ՏՏՀ/Ածելի
ԱԾԵԼԻ, լինում են վտանգավոր՝ շեղբավոր, և անվտանգ՝ փոխովի սայրերով, էլեկտրական և մեխանիկական Ա-ներ։ Շեղբավոր Ա. բաղկացած է սայրից (շեղբից) և բռնակ-պատյանից, որտեղ տեղավորվում է սայրը ոչ աշխատանքային վիճակում։
Շեղբավոր Ա-ով սափրվելիս հարկավոր է լինել ուշադիր և զգույշ։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում Ա. սրել փոկով (բրեզենտե կամ կաշվե)՝ ատամնաքերթերը վերացնելու և անհրաժեշտ սրություն տալու համար։ Կարելի է նաև սկզբում Ա. սրել հեսանով (հղկիչ փոշուց պատրաստված մանրահատիկ սրոցաքար), այնուհետև մաքրասրել փոկով։
Սովորական անվտանգ Ա. կազմված է սայրը պահող մասից (սայրաբռնիչ) և բռնակից։ Անվտանգ Ա-ները լինում են անջատովի՝ հանովի բռնակով (ամբողջական կամ երկու մասից բաղկացած) և քանդովի սայրաբռնիչով, ինչպես նաև ոչ անջատովի երկփեղկ սայրաբռնիչով, որի փեղկերը բացվում են (սայրը տեղադրելու համար) և փակվում բռնակի պտտմամբ։ Սայրը բռնիչի մեջ ամրացվում է այնպես, որ բաց են մնում միայն նրա կտրող եզրերը։
Սայրաբռնիչի այդպիսի կառուցվածքը Ա-ի օգտագործումը դարձնում է անվտանգ, թեև չեն բացառվում թեթև կտրվածքներ։ Սափրվելուց հետո Ա. հարկավոր է քանդել (կամ բացել փեղկերը), սայրը հանել, բոլոր դետալները լվանալ և չորացնել։ Շեղբավոր և անվտանգ Ա-ները (հատկապես սայրերը) անհրաժեշտ է պահել չոր, փոքր երեխաների համար ոչ մատչելի տեղում։
Էլեկտրական Ա. բաղկացած է կտրող մեխանիզմից (դանակային բլոկից կամ գլխիկից), պլաստմասսայե իրանում տեղավորված էլեկտրահաղորդալարից և հանովի լարից՝ էլեկտրաածելին փոփոխական կամ հաստատուն հոսանքի աղբյուրին միացնելու համար։ Կտրիչ մեխանիզմն ունի երկու դանակ, անշարժ (դանակային բլոկի արտաքին մասին ամրացված)՝ ծակոտկեն մետաղե ցանցի, ուղղանկյուն կամ կլոր սանրի տեսքով, և շարժական (դանակային բլոկի ներսում, անշարժ դանակի տակ տեղավորված ֆրեզի կամ սանրի տեսքով)։ Առավել մաքուր են սափրում ցանցավոր դանակներով էլեկտրաածելիները։ Ոչ այնքան մաքուր, բայց ավելի արագ են սափրում պտտվող կլոր դանակ-ֆրեզներ ունեցող էլեկտրաածելիները։ Որոշ էլեկտրաածելիներում նախատեսված են լրացուցիչ դանակներ բեղերի, քունքամազերի և հոնքերի հարդարման համար։
Կլոր դանակ-ֆրեզներով կտրող մեխանիզմը գործողության մեջ է դրվում կոլեկտորային էլեկտրաշարժիչով, իսկ ցանցավորը կամ սանրավորը՝ էլեկտրամագնիսական թրթռիչով։ Էլեկտրաածելիի սպառած հզորությունը չի գերազանցում 12 Վտ։ Էլեկտրաածելիներն աշխատում են 127 և 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից և հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրներից։
Գերտաքացումից խուսափելու համար պետք չէ Ա. միացրած թողնել 10 րոպեից ավելի։ Որպեսզի էլեկտրաածելին փափուկ, արագ և մաքուր սափրի, խորհուրդ է տրվում սափրվելուց առաջ դեմքը մաքրել լոսյոնով կամ այդ նպատակի համար թողարկվող հատուկ հեղուկով։
Շարժական կամ անշարժ դանակները փոխելուց հետո (հատկապես կլոր ֆրեզավորների) Ա. երբեմն վատ է սափրում։ Դա բացատրվում է նրանով, որ աշխատանքի պրոցեսում դանակները մասամբ մաշվում են, և, դրանցից մեկը փոխելիս, կտրող եզրերի միջև արանք է գոյանում, որից խուսափելու համար դանակները հարկավոր է կիպահղկել, ցանցի վրա մի քիչ ատամի փոշի լցնել և 5-7 րոպե Ա. աշխատեցնել պարապ ընթացքով։ Այդ գործողությունը հարկավոր է կրկնել մի քանի անգամ, մինչև դանակները կիպահղկվեն։
Մեխանիկական Ա. բաղկացած է դանակային բլոկից (մեկ զույգ դանակներով) և պլաստմասսայե իրանում տեղադրված զսպանակային մեխանիզմից։ Զսպանակի լարքը նախատեսված է 3-4 րոպե աշխատանքի համար։ Ա. ունի 2 փոխովի դանակային բլոկներ (մեկը սափրվելու, մյուսը՝ երկար մազերը խուզելու համար)։ Մեխանիկական Ա-ի գործողության սկզբունքը նույնն է, ինչ էլեկտրական Ա-ինը։
Սափրվելուց հետո հարկավոր է հանել (բացել) դանակային բլոկը և հատուկ վրձնով խնամքով հեռացնել մազերի մնացորդները։ Դանակային բլոկը չի կարելի հանել և տեղադրել Ա. միացրած վիճակում։ Էլեկտրական և մեխանիկական Ա-ները հարկավոր է պահել պատյանի մեջ, չոր տեղում։