ՏՏՀ/Ականջաբորբ
ԱԿԱՆՋԱԲՈՐԲ, օտիտ, ականջի անատոմիական բաժանման համապատասխան տարբերում են արտաքին, միջին և ներքին Ա-եր։ Արտաքին լսողական անցուղու բորբոքային գործընթացներն առաջանում են ականջի մաշկի վնասված հատվածներով վարակի ներթափանցումից։ Դրան նպաստում են ցրտահարությունը, այրվածքները, ականջը վարսակալով, լուցկու հատիկով քչփորելը։ Հաճախ հիվանդության ախտանշանը քորն է։ Ուժեղ ցավը սովորաբար լինում է միայն ականջը սեղմելիս, ականջախեցին ձգելիս, երբեմն բերանը բացելիս։
Միջին ականջի բորբոքումը կարող է լինել սուր և քրոնիկական։ Սուր Ա. տարածված հիվանդություն է, առավել հաճախ հիվանդանում են երեխաները։ Հիմնականում վերին շնչառական ուղիներն ախտահարող վարակիչ հիվանդությունների (գրիպ, սուր շնչառական հիվանդություններ, կարմրուկ, քութեշ և այլն) բարդություն է։ Բորբոքային պրոցեսը քիթըմպանից անցնում է թմբկախոռոչ։ Միջին ականջի բորբոքմանը նպաստում են նաև գեղձանմանները (ադենոիդներ), պոլիպները, քթի միջնապատի թեքումները, հարբուխը, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։ Նորածինների Ա. կարող է առաջանալ ծննդաբերությունների ժամանակ միջին ականջի մեջ պտղաջրեր ընկնելու հետևանքով։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է ականջի ուժեղ ցավերով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ուղեկցվում լսողության թուլացմամբ։ Ականջից թարախային արտադրության դեպքում (սովորաբար հիվանդության առաջին օրերին) ցավը մեղմանում է, ընդհանուր վիճակը լավանում, մարմնի ջերմաստիճանն իջնում։ Հաջորդ օրերին հիվանդը կարող է գանգատվել միայն լսողության թուլությունից։ Հիվանդությունը հիմնականում ավարտվում է առողջացմամբ և լսողության վերականգնմամբ։ Ականջի ցավերի մեղմացման և բորբոքային օջախի ներծծման նպատակով բժիշկը սովորաբար նշանակում է տաքացնող կոմպրես, որը 4-6 ժամը մեկ հարկավոր է փոխել (երեխաների մոտ այրվածքից խուսափելու նպատակով կոմպրեսը հարկավոր է փոխել ավելի հաճախ) և փոխարինել չոր տաքությամբ։ Երբեմն միջին ականջի սուր բորբոքումն անցնում է քրոնիկական ձևի, որի դեպքում թմբկաթաղանթի չապաքինված բացվածքից մշտապես կամ պարբերաբար լինում է թարախահոսություն, թուլանում է լսողությունը։ Քրոնիկական բորբոքումը հաճախ սրանում է ականջի մեջ ջուր լցվելիս։ Կանխելու համար լողանալիս հարկավոր է ականջները փակել վազելինով կամ այլ յուղով թրջած բամբակով։ Միջին ականջի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական բորբոքման ժամանակ կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ներքին ականջի բորբոքում (այսպես կոչված լաբիրինթաբորբ, որն ուղեկցվում է գլխապտույտով, սրտխառնոցով, հավասարակշռության խանգարումներով, անվստահ, երերուն քայլվածքով և այլն), ուղեղապատյանների բորբոքում (մենինգիտ), դիմային նյարդի լուծանք և այլն։ Որոշ դեպքերում միջին ականջի սուր կամ քրոնիկական բորբոքումից հետո թմբկախոռոչում առաջանում են սպիներ և կպումներ, որոնք խոչընդոտում են ձայնային տատանումների հաղորդմանը և հանգեցնում լսողության կայուն թուլացման։
Սուր Ա-ի կանխմանը նպաստում են օրգանիզմի կոփումը, մարզական վարժանքներով կանոնավոր պարապելը, քթի և քիթըմպանի հիվանդությունների ժամանակին բուժումը։ Բարդությունների կանխարգելումը պայմանավորված է Ա-ի ճիշտ և ժամանակին բուժմամբ. դրա համար հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես անհրաժեշտ է դիմել քիթկոկորդականջաբանին և խստորեն կատարել նրա նշանակումները։ Միջին ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն։