեծ դեր է խաղում տնային փոշին, որի բաղադրության մեջ մտնում են գորգի, հագուստի, սպիտակեղենի, բրդի մասնիկներ և կենդանիների մաշկի թեփ։ Վերջին տարիներին ավելացել է կենցաղային քիմիայի պատրաստուկներից (առավել հաճախ լվացքի փոշիներից) առաջացած ալերգիաների թիվը։ Կենցաղային ալերգենները հաճախ առաջացնում են շնչուղիների ալերգիական հիվանդություններ (բրոնխային հեղձուկ, ալերգիական հարբուխ)։ Որոշ բույսերի ծաղկափոշին օրգանիզմ թափանցելիս առաջացնում է պոլինոզ հիվանդությունը։ Առավել ուժեղ ալերգիական հատկություններով օժտված է ամբրոսիա մոլախոտի ծաղկափոշին։ Սննդային ալերգեն կարող է լինել ցանկացած սննդամթերք, բայց ավելի հաճախ Ա. են առաջացնում կաթը, միսը, ձուկը, լոլիկը, ցիտրուսները, շոկոլադը, ելակը, մորին։ Սննդային Ա-ների ժամանակ ալերգիական ռեակցիան կարող է զարգանալ ալերգենը ստամոքսաղիքային համակարգ ընկնելուց մի քանի րոպե անց։ Սովորաբար սննդային Ա. առաջանում է ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա։ Երեխաների սննդային Ա-ին նպաստում է գերսնումը, շատ հաճախ սննդային ալերգեններն առաջացնում են դիաթեզներ։ Սննդային Ա. ընթանում է փսխումով, լուծով, եղնջացանով, տենդով։ Արդունաբերական ալերգեններ են արտադրությունում և կենցաղում օգտագործվող տարբեր նյութերը (բևեկնայուղ, աղաղանյութեր, կուպր, ներկանյութեր, լաքեր, միջատասպան-սնկասպան նյութեր և այլն), որոնց երկարատև գործածումդ առաջացնում է զանազան ալերգիական ռեակցիաներ, հիմնականում մաշկի ախտահարման ձևերով (պրոֆեսիոնալ ալերգիական շփումային մաշկաբորբեր)։ Արտածին ալերգենների հատուկ խումբ են կազմում ֆիզիկական գործոնները՝ ջերմությունը, ցուրտը, մեխանիկական գրգռումը։ Ենթադրում են, որ հաճախ այդ գործոնների ազդեցության տակ օրգանիզմում առաջանում են յուրահատուկ նյութեր, որոնք դառնում են ալերգեններ։

Արտածին ալերգենն օրգանիզմ թափանցելիս զարգանում են առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ ալերգիական ռեակցիաներ։ Առանձնահատուկ ռեակցիային նախորդում է առաջին անգամ օրգանիզմ ընկած ալերգենի հանդեպ օրգանիզմի զգայունության բարձրացման (սենսիբիլացման) փուլը։ Զգայունացումը պայմանավորված է տվյալ ալերգենի հանդեպ օրգանիզմում հակամարմինների սպիտակուցային նյութերի մշակմամբ։ Եթե հակամարմինների առաջացման պահին ալերգենն օրգանիզմից հեռացվի, հիվանդագին որևէ երևույթ չի նկատվի։ Սակայն, նախապես զգայունացած օրգանիզմի վրա ալերգենի կրկնակի ազդեցության ժամանակ առաջանում է ալերգիական ռեակցիա հակամարմինների (մի շարք դեպքերում լիմֆոցիտների) և ալերգենների փոխացդեցության հետևանքով։ Այդ դեպքերում օրգանիզմի բարձրացած զգայունությունը յուրահատուկ է, այսինքն պայմանավորված է այն ալերգենով, որի հետ օրգանիզմի շփումն արդեն առաջացրել է զգայունության բարձրացում։ Այդպիսի ռեակցիաների շարքին է դասվում իդիոսինկրազիան՝ սննդամթերքի և դեղորայքների նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության որոշ դեպքերը։ Մարդու օրգանիզմում հաճախ զարգանում են առանձնահատուկ ալերգիական ռեակցիաներ։ Ալերգիական ռեակցիաները կարող են ընթանալ արագ (բուռն) և դանդաղ։ Արագ ձևի ժամանակ ռեակցիան (մաշկային բշտիկները, բրոնխների կծկանքը, ստամոքսաղիքային խանգարումները և այլն) առաջանում է ալերգենի ազդեցությունից 15-20 րոպե անց։ Դրանք են անաֆիլաքտիկ շոկը, պոլինոզը, եղնջատենդը, բրոնխային հեղձուկը, շիճուկային հիվանդությունը, Կվինկեի այտուցը։ Դանդաղ ձևի ժամանակ ռեակցիաները զարգանում են մի քանի ժամվա, երբեմն՝ մի քանի օրվա ընթացքում։ Դրանք են բակտերիաների (տուբերկուլոզի, տուլարեմիայի, բրուցելոզի և այլն) հանդեպ օրգանիզմի բարձրացած զգայունությունը, քիմիական արդյունաբերության աշխատողների, դեղագործների, բժշկական անձնակազմի շփումային մաշկաբորբերը։

Ա-ների զարգացման գործում որոշակի դեր են կատարում ժառանգականությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի վիճակը։ Նկատվել է, որ ծնողների (մեկի կամ երկուսի) ալերգիական հիվանդությունների (պոլինոզ, բրոնխային հեղձուկի որոշ ձևեր, ալերգիական հարբուխ) դեպքում երեխաների ալերգիական հիվանդությունները զարգանում են ավելի հաճախ։ Այս դեպքում փոխանցվում է վերոհիշյալ ալերգենների հանդեպ օրգանիզմի նախատրամադրվածությունը, որը դրսևորվում է արտածին ալերգենի հանդեպ ալերգիական ռեակցիաներով պատասխանելու օրգանիզմի պատրաստականության բարձրացմամբ. այսպիսով, երեխայի օրգանիզմում կարող է առաջանալ ցանկացած ալերգիական հիվանդություն։ Ա-ի զարգացմանը նպաստում են նաև նյարդային և ներզատիչ համակարգերի ֆունկցիաների խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, բացասական հուզումները ևն։

Ներծին ալերգենի ազդեցության հետևանքով առաջացած Ա. կոչվում է ինքնալերգիա։ Ներծին ալերգեններ կարող են դառնալ օրգանիզմի բնականոն հյուսվածքների կամ այրվածքների, ճառագայթային հիվանդության ժամանակ օտարածին հատկություններ ձեռք բերած որոշ սպիտակուցներ, ինչպես նաև բակտերիային թույները (տոքսիններ) օրգանիզմ ընկնելիս, դեղորայքներ օգտագործելիս։ Սովորական պայմաններում օրգանիզմի սեփական սպիտակուցների հանդեպ գոյություն ունի կայուն վիճակ, որի շնորհիվ հակամարմիններ (կամ լիմֆոցիտներ) չեն առաջանում։ Ինքնալերգիայի դեպքում օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների գործունեությունն ուղղված է սեփական հյուսվածքների դեմ. արտահայտված դեպքերում դա հանգեցնում է ինքնալերգիական հիվանդությունների (սակավարյունության որոշ ձևեր, հոդաբորբեր, կծիկաերիկամաբորբ և այլն)։

Ալերգիական հիվանդությունների ախտորոշման նպատակը ալերգենների հայտնաբերումն է, որի համար օգտագործում են ախտորոշիչ հատուկ փորձանմուշներ և կատարում լաբորատոր հետոզոտություններ: Բուժումը. հայտնաբերած ալերգենի հետ շփման դադարեցում և օրգանիզմի զգայունության իջեցում (հիպո- և ապազգայունացման մեթոդներով)։ Առանձնահատուկ ապազգայունացումն անցկացվում է սովորաբար այն շրջանում, երբ հիվանդը չունի հիվանդության ախտանշաններ։ Սրացման շրջանում օգտագործում են բուժման այնպիսի միջոցներ, որոնք դադարեցնում են ալերգիական պրոցեսների զարգացումը, ինչպես նաև վերացնում հիվանդության առանձին ախտանշաններ (օրինակ, բրոնխների կծկանքի ժամանակ տալիս են բրոնխալայնիչ դեղամիջոցներ)։ Ալերգիական հիվանդությունների կանխարգելման նպատակը օրգանիզմի զգայունությունը բարձրացնող նյութերի հետ կրկնակի շփումը և օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների խանգարումները կանխող միջոցառումներն են։ Դրանցից են դեղորայքի օգտագործման սահմանափակումը (ինքնաբուժման դեպքերի կրճատման հաշվին), ձեռնարկություններում ալերգենների հետ աշխատողների շփումը բացառող տեխնոլոգիայի օգտագործումը, բնակարաններում փոշու ժամանակին մաքրումը, օրգանիզմում վարակի օջախների (ատամների, քթի հավելյալ ծոցերի, բրոնխների, լեղապարկի բորբոքային հիվանդությունների բուժում), ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի բնականոնացումը (սննդային Ա-ները կանխելու նպատակով), երեխաներին մայրական կաթով կերակրումը (արհեստական կերակրման ժամանակ ալերգիական ռեակցիաներն ավելի հաճախ են լինում), սննդի և հանգստի կարգի պահպանում և այլն։